Սեմինարիա
Դաս 80. Վարդապետություն և Ուխտեր 76.50-80


Դաս 80

Վարդապետություն և Ուխտեր 76․50-80

Նախաբան

Աշխատելով Աստվածաշնչի թարգմանության վրա՝ 1832թ. փետրվարի 16-ին Ջոզեֆ Սմիթը կատարեց ներշնչված փոփոխություններ Հովհաննես Ե.29-ում՝ արդարների և անարդարների հարության վերաբերյալ: Հոր և Որդու փառքի, Լյուցիֆերի անկման և նզովքի որդիների մասին տեսիլքներ տեսնելուց հետո, Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսան տեսիլքներ նրանց մասին, ովքեր պետք է մասնակցեին արդարների հարությանը՝ սելեստիալ և թերեստրիալ թագավորությունների բնակիչներին:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 76․50-70

Տերը հայտնում է պահանջները և օրհնությունները սելեստիալ արքայությունում վեհացում ստանալու համար

Բերեք դասարան հաց և հաց թխելու բաղադրիչներ: (Կամ կարող եք օգտագործել այլ թխվածք, որը բազմաթիվ բաղադրիչներ է պահանջում:) Գրեք գրատախտակին Հացի բաղադրատոմս: Խնդրեք ուսանողներին հնչեցնել հաց թխելու բաղադրիչները և ցուցադրեք դրանք այդ ընթացքում: (Եթե չունեք բաղադրիչները ձեռքի տակ, կարող եք գրել դրանց անվանումները գրատախտակին, երբ ուսանողները նշեն դրանք:) Ուսանողներին ասացեք, որ հաց թխելու գործընթացը կարող է օգնել նրանց հասկանալ այն ճշմարտությունները, որոնք նրանք կգտնեն, երբ ուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 76.50–80:

Օգնեք ուսանողներին վերանայել Վարդապետություն և Ուխտեր 76-ի համատեքստը, տալով հետևյալ հարցը.

  • Ի՞նչ էին անում Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը Վարդապետություն և Ուխտեր 76-ում գրառված տեսիլքը ստանալուց առաջ: (Թարգմանում և խորհում Հովհաննես Ե.29-ի շուրջ: Եթե ուսանողները օգնության կարիք ունեն այս համատեքստը հիշելու համար, խնդրեք նրանց աչքի անցկացնել բաժնի նախաբանի վերջին նախադասությունը:)

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես Ե.29 հատվածը: Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը Վարդապետություն և Ուխտեր 76-ում գրառված տեսիլքը ստանալուց առաջ խորհում էին Հովհաննեսի նկարագրության շուրջ՝ նրանց հարության մասին, ովքեր բարիք էին գործել, և նրանց հարության մասին, ովքեր չարիք էին գործել:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.50 հատվածը: Դասարանին հանձնարարեք գտնել, թե ինչ տեսան Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը նզովքի որդիների մասին տեսիլքից հետ: (Կարող եք բացատրել, որ այս հատվածում արդարները արդար կյանքով ապրողներն են:)

  • Համաձայն հատված 50-ի՝ ո՞ւմ տեսան Մարգարեն և Սիդնի Ռիգդոնը նզովքի որդիների տեսիլքից հետո: (Նրանց, ովքեր առաջ կգան արդարների հարության մեջ:)

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 76.50–80-ում նկարագրվում են նրանք, ովքեր հարություն կառնեն արդարների հարության ժամանակ: Խնդրեք ուսանողներին աչքի անցկացնել Վարդապետություն և Ուխտեր 76.70 և գտնել մարդկանց առաջին խմբին, որոնք հարություն կառնեն արդարների հարության մեջ: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին:

Գրեք գրատախտակին Սելեստիալ անձնավորություն դառնալու բաղադրատոմս: Բացատրեք, որ այս տեսիլքի մեջ Տերը տվեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին նրանց նկարագրությունը, ովքեր կժառանգեին վեհացում սելեստիալ արքայությունում: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.51–53 և գտնել սելեստիալ անձնավորություն դառնալու պահանջները (բաղադրիչները): Հրահանգեք ուսանողներին, որ երբ գտնեն պահանջը, կարող են գալ և գրել այն գրատախտակին:

Երբ ուսանողները գրեն պահանջները գրատախտակին, կարող եք օգնել նրանց ավելի լավ հասկանալ այդ հատվածների արտահայտությունները:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ընդունել Հիսուսի մասի վկայությունը: ( ՎևՈւ 76.51)։ (Հնարավոր պատասխաններ. հավատք ունենալ Փրկչի աստվածային առաքելության հանդեպ և հետևել Նրա ավետարանին:)

  • Ինչպե՞ս կարող է որևէ մեկը հաղթել հավատքով: (ՎևՈւ 76.53)։ («Հաղթել հավատքով» նշանակում է հաղթահարել գայթակղությունները և մեղքերը, հավատք գործադրելով առ Հիսուս Քրիստոս և դիմանալ բոլոր փորձություններին:)

  • Ի՞նչ է նշանակում կնքվել «խոստումի Սուրբ Հոգով» (ՎևՈւ 76.53)։ (Կարող եք բացատրել, որ Խոստումի Սուրբ Հոգին Սուրբ Հոգին է: Մենք կնքվում ենք Խոստումի Սուրբ Հոգով, երբ Սուրբ Հոգին վկայություն է բերում Երկնային Հորը, որ մեր ստացած արարողությունները կատարվել են պատշաճ ձևով և որ մենք հավատարիմ ենք եղել մեր կապած ուխտերին: Սուրբ Հոգին կարող է նաև հաստատել, որ մեր հավատարմությունը արարողություններին և ուխտերին ընդունելի է Աստծո համար:)

Համառոտ ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 76.54–68, բացատրելով, որ այս հատվածը թվարկում է բազմաթիվ օրհնություններ, որոնք կստանան սելեստիալ արքայության վեհացած բնակիչները: Եթե ժամանակը թույլ է տալիս, կարող եք հրավիրել մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.54–68: Դասարանին խնդրեք հետևել, գտնելով այդ օրհնությունները: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել այն օրհնությունները, որոնք հատկապես կարևոր են իրենց համար:

  • Ո՞ր օրհնություններն են առավել իմաստալից ձեզ համար: Ինչո՞ւ:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.69-70 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե էլ ինչ է պահանջվում անձից սելեստիալ արքայությանը արժանանալու համար:

  • Անգամ երբ մենք աշխատում ենք մեր կյանքում ունենալ անհրաժեշտ բոլոր բաղադրիչները, ըստ այս հատվածների, էլ ինչի՞ կարիք ունենք սելեստիալ արքայությունը ժառանգելուն արժանի լինելու համար: (Երբ ուսանողները կպատասխանեն, գրեք հետևյալ վարդապետությունը գրատախտակին Սելեստիալ անձնավորություն դառնալու բաղադրատոմսը վերնագրի տակ. Մենք կարող ենք կատարյալ դառնալ միայն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:)

Բացատրեք, որ թեև բոլոր պատվիրանները պահելու մեր լավագույն ջանքերը մեզ կատարյալ չեն դարձնում, մեր ջանքերն օգնում են, որ մենք արժանի լինենք ստանալու Փրկչի շնորհը և մաքրվելու Նրա «կատարյալ քավությամբ» … «իր արյունը հեղելով» (ՎևՈւ 76.69): Այս ճշմարտությունը կարող է խրախուսել մեզ պահել պատվիրանները և ստանալ փրկության արարողությունները, որպեսզի մենք կարողանանք ստանալ այդ հավերժական օրհնությունները: Հրավիրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ, ապա գրել իրենց պատասխանները դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:

  • Ինչպե՞ս կարող է հատված 69-ի վարդապետությունը օգնել մեզ հաղթահարել մեր հուսահատությունը, երբ աշխատում ենք ստանալ վեհացում սելեստիալ արքայությունում:

Բավարար ժամանակից հետո մի քանի ուսանողների խնդրեք կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ: Կարող եք կիսվել ձեր վկայությամբ Փրկչի դերի մասին, որն օգնում է մեզ կատարյալ դառնալ:

Վարդապետություն և Ուխտեր 76․71-80

Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսան թերեստրիալ արքայության տեսիլքը

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.71 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել և գտնել, թե ինչ տեսան Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը դրանից հետո: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։

  • Համաձայն այդ հատվածի, ինչպե՞ս է թերեստրիալ արքայության փառքը համեմատվում սելեստիալ արքայության փառքի հետ:

Բացատրեք, որ սուրբ գրություններում օգտագործվում են լույսի տարբեր խտություններ, որոնք արտացոլվում են լուսնից և արևից, խորհրդանշելով թերեստրիալ և սելեստիալ արքայությունների փառքերի տարբերությունները: Թեև և սելեստիալ, և թերեստրիալ արքայությունների բնակիչները մասնակցում են արդարների հարությանը, սելեստիալ մարմիններ ստացողները հարություն կառնեն ավելի մեծ փառքի մեջ, քան թերեստրիալ մարմիններ ստացողները:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.72–80 հատվածները, գտնելով, թե ինչո՞վ են թերեստրիալ արքայության բնակիչները տարբերվում սելեստիալ արքայության բնակիչներից: Երբ ուսանողները բավարար ժամանակ ունենան կարդալու համար, խնդրեք նրանց նկարագրել իրենց գտած տարբերությունները.

  • Համաձայն այդ հատվածների, ինչպիսի՞ն է թերեստրիալ արքայություն ժառանգողների հիմնական նկարագրությունը: (Հնարավոր պատասխաններ. «նրանք, ովքեր մահացել են առանց օրենքի» [հատված 72]; նրանք, «որոնք չընդունեցին Հիսուսի մասին վկայությունը մարմնում, բայց հետո ընդունեցին այն» [հատվածներ 73–74], «նրանք, ովքեր երկրի վրա պատվավոր մարդիկ են, ովքեր կուրացել են մարդկանց խորամանկության պատճառով» [հատված 75], և «նրանք, ովքեր անվեհեր չեն Հիսուսի վկայության մեջ» [հատված 79]:)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ նրանց մասին, ովքեր մահանում են առանց օրենքի կամ ովքեր ստանում են ավետարանը մահից հետո (տես հատվածներ 72–74), բացատրեք, որ Տերը լրացուցիչ հայտնություններ է տվել այդ անձանց, երբ հայտնել է Ջոզեֆ Սմիթին իր եղբոր՝ Ալվինի վերջնական ճակատագիրը, ով չէր հասցրել մկրտվել մահանալուց առաջ: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 137.7-9 հատվածները: Ապա տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ լրացուցիչ պարզաբանում է տալիս Տերը նրանց մասին, ովքեր կընդունեին ավետարանը, եթե նրանց թույլ տրվեր ապրել:

  • Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 137.9-ի, ո՞վ է մեզ դատելու համաձայն մեր գործերի և մեր սրտերի ցանկությունների:

Կարդացեք հետևյալ հայտարարությունը. «Հիշեք, որ միայն Աստված, ով գիտի յուրաքանչյուր անձի սիրտը, կարող է վերջնական դատաստան կատարել» (Հավատքին հավատարիմ. ավետարանական վկայակոչում [2004], 90): Շեշտեք, որ քանի որ միայն Տերը գիտի մեր սրտերը, մենք չպետք է դատողություններ կատարենք այն մասին, թե ինչ արքայություն կժառանգեն մյուսները:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում կուրացած լինել «մարդկանց խորամանկության պատճառով» (ՎևՈւ 76.75): (Որոշ մարդիկ աշխարհիկ ազդեցությունների հետևանքով կույր են դառնում, չտեսնելով Հիսուս Քրիստոսի ավետարանի կարևորությունը:) Ինչպե՞ս են այսօր մարդիկ կուրացած դառնում «մարդկանց խորամանկության պատճառով»:

Օգնելու համար ուսանողներին հասկանալ «անվեհեր չեն Հիսուսի վկայության մեջ» արտահայտությունը (ՎևՈւ 76.79), հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկիի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Ի՞նչ է նշանակում անվեհեր լինել Հիսուսի վկայության մեջ։

«Անվեհեր լինելու հիմնաքարը արդարակեցության նպատակի համար հնազանդությունն է ամբողջ ավետարանի ամբողջ օրենքին:

Հիսուսի վկայության մեջ անվեհեր լինելը նշանակում է հավատալ Քրիստոսին և Նրա ավետարանին անսասան համոզմունքով:

Սակայն սա ամբողջը չէ: Դա ավելին է, քան սոսկ հավատալը և իմանալը: Մենք պետք է լինենք աշխարհի գործիչներ, ոչ թե միայն լսողներ: Դա միայն շուրթերի աշխատանք չէ, դա միայն խոստովանել չէ բերանով Փրկչի աստվածային Որդի լինելու մասին: Դա հնազանդությունն է և հարմարվողականությունը և անձնական արդարակեցությունը:

Հիսուս Քրիստոսի վկայության մեջ անվեհեր լինելը մինչև վերջ համբերելն է»: (2 Նեփի 31.20:) Դա նշանակում է ապրել մեր կրոնով, կիրառել այն, ինչ քարոզում ենք, պահել պատվիրանները» (“Be Valiant in the Fight of Faith,” Ensign, Nov. 1974, 35):

  • Մտածեք որևէ մեկի մասին, ում ճանաչում եք, ով, ձեր կարծիքով, անվեհեր է Հիսուս Քրիստոսի վկայության մեջ: Ի՞նչ հատկանիշներ և գործողություններ են ապացուցում նրանց անվեհեր լինելը:

  • Ի՞նչն է օգնել ձեզ անվեհեր լինել Հիսուս Քրիստոսի վկայության մեջ:

  • Եթե մենք անվեհեր ենք Հիսուս Քրիստոսի վկայության մեջ, ի՞նչ ենք մենք ստանում: (Պատասխանելիս ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք անվեհեր ենք Հիսուս Քրիստոսի վկայության մեջ, մենք կարող ենք ստանալ Աստծո սելեստիալ արքայությունը: Ավելացրեք այս ճշմարտությունը գրատախտակին՝ Սելեստիալ անձ դառնալու բաղադրատոմսը վերնագրի տակ:)

Հրավիրեք ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում գրել, թե ինչ կարող են անել, որպեսզի ավելի անվեհեր լինեն Հիսուս Քրիստոսի իրենց վկայության մեջ: Կիսվեք ձեր վկայությամբ, որ ուսանողներից յուրաքանչյուրը ներուժ ունի ստանալու սելեստիալ արքայությունը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 76.51–53, 69–70։ Դառնալ սելեստիալ ժողովուրդ

Երեց Դալլին Հ. Օուքսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է հնազանդության և Քավության դերը սելեստիալ արքայությանը արժանանալու մեր ունակության մեջ.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Վերջին դատաստանը մեր կատարած բարի և չար գործերի հանրագումարի գնահատումը չէ: Դա մեր գործերի և մտքերի վերջնական ազդեցության գնահատումն է, այսինքն նրա, ինչ մենք դարձել ենք: Բավական չէ միայն շարժումներ կատարել: Պատվիրանները, ավետարանի ծեսերը և ուխտերը ներդրումային ցանկի կետեր չեն, որ պետք է ավելացվեն երկնային հաշվին:

Հիսուս Քրիստոսի ավետարանն այն ծրագիրն է, որով մենք կարող ենք դառնալ այնպիսին, ինչպիսին Աստծո զավակները պետք է դառնան: Անբիծ և կատարյալ վիճակը կլինի ուխտերի, արարողությունների և գործողությունների, ճիշտ ընտրությունների և շարունակական ապաշխարության հաստատուն հաջողության արդյունքը:

Ես երախտագիտությամբ վկայում եմ Հոր ծրագրի մասին, ըստ որի՝ մեր Փրկչի Հարության և Քավության միջոցով մենք ունենք անմահության հավաստիացում և հավերժական կյանքին արժանի անձ դառնալու հնարավորություն» (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 32, 33, 34):

Վարդապետություն և Ուխտեր 76.67։ «Ենովքի և Անդրանիկի եկեղեցին»

Ենովքը և նրա ժողովուրդը, որոնք կարող են կոչվել Ենովքի եկեղեցի, հավաքույթ կամ համայնք, հաջողությամբ հիմնեցին Սիոնը և վերցվեցին երկինք: Անդրանիկի եկեղեցու անդամը դառնալը պահանջում է, որ մենք արժանի լինենք բնակվելու Ենովքի հասարակության մեջ, ինչը հնարավոր է միայն անձնական արդարակեցության, Տիրոջ տան արարողություններին հնազանդվելու և Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին բացատրել է, թե ինչ է նշանակում լինել Անդրանիկի եկեղեցու անդամը.

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները, ովքեր իրենց նվիրում են արդարակեցությանը, որպեսզի ստանան վեհացման ավելի բարձր արարողություններ, դառնում են Անդրանիկի եկեղեցու անդամները: Մկրտությունը դեպի Եկեղեցի դարպասն է, սակայն սելեստիալ ամուսնությունը դարպասն է դեպի Անդրանիկի եկեղեցու անդամությունը, հավատարիմ սրբերի ներքին օղակը, ովքեր Հոր արքայության լրիվության և վեհացման ժառանգներն են» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 139):

Վարդապետություն և Ուխտեր 76.69։ Կատարելագործում

Երեց Ռասսել Մ. Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է Տիրոջ ծրագրում կատարելագործվելու իմաստը.

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Կատարելագործումը, որ Փրկիչն ի նկատի ունի մեզ համար, ավելին է, քան անսխալ կատարումը: Դա հավերժական ակնկալիք է, ինչպես արտահայտված է Տիրոջ կողմից իր մեծ միջնորդական աղոթքում իր Հորը՝ որ մենք կարողանանք կատարյալ դառնալ և բնակվել նրանց հետ գալիք հավերժություններում [տես Հովհաննես ԺԷ.23–24]:

Կատարելագործումը բաղկացած է հավերժական կյանք ձեռք բերելուց՝ այն կյանքը, որով ապրում է Աստվածը:

… Որպես երկնային ծնողների զավակներ մենք օժտված ենք ներուժով՝ դառնալու նրանց նման, ճիշտ ինչպես մահկանացու երեխաները նման են իրենց մահկանացու ծնողներին:

Տերը վերականգնել է իր եկեղեցին օգնելու համար պատրաստվել կատարելագործմանը:

Կատարյալ մարդը … կատարելագործված անձ է … փառավորված հոգի:

«Մենք չպիտի անհանգստանանք, եթե կատարելագործվելու մեր լուրջ ջանքերը այսօր թվում են ծանր ու անվերջ: Կատարելագործումը անընդհատ ընթացող գործողություն է: Այն լրիվ չափով կիրագործվի միայն Հարությունից հետո և միայն Տիրոջ միջոցով։ Այն սպասում է բոլոր նրանց, ովքեր սիրում են նրանց և պահում են նրա պատվիրանները: Այն պարունակում է գահերը, թագավորությունները, իշխանությունները, զորությունները և տիրապետությունները [տես ՎևՈւ 132.19]: Դա վերջն է այն ամենի, հանուն ինչի մենք պետք է դիմանանք: Դա հավերժական կատարելագործումն է, որ Տերը պահել է յուրաքանչյուրիս համար» (“Perfection Pending,” Ensign, Nov. 1995, 87, 88):

Վարդապետություն և Ուխտեր 76․69-70։ Եկեղեցու բոլոր անդամները ներուժ ունեն ստանալու վեհացում սելեստիալ արքայությունում:

Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթն ուսուցանել է այն մասին, որ յուրաքանչյուրը ներուժ ունի ստանալու սելեստիալ արքայությունը.

Նկար
Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթ

«Հիսուս Քրիստոսի Ավետարանում ինձ համար ամենասքանչելի բաներից մեկն այն է, որ դա բոլորիս բերում է ընդհանուր մակարդակի: Պարտադիր չէ, որ անձը լինի ցցի նախագահ կամ Տասներկուսի Քվորումի անդամ, որպեսզի բարձր տեղ ստանա սելեստիալ արքայությունում: Եկեղեցու ամենահամեստ անդամը, եթե պահում է Աստծո պատվիրանները, վեհացում կստանա, ինչպես ցանկացած այլ մարդ սելեստիալ արքայությունում: Հիսուս Քրիստոսի Ավետարանի գեղեցկությունը նրանում է, որ այն մեզ հավասար է դարձնում, եթե մենք պահում ենք Տիրոջ պատվիրանները: Մենք վեհացման հավասար հնարավորություններ ունենք» (in Conference Report, Oct. 1933, 25):

Եպիսկոպոս Ջոզեֆ Լ. Վիրթլինը՝ Նախագահող Եպիսկոպոսությունից, վկայել է. «Մենք բոլորս սելեստիալ արքայության թեկնածուներ ենք» (in Conference Report, Apr. 1952, 118):

Վարդապետություն և Ուխտեր 76.58, 71։ Դառնալ աստվածներ և ստանալ Հոր լրիվությունը

Որպես Հայր Աստծո բառացի զավակներ, մենք ներուժ ունենք դառնալու այնպիսին, ինչպիսին Ինքն է: Հոր լրիվությունը ստանալը դա Նրա փառքի և օրհնությունների ամբողջ բաժինը ստանալն է: Եթե մենք ապրենք ըստ Փրկչի ուսմունքների, պահենք Նրա պատվիրանները և կիրառենք մեր կյանքում Նրա Քավությունը, Հայրը կբարձրացնի մեջ և կդարձնի Իր նման, մենք կկարողանանք ապրել այն կյանքով, որով Նա է ապրում, և վայելել հավիտենական ուրախությունը, որը Նա է վայելում:

Վարդապետություն և Ուխտեր 76.79։ «Անվեհեր Հիսուսի վկայության մեջ»

Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնը 1982թ. ապրիլի գերագույն համաժողովին նկարագրել է, թե ինչ է նշանակում անվեհեր լինել Հիսուս Քրիստոսի վկայության մեջ: Sես “Valiant in the Testimony of Jesus,” Ensign, May 1982, 62–64: