Սեմինարիա
Դաս 84․ Վարդապետություն և Ուխտեր 81


Դաս 84

Վարդապետություն և Ուխտեր 81

Նախաբան

1832 թվականի մարտի 8-ին Տերը կանչեց Ջեսսի Գաուսին և Սիդնի Ռիգդոնին` ծառայելու որպես Ջոզեֆ Սմիթի խորհրդականներ: Մեկ շաբաթ անց, 1832 թվականի մարտի 15-ին, Տերը հայտնություն տվեց, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 81-ում։ Այս հայտնության մեջ Նա նկարագրեց խորհրդականների դերը Եկեղեցու Նախագահի համար և ընդհանուր գծերով նկարագրեց նրանց օրհնությունները, ովքեր հավատարիմ են իրենց ծառայության մեջ: Ջեսսի Գաուսը հավատարիմ չմնաց, և Տերը կանչեց Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին, ում անունը այժմ երևում է Վարդապետություն և Ուխտեր 81-ում, փոխարինելու Եղբայր Գաուսին Նախագահությունում: Այդ հայտնության ընթացքում Եկեղեցու Նախագահը և նրա խորհրդականները կանչվեցին որպես Բարձրագույն Քահանայության Նախագահություն: 1834 թվականից սկսած, հայտնությունները վերաբերում էին Նախագահին և նրա խորհրդականներին` որպես Առաջին Նախագահություն (տես ՎևՈւ 102.26–28):

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 81.1-7

Տերը նկարագրում է խորհրդականների դերը Առաջին Նախագահությունում

Դասից առաջ գրեք հետևյալ հարցերը գրատախտակին.

Ինչո՞ւ է Տերը մեզ կոչումներ տալիս Իր Եկեղեցում:

Որո՞նք են կոչումները հավատարմորեն կատարելու օրհնությունները:

Ի՞նչ կպատահի, եթե ինչ-որ մեկը չկատարի իր կոչումը հավատարմորեն:

Դասը սկսեք` հրավիրելով ուսանողներին` պատասխանել գրատախտակին գրված հարցերին: Որպես քննարկման մաս դուք կարող եք բացատրել, որ, չնայած Եկեղեցու ղեկավարը կարող է ոգեշնչում ստանալ` կանչել Եկեղեցու անդամին որևէ կոչման, այդ կոչումը ստացող անհատից է կախված` արդյո՞ք նա հավատարմորեն կպատասխանի դրան:

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 81 բաժնի նախաբանը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով ինչ-որ մեկի օրինակը, ով կանչվել է Տիրոջ կողմից, բայց հավատարիմ չի եղել իր կոչմանը:

  • Ու՞մ Տերը սկզբում կանչեց ծառայելու որպես Ջոզեֆ Սմիթի խորհրդական` Բարձրագույն Քահանայության Նախագահությունում:

  • Ինչո՞ւ Ջեսսի Գաուսը կորցրեց իր կոչումը:

Բացատրեք, որ Ջեսսի Գաուսը կանչվեց ծառայելու որպես խորհրդական` Քահանայապետերի Նախագահությունում 1832 թվականի մարտին: 1832 թվականի օգոստոսին նա ուղևորվեց միսիայի Զեբեդի Կոլտրինի հետ: Միսիայում եղած ժամանակ Եղբայր Գաուսը այցելեց իր կնոջը և փորձեց համոզել նրան ճշմարտության մեջ, սակայն նա հրաժարվեց միանալ եկեղեցուն: Կարճ ժամանակ անց Եղբայր Կոլտրինը լուրջ հիվանդացավ և վերադարձավ Կիրթլենդ: Դժբախտաբար եղբայր Գաուսը չավարտեց իր միսիան և հավատարիմ չմնաց Եկեղեցուն:

  • Համաձայն բաժնի նախաբանի` Տերը ու՞մ կանչեց փոխարինելու Ջեսսի Գաուսին:

Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն հետևյալ արտահայտությունը բաժնի նախաբանում. «Հայտնությունը … պետք է համարել մի քայլ` Առաջին Նախագահության պաշտոնական կազմավորման ուղղությամբ»: Բացատրեք, որ Եկեղեցու Նախագահին և նրա խորհրդականներին (Քահանայապետերի Նախագահությանը) չէին վերաբերվում որպես «Առաջին Նախագահություն» մինչև 1834 թվականը (տես ՎևՈւ 102.26–28): Տերը միանգամից չբացահայտեց Իր Եկեղեցու ամբողջական կառուցվածքը Մարգարեին: Նա բացահայտում էր կազմակերպության տարբեր մասերը, երբ դրա կարիքն առաջանում էր, և երբ Սրբերը պատրաստ էին լինում այն ստանալու:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 81.1-2 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով, թե Տերն ի՞նչ սովորեցրեց Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին Քահանայապետերի Նախագահության մասին:

  • Համաձայն հատված 2-ի, ի՞նչ է կրում Քահանայությունը: (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ ճշմարտությունը. Քահանայապետերի Նախագահությունը կրում է Աստծո արքայության բանալիները երկրի վրա: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս ճշմարտությունը:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս վարդապետությունը, հիշեցրեք նրանց, որ քահանայության բանալիները Աստծո կողմից քահանայության ղեկավարներին տրված իշխանությունն է՝ առաջնորդելու, վերահսկելու և ղեկավարելու երկրի վրա Իր քահանայության կիրառությունը։ Քահանայության իշխանության կիրառումը ղեկավարվում է նրանց կողմից, ովքեր կրում են նրա բանալիները (տես ՎևՈւ 65.2, 81.2, 124.123): Նրանք, ովքեր կրում են բանալիները, իշխանություն ունեն կառավարել և առաջնորդել Եկեղեցին` իրավասության շրջանակում:

«Հիսուս Քրիստոսը կրում է Իր Եկեղեցուն պատկանող քահանայության բոլոր բանալիները: Նա Իր Առաքյալներից յուրաքանչյուրին շնորհեց բոլոր բանալիները, որոնք պատկանում են երկրի վրա Աստծո արքայությանը: Ավագ կենդանի Առաքյալը` Եկեղեցու Նախագահը, միակ մարդն է երկրի վրա` լիազորված կիրառելու քահանայության բոլոր բանալիները» (Handbook 2: Administering the Church [2010], 2.1.1):

  • Ի՞նչ իրավունք են տալիս քահանայության բանալիները Առաջին Նախագահությանը անելու: (Ղեկավարել Տիրոջ աշխատանքը երկրի վրա:)

Ցուցադրեք ներկայիս Առաջին Նախագահության նկարը կամ դրա անդամների առանձին նկարները: Հարցրեք ուսանողներին, թե արդյոք կարո՞ղ են ասել Առաջին Նախագահության անդամների անունները:

Գրեք հետևյալ վերնագիրը գրատախտակին. Առաջին Նախագահության Խորհրդականը:

Նկար
Առաջին Նախագահություն
  • Ձեր ըմբռնմամբ որո՞նք են Առաջին Նախագահության խորհրդականների պարտականություններն ու պատասխանատվությունները:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 81.3 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել նրան` փնտրելով հրահանգները, որոնք Տերը տվեց Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին` որպես Առաջին Նախագահության խորհրդականի` նրա կոչման վերաբերյալ:

  • Համաձայն հատված 3-ի, ի՞նչ պետք է աներ Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը` որպես Առաջին Նախագահության խորհրդական: (Խնդրեք որևէ ուսանողի` թվարկել պատասխանները գրատախտակի վրա` այդ վերնագրի տակ։ Գուցե դուք ցանկանաք բացատրել, որ նախագահության խորհրդականները աջակցում և զորացնում են նախագահին։)

  • Ի՞նչ եք կարծում, խորհրդականի համար ի՞նչ է նշանակում նախագահին «հավատարիմ լինել խորհրդի մեջ»:

Օգնելու համար ուսանողներին հասկանալ, թե ի՞նչ է նշանակում հավատարիմ լինել խորհրդի մեջ, խնդրեք որևէ ուսանողի` բարձրաձայն կարդալ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ խոսքերը. Դասարանին խնդրեք լսել, թե ինչպե՞ս պետք է նախագահության խորհրդականը խորհրդակցի նախագահի հետ։

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

«[Խորհրդականը] իր նախագահի օգնականն է:

Խորհրդականը օգնական է, բայց ոչ նախագահ: Նա պատասխանատվություն չի ստանձնում և առանց նախագահի որոշումներ չի ընդունում:

Նախագահական ժողովների ժամանակ յուրաքանչյուր խորհրդական ազատ է արտահայտելու իր կարծիքը բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք ծառանում են նախագահության առջև: Սակայն որոշումներ կայացնելը նախագահի բացառիկ իրավունքն է, և խորհրդականների պարտականությունն է աջակցել նրան այդ որոշման մեջ: Հետո նրա որոշումը դառնում է նրանց որոշումը` անկախ նրանց նախորդ գաղափարներից» (“In … Counsellors There Is Safety,” Ensign, Nov. 1990, 49):

  • Համաձայն Նախագահ Հինքլիի, ինչպե՞ս պետք է նախագահի խորհրդականը խորհրդակցի նախագահի հետ:

  • Ինչպե՞ս կարող է խորհրդի մեջ հավատարիմ լինելու կարևորությունը հասկանալն օգնել ինչ-որ մեկին, ով ծառայում է Եկեղեցու ցանկացած նախագահությունում որպես խորհրդական:

Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակների մասին, երբ նրանք ծառայել են (կամ տեսել են ուրիշներին ծառայելիս) Եկեղեցու նախագահությունում: (Դուք կարող եք նշել, որ եպիսկոպոսությունը գործում է որպես ծխի նախագահություն։) Խնդրեք նրանց մտածել, թե ի՞նչ են նրանք կամ մյուսները արել` արդյունավետորեն աջակցելու իրենց քահանայության քվորումներին կամ Երիտասարդ Կանանց նախագահություններին: Հրավիրեք մի քանի ուսանողների` դասարանի հետ կիսվել իրենց պատասխանով:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 81․4-ը, փնտրելով, թե Տերը ինչ խոստացավ Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին, եթե նա հավատարիմ լիներ իր կոչման մեջ։ Գուցե դուք ցանկանաք բացատրել, որ «կավելացնես փառքը նրա, ովքո Տերն է» արտահայտությունը այս համատեքստում նշանակում է, որ լինելով հավատարիմ մեր կոչումներում, մենք կարող ենք առաջնորդել մարդկանց` մեծարել և երկրպագել Տիրոջը:

  • Համաձայն հատված 4-ի ի՞նչ կարող ենք մենք անել, եթե մենք հավատարիմ ենք մեր կոչումներում: (Չնայած որ ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, նրանց պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք հավատարիմ ծառայենք մեր կոչումներում, մենք կարող ենք մեծ բարիք գործել մյուսների համար և ավելացնել Տիրոջ փառքը: Օգտագործելով ուսանողների բառերը, գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին։)

  • Ինչպե՞ս կարող է Եկեղեցու կոչումներում հավատարմորեն ծառայելը օգնել մեզ` մեծ բարիքներ գործել ուրիշ մարդկանց համար:

  • Ինչպե՞ս կարող է Եկեղեցու կոչումներում հավատարմորեն ծառայելը օգնել մեզ` ավելացնել Տիրոջ փառքը:

Հրավիրեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ նրանք տեսել են, թե ինչպես է մարդը մեծ բարիքներ գործում մյուսների համար` հավատարմորեն ծառայելով իր կոչման մեջ: Հրավիրեք մի քանի ուսանողների` իրենց դիտարկումներով կիսվել դասարանի հետ:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 81.5 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով լրացուցիչ խորհուրդը, որ Տերը տվեց Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին:

  • Հիմնվելով այն բանի վրա` ինչ Տերն ասաց Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին հատված 5-ում, ի՞նչ կարող ենք մենք իմանալ Եկեղեցու կոչումներում հավատարիմ լինելու կամ Եկեղեցու հավատարիմ անդամ լինելու մասին:

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում «սատարել թույլերին, բարձրացնել ընկած ձեռքերը և ամրացնել տկար ծնկները»:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մերվին Ջ. Էշթոնի հետևյալ խոսքերը: Դասարանին խնդրեք ունկնդրել` ընկալելու համար այս արտահայտությունների իմաստը:

Նկար
Երեց Մերվին Ջ. Էշթոն

«Վարդապետություն և Ուխտեր 81.5 հատվածը կարող է մեկնաբանվել որպես Տիրոջ համառ պահանջը Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին` ուժ տալ թույլերին («սատարիր թույլերին»), քաջալերել նրանց, ովքեր ուժասպառ են և հուսահատված («բարձրացրու ընկած ձեռքերը»), համարձակություն և ուժ տալ նրանց, ովքեր տկար ծնկներով և վախկոտ սրտերով են» (“Strengthen the Feeble Knees,” Ensign, Nov. 1991, 70):

  • Որո՞նք են այն ուղիները, որոնցով մենք կարող ենք «սատարել թույլերին, բարձրացնել ընկած ձեռքերը և ամրացնել տկար ծնկները»: (Գրեք ուսանողների պատասխանները գրատախտակի վրա:)

  • Ե՞րբ եք դուք բարձրացվել կամ ուժեղացվել ինչ-որ մեկի կողմից:

Հրավիրեք ուսանողներին` գրատախտակի ցուցակից ընտրել մեկ պատասխան և հնարավորություններ փնտրել` օգնելու իրենց շրջապատող մարդկանց:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 81.6-7 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան, փնտրելով օրհնությունները, որոնք Տերը խոստացավ Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին, եթե նա հավատարիմ լիներ մինչև վերջ։ Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ նրանք գտան:

Վկայեք մեր կոչումներում հավատարիմ լինելու կարևորության մասին և մեզ շրջապատողներին օգնելու կարևորության մասին, որպեսզի նրանք նույնպես կարողանան հավերժական կյանքի արժանանալ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 81.1: Առաջին Նախագահության Խորհրդականներ

Նախագահ Հարոլդ Բ. Լին բացատրել է խորհրդականների կարևոր դերը Առաջին Նախագահությունում:

Նկար
Նախագահ Հարոլդ Բ. Լի

«Երբ մտածեցի Նախագահ Թանների դերի մասին և իմ մասին` որպես [Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի] խորհրդականներ, ես հիշեցի Մովսեսի կյանքից մի դրվագ, երբ եկեզեցու թշնամիներն այդ օրերին հենց այնպիսին էին, ինչպիսին նրանք այսօր են: Նրանք սպառնում էին հաղթել, քանդել և դադարեցնել եկեղեցու աշխատանքը: Երբ Մովսեսը նստում էր բարձունքի վրա և բարձրացնում էր իր իշխանության գավազանը կամ իր քահանայության բանալիները, Իսրայելը հաղթում էր իր թշնամիներին, բայց օրվա վերջում նրա ձեռքերը ծանրացել էին և կախ ընկել նրա կողքերից:

Եվ այսպիսով [Ահարոնը և Ովրը] նրա ձեռքերը վեր բռնեցին այնպես, որ դրանք չթուլանային և գավազանը ներքև չիջներ: Այն կանգուն կպահվեր այնպես, որ եկեղեցու թշնամիները հաղթանակ չտանեին Բարձրյալ Աստծո սրբերի հանդեպ: (Տես Ելից 17․8–12)

Ես կարծում եմ` սա է այն դերը, որ Նախագահ Թանները և ես պետք է կատարենք: Նախագահ Սմիթի ձեռքերը կարող են հոգնել: Դրանք երբեմն կարող են թեքվել և կախ ընկնել նրա ծանր պարտականությունների պատճառով, բայց երբ մենք բարձրացնենք նրա ձեռքերը, և երբ առաջնորդենք նրա ղեկավարության ներքո` նրա կողքին, դժոխքի դռները չեն իշխի ձեր վրա և Իսրայելի վրա» (in Conference Report, Oct. 1970, 153)։

1994 թվականի ապրիլին կայացած Եկեղեցու գերագույն համաժողովին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին, ով այդ ժամանակ ծառայում էր որպես Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական, հաստատեց, որ Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը, ով այդ ժամանակ Եկեղեցու Նախագահն էր, «լրջորեն տառապում էր տարիքից և հիվանդությունից առաջացած հետևանքներից և անկարող էր կատարել իր սուրբ պաշտոնի կարևոր պարտականությունները»: Այնուհետև Նախագահ Հինքլին բացատրել է.

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

«Երբ նախագահը հիվանդ է, կամ չի կարողանում լիարժեք կատարել իր պաշտոնի բոլոր պարտականությունները, նրա երկու խորհրդականները միասին կազմում են Առաջին Նախագահության Քվորումը: Նրանք շարունակում են Նախագահության ամենօրյա աշխատանքը: Բացառիկ հանգամանքներում, երբ միայն մեկն է ի վիճակի աշխատել, նա կարող է գործել Նախագահության պաշտոնի լիազորությամբ` ինչպես պարզաբանված է Վարդապետություն և Ուխտերի 102-րդ բաժնում հատվածներ 10-11-ում (“God Is at the Helm,” Ensign, May 1994, 54)։