Սեմինարիա
Դաս 58. Վարդապետություն և Ուխտեր 51-52


Դաս 58

Վարդապետություն և Ուխտեր 51-52

Նախաբան

Քանի որ արևելյան նահանգներից գաղթող սրբերը սկսեցին ժամանել Օհայո 1831թ. մայիսին, Տերը Վարդապետություն և Ուխտեր 51-ում գրված հայտնությունը տվեց Ջոզեֆ Սմիթին` եպիսկոպոս Էդվարդ Պատրիջի վերաբերյալ: Քոլսվիլ, Նյու Յորքից ժամանող խմբին հրահանգվեց գնալ Թոմսոն, Օհայո, որտեղ նրանք կապրեին նվիրաբերման օրենքով: 1831թ. հունիսի 3-ից 6-ը Կիրթլենդում տեղի ունեցած եկեղեցու չորրորդ համաժողովի ավարտից հետո, Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին և մյուս երեցներին զույգերով ճամփորդել դեպի Միսսուրի` ճանապարհին քարոզելով: Վարդապետություն և Ուխտեր 52 բաժնում գրված հայտնությամբ Տերը զույգեր նշանակեց` կանչեց նրանց և մի օրինակ տվեց, օգնելու համար նրանց խուսափել խաբեությունից:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 51․1-20

Տերն ուղղորդում է եպիսկոպոս Էդվարդ Պատրիջին հոգալու սրբերի ժամանակավոր կարիքները

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել նվիրաբերման օրենքով ապրելու մի արդյունքի մասին, հրավիրեք նրանց զույգերով, փոքր խմբերով, կամ ամբողջ դասարանով պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ո՞րն է եղել ամենամիասնական խումբը, որի կազմում դուք եղել եք: Ինչպե՞ս եք իմանում, որ մարդկանց այս կամ այն խումբը միասնական է: Ի՞նչ տեսակ փորձառությունները կամ իրադարձություններն են նպաստում, որ խումբը միասնական լինի:

Բացատրեք, որ Նյու Յորքից գաղթող սրբերը սկսեցին ժամանել Օհայո 1831թ. գարնանը: Մի խումբ Քոլսվիլից, Նյու Յորք, եկել էր մեծ զոհաբերությունների հաշվին: Այս խմբին հրահանգվել էր բնակվել Թոմսոնում, Օհայո, և ապրել նվիրաբերման օրենքով: Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, թե ինչպիսի միաբանություն կստեղծվեր խմբում, ովքեր միասին զոհաբերություններ էին անում, որպեսզի հետևեին Տիրոջ կամքին:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 51.1–3 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով եպիսկոպոս Էդվարդ Պատրիջի պարտականությունները:

  • Որո՞նք էին եպիսկոպոս Էդվարդ Պատրիջի որոշ պարտականությունները: (Կարող եք նշել, որ 3 հատվածում «հավասարապես` իր ընտանիքի համեմատ» արտահայտությունը չէր նշանակում, որ յուրաքանչյուր վերջին օրերի սուրբ պետք է ստանար նույն օգնությունը: Եպիսկոպոսը պետք է մտածեր յուրաքանչյուր ընտանիքի իրավիճակի մասին առանձին և «նշանակեր» նրանց այն, ինչի կարիքն ունեին: Նրանք հավասար էին, քանի որ եպիսկոպոսը հավասարապես էր մտածում և հոգ տանում յուրաքանչյուր ընտանիքի մասին):

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 51.9 հատվածը, ուշադրություն դարձնելով Տիրոջ բացատրությանը` թե որոնք են նվիրաբերման օրենքով ապրելու սպասվող արդյունքներից երկուսը:

  • Ի՞նչ է Տերն ակնկալում Իր ժողովրդից: (Ուսանողները պետք է արտաբերեն հետևյալ սկզբունքը. Տերն Իր ժողովրդից ակնկալում է գործել ազնվորեն մյուսների հետ և միանման լինել):

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 51․10-20 հատվածները, բացատրելով, որ Տերը հրահանգել էր եպիսկոպոս Պատրիջին հիմնել շտեմարան, որտեղ կպահվեին ավելացած ապրանքները կամ միջոցները: Նա բացատրել էր, որ նվիրաբերել է այդ հողը սրբերին «մի փոքր ժամանակով» (ՎևՈւ 51.16): Թեև նրանք չգիտեին, թե որքան կմնան այնտեղ, նրանք պետք է «գործեն այս հողի վրա, կարծես տարիների համար» (ՎևՈւ 51.17), լինելով հավատարիմ, իմաստուն և արդար տնտեսներ իրենց տրվածի հանդեպ: (Կարող եք նշել, որ 10 հատվածում հանդիպող եկեղեցի բառը վերաբերում է եկեղեցու որևէ ճյուղին (տես ՎևՈւ 51.10, ա ծանոթագրությունը; տես նաև ՎևՈւ 20.81; 45.64):

Վարդապետություն և Ուխտեր 52.1–13, 22–36

Տերը պատվիրում է մարգարեին և մյուս երեցներին ճամփորդել դեպի Միսսուրի և քարոզել ավետարանը ճամփորդության ընթացքում

Նախքան դասը պատրաստեք երեք հուշումներ, որոնցից յուրաքանչյուրը տանում է դեպի հաջորդը: Օրինակ, առաջին հուշումը կարող է ուղղորդել ուսանողներին փնտրել դասարանում` ինչ-որ առարկայի տակ կամ նրա մեջ գտնվող երկրորդ հուշումը: Երկրորդ հուշումը կարող է ուղղորդել նրանց փնտրել երրորդ հուշումը մեկ այլ տեղ դասարանում: Երրորդ հուշումը պիտի ասի. «Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 52.1-6 հատվածները: Գտեք մի սկզբունք, որը նման է այս վարժությանը»:

Առաջին հուշումը փակցրեք գրատախտակին և գրեք հետևյալ հրահանգները դրա կողքին. Հետևեք այս հուշումին, որպեսզի իմանաք, թե ինչպես շարունակական առաջնորդություններ ստանալ Տիրոջից:

Երբ ուսանողները կարդան առաջին հուշումը, հրավիրեք նրանց հետևել հրահանգներին` գտնելու երկրորդ հուշումը: Ապա հրավիրեք նրանց կարդալ երկրորդ հուշումի մեջ պարունակվող առաջադրանքը և փնտրել երրորդ հուշումը:

Նախքան երրորդ հուշումի հրահանգներին հետևելը, բացատրեք, որ հատվածը, որը նրանք պետք է ուսումնասիրեն, պարունակում է Տիրոջ հրահանգները, տրված Ջոզեֆ Սմիթին և քահանայության մյուս ղեկավարներին եկեղեցու համաժողովի ժամանակ, որն անցկացվեց Կիրթլենդում, Օհայո, 1831թ. հունիսին: Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը նախկինում հայտնել էր, որ սրբերը պետք է հիմնեն մի քաղաք, որը կկոչվի Սիոն (տես ՎևՈւ 28.9), սակայն Նա դեռ հայտնի չէր դարձրել նրա գտնվելու վայրը:

Հրավիրեք ուսանողներին հետևել երրորդ հուշման հրահանգներին: Հրավիրեք մի քանի ուսանողի հերթով կարդալ Վարդապետություն և Ուխտերի 52․1-6 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով այն սկզբունքին, որը նման է այն վարժությանը, որը նրանք հենց նոր ավարտեցին:

  • Համաձայն հատված 4-5-ի, ի՞նչ կարող է պատահել, երբ մենք հավատարիմ լինենք Աստծո հրահանգներին: (Երբ մենք հավատարմորեն հետևում ենք Աստծո հրահանգներին, Նա մեզ բացահայտում է իր կամքը: Գրեք այս սկզբունքը գրատախտակին):

  • Ինչո՞վ էր վարժությունը նման այս սկզբունքին։ (Երբ ուսանողները հետևում էին յուրաքանչյուր հրահանգին, նրանք ստացան լրացուցիչ ցուցումներ, որոնք ի վերջո ուղղորդեցին նրանց դեպի այն պատասխանը, որը փնտրում էին:)

  • Ձեր կարծիքով, որո՞նք են Տիրոջ առաջնորդությունը և ճշմարտությունը քիչ-քիչ ստանալու առավելությունները, բոլորը միանգամից ստանալու հանդեպ:

Հրավիրեք ուսանողներին, ովքեր այս սկզբունքի հետ կապված փորձառություն են ունեցել, կիսվել դրա ճշմարտացիության վերաբերյալ իրենց փորձառությամբ կամ վկայությամբ: Դուք նույնպես կարող եք կիսվել ձեր փորձառությամբ կամ վկայությամբ: Քաջալերեք ուսանողներին գրել մի հարց, խնդիր, կամ որոշում, որը նրանց տանջում է, և որի համար նրանք կցանկանային ունենալ Տիրոջ օգնությունն ու առաջնորդությունը: Այնուհետև հրավիրեք նրանց խորհել և գրել որևէ ուղղորդում, որ Տերը տվել է նրանց, որպեսզի այդ ուղղորդմանն ուշադրություն դարձնելով, կարողանան լրացուցիչ առաջնորդություն ստանալ Նրանից:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 52.7–10 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ հրահանգներ է Տերը տվել որոշ քահանայության կրողներին, Միսսուրի ճամփորդելուց առաջ:

  • Ի՞նչ էր հրահանգված այս քահանայության կրողներին անել ճամփորդության ժամանակ:

Վարդապետություն և Ուխտեր 52.14–21, 36

Տերը մի օրինակ է տվել մեզ, օգնելու համար, որ չխաբվենք Սատանայից

Հիշեցրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտեր 50 բաժնում գրված հայտնությամբ Տերը զգուշացնում է եկեղեցու երեցներին, կեղծ ոգիների մասին, և հրահանգներ է տալիս, որոնք կօգնեն սրբերին շենացնել միմյանց ավետարանի ճշմարտություններն ուսուցանելիս և սովորելիս:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 52.14–21 հատվածներում Տերը բացահայտում է լրացուցիչ հրահանգներ` օգնելու համար եկեղեցու անդամներին, մասնավորապես նրանց, ում նա կանչել է ավետարանը քարոզել Միսսուրի ճամփորդելիս:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 52.14 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով, թե ինչ արտահայտություն է օգտագործում Տերը նկարագրելու համար այն, ինչ պետք է ուսուցանի: («Մի օրինակ, բոլոր բաների համար»):

  • Ի՞նչ է օրինակը: (Մի նմուշ, որին հետևելով կարող ենք հասնել որոշակի արդյունքի):

  • Ի՞նչ պատճառաբանեց Տերը` տալով այս օրինակը:

Ուսանողներին զույգերի բաժանեք: Հրավիրեք յուրաքանչյուր զուգընկերոջ` հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 52.15–19 հատվածները: Խնդրեք նրանց փնտրել գործողություններ կամ գործոններ, որոնք Տերն ասել է, որ կօգնեն Իր ժողովրդին խուսափել Սատանայից խաբվելուց: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, խնդրեք նրանց կիսվել իրենց գտածով։ Հրավիրեք ուսանողներից մեկին գործել որպես գրող և գրել պատասխանները գրատախտակին:

Ուսանողների պատասխանելու ժամանակ կարող եք բացատրել, կամ խնդրել, որ նրանք բացատրեն հետևյալ արտահայտությունների նշանակությունը. «ում հոգին փշրված է» (ՎևՈւ 52.15) վերաբերում է այն մարդուն, ով ապաշխարող միտում ունի; «հնազանդվում է իմ արարողություններին» (ՎևՈւ 52.15) վերաբերում է այն մարդում, ով ստանում է Տիրոջ արարողություններն ու պահում է դրանց կից ուխտերը; «ում լեզուն հեզ է և շենացնող» (ՎևՈւ 52.16) վերաբերում է այն մարդում, ում խոսքը խոնարհ է և դեպի վեր է տանում ու կառուցողական է մյուսների համար; «դողում է իմ զորության ներքո» (ՎևՈւ 52.17) նկարագրում է մեկի, ով ակնածանք է զգում Աստծո զորության հանդեպ; և «պտուղներ պիտի բերի» (ՎևՈւ 52.17) վերաբերում է մի մարդու, ով մի լավ բան է դրսևորում (ինչպես, օրինակ, «գովասանք և իմաստություն»), հետևելով Աստծո տված հայտնություններին:

Ուսանողների զույգերին ժամանակ տվեք քննարկելու, թե ինչպե՞ս կամփոփեն Վարդապետություն և Ուխտեր 52․14-19 հատվածներում ուսուցանվող ճշմարտությունները: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք նրանց կիսվել իրենց հայտնաբերած ճշմարտություններով։ Ուսանողները կարող են բազմազան պատասխաններ տալ, սակայն դուք կարող եք կարևորել հետևյալ սկզբունքը. Սատանայի կողմից խաբված լինելուց խուսափելու համար մարդը պետք է հնազանդվի Տիրոջ արարողություններին և ապրի Նրա տված հայտնությունների համաձայն:

Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Տերը բացահայտեց խաբեությունից խուսափելու այս օրինակը, Նա խոսում էր մի խումբ քահանայություն կրողների հետ, ովքեր քարոզելու էին ավետարանը մյուսներին:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ նրանք, ովքեր քարոզում են ավետարանը մյուսներին, հետևեն այս հատվածներում տեղ գտած` Տիրոջ հայտնած օրինակին: (Այդպիսով, նրանք կուսուցանեն Հոգով):

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 52.36 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ լրացուցիչ հրահանգ է Տերը տվել այս հայտնությամբ: Խնդրեք նրանց ասել, թե ինչ գտան:

  • Ի՞նչ էր պատվիրել Տերը եկեղեցու երեցներին, որ հայտարարեին:

  • Ինչո՞ւ կարող ենք վստահություն ունենալ առաջնորդի կամ ուսուցչի հանդեպ, ով ապրում է ըստ 14–19 հատվածներում Տիրոջ շարադրած օրինակի և ուսուցանում է միայն այն, ինչ ուսուցանել են մարգարեներն ու առաքյալները:

Կարող եք առաջարկել ուսանողներին մտածել, թե ինչպես են Առաջին Նախագահության, կամ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները ներկայացնում այս օրինակը:

Վարդապետություն և Ուխտեր 52․37-44

Տերը խորհուրդ է տալիս Օհայոյում մնացող ղեկավարներին

Բացատրեք, որ այն ժամանակ, երբ Տերը կանչել էր վաղեմի քահանայության կրողներից շատերին քարոզել` Միսսուրի ուղևորվելու ճանապարհին, մի քանի այլ երեցներ մնացել էին Օհայոյում: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 52.39–40 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով հրահանգներ, որոնք Տերը տվել էր Օհայոյում մնացող երեցներին:

  • Ի՞նչ պարտականություններ էր տվել Տերն Օհայոյում մնացող երեցներին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «հիշեք աղքատներին ու կարիքավորներին»: Ինչո՞ւ կարիքի մեջ գտնվող մեկի մասին միայն մտածելը բավարար չէ Տիրոջ այս խորհուրդը կատարելու համար:

  • Ի՞նչ է ասել Տերը նրանց մասին, ովքեր չեն կատարում այս պարտականությունները:

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս հատվածներից Տիրոջ ճշմարիտ աշակերտը լինելու մասին: (Թեև ուսանողները կարող են տարբեր բառերով բացատրել, նրանք պետք է արտաբերեն հետևյալ սկզբունքը. Հիսուս Քրիստոսի աշակերտները ուշադիր են և հոգ են տանում նրանց համար, ովքեր աղքատ են, կարիքավոր, հիվանդ և տառապյալ):

Խնդրեք ուսանողներին մտածել իրենց ծանոթ մարդկանց մասին, ում նրանք կհամարեին Հիսուս Քրիստոսի աշակերտներ: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե այդ մարդը, ում մասին նրանք մտածեցին, ինչպես է ուշադիր և հոգատար կարիքավորների հանդեպ: Ցանկության դեպքում կարող եք արտահայտել ձեր երախտագիտությունը այն մարդկանց հանդեպ, ովքեր ուշադիր են եղել և օգնել են ձեզ` կարիքի պահերին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 52․14-19: Հավատարմության օրինակ

Յոթանասունից Երեց Փոլ Ե. Քոլիքերը պատմել է հետևյալ պատմությունը, որում ասվում է, թե ինչպես մենք կարող ենք դրականորեն ազդել մյուսների վրա, երբ ապրում ենք Վարդապետություն և Ուխտեր 52․14-19 հատվածներում գրված ձևով.

