Սեմինարիա
Դաս 54. Վարդապետություն և Ուխտեր 46


Դաս 54

Վարդապետություն և Ուխտեր 46

Նախաբան

1830թ. մարտին, եկեղեցու կազմակերպումից մոտավորապես մեկ տարի անց, Տերը հիշեցրեց սրբերին, որ ժողովները պետք է անցկացվեն Սուրբ Հոգով: Նույն հայտնությամբ Նա կարևորեց, որ մարդիկ, ովքեր եկեղեցու անդամներ չեն, չպետք է դուրս հրավիրվեն հասարակական ժողովներից: Անհավատներին ժողովներից դուրս հանելու երևույթը շտկելուց բացի Տերն ուսուցանեց Հոգու պարգևների մասին:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 46․1-6

Տերը հրահանգում է սրբերին եկեղեցու ժողովների վերաբերյալ

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե նրանց հանձնարարված է ծրագրել հաղորդության ժողովը:

  • Ինչպե՞ս կիմանաք, թե ինչ է պետք ընդգրկել ժողովին: Ինչպե՞ս կընտրեք երաժշտությունը և կորոշեք, թե ովքեր ելույթ ունենան:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 46.1–2 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ հրահանգ է տալիս Տերը եկեղեցու ժողովները վարելու վերաբերյալ: Կարող եք նշել, որ ժողովները վարելու պարտականության մեջ է մտնում ժողովներին պատրաստվելը: Հրավիրեք ուսանողներին ասել այն, ինչ իմացան: Նրանց պատասխանները կարող են տարբեր լինել, սակայն նրանք պետք է ներկայացնեն հետևյալ սկզբունքը. Եկեղեցու առաջնորդները ժողովները վարելիս պետք է առաջնորդվեն Սուրբ Հոգով:

  • Զգացե՞լ եք արդյոք որևէ ժողովի ժամանակ, որ ղեկավարներն առաջնորդվում են Սուրբ Հոգով:

  • Ինչպե՞ս կարող են եկեղեցու անդամները Սուրբ Հոգու ազդեցությունը հրավիրել եկեղեցու ժողովներին:

Հրավիրեք ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել, թե ինչպես կարող են բարելավել եկեղեցու ժողովների իրենց մասնակցությունը:

Գրատախտակին գրեք հետևյալը. Այցելուների համար դռները բաց են: Խնդրեք ուսանողներին մտաբերել, թե որտեղ են տեսել այսպիսի ցուցանակ: Հարցրեք, թե արդյոք տեսել են նման ցուցանակ եկեղեցու հավաքատներից դուրս: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 46 բաժնի նախաբանը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել գրքում, թե ում էին ընդունում իրենց ժողովներին վաղեմի սրբերը: Խնդրեք նրանց ասել, թե ինչ գտան: Այնուհետև խնդրեք նրանց մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.3-6 հատվածները, գտնելով արտահայտություններ, որոնք շտկում են այս նախկին վարվեցողությունը:

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից` թե Տերն ինչպես է ցանկանում, որ վերաբերվենք մյուսներին: (Ուսանողները պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Տերը պատվիրել է մեզ ընդունել բոլոր մարդկանց մեր հասարակական ժողովներում:)

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել մյուսներին իմանալ, որ մեր եկեղեցու ժողովներին նրանց համար դռները բաց են:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի խորն իմանալ այս ճշմարտության մասին, պատմեք հետևյալ օրինակը.

Եկեղեցու մի երիտասարդ անդամ իր ընտանիքի հետ առաջին անգամ այցելում է նոր ծուխ: Հաղորդության ժողովից հետո այդ ծխի անդամներից մեկը ողջունում է նորեկ ընտանիքին և ցույց տալիս, թե ուր գնալ կիրակնօրյա դպրոցին մասնակցելու համար: Նա ուղեկցում է երիտասարդ աղջկան դասարան և` ծանոթացնում ուսուցչի հետ: Դասարանի երիտասարդ տղամարդիկ և կանայք թռուցիկ ծանոթանում են նրա հետ և, ապա, շարունակում են այցելել միմյանց, անտեսելով նրան:

Քաջալերեք ուսանողներին ողջունել եկեղեցու ժողովների, դասարանների և միջոցառումների այցելուներին:

Վարդապետություն և Ուխտեր 46․7-33

Տերը բացատրում է Հոգու պարգևների նպատակները:

Հիշեցրեք ուսանողներին, որ 1831թ. փետրվարին Ջոզեֆ Սմիթը միացավ Կիրթլենդի սրբերին (տես այս ձեռնարկի դաս 50-ը): Ժամանելուն պես նա հայտնաբերեց, որ այս եկեղեցու անդամները որոշ սխալ երևույթներ են գործադրում: Սխալ երևույթներից մեկը` մարդկանց եկեղեցու ժողովներից դուրս հանելն էր, ինչպես բացատրվել է այս դասի սկզբում: Մեկ ուրիշ սխալ երևույթ էր, երբ որոշ անդամներ տարօրինակ վարքագիծ էին ցուցաբերում եկեղեցու ժողովների ժամանակ: Նրանք պնդում էին, որ իրենց գործողությունները ոգեշնչված են Սուրբ Հոգուց: Անդամներից ոմանք հավատում էին նրանց, իսկ մյուսները զգում էին, որ վարքագիծը Աստծուց չէ: Վարդապետություն և Ուխտեր 46 բաժնում տեղ գտած հայտնությամբ Տերն ուսուցանել է սկզբունքներ, որոնք կօգնեն սրբերին խուսափել խաբվելուց և կօգնեն նրանց հասկանալ Հոգու ճշմարիտ պարգևները:

  • Ի՞նչ է նշանակում խաբված լինել: (Մոլորեցված լինել կամ խաբեությամբ հավատալ մի բանի, ինչը ճշմարիտ չէ): Կարո՞ղ եք մտաբերել, թե երբ եք խաբված եղել:

Ուսանողներին խնդրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 46.7–8 հատվածները մտքում, տեսնելով, թե ինչ է Տերը խորհուրդ տվել Իր ժողովրդին անել, որպեսզի նրանք խուսափեն խաբված լինելուց: Կարող եք առաջարկել ուսանողներին գրքում նշել այն, ինչ գտան:

  • Ի՞նչ են ուսուցանում այս հատվածները` խաբված լինելուց խուսափելու մասին: (Օգնեք ուսանողներին ճանաչել հետևյալ սկզբունքը. Խաբված լինելուց խուսափելու եղանակներից մեկը` Սուրբ Հոգու հուշումներին հետևելն է ողջ սրբությամբ):

  • Համաձայն 8 հատվածի, ինչի՞ն պետք է մենք հետամուտ լինենք: (Լավագույն պարգևներին):

Գրատախտակին գրեք հետևյալը. Եթե հետամուտ լինենք լավագույն պարգևներին…

Ուսանողներին ներգրավելով` խնդրեք նրանց գտնել այն օրհնությունները, որոնք կհետևեն Հոգու պարգևներին հետամուտ լինելու արդյունքում: Կարող եք բացատրել, որ Հոգու պարգևները «օրհնություններ կամ ունակություններ են, որոնք տրվում են Սուրբ Հոգու զորությամբ: Աստված տալիս է եկեղեցու հավատարիմ անդամներին այդ պարգևներից առնվազն մեկը» (True to the Faith: A Gospel Reference [2004], 165):

Նախքան դասը թղթի մի կտորի վրա կամայական տեղերում գրեք 13-ից մինչև 25 և 27 թվերը: Ապա կտրտեք թուղթը` փազլի տասնչորս կտորների, որպեսզի փազլի յուրաքանչյուր կտորի վրա մի թիվ լինի:

Բաժանեք փազլի կտորները ուսանողներին: Դասարանի անդամների քանակից ելնելով, կարող եք փազլի մեկական կտոր տալ ուսանողների փոքր խմբերին, կամ մեկից ավել կտոր տալ` յուրաքանչյուր ուսանողին: Հրավիրեք դասարանի անդամներին փազլը միասին հավաքելու:

  • Ինչո՞ւ է փազլի մեջ կարևոր ամեն մի կտորը:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 46.8–12, 26 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ նպատակով է Աստված տալիս մեզ պարգևները:

  • Ի՞նչ նպատակով են տրվում Հոգու պարգևները: («Աստծո զավակների օգտի համար»):

  • Համաձայն 9 հատվածի, ո՞ւմ են տրված Հոգու պարգևները: (Նրանց, ովքեր սիրում են Աստծուն ու պահում են Նրա պատվիրանները և նրանց, ովքեր «փնտրում են այդպես վարվել»):

  • Համաձայն 11 հատվածի, մեզանից քանիսի՞ն է տրված Հոգու որևէ պարգև:

  • Ելնելով այս հատվածներից, ինչպես կավարտեք գրատախտակին գրված նախադասությունը: (Թեև ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, նրանց պատասխանները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք հետամուտ լինենք լավագույն պարգևներին, Աստված կշնորհի մեզ դրանք մյուսների օգտի համար: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել իրենց սուրբ գրություններում այն խոսքերը, որոնք ուսուցանում են այս ճշմարտությունը):

Ուսանողների ուշադրությունը հրավիրեք նրանց հավաքած փազլի վրա: Հիշեցրեք նրանց, որ փազլում ամեն մի կտորը կարևոր է:

  • Ինչո՞ւ է կարևոր յուրաքանչյուր անդամը Տիրոջ եկեղեցում: (Յուրաքանչյուրը մի պարգև ունի, որը կարող է օգտակար լինել մյուսներին):

Քանդեք փազլը և մասերը հետ բաժանեք ուսանողներին: Բացատրեք, որ թղթի կտորների վրա գրված թվերը ներկայացնում են Վարդապետություն և Ուխտեր 46 բաժնի հատվածները, և որ այդ հատվածներից յուրաքանչյուրում ասվում է Հոգու որևէ պարգևի մասին: Հրավիրեք ուսանողներին բարձրաձայն կարդալ հատվածները, որոնք համապատասխանում են իրենց տրված թվերին:

Երբ բոլոր հատվածները կարդացվեն, խնդրեք ուսանողներին առաջարկներ անել, թե այդ պարգևն ինչպես կարող է օգուտ բերել Աստծո զավակներին: Ուսանողները հնարավոր է դժվարությամբ հասկանան որոշ պարգևները: Պարգևներից մի քանիսի հետևյալ բացատրությունները կարող են օգտակար լինել ձեր քննարկման համար.

Պաշտոնավարության տարբերությունները իմանալու պարգևը հաճախ դրսևորվում է ղեկավարների մոտ, ովքեր իմանում են, թե մարդկանց պարգևներն ինչպես կարող են օգտակար լինել ծառայության այս կամ այն կոչման մեջ:

Ներգործությունների տարբերությունը գիտենալու պարգևը դրսևորվում է մարդկանց ունակությամբ` տեսնել տարբերությունները Սուրբ Հոգու իսկական պարգևների կամ ներգործությունների և կեղծ հոգիների, վարդապետությունների, կամ պատվիրանների միջև:

Իմաստության խոսքի պարգևը կապ չունի որպես Իմաստության Խոսք հայտնի պատվիրանի հետ: Ավելի շուտ, այն վերաբերում է իմաստության օրհնությանը, որ ստանում են նրանք, ովքեր խնդրում են «Աստվածանից, որ ամենին տալիս է առատությամբ» (Հակոբոս Ա.5):

Հոգիներ զանազանելու պարգևը թույլ է տալիս մարդուն ճանաչել կամ հասկանալ մյուսների ճշմարիտ մտադրությունները և թաքնված շարժառիթները: Այս պարգևն օգնում է անձին հայտնաբերել թաքնված չարիքը և տեսնել բարին մյուսների մեջ:

Լեզուներով խոսելու և լեզուներ թարգմանելու պարգևը հաճախ դրսևորվում է միսիոներների մոտ, ովքեր ընդունակ են լեզուներն արագ սովորելու և հասկանալու: Այս պարգևները կարող են նաև վայելել այն մարդիկ, ովքեր ավետարանը սովորելու և քարոզելու համար պետք է լեզվական խոչընդոտներ հաղթահարեն:

  • Ինչո՞ւ մենք պետք է ձգտենք ունենալ հոգևոր պարգևներ: Ձեր կարծիքով, ի՞նչ կարող ենք անել դրանք ունենալու համար: (Օգտակար կլիներ նշել, որ Տերը կարող է հոգևոր պարգևները բացահայտել հայրապետական օրհնության կամ այլ քահանայության օրհնության միջոցով):

  • Ե՞րբ եք տեսել, որ ինչ-որ մեկը հոգևոր պարգև է ստանում մյուսների օգտի համար:

Խնդրեք ուսանողներին ինքնուրույն ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 46.30–33 հատվածները և չորս գործոն հայտնաբերել, որ մենք պետք է անենք` օգտագործելով մեր հոգևոր պարգևները: (Պատասխանները կարող են ներառել, որ մենք պետք է խնդրենք, որ Աստծո կամքը կատարվի, գործենք Հիսուս Քրիստոսի անունով, գոհություն հայտնենք մեր ստացած օրհնությունների համար, առաքինություն և սրբություն գործադրենք):

Երախտագիտություն արտահայտեք Հոգու պարգևների համար և ձեր կյանքում դրանց ազդեցության համար: Ուսանողներին հնարավորություն տվեք նույնը անելու: Վկայեք Տիրոջ ցանկության մասին` որ բոլոր մարդիկ իմանան, որ նրանք ցանկալի են ու կարևոր Իր եկեղեցում:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 46.4: Բոլորին ողջունել եկեղեցու ժողովներին

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ. Թոմ Փերին ուսուցանել է.

Նկար
Երեց Լ. Թոմ Փերի

«Սրբերի մեր համայնքը ոչ թե վտարող է, այլ ընդունող, այն կառուցված է առաքյալների և մարգարեների հիմքի վրա, Հիսուս Քրիստոսն Ինքն է գլխավոր անկյունաքարը: Այն բաց է բոլորի համար, ովքեր սիրում են, գնահատում և կարեկցանք տածում Երկնային Հոր զավակների հանդեպ» (“Building a Community of Saints,” Ensign, May 2001, 37):

Վարդապետություն և Ուխտեր 46.11–12: «Ամեն մարդու մի պարգև է տրված»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Օրսոն Փրատն ուսուցանել է.

Նկար
Երեց Օրսոն Պրատ

«Երբ Սուրբ Հոգին իր բնակությունն է հաստատում անձում, այն ոչ միայն մաքրում, սրբագործում և մաքրագործում է նրան այնքանով, որքանով որ նա ենթարկվում է Հոգու ազդեցությանը, այլ նաև որևէ պարգև է շնորհում նրան, նախատեսված նրա և մյուսների օգտի համար: Նա, ով ծնվում է Հոգուց և շարունակում է մնալ բավականին հավատարիմ, զուրկ չի մնում հոգևոր պարգևից:…

Մեկ անդամը չի ստանում այդ բոլոր պարգևները, այլ դրանք բաժանված են ամբողջ [Եկեղեցու] կառուցվածքի մեջ, համաձայն Հոգու կամքի և իմաստության:… Ոմանց կարող են այդ բոլոր պարգևները շնորհված լինել, որպեսզի կարողանան հասկանալ դրանք և պատրաստ լինել հայտնաբերելու շինծու պարգևները, ինչպես նաև նախագահել ամբողջ Եկեղեցու կազմակերպությունը, որ բոլորը կարողանան օգուտ ունենալ: Այս հոգևոր պարգևները բաշխված են եկեղեցու անդամների միջև, ըստ իրենց հավատարմության, հանգամանքների, բնատուր ունակությունների, պարտականությունների և կոչումների, որ բոլորը կարողանան պատշաճ կերպով հրահանգվել, հաստատվել, կատարելագործվել և փրկվել» (Masterful Discourses and Writings of Orson Pratt, comp. N. B. Lundwall [1946], 539–41): (Տես նաև Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 100):

Վարդապետություն և Ուխտեր 46.11: Հոգու բազմաթիվ պարգևները

Հոգևոր պարգևները թվարկված են Վարդապետություն և Ուխտեր 46, նաև Ա Կորնթացիս ԺԲ.1–13, ինչպես նաև Մորոնի 10.8-18 հատվածներում: Սրանք միակ հոգևոր պարգևները չեն, որ մենք կարող ենք ստանալ: Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Հոգևոր պարգևներն անվերջ են թվով և անսահման` բազմազանությամբ: Հայտնի դարձված խոսքում թվարկվածները պարզապես պատկերումն են աստվածային շնորհի անսահման զեղման, որ ողորմած Աստվածը տալիս է նրանց, ովքեր սիրում և ծառայում են նրան» (A New Witness for the Articles of Faith [1985], 371):

Վարդապետություն և Ուխտեր 46.12 «Ոմանց տրված է մի բան, ոմանց էլ տրված է մեկ ուրիշ բան»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մարվին Ջ. Աշթոնն ասել է.

Նկար
Երեց Մերվին Ջ. Էշթոն

«Պատահական սկզբունքով ընտրելով, թույլ տվեք մի քանի պարգևների մասին խոսել, որոնք միշտ չէ, որ ակնհայտ են կամ աչքի ընկնող, բայց շատ կարևոր են…

…Խնդրելու պարգևը, լսելու պարգևը, ականջ դնելու և մեղմ, ցածր ձայնով խոսելու պարգևը, լաց լինելու պարգևը, մրցակցությունից խուսափելու պարգևը, ընդունող լինելու պարգևը, ունայն կրկնություններից խուսափելու պարգևը, պարգև` փնտրելու այն, ինչը արդար է, չդատվելու պարգևը, Աստծո առաջնորդությունը փնտրելու պարգևը, առաքյալ լինելու պարգևը, մյուսների մասին հոգ տանելու պարգևը, խորհելու ընդունակություն ունենալու պարգևը, աղոթք ասելու պարգևը, հզոր վկայություն բերելու պարգևը և Սուրբ Հոգին ստանալու պարգևը» (“There Are Many Gifts,” Ensign, Nov. 1987, 20):