Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Վարդապետություն և Ուխտեր 109-112 (Մաս 24)


Տնային ուսումնասիրության դաս

Վարդապետություն և Ուխտեր 109–112 (Մաս 24)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանք

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որոնք ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտերի 109-112 բաժինները (մաս 24), չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որն ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (Վարդապետություն և Ուխտեր 109)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Կիրթլենդի Տաճարի նվիրագործման աղոթքը, նրանք բացահայտեցին մի քանի պատճառներ, թե մենք ինչու պիտի տաճարներ կառուցենք: Նրանք սովորեցին, որ եթե մենք արժանավայել կերպով տաճարային երկրպագություն կատարենք, Տերը կհայտնվի մեզ, կզինի մեզ ուժով և Իր օգնությամբ, և կօրհնի մեզ, որպեսզի ամբարշտությունը չգերիշխի մեզ վրա: Կիրթլենդի Տաճարի նվիրագործման ժամանակ Սրբերի ունեցած փորձառությունը մեծապես նման էր այն բանին, թե ինչ պատահեց հնադարյան Առաքյալներին Պենտեկոստեի օրը (տես Գործք Առաքելոց Բ):

Օր 2 (Վարդապետություն և Ուխտեր 110)

Որպես Կիրթլենդի Տաճարում Սրբերի ստացած օրհնությունների մաս, Հիսուս Քրիստոսը հայտնվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին: Եթե մենք հնազանդվենք Տիրոջ պատվիրաններին և մաքուր պահենք Նրա տունը, Նա կհայտնվի մեզ` Իր տաճարներում: Ուսանողները սովորեցին նաև, որ Մովսեսը, Եղիան և Եղիասը հայտնվեցին Կիրթլենդի Տաճարում և քահանայության բանալիները հանձնեցին Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին: Ուսանողները սովորեցին, որ միսիոներական աշխատանքի բանալիները, հավերժական ընտանիքները և տաճարային աշխատանքը պատրաստում են մեզ Տիրոջ Երկրորդ Գալուստին:

Օր 3 (Վարդապետություն և Ուխտեր 111)

Մասաչուսետս նահանգի Սալեմ քաղաքում Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնությունից ուսանողները սովորեցին, որ Տերը կարող է բարիք ստեղծել մեր անկեղծ ջանքերից: Նրանք սովորեցին նաև, որ մենք կարող ենք ստանալ Տիրոջ ուղղորդումը Նրա Հոգու խաղաղության և ուժի միջոցով:

Օր 4 (Վարդապետություն և Ուխտեր 112)

Թոմաս Բ. Մարշին ուղղված Տիրոջ հայտնությունից ուսանողներն իմացան, որ եթե մենք խոնարհ լինենք, Տերը կառաջնորդի մեզ և կպատասխանի մեր աղոթքներին։ Տերը պատվիրեց Նախագահ Մարշին, որ որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ, նա կրում է բանալիներ, որպեսզի ղեկավարի ավետարանը բոլոր ազգերին հռչակելու Տասներկուսի աշխատանքը: Այս բանալիները վերջին անգամ վերականգնվել են ժամանակների լրության տնտեսության մեջ։ Ուսանողները սովորեցին նաև, որ նրանք պիտի հավատարիմ լինեն, որպեսզի ստանան Տիրոջ խոստացած օրհնությունները:

Նախաբան

Կիրթլենդի Տաճարի նվիրագործման աղոթքի մեջ Մարգարե Ջոզեֆ Սմիթն աղոթեց ուրիշների բարօրության համար: Տաճարի նվիրագործումից հետո նախորդ տնտեսությունների մարգարեները Մարգարե Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին շնորհեցին քահանայության բանալիները` ներառյալ կնքման բանալիները:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 109․47-53

Ջոզեֆ Սմիթը խնդրում է Երկնային Հորը օգնել Միսսուրիի Սրբերին

Հրավիրեք ուսանողներին մտածել ինչ-որ մեկի մասին, ով պայքարում կամ տառապում է ինչ-որ ձևով: Մտածելու համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ եղանակներով կարող եք օգնել թեթևացնելու ինչ-որ մեկի տառապանքները:

Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, հիշեցրեք նրանց, որ Միսսուրիի Սրբերը շատ էին տառապել Ջեկսոն գավառի ամբոխի բռնությունից: Նրանց ընկերներ Սրբերը հիշեցին նրանց Կիրթլենդի Տաճարի նվիրագործման ժամանակ: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ նվիրագործման աղոթքի այն մասը, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտերի 109․47-49 հատվածներում: Դասարանին հանձնարարեք հետևել` փնտրելով, թե մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք ուրիշներին դժվար ժամանակներում:

  • Կիրթլենդի Տաճարի նվիրագործման ժամանակ Մարգարեն ի՞նչ արեց Միսսուրիի Սրբերի համար:

Հրավիրեք մի ուսանողի գրագրի դեր կատարել: Դասարանին խնդրեք առաջարկել մի սկզբունք, որը մենք կարող ենք սովորել այս հատվածներում տրված Մարգարեի աղոթքից: Երբ ուսանողները պատասխանեն, գրագիրը կարող է գրել հետևյալ սկզբունքը. Մեր աղոթքները կարող են օգնել և զորություն տալ նրանց, ովքեր կարիքի մեջ են:

  • Ե՞րբ եք զգացել կամ լսել, որ աղոթքի ուժը օգնի ինչ-որ մեկին: (Կարող եք նշել, որ այդպիսի աղոթքների պատասխանը երբեմն գալիս է ոգեշնչման միջոցով, որը մենք կամ ուրիշները ստանում ենք այն մասին, թե ինչ կարելի է անել մյուսներին օգնելու համար: Կարող եք նաև կիսվել մի պատմությամբ, թե ինչպես է այս սկզբունքն իրականացել ձեր կյանքում։)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 109.50 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով այն մարդկանց, ում համար Մարգարեն աղոթել էր:

  • Ուրիշ էլ ո՞ւմ համար էր աղոթել Մարգարեն:

  • Ձեր կարծիքով, մենք ինչո՞ւ պիտի աղոթենք մեր թշնամիների համար:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Վարդապետություն և Ուխտերի 109․50 հատվածից այն մասին, թե մեր աղոթքները ինչպե՞ս կարող են անդրադառնալ ուրիշների վրա։ (Ուսանողների պատասխանից հետո խնդրեք գրագրին գրել հետևյալ սկզբունքը գրատախտակին. Մեր աղոթքների ներգործությունը կարող է օգնել մարդկանց ապաշխարել: Ապա հրավիրեք գրագրին նստել:)

Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ.

  • Ի՞նչ կպատահի, եթե այն մարդիկ, ում համար աղոթում ենք, չեն ընտրում ապաշխարության ճանապարհը:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 109.51-53 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով արտահայտություններ, որոնք ճանաչում են Տիրոջ կամքը և ուրիշների ազատ ընտրության կամքը: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով: (Նախքան ուսանողը կկարդա այս հատվածը, կարող եք բացատրել, որ երբ սուրբ գրությունները ներառում են արտահայտություններ, թե Տերը «կմերկացնի իր բազուկը», դա վերաբերում է այն բանին, որ Տերը ցույց կտա Իր զորությունը:)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 109.53 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան` փնտրելով, թե Երկնային Հայրը ի՞նչ կանի նրանց համար, ովքեր ապաշխարում են։ (Կարող եք բացատրել, որ Աստծո ցասումը հաճախ արտահայտվում է պատժի կամ տառապանքի միջոցով, որոնց միջով մենք անցնում ենք մեր մեղքերի պատճառով` համաձայն Նրա արդարադատության: Հետևյալ արտահայտությունը` «երբ որ դու նայես քո Օծյալի երեսին», վերաբերում է Երկնային Հոր հոժարակամությանը` ողորմածություն շնորհել Հիսուս Քրիստոսի` Իր Որդու քավող զոհաբերության շնորհիվ:)

  • Երկնային Հայրը ինչո՞ւ կհեռացնի Իր ցասումը նրանցից, ովքեր ապաշխարում են: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն օգնեք նրանց բացահայտել հետևյալ սկզբունքը․ Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության շնորհիվ Երկնային Հոր ցասումը կհեռացվի նրանցից, ովքեր ապաշխարում են։)

Որպեսզի օգնեք ուսանողներին պատկերացնել հատված 53-ում տրված նկարագրությունը, հրավիրեք նրանց անել հետևյալը.

Պատկերացրեք, որ հակամորմոնական ամբոխի միջից մի նախկին անդամ կանգնած է Աստծո առաջ` դատաստանի սպասելով: Հիմա պատկերացրեք, որ իր մահից տարիներ առաջ այս մարդն անկեղծորեն ապաշխարել է և ներում ու փրկագնում է խնդրել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Քանի որ Քրիստոսը տառապել է այս մարդու մեղքերի համար, Երկնային Հայրը ետ կդարձնի պատիժը և ողորմածություն կառաջարկի ապաշխարող մեղսավորին:

  • Ինչպիսի՞ տրամադրվածություն է անհրաժեշտ, որ մարդիկ անկեղծորեն աղոթեն իրենց թշնամիների համար, որպեսզի Երկնային Հայրը ետ դարձնի ցասումը նրանցից:

Խրախուսեք ուսանողներին զարգացնել այս տրամադրվածությունը այն մարդկանց նկատմամբ, ովքեր վիրավորել են նրանց կամ տառապանք պատճառել: Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ այդպիսի մարդիկ կանգնած են Երկնային Հոր դիմաց: Հրավիրեք ուսանողներին աղոթել` ինչպես Ջոզեֆ Սմիթն արեց այն մարդկանց համար, ովքեր վիրավորել էին նրան կամ մեղք գործել նրա դեմ:

Վարդապետություն և Ուխտեր 110․13-16

Եղիան հանձնում է կնքման բանալիները Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին

Հիշեցրեք ուսանողներին, որ Կիրթլենդի Տաճարի նվիրագործման շաբաթվա վերջում Հիսուս Քրիստոսը տաճարում հայտնվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին: Հրավիրեք ուսանողներին նայել Վարդապետություն և Ուխտերի 110 բաժնի նախաբանը և ուշադրություն դարձնել հայտնության ամսաթվին: Ամսաթիվը գտնելուց հետո բացատրեք, որ 1836 թվականի ապրիլի 3-ին` հանգստյան օրերին, աշխարհի հրեաները տոնում էին Զատիկը: Դարեր շարունակ հրեական Զատիկի տոնակատարության ժամանակ թողնում էին դատարկ աթոռ` հիմնվելով Հին Կտակարանից Մաղաքիայի մարգարեության վրա` սպասելով Եղիայի գալուն, որպեսզի «հայրերի սիրտը դարձնէ դէպի որդիքը, և որդկանց սիրտը` դեպի իրանց հայրերը» (Մաղաքիա Դ.6):

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 110.13-16 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչպես Մաղաքիայի մարգարեությունն իրականացավ Կիրթլենդի Տաճարում: Խնդրեք ուսանողներին զեկուցել իրենց գտած նյութի մասին:

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է, որ Եղիան Ջոզեֆ Սմիթին շնորհեց «քահանայության կնքման իշխանությունը, որի միջոցով բոլոր բաները, որոնք կապված են երկրի վրա, կապված պիտի լինեն երկնքում: Այն իշխանություն տվեց Ջոզեֆ Սմիթին Աստծո տաճարում կատարել բոլոր փրկարար արարողությունները, որոնք անհրաժեշտ են թե ապրողների, և թե մահացածների փրկության համար» (President Joseph Fielding Smith, Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:118)։

  • Մենք ի՞նչ ենք առաջարկում մեր մահացած նախնիներին, երբ տաճարում օգնում ենք նրանց` կատարելով արարողություններ իրենց անունով: (Գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Մենք առաջարկում ենք փրկություն մեր նախնիներին, երբ կատարում ենք ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքը նրանց համար։)

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ խոսքերը: Դուք կարող եք ուսանողներին տալ այդ խոսքերի մեկական օրինակ: Խնդրեք նրանց ուշադրություն դարձնել օրհնությանը, որը կարող է գալ նրանց, ովքեր աջակցում են ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին:

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Տաճարում կատարված ցանկացած աշխատանք ժամանակի լավ տնօրինում է, սակայն որպես փոխանորդձեր իսկ նախնիների համար ծեսեր ստանալը տաճարում անցկացրած այդ ժամանակը էլ ավելի սրբազան է դարձնում և բերում՝ էլ ավելի մեծ օրհնություններ:

Երիտասարդներ, դուք ուզո՞ւմ եք ապահով ուղի՝ ձեր կյանքում թշնամու ազդեցությունը նվազեցնելու համար: Խորասուզվեք ձեր նախնիների հետազոտության մեջ, պատրաստեք նրանց անունները փոխարինողների միջոցով տաճարում մատչելի սրբազան ծեսերի համար, ապա գնացեք տաճար և փոխարինող դարձեք նրանց համար` ստանալով մկրտության ուխտերը և Սուրբ Հոգու պարգևը: Տարիքն առնելով` դուք կարող եք նաև մասնակցել այլ ծեսերի ստացմանը: Ես չգիտեմ ձեր կյանքում թշնամու ազդեցությունից պաշտպանվելու ավելի մեծ պաշտպանություն» («Մահացածներին փրկագնելու ուրախությունը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 93–94)։

  • Ի՞նչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր կատարում են տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք։

  • Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթներից որևէ մեկը ճաշակել այս օրհնություններից մեկը:

Ուսանողներին հրավիրեք մտածել, թե նրանք ի՞նչ կարող են անել, որպեսզի կատարելագործեն իրենց ջանքերը ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքում:

Հաջորդ Մասը (Եկեղեցին տեղափոխվում է դեպի Հյուսիսային Միսսուրի, Վարդապետություն և Ուխտեր 113-120)

Որպեսզի օգնեք ուսանողներին նախապատրաստվել եկող շաբաթվա իրենց ուսումնասիրությանը, կարող եք հրավիրել նրանց մտածել հետևյալի մասին. «Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ստացել իր անունը»: Ե՞րբ է ստեղծվել տասանորդի օրենքը: Բացատրեք, որ հաջորդ մասում նրանք կսովորեն այս հարցերի պատասխանները և այն մասին, թե մենք ինչպես կարող ենք դիմել Աստծուն օգնության համար, որպեսզի հավատարիմ մնանք մեր հավատքին և ուխտերին: