Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Վարդապետություն և Ուխտեր 76.81-119, 77-83 (Մաս 17)


Տնային ուսումնասիրության դաս

Վարդապետություն և Ուխտեր 76.81–119, 77–83 (Մաս 17)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանք

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որոնք ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտեր 76.81-119 հատվածները և 77–83 բաժինները (մաս 17), չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որն ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (Վարդապետություն և Ուխտեր 76.81-119, 77)

Երբ ուսանողները եզրափակեցին փառքի արքայությունների մասին տեսիլքի ուսումնասիրությունը, նրանք սովորեցին, որ նրանք, ովքեր կժառանգեն թելեստիալ արքայությունը, պետք է տառապեն դժոխքում, նախքան կփրկվեն Փրկչի կողմից: Նրանք սովորեցին նաև, որ փառքի արքայությունը, որը մենք կժառանգենք, կորոշվի համաձայն այս կյանքում կատարած մեր գործերի և սրտերի ցանկությունների:

Օր 2 (Վարդապետություն և Ուխտեր 78-80)

Միացյալ Միաբանություն ստեղծելու Տիրոջ պատվիրանն ուսումնասիրելիս ուսանողներն իմացան, որ Տիրոջ պատվիրանների կատարումը պատրաստում է մեզ սելեստիալ արքայությունում տեղ ունենալու համար: Նրանք սովորեցին նաև, որ եթե մենք բոլոր բաներն ընդունենք երախտագիտությամբ, Տերը կբազմապատկի մեր օրհնությունները:

Օր 3 (Վարդապետություն և Ուխտեր 81)

Երբ ուսանողներն ուսումնասիրում էին Առաջին Նախագահության խորհրդականներին տված Տիրոջ հրահանգները, նրանք պարզեցին, որ Երկրի վրա Աստծո արքայության բանալիները պատկանում են Բարձրագույն Քահանայության Նախագահությանը: Բացի այդ նրանք սովորեցին, որ նախագահության խորհրդականները պետք է աջակցեն և զորացնեն նախագահին: Ուսանողները սովորեցին նաև, որ եթե մենք հավատարմորեն կատարենք մեր կոչումների պարտականությունները, կարող ենք մեծ բարիք կատարել ուրիշների համար:

Օր 4 (Վարդապետություն և Ուխտեր 82-83)

Եկեղեցու վաղ շրջանի ղեկավարներին Տիրոջ տված հրահանգներից ուսանողները սովորեցին, որ «Նրան` ում շատ է տրվել, նրանից էլ շատ պահանջվում է» (ՎևՈւ 82.3): Ուսանողներն ուսումնասիրեցին Տիրոջ նախազգուշացումն այն մասին, որ եթե ապաշխարելուց հետո մենք կրկին մեղք ենք գործում, մեր նախկին մեղքերը վերադառնում են: Նրանք նաև սովորեցին, որ եթե մենք հնազանդվենք Տիրոջը, Նա միշտ կպահի մեզ օրհնելու Իր խոստումները:

Նախաբան

Այս դասը կօգնի ուսանողներին սովորել այն սկզբունքները, որոնք Մարգարե Ջոզեֆ Սմիթն առաջադրեց, երբ հարցեր էր ուղղում Տիրոջը Հայտնության գրքի մասին:

Ուսուցման առաջարկներ

Նշում. Ուսանողներն այս շաբաթ սովորեցին սուրբ գրությունների սերտման երկու հատված: Նրանք օգտագործեցին Վարդապետություն և Ուխտեր 78.19 հատվածը` երկու րոպեանոց ելույթ գրելու: Կարող եք հրավիրել մի քանի ուսանողների` դասարանին ներկայացնելու իրենց ելույթները։ Նրանք անգիր սովորեցին նաև Վարդապետություն և Ուխտեր 82.10 հատվածը: Հրավիրեք ուսանողներին` միասին բարձրաձայն անգիր ասել այս հատվածը:

Վարդապետություն և Ուխտեր 77

Տերը պատասխանում է Հայտնությունների Գրքի վերաբերյալ Ջոզեֆ Սմիթի հարցերին

Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ են նրանք վերջերս սովորել սուրբ գրությունների անձնական ուսումնասիրության ժամանակ: Հրավիրեք մի քանի ուսանողների` կիսվել իրենց սովորածով: Ապա մի քանիսին հրավիրեք կիսվել այն հարցերով, որ նրանք ունեցել են անձնական ուսումնասիրության ժամանակ: Սրանք կարող են ներառել հարցեր որևէ հատուկ կարևորության հատվածի, բառի կամ արտահայտության իմաստի մասին, ինչպես նաև իրենց կարդացած նյութի պատմական նախադրյալի վերաբերյալ: (Այս վարժության նպատակը սուրբ գրությունների վերաբերյալ ուսանողների հարցերին պատասխանելը չէ, այլ ուսումնասիրության ժամանակ հարցեր տալու կարևորության շեշտումը:) Երբ մի քանի ուսանողներ կիսվեն դրանով, տվեք հետևյալ հարցը․

  • Ի՞նչն օգնեց ձեզ ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները և գտնել ձեր ունեցած հարցերի պատասխանները:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 77 բաժինը, հրավիրեք նրանց կարդալ բաժնի նախաբանը` փնտրելով, թե ինչ էր անում Մարգարե Ջոզեֆ Սմիթը, երբ նա ստացավ այս հայտնությունը: Երբ ուսանողները հաղորդեն իրենց գտած նյութի մասին, կարող եք նրանց ուշադրությունը հրավիրել հետևյալ արտահայտության վրա` «Սուրբ գրքերի թարգմանության առնչությամբ», որը վերաբերում է Տիրոջ այն պատվիրանին, որ Ջոզեֆ Սմիթը պետք է ոգեշնչված փոփոխություններ կատարի Աստվածաշնչի Թագավոր Հակոբոսի տարբերակում: Այս փոփոխությունները հայտնի են որպես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն: Բացատրեք, որ Հայտնության գրքի վրա աշխատելիս Ջոզեֆ Սմիթը դիմեց Տիրոջը որոշ հատվածների իմաստի վերաբերյալ: Ջոզեֆի հարցերը և Տիրոջ պատասխանները տրված են Վարդապետություն և Ուխտեր 77 բաժնում: Հրավիրեք ուսանողներին Վարդապետություն և Ուխտեր 77 բաժինն ուսումնասիրելիս փնտրել այնպիսի ներըմբռնումներ, որոնք կարող են խորացնել սուրբ գրությունների նրանց հասկացողությունը:

Հրավիրեք ուսանողներին նկատել, թե ինչպես է Վարդապետություն և Ուխտեր 77 բաժնի կառուցվածքը տարբերվում Վարդապետություն և Ուխտերի այլ բաժինների կառուցվածքից։ Նրանք պիտի նկատեն Հ և Պ տառերը յուրաքանչյուր հատվածի կամ պարբերության կողքին ամբողջ բաժնով մեկ: Բացատրեք, որ յուրաքանչյուր Հ տառը նախորդում է Տիրոջն ուղղած Ջոզեֆ Սմիթի յուրաքանչյուր հարցին, իսկ Պ տառը նախորդում է Տիրոջ պատասխանին:

Հարցրեք, թե ով է կարդացել Հայտնության գիրքն ամբողջությամբ կամ դրա ինչ-որ մասը:

  • Ի՞նչը կարող է դժվարացնել Հայտնության գրքի ընթերցումը: (Եթե ուսանողները չնշեն այդ պատճառը, բացատրեք, որ Հայտնության գիրքը հասկանալը կարող է դժվար լինել այնտեղ պարունակվող սիմվոլիզմի պատճառով:)

Որպեսզի ներկայացնեք Հայտնության գրքի խորհրդանշական պատկերի օրինակը, հանձնարարեք մի քանի ուսանողների` հերթով բարձրաձայն կարդալ Հայտնություն 4․2-8 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել՝ խորհրդանիշեր փնտրելով այս հատվածներում: Հրավիրեք ուսանողներին` անվանել այս խորհրդանիշերը, իսկ նրանցից մեկին խնդրեք` գրել դրանք գրատախտակի վրա: (Պատասխանները կարող են ներառել. ծիածան` աթոռի շուրջը, քսանևչորս աթոռներ, ոսկե պսակներ, կրակի յոթ լամպեր, ապակյա ծով և չորս կենդանիներ:)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթի հարցը Վարդապետություն և Ուխտեր 77.1 հատվածում։ Խնդրեք որևէ ուսանողի շրջանակի մեջ վերցնել գրատախտակին տրված այն խորհրդանիշը, որը հասկանալու համար Ջոզեֆ Սմիթը Տիրոջից օգնություն խնդրեց (ապակյա ծովը): Ապա խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տիրոջ բացատրությունը` տրված Վարդապետություն և Ուխտեր 77.1 հատվածում։

  • Այս պատասխանն ինչպե՞ս է օգնում մեզ ավելի լավ հասկանալ Հայտնություն 4.6 հատվածը:

Ուսանողներին բաժանեք զույգերի: Խնդրեք զույգերին միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 77․2-5 հատվածները` փնտրելով լրացուցիչ հարցեր, որոնք Ջոզեֆ Սմիթը տվեց Հայտնություն 4 գլխի խորհրդանիշերի վերաբերյալ և Տիրոջ պատասխաններն այդ հարցերին: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվելով այն մասին, թե ինչպես Տիրոջ պատասխանները Ջոզեֆ Սմիթի հարցերին օգնեց նրանց հասկանալ Հայտնություն 4.2-8 հատվածներում տրված խորհրդանշական պատկերներից մի քանիսը:

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե իրենք ինչպես կօգտագործեն իրենց սովորածը Վարդապետություն և Ուխտեր 77 բաժնում, որպեսզի ամփոփեն, թե Հովհաննեսը ի՞նչ էր նկարագրում Հայտնություն 4.2–8 հատվածներում: Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց համառոտ շարադրանքով: Ապա տվեք հետևյալ հարցը.

  • Մենք ի՞նչ կարող ենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 77 բաժնից մարգարեի դերի մասին, որով նա օգնում է մեզ հասկանալ սուրբ գրության իմաստը: (Չնայած ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, նրանք պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը․ Տերը հայտնում է սուրբ գրությունների ճշգրիտ մեկնաբանությունը Իր մարգարեների միջոցով։ Կարող եք առաջարկել նաև, որ ուսանողներն իրենց սուրբ գրություններում գրեն այս վարդապետությունը Վարդապետություն և Ուխտեր 77 բաժնի կողքին։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր սովորել, թե մարգարեներն ի՞նչ են ուսուցանել այն բանի վերաբերյալ, թե մենք ինչ ենք սովորում սուրբ գրություններից:

  • Մենք որտե՞ղ կարող ենք գտնել մարգարեների ուսմունքները մեր կարդացած սուրբ գրությունների հատվածների իմաստի մասին։

Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, նշեք, որ Վարդապետություն և Ուխտեր 77 բաժինը ապացուցում է, որ սուրբ գրություններում գրանցված մարգարեների խոսքերը կարող են օգնել բացատրել այլ սուրբ գրություններ: Շատ դեպքերում սուրբ գրության մեկ հատվածը բացատրում կամ մեկնաբանում է այն, ինչ տրված է մեկ այլ հատվածում: Բացատրեք, որ սուրբ գրություններում տրված ծանոթագրությունները հաճախ պարունակում են հղումներ այդ օգտակար հատվածների վերաբերյալ:

Որպեսզի պարզաբանեք այս կետը, հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հայտնություն 5.1 փնտրելով, թե Հովհաննեսը ինչ տեսավ այն անձնավորության ձեռքում, ով նստած էր աթոռին: Խնդրեք ուսանողներին զեկուցել իրենց գտած նյութի մասին: Եթե ուսանողները հնարավորություն ունեն կարդալու Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակի Վերջին Օրերի Սրբերի հրատարակությունը, խնդրեք նրանց անդրադառնալ ծանոթագրություն բ-ին` Հայտնություն 5.1 հատվածում (ՎևՈւ 77.6): (Եթե ուսանողներին հասանելի չէ Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակի Վերջին Օրերի Սրբերի հրատարակությունը, հրավիրեք նրանց անմիջապես դիմել Վարդապետություն և Ուխտեր 77.6 հատվածին, երբ նրանք ավարտեն իրենց սովորած նյութի նկարագրությունը Հայտնություն 5.1 հատվածից:)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 77.6-7 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով Ջոզեֆ Սմիթի հարցերը Հայտնություն 5.1 հատվածի վերաբերյալ, ինչպես նաև Տիրոջ պատասխանները: Բացատրեք, որ 7000 տարիները վերաբերում են Ադամի և Եվայի Անկումից ի վեր ընկած ժամանակահատվածին: Այն նկատի չունի երկրագնդի փաստացի տարիքը` ներառյալ արարման ժամանակաշրջանը:

Խնդրեք ուսանողներին իրենց բառերով ամփոփել հարցերն ու պատասխանները: Վարժությունն ավարտելուց հետո բացատրեք, թե սուրբ գրությունների ուսումնասիրման ժամանակ ծանոթագրությունների օգտագործումն ինչպես կարող է օգնել մեզ պարզել, թե մարգարեներն ինչ են ասել մեր կարդացած սուրբ գրությունների մասին:

Նշեք, որ չնայած միայն մարգարեներն իշխանություն ունեն մեկնաբանելու սուրբ գրություններն աշխարհի համար, մեզանից յուրաքանչյուրը պետք է անհատապես ուսումնասիրի սուրբ գրությունները` ըմբռնում և անձնական կիրառություն փնտրելով:

  • Ինչպե՞ս կարող ենք սուրբ գրությունների մեր անհատական ուսումնասիրությունը նմանեցնել այն աշխատանքին, որ Ջոզեֆ Սմիթը կատարում էր Հայտնության գիրքն ուսումնասիրելիս և դրա շուրջը խորհելիս: (Ուսանողները կարող են գտնել այսպիսի սկզբունք. Եթե մենք խնդրենք Տիրոջից, Նա կարող է օգնել մեզ` հասկանալ սուրբ գրությունները:)

  • Ինչո՞ւ է կարևոր, որ մենք հասկանանք սուրբ գրությունների ճիշտ իմաստը և ապա ձգտենք կիրառել դրանք անհատապես:

Խնդրեք ուսանողներին խորհել մի ժամանակի մասին, երբ նրանք խնդրում էին Տիրոջը օգնել իրենց` հասկանալ սուրբ գրությունները և կիրառել սուրբ գրությունների ուսմունքները իրենց սեփական հանգամանքների դեպքում։ Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց մտքերով:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 77 բաժնի մնացած մասը պարունակում է ավելի շատ հարցեր, որոնք Ջոզեֆ Սմիթը տվեց Հայտնության գրքի մասին և Տիրոջ պատասխանները այդ հարցերին: Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 77․8-15 հատվածները` ասելով, որ այս հայտնությունը թույլ տվեց Ջոզեֆ Սմիթին իմանալ որոշ իրադարձությունների մասին, որոնք տեղի կունենան նախքան Փրկիչի Երկրորդ Գալուստը։

Տեղեկացրեք ուսանողներին, որ երբ նրանք հետագայում ուսումնասիրեն Հայտնության գիրքը, Վարդապետություն և Ուխտեր 77 բաժնում տրված Տիրոջ պատասխանները կարող են օգնել նրանց` հասկանալ խորհրդանշական պատկերի իմաստը գրքում:

Եզրափակեք այս դասը` կիսվելով ձեր վկայությամբ այս դասում քննարկված վարդապետությունների և սկզբունքների մասին կամ կիսվելով փորձառությամբ, որ դուք ունեցել եք այն բանի արդյունքում, երբ սուրբ գրությունները հասկանալու համար դիմել եք Տիրոջ օգնությանը:

Հաջորդ Մասը (Վարդապետություն և Ուխտեր 84-87)

Որպեսզի ուսանողներին նախապատրաստեք եկող շաբաթվա իրենց ուսումնասիրությանը, կարող եք հրավիրել նրանց մտածել հետևյալի մասին. «Երբևէ խորհե՞լ եք այն ամենի մասին, որ Երկնային Հայրն ունի»: Արդյոք գիտե՞ք, որ Նա խոստացել է կիսվել մեզ հետ այն ամենով, ինչ Նա ունի: Վարդապետություն և Ուխտեր 84-87 բաժինների ուսումնասիրությունը ձեր կողմից կօգնի հասկանալ, թե դուք ինչ պիտի անեք` Աստծուն ճանաչելու համար և ձեռք բերելու այն բոլոր օրհնությունները, որ Նա պահել է ձեզ համար: