Սեմինարիա
Դաս 78. Վարդապետություն և Ուխտեր 76.1-19


Դաս 78

Վարդապետություն և Ուխտեր 76․1-19

Նախաբան

1832թ. փետրվարի 16-ին Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը աշխատում էին Աստվածաշնչի ոգեշնչված փոփոխությունների վրա (երբեմն կոչվում է Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն): Երբ նրանք թարգմանում էին Հովհաննես Ե.29-ը և խորհում այդ հատվածի մասին, նրանք տեսիլք տեսան, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 76-ում: Այդ տեսիլքում Փրկիչը ցույց տվեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին առանձին տեսիլքների մի շարք, որոնք հաստատում էին Հիսուս Քրիստոսի իրականությունը և աստվածայնությունը, ուսուցանում էին սատանայի և կորստի որդիների անկման մասին և հայտնում էին փառքի երեք արքայությունների և այն մարդկանց էությունը, որոնք կժառանգեն դրանք: Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆն ասել է. «Խոսելով միայն [բաժին 76]-ի «Տեսիլքի» մասին, ես կասեի, որ այն տալիս է ավելի շատ լույս, ավելի շատ ճշմարտություն և սկզբունք, քան որևէ հայտնություն, որը պարունակվում է որևէ գրքի մեջ, որը մենք երբևիցե կարդում ենք: Այն օգնում է մեզ ավելի լավ հասկանալ մեր ներկա վիճակը, այն, թե որտեղից ենք մենք եկել, ինչու ենք այստեղ և ուր ենք գնալու: Ցանկացած մարդ այդ հայտնության միջոցով կարող է իմանալ, թե ինչպիսին է լինելու իր դերը և վիճակը» (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 120–21):

Վարդապետություն և Ուխտեր 76 կուսուցանվի չորս դասերում. Այս դասը տալիս է տեսիլքի համառոտ նկարագիրը, հավատարիմներին Տիրոջ խոստացված օրհնությունները և այն գործողությունները, որոնց արդյունքում Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը ստացան տեսիլքը:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 76-ի ակնարկ

Խնդրեք ուսանողներին նշել մի քանի վայրեր, որոնք կցանկանային այցելել արձակուրդին կամ տոներին: (Պատասխանները գրեք գրատախտակին:) Շրջանակի մեջ վերցրեք գրատախտակին գրված վայրերից մեկը: Խնդրեք ուսանողներին գրել այն ճանապարհի նկարագրությունը, որով պետք է հասնեն տվյալ վայր: Մեկ կամ երկու րոպե անց մի քանի ուսանողի խնդրեք բացատրել իրենց գրածը: Այնուհետև ընտրեք գրատախտակին նշված մեկ այլ վայր, որը մեծապես տարբերվում է առաջինից, և տվեք հետևյալ հարցերը.

  • Եթե գնաք առաջին վայր տանող ձեր նկարագրած ճանապարհով, կտանի՞ այն ձեզ երկրորդ վայրը:

  • Ինչո՞ւ է վայրը ազդում այն ճանապարհի ընտրության վրա, որով պետք է գնաք այդ վայրը հասնելու համար:

Բացատրեք, որ 1832թ. փետրվարին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսիլք ստացան, որում տեսան մարդկության հնարավոր հավերժական վայրերը: Այդ տեսիլքը, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 76-ում, նկարագրում է փառքի երեք աստիճանները (կամ արքայությունները) և նրանց հոգևոր զարգացման աստիճանը, ովքեր կժառանգեն այդ արքայությունները: Խնդրեք ուսանողներին հաջորդ չորս դասերի ընթացքում այդ տեսիլքն ուսումնասիրելիս նշել այն ընտրությունները, որոնք տանում են դեպի հավերժական կյանքը սելեստիալ արքայությունում: Բացի դա հրավիրեք նրանց մտածել, թե արդյոք այն ընտրությունները, որոնք նրանք ներկայումս կատարում են, տանում են իրենց դեպի այն հավերժական նշանակակետը, որին իրենց կպարգևի ամենամեծ երջանկությունը:

Վարդապետություն և Ուխտեր 76-ի բովանդակության հակիրճ ակնարկը տալու համար ուսանողներին բաժանեք կից տրվող գծապատկերի օրինակները: (Կարող եք օրինակն այնքան փոքր պատրաստել, որ ուսանողները կարողանան դնել այն իրենց սուրբ գրությունների մեջ և օգտագործեն այն, երբ ուսումնասիրեն բաժին 76-ը:) Բացատրեք, որ գծապատկերը ներկայացնում է այն, ինչ տեսան և սովորեցին Ջոզեֆը և Սիդնին այդ տեսիլքից:

Նկար
փառքի արքայությունները

Վարդապետություն և Ուխտեր 76․1-10

Տերն օրհնություններ է խոստանում նրանց, ովքեր հավատարիմ կլինեն Իրեն

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.1-5 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են Հիսուս Քրիստոսին:

  • Այդ հատվածներում նշված Հիսուս Քրիստոսի ո՞ր հատկանիշներն են կարևոր ձեզ համար: Ինչո՞ւ:

Ուսանողների ուշադրությունը գրավեք Վարդապետություն և Ուխտեր 76.5-ում նկարագրված Փրկչի հատկանիշներին:

  • Համաձայն հատված 5-ի, ի՞նչ մենք պետք է անենք, որպեսզի ունենանք Տիրոջ ողորմածությունը և գութը: (Մենք պետք է վախենանք Նրանից։ Բացատրեք, որ այս համատեքստում վախենալ Տիրոջից, նշանակում է պատկառանք ունենալ, հարգել և սիրել Նրան:)

  • Ի՞նչ մենք պետք է անենք Տիրոջ հարգանքը ստանալու համար: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ծառայել Տիրոջը «արդարությամբ և ճշմարտությամբ մինչև վերջ»:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.6–9 և գտնել, թե ինչ օրհնություններ է Տերը խոստացել նրանց, ովքեր կպատվեն և կծառայեն Իրեն:

  • Համաձայն այդ հատվածների, ինչպիսի՞ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր հարգում և ծառայում են Տիրոջը: (Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ խորհուրդներ բառը հատված 7-ում վերաբերում է հոգևոր ճշմարտություններին, որոնք կարելի է իմանալ միայն հայտնության միջոցով:)

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Եթե մենք ակնածանք ունենք Տիրոջ հանդեպ և ծառայում ենք Նրան մինչև վերջ, Նա կպատվի մեզ …:

Հրավիրեք ուսանողներին ավարտել գրատախտակին գրված սկզբունքը: Նրանք պետք է առանձնացնեն հետևյալը. Եթե մենք ակնածանք ունենք Տիրոջ հանդեպ և ծառայում ենք Նրան մինչև վերջ, Նա կպատվի մեզ՝ հայտնելով մեզ ճշմարտությունը:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես Տերը կարող է հայտնել մեզ ճշմարտությունը, մի լամպ կամ էլեկտրական լապտեր ցուցադրեք և հարցրեք, թե ինչպես է այն առնչվում Հոգու ներգործությանը: Ուսանողների պատասխաններից հետո հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.10: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով լրացուցիչ մտքեր այն մասին, թե ինչպես կարող է լամպը վերաբերել Հոգու ներգործությանը:

  • Ինչպե՞ս է Հոգու ազդեցությունը նման լույսի աղբյուրի: (Ուսանողների պատասխանները պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը. Տերը լուսավորում է մեզ Հոգով:)

  • Ի՞նչ է նշանակում լուսավորել: (Գիտելիք կամ հոգևոր ներըմբռնում տալ, որը խորացնում է մեր հասկացողությունը կամ օգնում մեզ տեսնել ճշմարտությունը:)

  • Ե՞րբ եք զգացել, որ լուսավորվել եք Հոգով: (Ուսանողների պատասխաններից հետո, կիսվեք ձեր անձնական փորձառությամբ:)

Վարդապետություն և Ուխտեր 76․11-19

Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը նկարագրում են տեսիլքը ստանալուն նախորդող հանգամանքները

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.11-14 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել և գտնել հատվածներ 5–10-ում նշված խոստումների իրականացումը:

  • Ի՞նչ եղանակներով Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը զգացին հատվածներ 5–10-ում նշված խոստումների իրականացումը:

Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակների մասին, երբ կարդացել են սուրբ գրությունները, սակայն չեն հասկացել իրենց կարդացածը:

  • Ի՞նչ եք արել դուք սուրբ գրություններն ավելի լավ հասկանալու համար:

Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի գործողությունները տեսիլքը ստանալուց առաջ կարող են ուսուցանել մեզ, թե ինչպես մենք կարող ենք ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները և հրավիրել Սուրբ Հոգին, որ հայտնի մեզ ճշմարտությունը:

Հանձնարարեք ուսանողներին աշխատել զույգերով։ Յուրաքանչյուր զույգից մեկ ուսանողի հրավիրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնի նախաբանը: Հրավիրեք մեկ այլ ուսանողի յուրաքանչյուր զույգից մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.15–19 հատվածները: Դասարանին հանձնարարեք գտնել, թե ինչ արեցին կամ ինչ էին անում Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը, ինչը նախապատրաստեց նրանց հայտնության միջոցով սուրբ գրությունների մասին ավելի խոր հասկացողություն ստանալուն: (Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ բաժնի նախաբանը, կարող եք բացատրել, որ տարբեր նշանակում է բազմազան: Կարող եք բացատրել, որ Ջոզեֆ Սմիթի ժամանակներում Աստվածաշնչին հավատացող մարդիկ կարծում էին, որ Վերջին Դատաստանից հետո բոլոր մարդիկ կուղարկվեին կամ դրախտ, կամ դժոխք:) Կարդալու համար ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք նրանց զեկուցել իրենց գտածը զուգընկերոջը: Այնուհետև ուսանողներին ուղղեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ արեցին Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը և ինչպես դա նախապատրաստեց նրանց այդ տեսիլքը ստանալուն: (Նրանք ուսումնասիրում էին և խորհում Հովհաննես Ե.29-ի մասին:)

  • Ի՞նչ է նշանակում խորհել սուրբ գրությունների մասին: (Հնարավոր պատասխաններ. խորհելը կամ մտածելը կարդացածի մասին, հարցեր տալը կարդացածի մասին և սովորածը կապելը արդեն ունեցած գիտելիքին:)

  • Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի օրինակից: (Ուսանողները կարող են տարբեր սկզբունքներ առաջարկել, սակայն հետևեք, որ հետևյալ սկզբունքը շեշտվի. Երբ մենք աղոթքով ուսումնասիրում ենք սուրբ գրությունները և խորհում դրանց մասին, մենք պատրաստում ենք մեզ Տիրոջից՝ Սուրբ Հոգու միջոցով հասկացողություն ստանալուն:)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարելի է աղոթքով ուսումնասիրել սուրբ գրությունները և խորհել դրանց մասին, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ հայտարարությունը. Դասարանին խնդրեք լսել, թե ինչ գործողություններ են ներառում սուրբ գրություններն ուսումնասիրելը և դրանց մասին խորհելը: (Կարող եք ուսանողներին տրամադրել այդ հայտարարության մեկ օրինակ, որպեսզի կարողանան հետևել։)

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Երբ ես ասում եմ ուսումնասիրել, նկատի չունեմ պարզապես կարդալը: Ես տեսնում եմ, թե ինչպես եք դուք երբեմն կարդում մի քանի հատված, ապա դադար առնում և խորհում դրանց մասին, այնուհետև կրկին ուշադիր կարդում հատվածները, մտածում դրանց նշանակության մասին, աղոթելով հասկացողության համար, հարցեր տալով ձեր մտքում, սպասելով հոգևոր հուշումներին և գրի առնելով այն տպավորությունները և մտքերը, որոնք ստանում եք, որպեսզի հիշեք և ավելին սովորեք: Այս ձևով ուսումնասիրելով, դուք միգուցե շատ գլուխներ կամ հատվածներ չհասցնեք կարդալ կես ժամում, բայց դուք ձեր սրտում տեղ կտաք Աստծո խոսքին և Նա կխոսի ձեզ հետ» (“When Thou Art Converted,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 11):

