Սեմինարիա
Դաս 38․ Վարդապետություն և Ուխտեր 31-32


Դաս 38

Վարդապետություն և Ուխտեր 31-32

Նախաբան

1830թ. սեպտեմբերին Տերը կանչում է Թոմաս Բ․ Մարշին քարոզել ավետարանը և օգնել հիմնել Եկեղեցին: Այս կոչը, որը պարունակվում է Վարդապետություն և Ուխտեր 31-ում, ներառում է նաև խոստումներ և խորհուրդ, որը Թոմասը կարող էր օգտագործել որպես միսիոներ իր անձնական կյանքում: 1830թ. հոկտեմբերին Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը պարունակվում է Վարդապետություն և Ուխտեր 32-ում, որում Տերը կանչում է Փարլի Պ․ Պրատին և Զիբա Պիտերսոնին միանալ Օլիվեր Քաուդերիին և Պիտեր Ուիթմեր կրտսերին՝ արևմտյան Միսսուրիում լամանացիների մեջ միսիա իրականացնելու: Տերը խոստանում է լինել այդ տղամարդկանց հետ նրանց միսիոներական ջանքերում:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 31․1-8

Տերը կանչում է Թոմաս Բ. Մարշին քարոզել ավետարանը և օգնել հիմնել Եկեղեցին:

Հրավիրեք ուսանողներին մտածել իրենց ընտանիքի անդամների մասին և զգացումների, որ տածում են նրանց հանդեպ: Կարող եք ցուցադրել ձեր ընտանիքի նկարը և համառոտ արտահայտել ձեր սերը նրանց հանդեպ: Խնդրեք ուսանողներին խորհել, թե արդյոք իրենց ընտանիքում կա որևէ մեկը, ով Եկեղեցու անդամ չէ կամ ներկայումս չի ապրում Տիրոջ հետ կապած իր ուխտերին համաձայն: Կարող եք նաև հրավիրել ուսանողներին խորհել իրենց հույսերի մասին ընտանիքի այդ անդամների վերաբերյալ:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 31-ում Տերը դիմում է նոր մկրտված մի մարդու՝ Թոմաս Բ․ Մարշին և խոսում նրա ընտանիքի մասին:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ բաժնի պատմական իրավիճակը, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ հետևյալ նկարագրությունը, թե ինչպես Թոմաս Բ․ Մարշը դարձավ Եկեղեցու անդամ:

1829թ., երբ ապրում էր Բոստոնում, Մասաչուսեթս, Թոմաս Բ․ Մարշը եզրակացրեց, որ իր իմացած եկեղեցիներից ոչ մեկը չէր համապատասխանում Աստվածաշնչի ուսմունքներին: Նա գրել է. «Ես համոզված եմ, որ Աստծո Հոգին թելադրեց ինձ ճամփորդել դեպի արևմուտք»: Նա հեռացավ, թողնելով իր կնոջը՝ Էլիզաբեթին, և իրենց երիտասարդ ընտանիքին, ճշմարտության որոնումներում: Երեքամսյա ճամփորդությունից հետո Թոմասը տուն էր վերադառնում, երբ լսեց Ոսկե Գրքի մասին, որը գտել էր Ջոզեֆ Սմիթ անունով մի պատանի: Նա ուղևորվեց Պալմիրա, Նյու Յորք, որտեղ հանդիպեց Մարտին Հարրիսին: Տպագրիչը որպես ապացույց տվեց Թոմասին մի թերթ, որը պարունակում էր Մորմոնի Գրքի առաջին տասնվեց էջերը: Թոմասը հետագայում գրում է. «Տուն ժամանելուց հետո ես ցույց տվեցի Մորմոնի Գրքի տասնվեց էջերը կնոջս, … որոնք նա հավանեց, հավատալով, որ դա … Աստծո աշխատանքն էր»։ Մեկ տարի անց, լսելով Եկեղեցու կազմավորման մասին, Թոմասը ընտանիքով տեղափոխվեց Պալմիրա: Այնտեղ ապրելիս նա մկրտվեց Ֆայեթի մոտակայքում և կարգվեց որպես երեց Օլիվեր Քաուդերիի կողմից 1830թ. սեպտեմբերին (տես Thomas B. Marsh, “History of Thomas Baldwin Marsh,” Millennial Star, June 11, 1864, 375):