Նկար
Երեց Փոլ Ե. Քոլիքեր

«Օրինակները` ձևանմուշներ, ուղեցույցներ, կրկնվող քայլեր, կամ ուղիներ են, որոնց հետևելով մարդը մի հարթության վրա է կանգնում Աստծո նպատակի հետ: Եթե մենք հետևենք դրանց, դրանք մեզ կպահեն խոնարհ, արթուն և ի վիճակի կլինենք տարբերելու Սուրբ Հոգու ձայնը այն ձայներից, որոնք մեզ շեղում և հեռացնում են:

Երբ մենք իրականում ապրում ենք ավետարանով Տեր Հիսուս Քրիստոսի սովորեցրած օրինակի համաձայն, ուրիշներին օգնելու մեր ունակությունը մեծանում է: Հետևյալ փորձառությունը մի օրինակ է, թե այդ սկզբունքն ինչպես կարող է աշխատել:

«Երկու երիտասարդ միսիոներներ թակեցին մի դուռ, հուսալով գտնել մեկին, ով կընդուներ իրենց ուղերձը: Դուռը բացվեց, և բավականին հսկա մի մարդ ողջունեց նրանց` ոչ այնքան ընկերական ձայնով. «Ես կարծում էի, որ ասել եմ, որ այլևս չթակեք իմ դուռը: Ես արդեն զգուշացրել եմ ձեզ, որ եթե դուք երբևէ վերադառնաք, դա հաճելի փորձառություն չի լինի: Այժմ ինձ հանգիստ թողեք»: Նա շտապ փակեց դուռը:

Մինչ երեցները հեռանում էին, ավելի փորձառու ավագ միսիոները իր ձեռքը դրեց կրտսեր միսիոների ուսին, որ մխիթարեր և քաջալերեր նրան: Տղամարդը պատուհանից աննկատելիորեն նայում էր նրանց՝ համոզվելու համար, որ նրանք հասկացել էին իր ասածը: Նա միանգամայն ակնկալում էր տեսնել նրանց ծիծաղելիս և ծաղրելիս իր անբարյացակամ վերաբերմունքը ի պատասխան իրենց այցելության: Ինչևիցե, երբ նա տեսավ բարության արտահայտություն երկու միսիոներների միջև, նրա սիրտը անմիջապես փափկեց: Նա կրկին բացեց դուռը և խնդրեց միսիոներներին վերադառնալ ու կիսվել իրենց ուղերձով իր հետ» (“He Truly Loves Us,” Ensign կամ Լիահոնա, Մայ. 2012թ., 16, 17):

Վարդապետություն և Ուխտեր 52․33-34: «Նա, ով հավատարիմ կմնա, պիտի պահվի ու օրհնվի»

«Լիդիա Քլիզբի Պատրիջը գրի էր առել այս պատմությունը, երբ հանգամանքների բերումով, նրա ամուսինն` Էդվարդը ընդունել էր հայտնությամբ ստացված կարգադրությունը: Նրանց երեխաները` բոլորը վարակվել էին կարմրուկով, վերջերս Նյու Յորքից ժամանած անդամներից, որոնք ապրում էին իրենց տանը: Նա գրել է, որ իրենց «ավագ դուստրը տեղաշոր էր ընկել թոքաբորբից, և երբ նրա վիճակը շատ ծանր էր, իմ ամուսինը հայտնությամբ կանչվեց` շատ ուրիշների հետ միասին գնալու Միսսուրի` սրբերի համար հավաքատեղ պատրաստելու: Անհավատները մտածեցին, որ նա խելագար է, կամ` որ չի գնա: Իսկ ես մտածեցի, որ պատճառ ունեի մտահոգվելու, քանի որ իմ փորձությունները սկսվել էին և [դրանք] սկսվել էին, բայց այս փորձությանը, ինչպես և բոլոր մյուսներին, հետևեցին օրհնությունները, քանի որ մեր դուստրը ապաքինվեց»: (Partridge, Genealogical Record, 6.)»: (Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013], 330):