  • Ի՞նչ գործողությունների մասին է խոսում Երեց Քրիստոֆերսոնը, որոնք կապված են աղոթքով սուրբ գրություններն ուսումնասիրելու և դրանց մասին խորհելու հետ:

  • Ի լրումն Երեց Քրիստոֆերսոնի խորհուրդների, ի՞նչ եք դուք արել, որպեսզի աղոթքով ուսումնասիրեք սուրբ գրությունները և խորհեք դրանց մասին: (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին:)

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել աղոթքով սուրբ գրություններն ուսումնասիրելու և դրանց մասին խորհելու արդյունքում:

Խրախուսեք ուսանողներին կիրառել սուրբ գրություններն ուսումնասիրելու հետ կապված այսօր քննարկված գործողությունները: Կարող եք դուք նույնպես կիսվել ձեր վկայությամբ աղոթքով սուրբ գրություններն ուսումնասիրելու և դրանք խորհելու մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 76-ի ակնարկ: Ընտրեք ճիշտ ուղին նախընրտած նպատակակետի համար

Հետևյալ պատմությունը Յոթանասունական Երեց Սթերլինգ Վ. Սիլի կողմից ցուցադրում է, թե որքան կարևոր է ուղու ընտրությունը, որը տանում է մեզ հավերժական նպատակակետին, որին մենք մեծ ցանկություն ունենք հասնելու.

Նկար
Երեց Սթերլինգ Վ. Սիլ

«Մենք մեծ ու կարևոր դասեր կարող ենք սովորել մի պատմությունից, որը շատ տարիներ առաջ պատմել է Դոկտոր Հարի Էմերսոն Ֆոսդիկը և որը կոչվում էր «Սխալ ավտոբուսի մեջ»: Դա Միացյալ Նահանգներում մի մարդու մասին է, ով ավտոբուս է նստում Դեթրոյտ գնալու համար:«Մենք մեծ ու կարևոր դասեր կարող ենք սովորել մի պատմությունից, որը շատ տարիներ առաջ պատմել է Դոկտոր Հարի Էմերսոն Ֆոսդիկը և որը կոչվում էր «Սխալ ավտոբուսի մեջ»: Դա Միացյալ Նահանգներում մի մարդու մասին է, ով ավտոբուս է նստում Դեթրոյտ գնալու համար: Սակայն երբ նա երկար ուղևորությունից հետո ժամանում է, պարզվում է Կանզաս Սիթիում է: Սկզբում նա չի հավատում: Երբ հարցնում է ուղղությունը դեպի Վուվորդ պողոտա, նրան ասում են, որ նման պողոտա չկա, սակայն նա վրդովվում է՝ նա համոզված է, որ կա: Ժամանակ է անցնում մինչև որ նա կարողանում է ընդունել այն փաստը, որ չնայած իր լավ մտադրությունների և մեծ ցանկությանը, նա ոչ թե Դեթրոյտում է, այլ Կանզաս Սիթիում: Ամեն ինչ լավ էր, բացի մի փոքր մանրուքից՝ նա պարզապես սխալ ավտոբուս էր նստել:

Արդյո՞ք հետաքրքիր չէ, որ այդքան շատ մարդիկ են կյանքում հասնում այնպիսի տեղեր, ուր երբեք մտադրություն չեն ունենում գնալու: Մենք ընտրում ենք հարգանքի, հաջողության և երջանկության մեր նպատակները, և ապա երբեմն նստում ենք ավտոբուսներ, որոնք տանում են մեզ վայրեր, ուր տիրում են անհարգանքը, անհաջողությունը և տհաճությունը: Մեր մահկանացու կյանքի առաջնային նպատակը պատրաստվելն է առջևում սպասվող կյանքին: Եվ մեր հնարավոր նպատակակետը բաժանված է երեք մեծ ենթաբաժինների, որոնք Պողոսը համեմատում է արևի, լուսնի և աստղերի լույսի հետ:

Եվ մենք կրկին վերադառնում ենք աշխարհում ամենակարևոր այս մտքին․ առաջինը՝ մենք իմանանք, թե ուր ենք ուզում գնալ, և երկրորդը՝ մենք նստենք այն ավտոբուսը, որը մեզ կտանի այնտեղ» (“On the Wrong Bus,” New Era, July 1983, 4, 6):

Վարդապետություն և Ուխտեր 76․11-12 «Հոգու զորությամբ մեր աչքերը բացվեցին»

Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը ասացին, որ երբ թարգմանում էին Հովհաննես Ե.29, իրենք «Հոգում» էին (ՎևՈւ 76.11) և «Հոգու զորությամբ» (ՎևՈւ 76.12) իրենց աչքերը բացվեցին: Այս համատեքստում տվյալ արտահայտությունները ժամանակավոր ֆիզիկական և հոգևոր վիճակի մասին են, որը կոչվում է փոխակերպում: Փոխակերպումը տեղի է ունենում, երբ անձինք ժամանակավորապես փոխվում են իրենց արտաքինով և բնությամբ, այսինքն՝ բարձրացվում են հոգևոր ավելի բարձր մակարդակի, որպեսզի կարողանան դիմանալ երկնային էակների ներկայությանը և փառքին (տես Սուրբ գրությունների ուղեցույց, “Transfiguration,” scriptures.lds.org):

Վարդապետություն և Ուխտեր 76.19։ Սուրբ գրություններն ուսումնասիրելը և դրանց շուրջ խորհելը

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է ուսումնասիրելու և խորհելու միջև տարբերության և խորհելու և հայտնություն ստանալու միջև կապի մասին.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Կարդալը, ուսումնասիրելը և խորհելը ամենևին էլ նույն բանը չեն: Մենք կարդում ենք խոսքերը և կարող ենք մտքեր ունենալ: Մենք ուսումնասիրում ենք և սուրբ գրքերում կարող ենք հայտնաբերել օրինակներ և հարաբերություններ: Բայց, երբ մենք խորհում ենք, հայտնություն ենք հրավիրում Հոգու միջոցով: Խորհելը, ինձ համար, մտածել և աղոթելն է սուրբ գրությունները ուշադիր կարդալուց և ուսումնասիրելուց հետո» («Ծառայեք Հոգով», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 60):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մարվին Ջ. Աշթոնն ուսուցանել է.

Նկար
Երեց Մերվին Ջ. Էշթոն

«Խորհելով մենք Հոգուն հնարավորություն ենք տալիս հուշել և ուղղորդել» (“There Are Many Gifts,” Ensign, Nov. 1987, 20):

Վարդապետություն և Ուխտեր 76։ «Տեսիլքը»

Ջոզեֆ Սմիթի ղեկավարությամբ գրվեց Վարդապետություն և Ուխտեր 76-ի բանաստեղծական տարբերակը, որը հայտնի դարձավ «Տեսիլքը» վերնագրով: Բանաստեղծությունը տպագրվեց 1843թ. փետրվարի 1-ին Times and Seasons Եկեղեցու թերթում, որը լույս էր տեսնում Նավու քաղաքում, Իլլինոյս, 1839թ. նոյեմբերից մինչև 1846թ․ փետրվարը (տես Times and Seasons, Feb. 1, 1843, 82–85): Ստորև տրված աղյուսակում բերված են Վարդապետություն և Ուխտեր 76-ի հատվածները, բանաստեղծության տները և մտքերը, որոնք մենք կարող ենք ստանալ երկուսից:

Վարդապետություն և Ուխտեր 76

Բանաստեղծական շարադրանք

Միտք

Հատված 24

«Որ նրանով, նրա միջոցով, և նրանից է, որ աշխարհները կան և ստեղծվել են, և դրանց բնակիչները ծնված որդիներն ու դուստրերն են Աստծո»:

Տներ 19-20

«19. Եվ ես մի բարձր ձայն լսեցի, որ վկայեց երկնքից.

Նա է Փրկիչը, Միածինը Աստծո:

Նրանով, Նրա միջոցով և Նրանից՝

Ամենը ստեղծվեց, խոսքերը բոլոր արվեցին:

20. Եվ բնակիչները բոլոր՝ առաջինից մինչև վերջինը,

Փրկվել են այդ նույն Փրկչի միջոցով․

Եվ, անշուշտ, Աստծո դուստրերն ու որդիք՝

Նույն սկզբունքով և նույն զորությամբ:

Հիսուս Քրիստոսը ոչ միայն մեր աշխարհի բնակիչների Փրկիչն է, այլ նաև Իր կողմից արարված բոլոր աշխարհների բնակիչների Փրկիչը:

Հատվածներ 72-73

«Ահա, այդ նրանք են, ովքեր մահացել են առանց օրենքի.

Եվ նաև նրանք, որոնք բանտում պահված մարդկանց ոգիներն են, որոնց այցելեց Որդին և քարոզեց ավետարանը, որ նրանք կարողանան դատվել մարմնում գտնվող մարդկանց պես»:

Տներ 54-55

«54. Ահա, այդ նրանք են, ովքեր մահացել են առանց օրենքի.

Հեթանոս դարերում՝ առանց հույսի չնչին նշույլի:

Եվ նրանք, որ ապրում են մահվան ստվերներում,

Լույսից կտրված ոգիները բանտում:

55. Բանտի ոգիներին Փրկիչը քարոզեց,

Ավետարանն ուսուցանեց, զորությունները թարմացրեց,

Եվ ապրողները մկրտվեցին մահացածների փոխարեն,

Որ մահացածները ինչպես մարդը մարմնում դատվեն»:

Ի տարբերություն Ալվին Սմիթի, ով կընդուներ ավետարանը, եթե հնարավորություն ունենար մահանալուց առաջ (տես ՎևՈւ 137), կան շատերը, ովքեր կմերժեն ավետարանը մահկանացու կյանքում: Բայց Աստծո մեծ ողորմությունների շնորհիվ այդ մարդիկ հնարավորություն կունենան լսելու և ընդունելու ավետարանը հոգիների բանտում և դատվել, ինչպես կդատվեին, եթե լինեին մարմնում:

Հատվածներ 74-77

«Որոնք չընդունեցին Հիսուսի մասին վկայությունը մարմնում, բայց հետո ընդունեցին այն:

Այդ նրանք են, ովքեր երկրի վրա պատվավոր մարդիկ են, ովքեր կուրացել են մարդկանց խորամանկության պատճառով:

Այդ նրանք են, ովքեր ստանում են նրա փառքից, բայց ոչ նրա լիությունից:

Այդ նրանք են, ովքեր ստանում են Որդու ներկայությունից, բայց ոչ Հոր լիությունից»:

Տներ 56-57

«56. Այդ նրանք են, ովքեր պատվավոր մարդիկ են երկրի երեսին,

Կուրացած և խաբված մարդկանց խորամանկություններից.

Նրանք չընդունեցին Փրկչի ճշմարտությունը սկզբում,

Սակայն ստացան այն, կրկին լսելով հոգիների բանտում:

57. Անվեհեր չլինելով ճշմարտության մեջ, պսակը չեն ժառանգի,

Այլ միայն փառքը, որ նման է լուսնի փառքի:

Նրանք կլինեն Քրիստոսի ներկայության մեջ,

Բայց ոչ Աստծո լրության և Աստծո գահի:

Կան շատ պատվավոր մարդիկ, ովքեր մերժում են ավետարանը իրենց կյանքում, սակայն հետագայում ապաշխարում են և ընդունում ավետարանը, երբ այն ուսուցանվում է իրենց հոգևոր աշխարհում: Նրանք կստանան թերեստրիալ փառքը, որը նմանեցվում է լուսնի լույսին: Նրանք կկարողանան շփվել Հիսուս Քրիստոսի հետ, սակայն չեն ստանա Հայր Աստծո լիությունը: