Սեմինարիա
Դաս 26. Վարդապետություն և Ուխտեր 20.1-36


Դաս 26

Վարդապետություն և Ուխտեր 20․1-36

Նախաբան

Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության մեջ Տերը պատվիրեց, որ Իր վերականգնված Եկեղեցին կազմակերպվի 1830թ. ապրիլի 6-ին: Նա նաև ուսուցանեց Մորմոնի Գրքի կարևորության մասին և հրահանգներ տվեց Իր Եկեղեցու կառավարման վերաբերյալ, այդ թվում նոր վերականգնված Եկեղեցու քահանայության պաշտոնների, արարողությունների և ընթացակարգերի մասին: Այս հայտնությունը, որն Եկեղեցու վաղ շրջանում կոչվում էր «Հոդվածներ և Ուխտեր», այժմ գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 20-ում: Այս հայտնությունը գրվեց 1830թ. ապրիլի 6-ից մի քանի օր անց, սակայն, հնարավոր է, որ Տերը այդ հայտնության որոշ մասեր հայտնել էր ավելի վաղ՝ 1829թ. ամռանը: Իր երկարության պատճառով Վարդապետություն և Ուխտեր 20-ը բաժանված է այս ձեռնարկում երեք դասերի:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 20․1-4

Աստված պատվիրում է հիմնել Եկեղեցին

Հրավիրեք ուսանողներին մտածել իրենց վերջին այցելած ժողովի մասին, որի ժամանակ կիսվել են վկայություններով: Խնդրեք նրանց նկարագրել, թե ինչով է վկայություն բերելը տարբերվում պատմություն պատմելուց կամ շնորհակալություն հայտնելուց:

Խնդրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի վկայության սահմանումը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Ավետարանի մասին վկայությունը անձնական վկայություն է, որը ծնվում է մեր հոգում Սուրբ Հոգու միջոցով և հավաստիացնում, որ հավերժական նշանակության որոշ փաստեր ճշմարիտ են և որ մենք գիտենք, որ դրանք ճշմարիտ են» («Վկայություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 26):

Գրեք հետևյալը գրատախտակին. Մենք գիտենք, որ …:

Խնդրեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20: Բացատրեք, որ Եկեղեցու ղեկավարները կարդացել են բարձրաձայն այդ բաժինը Եկեղեցու համաժողովներին 1830թ. հունիսի 9-ին և 1830թ. սեպտեմբերի 26-ին, հիշեցնելով նոր Եկեղեցու անդամներին ավետարանական կարևոր շատ ճշմարտությունների մասին: Խրախուսեք ուսանողներին փնտրել այդ բաժնում վարդապետությունները և սկզբունքները, որոնց կարող է նախորդել «Մենք գիտենք, որ …» արտահայտությունը:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20․1-2, գտնելով ներշնչումներ ավետարանի վերականգնման մասին:

  • Ավետարանի Վերկանգնման ի՞նչ ճշմարտությունների մասին են վկայում այդ հատվածները: (Վարդապետություններից մեկը, որն ուսանողները կարող են գտնել, այն է, որ Ջոզեֆ Սմիթը կանչվեց Աստծո կողմից և նրան պատվիրվեց կազմակերպել Հիսուս Քրիստոսի Եկեղեցին: Ուսանողներից մեկին խնդրեք գրել այդ վարդապետությունը և մյուս ուսանողների գտած վարդապետությունները գրատախտակին «Մենք գիտենք, որ …» արտահայտության տակ: Ուսանողները կարող են նմանատիպ ցուցակ կազմել իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:)

Օգնելու համար ուսանողներին հասկանալ այդ ճշմարտությունների կարևորությունը, խրախուսեք նրանց խորհել իրենց սեփական վկայությունների մասին` Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչման և Եկեղեցու ճշմարտացիության վերաբերյալ: Կարող եք խնդրել ուսանողներին կիսվել դասարանի հետ, թե ինչպես են իրենք իմացել, որ այդ բաները ճշմարիտ են:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «բարձրանալ» բառը Վարդապետություն և Ուխտեր 20.1-ում և ինչով է այն կապված Եկեղեցու կազմակերպման հետ: (Կարող եք հիշեցնել ուսանողներին Ուրացության և Վերականգնման անհրաժեշտության մասին։)

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել, որ Տիրոջ Եկեղեցին շարունակի «բարձրանալ» մեր օրերում:

Վարդապետություն և Ուխտեր 20․5-16

Տերը համառոտ թվարկում է Վերականգնման իրադարձությունները

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.5-8 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն ամենը, ինչն օգնեց Ջոզեֆ Սմիթին կրկին կազմավորել Եկեղեցին երկրի վրա:

  • Ի՞նչ փորձառություն ունեցավ Ջոզեֆը, որն օգնեց նրան կրկին կազմակերպել երկրի վրա ճշմարիտ Եկեղեցին: (Նա հրահանգներ ստացավ Աստծուց և հրեշտակներից և զորություն՝ թարգմանելու Մորմոնի Գիրքը:)

Բացատրեք, որ երբ Եկեղեցին կազմակերպվեց 1830թ. ապրիլին, Մորմոնի Գիրքը նոր էր տպվել: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.9–12, գտնելով ճշմարտությունները, որոնք ուսուցանում է Մորմոնի Գիրքը: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այն, ինչ գտնում են։ Բավականաչափ ժամանակից հետո գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին. Մորմոնի Գիրքն ապացուցում է աշխարհին, որ …:

Խնդրեք մի քանի ուսանողի գալ գրատախտակի մոտ և լրացնել նախադասությունը, օգտագործելով արտահայտությունները, որոնք գտել են Վարդապետություն և Ուխտեր 20.9–12-ում: Մատնանշելով պատասխանների իրենց ցանկին, տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչո՞ւ է կարևոր վկայություն ձեռք բերել այն մասին, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

  • Եթե Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, ապա ի՞նչ է դա ասում Ջոզեֆ Սմիթի մասին:

Վկայեք, որ Մորմոնի Գիրքը ապացույց է հանդիսանում, որ Աստված վերականգնեց ավետարանը մեր օրերում: Այս ճշմարտությունը կարող եք գրել գրատախտակին «Մենք գիտենք, որ …» վերնագրի տակ:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.14-15: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե ինչ է Տերը խոստացել նրանց, ովքեր կհավատան Մորմոնի Գրքին և կապրեն ըստ այդ գրքի ուսմունքների։

  • Ի՞նչ օրհնություններ է Տերը խոստանում նրանց, ովքեր հավատքով կընդունեն Մորմոնի Գիրքը:

  • Ի՞նչ կպատահի նրանց հետ, ովքեր կկարծրացնեն իրենց սրտերն անհավատությամբ և կմերժեն Մորմոնի Գիրքը:

  • Ի՞նչ ճանապարհներով մենք կարող ենք հավատքով ընդունել Մորմոնի Գիրքը:

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքն օգնում արդարություն գործել:

Խնդրեք ուսանողներին խորհել, (1) թե ինչպես է Մորմոնի Գրքի մասին իրենց վկայությունն օգնել իրենց լինել ավելի հնազանդ Աստծո պատվիրաններին, և (2) թե ինչ կարող են իրենք անել այդ մասին իրենց վկայությունն ամրացնելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 20.17-36

Մորմոնի Գիրքը ուսուցանում և պարզաբանում է ավետարանի հիմնական վարդապետությունները:

Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Վարդապետություն և Ուխտերի քսաներորդ բաժնում Տերը մի քանի հատվածներ է նվիրում Մորմոնի Գրքի կենսական ճշմարտությունների ամփոփմանը: (Sես հ. 17–36:) Այն խոսում է Աստծո, մարդու արարման, Անկման, Քավության, դեպի երկինք Քրիստոսի համբարձման, մարգարեների, հավատքի, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգու, համբերելու, աղոթքի, շնորհի միջոցով արդարացման և սրբագործման, և Աստծուն սիրելու և ծառայելու մասին» (“A New Witness for Christ,” Ensign, Nov. 1984, 7):

Խնդրեք ուսանողներին աչքի անցկացնել Վարդապետություն և Ուխտեր 20.17, 29, 30, 31, 35 և գտնել յուրաքանչյուր հատվածի սկզբում կրկնվող արտահայտությունը: (Ուսանողները պետք է առանձնացնեն «մենք գիտենք, որ» արտահայտությունը կամ դրա տարբերակները:) Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 20.17–36-ում մենք կարող ենք գտնել մի քանի կարևոր վարդապետություն, որոնք Տիրոջ Եկեղեցին հայտարարում է աշխարհին որպես Առաջին Տեսիլքի և Մորմոնի Գրքի ի հայտ գալու արդյունք: Դրանց շարքում են ճշմարտությունները Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու մասին, և թե ինչ մենք պետք է անենք Աստծո արքայությունում փրկվելու համար:

Գրատախտակին գրեք հետևյալ հղումները. Վարդապետություն և Ուխտեր 20.17–19, Վարդապետություն և Ուխտեր 20.21–25, Վարդապետություն և Ուխտեր 20.26–28,

Օգնելու համար ուսանողներին իրականացնել իրենց դերը ուսումնական գործընթացում և պատրաստվել գտնել ավետարանական ճշմարտությունները, բաժանեք նրանց զույգերի և յուրաքանչյուր զույգի հանձնարարեք գրատախտակին գրված հատվածներից մեկը: Խնդրեք նրանց միասին ուսումնասիրել իրենց հանձնարարված հատվածները, գտնելով ճշմարտություններ Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին, և թե ինչ են Նրանք արել մեր փրկության համար:

Բավականաչափ ժամանակից հետո մի քանի ուսանողի խնդրեք կիսվել ճշմարտություններից մեկով, որոնք իրենք գտել են Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու մասին, և բացատրել, թե ինչու են դրանք կարևոր իրենց համար: Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն իրենց համար առավել կարևոր ճշմարտությունները իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում։

Ուսանողների հայտնաբերած ճշմարտությունները կարող եք ավելացնել գրատախտակին գրված ցանկին «Մենք գիտենք, որ …» վերնագրի տակ: Վարդապետությունները, որոնք ուսանողները կարող են գտնել, կներառեն հետևյալը.

Աստված ապրում է և Նա անսահման, հավերժական և անփոփոխ է (հատված 17):

Մենք ստեղծվել ենք Աստծո պատկերով և նմանությամբ (հատված 18):

Աստված տվեց Իր Միածին Որդուն, որը խաչվեց և հարություն առավ, որպեսզի բոլորը, ովքեր կհավատան, կմկրտվեն և հավատքով կհամբերեն մինչև վերջ, փրկվեն (հատվածներ 21–25):

Սուրբ Հոգին վկայում է Հոր և Որդու մասին (հատված 27):

Հայրը, Որդին և Սուրբ Հոգին միասին աշխատում են` պատրաստելու մեզ հավերժական կյանքին (հատվածներ 17–28):

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.29-34: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով պարտականությունները, որոնք մենք պետք է կատարենք, եթե ցանկանում ենք ժառանգել հավերժական կյանք: Օգնելու համար ուսանողներին հասկանալ այդ հատվածները, բացատրեք, որ արդարացում (հատված 30) նշանակում է լինել ներված, ազատված և հայտարարված անմեղ: Սրբագործում (հատված 31) նշանակում է դառնալ մաքուր, անարատ, սուրբ և Քրիստոսանման:

  • Ըստ այդ հատվածների, ի՞նչ մենք պետք է անենք Աստծո արքայությունում փրկվելու համար:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.35-36: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ իրենք կարող են անել, որպեսզի ցույց տան, որ գիտեն, որ այդ բաները ճշմարիտ են:

  • Ինչպե՞ս մենք կարող ենք պատվել և փառավորել Տիրոջ անունը:

Խնդրեք ուսանողներին վերանայել գրատախտակի ցանկը «Մենք գիտենք, որ …» վերնագրի տակ: Խնդրեք նրանց լուռ մտածել այն սկզբունքների մասին, որոնք իրենց կարծիքով ճշմարիտ են: Եթե նրանք նույն կետերը գրել են իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում, կարող եք խնդրել նրանց նշում կատարել այդ ճշմարտությունների դիմաց:

Ավարտեք դասը, հրավիրելով ուսանողներին ընտրել նշված սկզբունքներից մեկը և ասել, թե ինչպես են իմացել դրա ճշմարտացիության մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 20․5-8: Պատմական իրադարձությունների համառոտ շարադրանք

Հետևյալ աղյուսակը ներկայացնում է Վերականգնման որոշ իրադարձություններ, որոնք հիշատակվում են Վարդապետություն և Ուխտեր 20.5–8-ում.

Հատված

Պատմական իրադարձություն

Վարդապետություն և Ուխտեր 20․5

«Հետո, երբ այս առաջին երեցին [Ջոզեֆ Սմիթին] ճշմարտապես հայտնվել էր, որ նա թողություն է ստացել իր մեղքերից»

Գարուն 1820թ. Ջոզեֆ Սմիթը ստանում է Առաջին Տեսիլքը (տես ՋՍ-Պ 1.15–20, տես նաև Milton V. Backman Jr., “Joseph’s Recitals of the First Vision,” Ensign, Jan. 1985, 13):

Վարդապետություն և Ուխտեր 20․5

Ջոզեֆ Սմիթը «կրկին խճճվել էր աշխարհի ունայնությունների մեջ»

1820–1823թթ. «Տեսիլք ունենալու և հազար ութ հարյուր քսաներեք թվականի միջև ընկած ժամանակահատվածում, … ես ենթարկվում էի տարբեր տեսակի գայթակղությունների. և … հաճախ կատարում էի շատ անմիտ սխալներ, և ցուցաբերում պատանեկությանը և մարդկային էությանը բնորոշ թուլություններ» (ՋՍ-Պ 1.28):

Վարդապետություն և Ուխտեր 20․6

«Աստված ծառայեց նրան՝ սուրբ հրեշտակի միջոցով»

Սեպտեմբեր, 1823թ. Մորոնի հրեշտակը ծառայում է Ջոզեֆին (տես ՋՍ-Պ 1.30–33):

Վարդապետություն և Ուխտեր 20․7

«Եվ տվեց նրան պատվիրաններ, որոնք ոգեշնչեցին նրան»

Սեպտեմբեր, 1823թ. Մորոնի հրեշտակը հրահանգներ է տալիս Ջոզեֆին (տես ՋՍ-Պ 1.34–42):

Վարդապետություն և Ուխտեր 20․8

«Եվ նրան ի վերուստ զորություն տվեց՝ թարգմանելու Մորմոնի Գիրքն այն միջոցներով, որոնք նախապես պատրաստվել էին»

Սեպտեմբեր 22, 1827թ. – ամառ, 1829թ. Ջոզեֆը ստանում է ոսկե թիթեղները և Ուրիմն ու Թումիմը և թարգմանում Մորմոնի Գիրքը (տես ՋՍ-Պ 1.59–75):

Վարդապետություն և Ուխտեր 20.30-31 Արդարացում և սրբագործում

Հետևյալ միտքը վերցված է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հոդվածից: Ստորև մեջբերված հատվածը միայն համառոտ է բացատրում արդարացման և սրբագործման վարդապետությունները: Կարող եք կարդալ հոդվածն ամբողջությամբ՝ այդ վարդապետությունների մասին ավելի լիարժեք պատկերացում կազմելու համար:

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Իր քավիչ զոհաբերության անսահման հատկության շնորհիվ Հիսուս Քրիստոսը կարող է բավարարել օրենքի պահանջները մեզ համար: Ներումը տրվում է Նրա շնորհով, ով բավարարել է արդարադատության պահանջները Իր իսկ տառապանքների միջոցով, «Արդարն անարդարների վերայ, որ մեզ մօտեցնէ Աստուծուն» (Ա Պետրոս 3.18): Նա հեռացնում է մեր դատապարտությունը առանց հեռացնելու օրենքը: Մենք ներում ենք ստանում և հայտնվում Նրա հետ արդարակեցության վիճակում: Մենք դառնում ենք Նրա նման՝ առանց մեղքի: Մենք սատարվում և պաշտպանվում ենք օրենքով, արդարադատությամբ: Մենք, մի խոսքով, արդարացված ենք:

Այդպիսով, մենք կարող ենք խոսել մեկի մասին, ով արդարացված կամ ներված է, առանց մեղքի, անմեղ: Օրինակ` «Ով որ ապաշխարի և մկրտվի իմ անունով, նա կլցվի. և եթե նա համբերի մինչև վերջ, ահա նրան ես անմեղ կհամարեմ իմ Հոր առաջ այն օրը, երբ ես կկանգնեմ` դատելու աշխարհը» (3 Նեփի 27.16, շեշտադրումն ավելացված է): Որքան որ մեղքերի թողությունը փառահեղ է, Քավությունը էլ ավելին է իրականացնում: Այդ «ավելին» նկարագրված է Մորոնիի կողմից.

«Եվ բացի այդ, եթե դուք Աստծո շնորհով կատարյալ լինեք Քրիստոսում և չուրանաք նրա զորությունը, ապա դուք կսրբագործվեք Քրիստոսում՝ Աստծո շնորհով, Քրիստոսի արյան հեղվելով, որը Հոր ուխտի մեջ է՝ մեղքերի թողության համար, այնպես որ դուք դառնում եք սուրբ՝ առանց բծի» (Մորոնի 10.33, շեշտադրումն ավելացված է):

Քրիստոսի արյունով սրբագործվելը նշանակում է դառնալ մաքուր, անբիծ և սուրբ: Եթե արդարացումը հեռացնում է անցյալի մեղքերի պատիժը, ապա սրբագործումը հեռացնում է մեղքի բծերը կամ հետքերը: Մարգարե Ջոզեֆ Սմիթը վկայել է.

«Եվ սա է ավետարանը՝ ավետիքը, որ երկնքից մի ձայն վկայեց մեզ,–

«Որ նա եկավ աշխարհ, այսինքն` Հիսուսը, աշխարհի համար խաչվելու, և աշխարհի մեղքերը կրելու, և աշխարհը սրբագործելու, և այն անիրավությունից մաքրելու համար» (ՎևՈւ 76.40–41)» (“Justification and Sanctification,” Ensign, June 2001, 20–22):