  • Ի՞նչը ձեզ տպավորեց Թոմաս Բ․ Մարշի ճշմարտության որոնումներում։

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 31.1–2 և հրավիրեք դասարանին գտնել այն արտահայտությունները, որոնք Տերն օգտագործում է խրախուսելու համար Թոմասին նրա մկրտությունից հետո:

  • Ի՞նչ խրախուսանք Տերը տվեց Թոմասին այդ տողերում։

  • Ի՞նչ խոստում Տերը տվեց Թոմասին այդ տողերում նրա ընտանիքի վերաբերյալ։

  • Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 31.1–2-ից, որը կարող է օգնել մեզ, եթե մենք ունենք ընտանիքի անդամներ, ովքեր Եկեղեցու անդամներ չեն կամ հավատարմորեն չեն ապրում իրենց ուխտերին: (Թեև ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, նրանք պետք է գտնեն հետևյալ սկզբունքը. Մեր հավատարմության միջոցով մեր ընտանիքի անդամները կարող են օրհնվել, հավատալով և իմանալով ճշմարտությունը: Գրեք այս սկզբունքը գրատախտակին):

  • Ի՞նչ եղանակներով անհատները կարող են օրհնվել ընտանիքի անդամների հավատարմության շնորհիվ: Ի՞նչ օրինակներ եք դուք տեսել:

Խնդրեք աշակերտներին արագ կարդալ Վարդապետություն և Ուխտեր 31.3–4 և գտնել, թե Թոմաս Բ. Մարշին Տերն ի՞նչ կանչեց անել: Խնդրեք նրանց ասել, թե ինչ գտան: Այնուհետև հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ խոսքերը այն օրհնությունների մասին, որոնք տրվում են նրանց, ովքեր հավատարմորեն ծառայում են որպես միսիոներներ: (Կարող եք ուսանողներին տրամադրել այդ հայտարարության մեկ օրինակ՝ սուրբ գրություններում պահելու համար։) Դասարանին խնդրեք հետևել, տեսնելով, թե ով է օրհնվում միսիոներական ծառայության շնորհիվ:

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

«Դուք կօրհնեք նրանց կյանքը, ում ուսուցանում եք, և նրանց սերունդների կյանքը: Դուք կօրհնեք ձեր սեփական կյանքը: Դուք կօրհնեք ձեր ընտանիքի կյանքը, ովքեր կսատարեն և կաղոթեն ձեզ համար» (“Of Missions, Temples, and Stewardship,” Ensign, Nov. 1995, 52):

  • Ո՞վ է օրհնվում միսիոներական ծառայության շնորհիվ:

Դասարանը երեք խմբի բաժանեք: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 31.5-8 հատվածները: Խնդրեք խմբերից մեկին գտնել օրհնությունները, որոնք կտրվեին նրանց, ում ուսուցանում էր Թոմաս Բ․ Մարշը: Խնդրեք երկրորդ խմբին գտնել օրհնությունները, որոնք կտրվեին Թոմասին, երբ նա ծառայեր որպես միսիոներ: Խնդրեք երրորդ խմբին գտնել օրհնությունները, որոնք կտրվեին Թոմասի ընտանիքին, երբ նա նրանցից հեռու լիներ: Այն բանից հետո, երբ ուսանողն ավարտի կարդալը, տվեք հետևյալ հարցերը․

  • Ի՞նչ օրհնություններ կտրվեին նրանց, ում ուսուցանում էր Թոմաս Բ․ Մարշը:

  • Ինչպե՞ս կօրհնվեր Թոմասը իր միսիոներական ծառայության համար:

  • Ինչպե՞ս կօրհնվեր նրա ընտանիքը:

  • Ինչպե՞ս է մեկ այլ անձի միսիոներական ծառայությունը օրհնել ձեր կամ մեկ ուրիշի կյանքը, ում դուք ճանաչում եք:

Կարող եք կիսվել օրինակներով, թե ինչպես է միսիոներական ծառայությունը օրհնել մարդկանց կյանքը։

Վարդապետություն և Ուխտեր 31․9-13

Հիսուս Քրիստոսը անձնական խորհուրդ տվեց Թոմաս Բ․ Մարշին

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 31.9–13 հատվածները պարունակում են Տիրոջ խորհուրդը Թոմաս Բ․ Մարշին, որով Նա ցանկանում էր օգնել նրան իր անձնական կյանքում և որպես միսիոներ: Դասից առաջ գրեք հետևյալ հրահանգները գրատախտակին կամ թերթիկներ պատրաստեք յուրաքանչյուր ուսանողի համար.

Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 31.9–12 հատվածները և գտեք խորհրդից մի կետ, որը կարևոր է մեզ համար այսօր: Պատրաստվեք պատասխանել հետևյալ հարցերին.

  1. Խորհրդի ո՞ր կետը դուք ընտրեցիք: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այդ խորհուրդը կարևոր մեզ համար այսօր:

  2. Ի՞նչ եղանակով մենք կարող ենք կիրառել այս խորհուրդը մեր կյանքում:

  3. Ինչպե՞ս մենք կարող ենք օգուտ ստանալ այս խորհրդին հետևելուց:

Հանձնարարեք ուսանողներին աշխատել զույգերով: Խնդրեք նրանց անհատապես ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 31.9-12, ապա կիսվել իրենց պատասխաններով զուգընկերոջ հետ:

Երբ ուսանողները կիսվեն, խնդրեք նրանց մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 31.13 և գտնել այն օրհնությունները, որոնք Տերը խոստացավ Թոմաս Բ․ Մարշին, եթե նա հավատարիմ լիներ: Ուսանողներից մեկին խնդրեք գալ գրատախտակի մոտ և գրել այդ խոստումը սկզբունքի տեսքով, օգտագործելով եթե և ապա բառերը: Խրախուսեք մյուսներին օգնել այդ ուսանողին, եթե կա դրա կարիքը: Թեև ուսանողը կարող է տարբեր բառեր օգտագործել, հետևյալ սկզբունքը պետք է հստակ լինի. Եթե մենք հավատարիմ ենք մինչև վերջ, ապա Տերը կլինի մեզ հետ: Շեշտեք, որ այս ճշմարտությունը վերաբերում է նաև մեզ, երբ մենք փորձում ենք կիսվել ավետարանով ուրիշների հետ, և այլ իրավիճակներում ևս:

  • Ե՞րբ եք զգացել, որ Տերը ձեզ հետ է, երբ դուք եղել եք հավատարիմ Նրան: (Ուսանողներին ժամանակ տվեք խորհելու այդ հարցի շուրջ։ Նաև կարող եք կիսվել անձնական փորձառությամբ։)

Վարդապետություն և Ուխտեր 32

Տերը կանչում է Փարլի Պ․ Պրատին և Զիբա Պիտերսոնին միանալ միսիային լամանացիների մեջ

Խնդրեք ուսանողներին նայել իրենց սուրբ գրությունների քարտեզին, որը վերնագրված է «Եկեղեցու շարժումը դեպի արևմուտք» (տես Եկեղեցու պատմության քարտեզներ, Քարտեզ 6): Կամ կարող եք ցույց տալ մեծ քարտեզ, որի վրա երևում է հեռավորությունը Նյու Յորքից Միսսուրի, ԱՄՆ:

  • Որտե՞ղ էին կանչվել քարոզելու ավետարանը Օլիվեր Քաուդերին և Պիտեր Ուիթմերը: (Եթե ուսանողները չեն հիշում, հրավիրեք նրանց անդրադառնալ Վարդապետություն և Ուխտեր 28.8–9, 30.5-ին: Այդ միսիոներները կանչված էին քարոզելու լամանացիներին Միսսուրիի արևմտյան սահմանի վրա: Օգնեք ուսանողներին գտնել այդ տարածքը քարտեզի վրա:)

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 32-ի նախաբանը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն հարցին, որն առաջացել էր Եկեղեցու մի քանի երեցների մոտ՝ կապված միսիայի հետ, որին կանչվել էին Օլիվեր Քաուդերին և Պիտեր Ուիթմեր կրտսերը:

  • Ի՞նչ հարց ունեին Եկեղեցու որոշ երեցներ լամանացիների մեջ միսիայի հետ կապված: (Նրանք ուզում էին իմանալ, թե արդյոք կարող էին լրացուցիչ միսիոներներ կանչվել լամանացիներին ուսուցանելու համար:)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 32.1-3 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ կանչվեցին անել Փարլի Պ․ Պրատը և Զիբա Պիտերսոնը, և թե ինչ նրանց խոստացավ Տերը:

  • Ի՞նչ պետք է անեին Փարլին և Զիբան:

  • Ի՞նչ Տերը խոստացավ նրանց:

Կարող եք նշել նմանությունը այն խոստումների, որոնք տրված են Վարդապետություն և Ուխտեր 32.3-ում, և գրատախտակին գրված սկզբունքի. Եթե մենք հավատարիմ ենք մինչև վերջ, Տերը մեզ հետ կլինի:

Կարող եք բացատրել, որ 1830թ. աշնան և 1830–31թթ. ձմռան ընթացքում միսիոներների մի փոքր խումբ (որին հետագայում միացավ Օհայոյից Ֆրեդերիկ Գ․ Վիլյամս անունով մի նորադարձ) անցան մոտ 2400 կմ Ֆայեթից, Նյու Յորք, մինչև Ինդիփենդենս, Միսսուրի, հիմնականում ոտքով: Այս չորս միսիոներները հասան Ինդիփենդենս 1831թ. հունվարի կեսերին: Ճամփորդության ժամանակ նրանք դիմացել են ուժգին սառնամանիքի, քամիների, գերհոգնածության, սնվելով հիմնականում եգիպտացորենի սառած հացով և վայրի խոզի մսով: Որոշ տեղերում ձյունը, որի միջով նրանք անցնում էին, հասնում էր երեք ֆուտ բարձրության: Չնայած այդ դժվարություններին, միսիոներները հաջողությամբ ներկայացրեցին ավետարանը Ամերիկյան հնդկացիներին, ովքեր ապրում էին Հնդկացիների տարածքում՝ Միսսուրիի արևմտյան սահմանների մոտ: Նրանք նաև քարոզեցին ավետարանը Մենտորում և Կիրթլենդում, Օհայո, մի համայնքի, ովքեր փնտրում էին Նոր Կտակարանի Քրիստոնեության վերականգնումը: (Ուսանողները ավելին կսովորեն այդ մարդկանց և նրանց ղեկավարի՝ Սիդնի Ռիգդոնի մասին, երբ ուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 35:) Տերը կատարեց Իր խոստումը. Նա եղավ այդ միսիոներների հետ և ոչինչ չխանգարեց նրանց: (Sես Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 84–85:)

Կարող եք ավարտել այս դասը՝ վկայելով այս դասին քննարկված ճշմարտությունների մասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 31

Վարդապետություն և Ուխտեր 31-ում գրված հայտնությունը այն շարքից է (տես ՎևՈւ 30–36), որը Տերը տվել է միսիոներական աշխատանքի վերաբերյալ այն ժամանակաընթացքում, երբ Նա առաջին անգամ հայտնեց Իր ժողովրդին հավաքելու սկզբունքը (տես ՎևՈւ 29.1–8) և երբ Նա առաջին անգամ նշեց նրանց հավաքամն վայրը (տես ՎևՈւ 37):

Վարդապետություն և Ուխտեր 31.2, 5–8: Մեր հավատարմության շնորհիվ մեր ընտանիքի անդամները կարող են իմանալ ճշմարտությունը

Յուրաքանչյուր անձ, ով սովորում է Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին, պետք է ինքնուրույն որոշի, ընդունի այն, թե՝ ոչ: Սակայն հավատարմության մեր օրինակը կարող է ազդել մյուսների վրա: Խոստումները կատարելու Տիրոջ եղանակները և ժամանակացույցը, ինչպես Թոմաս Բ. Մարշին Վարդապետություն և Ուխտեր 31.2, 5–8-ում տրված Իր խոստումների դեպքում, միշտ չէ, որ համընկնում են մեր հույսերի և ակնկալիքների հետ: Ինչևէ, Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ պատմությունը, որը Կանադայում միսիայի նախագահ ծառայելու իր փորձառության մասին է, ցուցադրում է, որ Տերը կատարում է հավատարիմներին տված իր խոստումները.

Նկար
President Thomas S. Monson

«Մի օր իմ գրասենյակում նստած էր նոր ժամանած մի միսիոներ: Նա պայծառ էր, ամուր, երջանիկ, եռանդուն, լի ծառայելու ցանկությամբ և երախտապարտ, որ միսիոներ էր: Նրա հետ խոսելիս ես ասացի. «Երեց, ես պատկերացնում եմ, թե ինչպես են քո հայրն ու մայրը ամբողջ սրտով աջակցում քեզ քո միսիայի կոչման մեջ»: Նա կախեց գլուխը և պատասխանեց. «Դե, ոչ այնքան: Գիտեք, Նախագահ, հայրս Եկեղեցու անդամ չէ: Նա չի հավատում, ինչպես մենք ենք հավատում, այնպես որ նա չի կարող լիովին գնահատել իմ կանչի կարևորությունը»: Առանց տատանվելու և հուշում ստանալով, ես ասացի նրան. «Երեց, եթե դու ազնվորեն և ջանասիրաբար ծառայես Աստծուն` հայտարարելով Նրա ուղերձը, քո հայրը կմիանա Եկեղեցուն քո միսիան դեռևս չավարտված»: Որպես համաձայնության նշան նա իր ձեռքը մեկնեց ինձ, նրա աչքերին արցունքներ երևացին և սկսեցին հոսել ներքև, և նա ասաց. «Չեմ կարող պատկերացնել իմ կյանքում ավելի մեծ օրհնություն, քան երբ տեսնեմ ճշմարտությունն ընդունած հորս»:

Այս երիտասարդը չծուլացավ, հույս տածելով և փափագելով, որ այդ խոստումը կկատարվի, նա հետևեց Աբրահամ Լինքոլնի օրինակին, ում մասին գրել են․ «Երբ նա աղոթում էր, աղոթում էր այնպես, ասես ամեն ինչ կախված է Աստծուց, այնուհետև գործում այնպես, կարծես, ամեն ինչ կախված էր միայն իրենից»: Այսպիսին էր այդ երիտասարդի միսիոներական ծառայությունը:

Միսիոներների ամեն համաժողովի ժամանակ նախքան հավաքի սկսվելը, ես փնտրում էի նրան և հարցնում. «Երեց, ինչպե՞ս է հայրիկիդ առաջադիմությունը»:

Նրա պատասխանն անփոփոխ էր. «Ոչ մի առաջընթաց, Նախագահ, սակայն գիտեմ, Տերը կկատարի ձեր` իմ միսիայի նախագահի միջոցով ինձ տրված Իր խոստումը»: Օրերը շաբաթներ էին դառնում, շաբաթներն ամիսներ, և վերջապես, մեր միսիան ավարտելուց երկու շաբաթ առաջ, ես նամակ ստացա այդ միսիոների հայրիկից: Ես ուզում եմ կիսվել ձեզ հետ դրանով այսօր:

«Հարգելի Եղբայր Մոնսոն,

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ այդքան լավ հոգ եք տարել որդուս համար, որը վերջերս է ավարտել իր միսիան Կանադայում:

Նա ոգեշնչում էր մեզ համար:

Որդիս խոստում էր ստացել, որ երբ ավարտի իր միսիան, նախքան տուն վերադառնալը ես Եկեղեցու անդամ կդառնամ: Կարծում եմ, այդ խոստումը տվել էիք դուք, ինձ չճանաչելով:

Ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ ես մկրտվել եմ Եկեղեցում նրա միսիան ավարտվելուց մեկ շաբաթ առաջ:

Նրա փոքր եղբայրը վերջերս է մկրտվել և հաստատվել որպես Եկեղեցու անդամ:

Թույլ տվեք կրկին անգամ շնորհակալություն հայտնել ձեզ անցած երկու տարիների ընթացքում միսիայի դաշտում որդուս հանդեպ ցուցաբերած ձեր բարության և սիրո համար:

Հարգանքներով`

երախտապարտ հայր»:

Հավատի խոնարհ աղոթքը կրկին անգամ պատասխան ստացավ» (in Conference Report, Apr. 1964, 131–32):

Վարդապետություն և Ուխտեր 31.10: Ինչպե՞ս կարելի է Թոմաս Բ. Մարշին համարել եկեղեցու բժիշկ:

Թոմաս Բ. Մարշը խոտաբույսերի բժշկական հատկությունները օգտագործելու որոշ հմտություններ ուներ և կարողանում էր օգնել մարդկանց իր գիտելիքով: Սակայն նրա ավելի մեծ կոչումը հոգիներ բժշկելն էր: Կան արձանագրված շատ դեպքեր այն մասին, թե ինչպես էր Թոմաս Բ. Մարշը իր ժամանակը նվիրաբերում, օգնելով Եկեղեցու անդամներին լուծել իրենց խնդիրները:

Վարդապետություն և Ուխտեր 32: Արդյո՞ք lամանացիների մեջ կատարած միսիան հաջող էր:

Թեև լամանացիների մեջ կատարած առաջին միսիան այդքան էլ հաջող չէր ամերիկյան հնդկացիներին քարոզելու առումով, այն նշանակալի ազդեցություն ունեցավ Եկեղեցու վաղ պատմության վրա: Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը գրել է.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Մոտ տասնհինգ հարյուր մղոն ճամփորդությունը, հիմնականում անապատների միջով և սառնաշունչ եղանակի պայմաններում, տևեց մոտ չորս ամիս: Սակայն, դա շատ օգտակար ճամփորդություն էր, քանզի շատերը ընդունեցին ավետարանը ճանապարհին և մեծ ճյուղեր հիմնվեցին Կիրթլենդում և այլ վայրերում, և շատ ամուր տղամարդիկ միացան Եկեղեցուն: Սա առաջին միսիոներական ճամփորդությունն էր դեպի Նյու Յորք նահանգի արևմուտք, և արդյունքները անգնահատելի էին Եկեղեցու համար» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:150):

Վարդապետություն և Ուխտեր 32․1-3։ Փարլի Պ․ Պրատը և Զիբա Պիտերսոնը

Վարդապետություն և Ուխտեր 32-ի հայտնությունը հասցեագրված էր Փարլի Պ․ Պրատին և Զիբա Պիտերսոնին: Կարող եք կարդալ բարձրաձայն հետևյալ պատմական տեղեկությունը, որպեսզի դասարանն ավելին իմանա այդ երկու տղամարդկանց մասին.

1830թ. ամռանը Փարլի Պ․ Պրատը և նրա կինը՝ Թենկֆուլը, իրենց տնից Ամհերստում, Օհայո, ճանապարհ ընկան Նյու Յորք նահանգ՝ իրենց ազգականներին այցելելու: Սուրբ Հոգին հուշեց Փարլիին կանգ առնել Նյուարք գյուղում, Նյու Յորք, Պալմիրայի մոտակայքում, որտեղ նա իմացել էր Մորմոնի Գրքի մասին: Հետագայում նա գրել է գրքի մասին.

Նկար
Parley P. Pratt

«Ես կարդացի ամբողջ օրը, ուտելը բեռ էր, ես չէի ուզում ուտել, քնելը բեռ էր, երբ գալիս էր գիշերը, ես նախընտրում էի կարդալ:

Երբ կարդում էի, Տիրոջ հոգին ինձ հետ էր, և ես գիտեի և հասկանում էի, որ այդ գիրքը ճշմարիտ էր» (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt [1938], 20):

Փարլին ճանապարհորդեց Պալմիրա, որտեղ հանդիպեց Հայրում Սմիթին և ուսուցանվեց նրա կողմից: Շուտով Հայրումը և Փարլին մեկնեցին Ֆայեթ, Նյու Յորք, հանդիպելու Եկեղեցու աճող ճյուղի անդամներին: Փարլին մկրտվեց և կարգվեց որպես երեց Օլիվեր Քաուդերիի կողմից 1830թ. սեպտեմբերին:

Զիբա Պետերսոնի դարձի մասին քիչ բան է հայտնի: Մենք գիտենք, որ նա մկրտվել է Օլիվեր Քաուդերիի կողմից 1830թ. ապրիլին և կարգվել որպես երեց նույն տարվա հունիսին:

Վարդապետություն և Ուխտեր 32.3։ «Ոչ մի բան չի հաղթի նրանց»

Հետևյալ պատմությունը օրինակ է հանդիսանում, թե ինչպես Տերն օրհնեց Փարլի Պ․ Պրատին միսիա կատարելիս.

Կիրթլենդից հիսուն մղոն հեռու Փարլին ձերբակալվեց անհիմն մեղադրանքով, դատվեց և դատապարտվեց բանտարկության կամ տուգանք վճարելու (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt [1938], 36): Քանի որ նա չէր կարող վճարել, մեկ գիշեր անցկացրեց կողպված հանրային հյուրանոցում: Հաջորդ առավոտ նրա ուղեկիցները այցելեցին իրեն, որոնց նա հորդորեց արագ հեռանալ, շարունակելով իրենց ճանապարհը, խոստանալով, որ շուտով կհասներ նրանց: Փարլին պատմում է. «Որոշ ժամանակ կրակի մոտ նստելուց հետո, ես խնդրեցի ոստինանին, որ թույլ տար արտահայտվեի: Ես դուրս եկա հրապարակ նրա ուղեկցությամբ: Ես ասացի. «Պարոն Փիբոդի, դուք լա՞վ եք վազում»: «Ոչ, - ասաց նա: - Բայց իմ մեծ շունը լավ է վազում, և նա վարժեցվել է օգնելու ինձ իմ ծառայության մեջ այս մի քանի տարիները: Նա գետնին կգցի ցանկացած մարդու իմ հրամանով»: «Լավ, Պարոն Փիբոդի, դուք ինձ համոզեցիք գնալ մեկ մղոն, ես ձեզ հետ անցա երկուսը: Դուք ինձ տվեցիք քարոզելու, երգելու հնարավորություն, նաև թույլ տվեցիք վայելելու գիշերակացը և նախաճաշը: Ես պետք է այժմ շարունակեմ ին ճանապարհորդությունը: Եթե դուք լավ եք վազում, կարող եք ուղեկցել ինձ: Ես շնորհակալ եմ ձեր բարության համար, ցտեսություն, պարոն»:

Ես սկսեցի իմ ճանապարհը, մինչ նա ապշած կանգնած էր և չէր կարողանում մի քայլ անգամ առաջ գցել: Նա դեռ խելքի չէր եկել, որպեսզի իմ ետևից ընկներ, երբ ես արդեն անցել էի երկու հարյուր յարդ: Ապա նա սկսեց գոչել, հրամայելով իր շանը բռնել ինձ: Շունը, որն իմ տեսած ամենամեծ շներից էր, կատաղած հասնում էր ինձ, իսկ ոստիկանը, որը դեռ վազում էր, ծափ էր տալիս ձեռքերով և գոչում. «Վերցրու նրան, վերցրու նրան, ներքև գցի, ասում եմ, բռնի» և մատով ցույց էր տալիս այն ուղղությամբ, որով ես վազում էի: Շունն արդեն հարձակվում էր ինձ վրա, երբ, կայծակի արագությամբ, մի միտք ծագեց՝ ինչու չօգնել ոստիկանին ուղարկել կատաղած շանը դեպի անտառ, որն իմ առջևում էր: Ես մատնացույց արեցի այդ ուղղությամբ, ծափ տվեցի և գոչեցի, կրկնօրինակելով ոստիկանին: Շունը կրկնակի արագությամբ անցավ իմ կողքով, վազելով դեպի անտառ՝ հրամաններ ստանալով և ոստիկանի, և իմ կողմից, մինչ երկուսս էլ վազում էին նույն ուղղությամբ»:

Ազատվելով շնից և ոստիկանից, Երեց Փրատը միացավ իր ընկերներին շրջանցող ճանապարհով: Հետագայում Փարլին իմացավ, որ Սիմեոն Քարտերը, որին նա տվել էր Մորմոնի Գիրքը, ինչպես նաև այդ տարածքում վաթսուն հոգի ևս, միացան Եկեղեցուն (տես Autobiography of Parley P. Pratt, 38–39):