Սեմինարիա
Դաս 35. Վարդապետություն և Ուխտեր 29.1-29


Դաս 35

Վարդապետություն և Ուխտեր 29․1-29

Նախաբան

1830թ. սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած Եկեղեցու համաժողովից շատ չանցած Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ վեց երեցների ներկայությամբ: Հայտնության միջոցով այդ երեցները իմացան Փրկչի ընտրյալների հավաքման մասին Նրա Երկրորդ Գալուստից առաջ:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 29․1-13

Տերը վկայում է Իր Քավության և Իր ժողովրդին հավաքելու Իր ցանկության մասին:

Մինչև դասը սկսելը գրեք հետևյալը գրատախտակին. «Բարձրացրեք ձեր սրտերը և ուրախ եղեք» (ՎևՈւ 29.5):

  • Ինչո՞ւ է երբեմն դժվար հնազանդվել այս խորհրդին: Այս խորհրդին հնազանդվելու ի՞նչ եղանակներ կան:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 29.1-3-ում տրվում են Փրկչի խոսքերը, որոնք կարող են օգնել մեզ «բարձրացնել մեր սրտերը և ուրախ լինել»:

Նկար
Քրիստոսը մանուկների հետ

Ուսանողներին ցույց տվեք Քրիստոսը մանուկների հետ նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 47, տես նաև LDS.org) և, եթե հնարավոր է, իր ճտերին հավաքող հավի նկար։ Հարցրեք, թե որևէ մեկը կարող է նկարագրել, թե ինչպես է հավը հավաքում իր ճտերին և ինչու: (Եթե ուսանողները չգիտեն, բացատրեք, որ երբ հավը վտանգ է զգում, նա կանչում է իր ճտերին: Երբ նրանք գալիս են, նա հավաքում է նրանց իր թևերի տակ՝ պաշտպանելու համար:) Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29.2 հատվածը:

  • Ինչպե՞ս կարելի է նմանեցնել Փրկչին հավին, որը հավաքում և պաշտպանում է իր ճտերին:

  • Ի՞նչ պետք է անեն ճտերը, որպեսզի ապահով հավաքվեն իրենց մոր թևերի տակ: (Եթե անհրաժեշտ է, նշեք, որ ճտերը պետք է ջանք գործադրեն իրենց մոր մոտ հասնելու համար:)

Գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունը. Հիսուս Քրիստոսը կհավաքի մեզ, եթե մենք…:

  • Ըստ Վարդապետություն և Ուխտեր 29․2-ի, ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի հավաքվենք Փրկչի կողմից։ (Օգտագործեք ուսանողների պատասխանները` գրատախտակին գրված սկզբունքը լրացնելու համար. Հիսուս Քրիստոսը կհավաքի մեզ, եթե մենք ականջ դնենք Նրա ձայնին, խոնարհեցնենք մեզ և կանչենք Նրան աղոթքով:)

Բացատրեք, որ ամենասկզբից մարգարեները մարգարեացել էին Իսրայելի հավաքման մասին: Իսրայելի տունը՝ Տիրոջ ուխտի ժողովուրդը, կհավաքվի վերջին օրերում՝ Քրիստոսի գալուստից առաջ (տես Հավատո Հանգանակ 1.10): Տերը հավաքում է Իր ժողովրդին, երբ նրանք գործադրում են հավատք Նրա նկատմամբ և պահում Նրա պատվիրանները:

Օգնելու համար ուսանողներին հասկանալ և զգալ այս սկզբունքի ճշմարտությունը և կարևորությունը, քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ եղանակներով ենք մենք լսում Փրկչի ձայնը: (Պատասխանները կարող են ներառել. մենք լսում ենք Նրա ձայնը սուրբ գրությունների, կենդանի մարգարեների և առաքյալների ուսմունքների և Սուրբ Հոգու ներշնչման միջոցով:)

  • Ինչպե՞ս է Փրկչի ձայնին ականջ դնելը տարբերվում Նրա ձայնը պարզապես լսելուց:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք պետք է լինենք հեզ, որպեսզի հավաքվենք Փրկչի կողմից:

Խնդրեք ուսանողներին մտածել այն պահերի մասին, երբ իրենց մոտ են զգացել Փրկչին` սուրբ գրությունների ուսումնասիրության, կենդանի մարգարեների խոսքերին լսելու կամ Երկնային Հորն աղոթելու միջոցով: Մի քանի ուսանողների հնարավորություն տվեք կիսվելու այդ փորձառություններով, հիշեցնելով նրանց, որ որոշ փորձառություններ չափազանց անձնական կամ սրբազան են կիսվելու համար։

Հրավիրեք ուսանողներին մտածել այն սուրբ գրության շուրջ, որ դուք գրեցիք գրատախտակին նախքան դասը:

  • Ինչպե՞ս կարող է Փրկչի կողմից հավաքվելու միտքը օգնել մեզ բարձրացնել մեր սրտերը և ուրախ լինել:

Ուսանողներից մեկին հրավիրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29.1, 3 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե ինչու մենք կարող ենք բարձրացնել մեր սրտերը և ուրախ լինել: Խնդրեք ուսանողներին գտնել այդ հատվածներից մի սկզբունք, որը բացատրում է, թե ինչու մենք կարող ենք բարձրացնել մեր սրտերը և ուրախ լինել:

Բավականաչափ ժամանակից հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գտած սկզբունքով: (Նրանց պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Քանի որ Փրկիչը քավել է մեր մեղքերը, մենք կարող ենք բարձրացնել մեր սրտերը և ուրախ լինել:)

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի Քավության մասին ձեր վկայությունն երջանկություն բերել ձեր կյանք: (Երբ ուսանողները կպատասխանեն այս հարցին, կարող եք կիսվել ձեր պատասխանով:)

Բացատրեք, որ եղանակներից մեկը, որով Փրկիչը հավաքում է Իր ժողովրդին, դա ավետարանով կիսվելու մեր ջանքերն են: Վարդապետություն և Ուխտեր 29 բաժնում գրված հայտնության մեջ Նա Ջոզեֆ Սմիթի միջոցով խոսեց վեց երեցների հետ և պատվիրեց նրանց նույնպես քարոզել ավետարանը:

Ուսանողներին հրավիրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29.4-6 հատվածները: Խրախուսեք նրանց գտնել այն խոսքերը և արտահայտությունները, որոնք վերաբերում են միսիոներական աշխատանքին: Այնուհետև տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ բառեր և արտահայտություններ դուք գտաք: Ի՞նչ են այդ խոսքերն ու արտահայտությունները ուսուցանում ավետարանով կիսվելու փորձառության մասին:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29.7-8 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել Փրկչի բացատրությանը, թե ինչ են կանչվել այդ վեց երեցներն անելու և ինչու։

  • Ի՞նչ Փրկիչն ասաց այդ երեցներին անել: («Իրականացնել Իր ընտրյալների հավաքումը») Ինչպե՞ս Փրկիչը նկարագրեց Իր ընտրյալներին: (Նրանք, ովքեր «լսում են [Նրա] ձայնը և չեն կարծրացնում իրենց սրտերը»:)

  • Ինչպե՞ս են միսիոներներն օգնում իրականացնել ընտրյալների հավաքումը:

Բացատրեք, որ երբ տրվեց այս հայտնությունը, Եկեղեցու անդամների թիվը փոքր էր: Սրբերը կարող էին «հավաքվել մի տեղ” (ՎևՈւ 29.8): Ինչևէ, Եկեղեցու աճի հետ Տերը պատվիրեց Սրբերին հավաքվել տարբեր վայրերում: Այսօր մենք հավաքվում ենք Սիոնի ցցերում` ըստ մեր բնակության վայրերի:

  • Որտե՞ղ ենք մենք հավաքվում այսօր: (Հնարավոր պատասխաններ. տներում, հավաքատներում և տաճարներում:)

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 29․9-13 և բացատրեք, որ այդ տողերում Փրկիչը հայտարարեց, որ կրկին կգա երկիր զորությամբ և փառքով։ Հոգիները, որ կգան Փրկչի հետ փառքի մեջ Նրա Երկրորդ Գալուստին, կլինեն հավատարիմ Սրբերը, որոնք ապրել ենք երկրի պատմության բոլոր ժամանակներում: Արդարները, որոնք մահացել են, հարություն կառնեն, իսկ ամբարիշտները կկործանվեն: Հիսուս Քրիստոսը «մարդկանց հետ արդարության մեջ կբնակվի երկրի վրա, հազար տարի» (ՎևՈւ 29.11):

Վարդապետություն և Ուխտեր 29․14-21

Հիսուս Քրիստոսը նկարագրում է նշանները, որոնք կնախորդեն Նրա Երկրորդ Գալուստին

Բացատրեք, որ Իսրայելի հավաքումը Փրկչի վերադարձին պատրաստվելու մի մասն է: Տերը հայտնի է դարձրել այլ նշաններ, որոնք տեղի կունենան Իր Երկրորդ Գալուստից առաջ։ Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29․14-21, գտնելով նշանները, որոնք տեղի կունենան Երկրորդ Գալուստից առաջ: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ նշանները իրենց սուրբ գրություններում կամ գրեն դրանք իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում։

Մինչև ուսանողները կարդան այդ հատվածները, շեշտեք, որ մենք չգիտենք, թե ինչպես կամ երբ այդ մարգարեությունները կիրականանան:

Այդ հատվածներն ուսումնասիրելու համար ուսանողներին ժամանակ տրամադրելուց հետո շեշտեք, որ թեև այդ նշանները կտրվեն ամբարիշտների պատճառով, դրանք կազդեն երկրի բոլոր մարդկանց, այդ թվում՝ արդարների վրա: Կարող եք կարդալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքերը.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Մարդու Որդու գալու վերաբերյալ, … կեղծ գաղափար է այն, որ Սրբերը կխուսափեն բոլոր դատաստաններից, մինչ ամբարիշտները կտառապեն, քանզի բոլոր մարմինները ենթակա են տառապանքի, և «սրբերը ևս դժվարությամբ խույս կտան» [տես ՎևՈւ 63.34]. թեև շատ սրբեր խույս կտան, քանզի արդարները ապրում են հավատքով [տես Ամբակում Բ.4], սակայն արդարներից շատերը կդառնան հիվանդությունների, համաճարակների զոհ, մարմնի թուլության պատճառով, թեև կփրկվեն Աստծո արքայությունում» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիիթ [2007], 253):

  • Ինչո՞ւ դուք կուզենաք հավաքված լինել որպես Փրկչի ընտրյալներից մեկը, երբ այդ ամենը տեղի ունենա:

Շեշտեք, որ եթե մենք հավատք ունենանք Հիսուս Քրիստոսի հանդեպ և հետևենք Նրան, մենք միշտ կունենանք խաղաղություն, անգամ այն ժամանակներում, որոնք նկարագրված են այդ հայտնության մեջ: Այդ ճշմարտությունը շեշտելու համար, կարող եք հրավիրել ուսանողներին կարդալ հետևյալ հատվածները. Հովհաննես ԺԴ.27, ԺԶ.33, Վարդապետություն և Ուխտեր 59.23:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29.17: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով ապաշխարելուց հրաժարվելու հետևանքը:

  • Ո՞րն է ապաշխարելուց հրաժարվելու հետևանքը: (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք չապաշխարենք, Հիսուս Քրիստոսի քավող արյունը չի մաքրի մեզ: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ սկզբունքը Վարդապետություն և Ուխտեր 29.17-ում։)

Հավաստիացրեք ուսանողներին, որ ամենակարևոր նախապատրաստությունը, որը մենք կարող ենք կատարել Երկրորդ Գալուստից առաջ, դա գալն է դեպի Փրկիչը, ապաշխարելը և մաքրվելը մեր մեղքերից: Հրավիրեք ուսանողներին մտածել այն մասին, թե արդյոք իրենք ապաշխարելու կարիք ունեն և թե ինչ պետք է անեն մեղքից ազատվելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 29․22-29

Փրկիչը հայտնում է ճշմարտություններ այն մասին, ինչ տեղի կունենա Հազարամյակից հետո, ներառյալ` Վերջին Դատաստանը

Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք Վարդապետություն և Ուխտեր 29-ի հետևյալ հատվածներից մեկը. հատված 22, հատված 26 կամ հատվածներ 27–28: Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ իրենց հանձնարարված հատվածները և գտնել մեկ իրադարձություն, որը տեղի կունենա Հազարամյակի վերջում։ (Այն ուսանողներին, ում հանձնարարված է ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 29.26, կարող եք բացատրել, որ Միքայել հրեշտակը Ադամն է։ Տես ՎևՈւ 107.54:) Երբ ուսանողներն ուսումնասիրեն իրենց հանձնարարված հատվածները, խնդրեք նրանց պատմել, թե ինչ են բացահայտել, սկսելով հատավծ 22-ից:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29․27 հատվածը և հանձնարարեք դասարանին գտնել օրհնությունը, որը կտրվի արդարներին Վերջին Դատաստանին։

  • Ի՞նչ օրհնություններ մենք կունենանք, եթե հավաքվենք Փրկչի մոտ: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ վարդապետությունը․ Նրանք, ովքեր արդարակյաց են ապրել և եկել դեպի Հիսուս Քրիստոսը, կստանան հավերժական կյանք։) Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ ճշմարտությունը Վարդապետություն և Ուխտեր 29.27-ում։)

Ավարտեք` գրատախտակին տեղադրելով Հիսուս Քրիստոսը մանուկների հետ նկարը: Գրատախտակին գրեք Ինձ բառը: Խնդրեք ուսանողներին մտածել, թե որտեղ կարող են դնել Ինձ բառը, որպեսզի այն արտահայտի Փրկչին մոտ լինելու գաղափարը: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց փորձառություններով, երբ հետևել են հուշումներին և ավելի մոտեցել Փրկչին: Խնդրեք նրանց ընտրել մի բան, որը կանեն, հիմնվելով այսօր իրենց սովորածի վրա, և ավելի կմոտենան Նրան:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 29.7: «Դուք կանչված եք` իրագործելու իմ ընտրյալների հավաքումը»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենը, դիմելով Եկեղեցու երիտասարդ տղամարդկանց, հաստատել է Աստծո ընտրյալներին հավաքելու մեր պատասխանատվությունը.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

Ձեր միսիան սուրբ հնարավորություն կլինի՝ ուրիշներին դեպի Քրիստոս բերելու և օգնելու նրանց` նախապատրաստվել Փրկչի Երկրորդ Գալուստին։

Տերը վաղուց է խոսել Իր Երկրորդ Գալուստին անհրաժեշտ նախապատրաստությունների մասին: Ենովքին Նա հայտարարել է. «Արդարություն ցած կուղարկեմ երկնքից. և ճշմարտություն առաջ կուղարկեմ երկրից … և արդարությունով ու ճշմարտությունով ես կսրբեմ երկիրը, ասես ջրհեղեղով, որպեսզի հավաքեմ իմ ընտրյալներին աշխարհի չորս կողմերից»: [Մովսես 7.62:] Դանիել մարգարեն մարգարեացել է, որ վերջին օրերում ավետարանը կգլորվի երկրի ծայրերը ինչպես մի քար, որ կտրվել է սարից առանց ձեռքի: [Դանիել Բ.45:] Նեփին նկարագրել է վերջին օրերի Եկեղեցին որպես թվով փոքր, սակայն տարածված երկրի երեսին: [Տես 1 Նեփի 14.12–14:] Տերը հայտարարել է այս տնտեսությունում. «Դուք կանչված եք իրականացնելու Իմ ընտրյալների հավաքումը»: [Վարդապետություն և Ուխտեր 29․7] … Ձեր միսիան մեծ հնարավորություն և պատասխանատվություն է, կարևոր այս խոստացված հավաքման համար և կապված ձեր հավերժական ճակատագրի հետ» (“Preparing the World for the Second Coming,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 50–51):

Վարդապետություն և Ուխտեր 29.7–9: Սրբերը պետք է հավաքվեն Սիոնի ցցերում

Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է, թե որտեղ պետք է հավաքվեն Սրբերը.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Սիոնի ցցերը … կազմավորվում են երկրի տարբեր ծայրերում: Այդ առիթով եկեք խորհենք այս ճշմարտությունների մասին. Սիոնի ցիցը Սիոնի մասն է: Դուք չեք կարող ստեղծել Սիոնի ցից առանց Սիոնի մասը ստեղծելու: Սիոնը սրտով մաքուրներն են, մենք ստանում ենք սրտի մաքրություն մկրտության և հնազանդության միջոցով: Ցիցն ունի աշխարհագրական սահմաններ: Ցցի հիմնումը նման է Սրբության քաղաք հիմնելուն: Յուրաքանչյուր ցից երկրի վրա հավաքման վայր է Իսրայելի կորած ոչխարների համար, որոնք ապրում են այդ տարածքում:

Պերուացիների համար հավաքատեղի են Սիոնի ցցերը Պերուում, կամ այն տեղերում, որոնք շուտով կդառնան ցցեր: Չիլիացիների համար հավաքատեղիները Չիլիում են, բոլիվիացիների համար` Բոլիվիայում, կորեացիների համար` Կորեայում և այդպես՝ երկրագնդի բոլոր երկարություններով ու լայնություններով: Իսրայելի բոլոր ցրված ժողովուրդներին կոչ է արվում հավաքվել Քրիստոսի հոտի շուրջը, Սիոնի ցցերի շուրջը և հիմնել այդպիսիք իրենց ազգերի մեջ» (“Come: Let Israel Build Zion,” Ensign, May 1977, 118):