Սեմինարիա
Դաս 45. Օհայոյում


Դաս 45

Օհայոյում

Նախաբան

Այս դասն ուսանողներին համառոտ ակնարկ կտա Օհայոյում Սրբերի ունեցած փորձառություններից: 1830թ. դեկտեմբերին սրբերին հրահանգվել էր տեղափոխվել Օհայո (տես ՎևՈւ 37.3), և 1831թ. հունվարին նրանց խոստացվել էր, որ նրանք «զորությամբ կօժտվեն ի վերուստ», եթե հնազանդվեն (ՎևՈւ 38.32):

Նրանք, ովքեր հավաքվեցին Օհայոյում, առատորեն օրհնվեցին: Շարունակական հայտնությունները բերեցին սրբերին Հիսուս Քրիստոսի ավետարանի ավելի խորը իմացություն: Նրանք նաև ստացան օրհնություններ, որոնք տրվում են տաճար կառուցելու և ավետարանը քարոզելու շնորհիվ: Մինչդեռ Եկեղեցին Օհայոյում աճում էր թվով և հոգեպես ամրանում, սաստիկ թշնամանքը եկեղեցու և նրա ղեկավարների հանդեպ նույնպես աճեց: Նախագահ Ջոզեֆ Սմիթն ապրում էր Կիրթլենդում, 1831թ. հունվարից մինչև 1838թ. հունվարը:

Ուսուցանման առաջարկներ

Ակնարկ Կիրթլենդի մասին

Բացատրեք, որ 1831թ. հունվարին մարգարե Ջոզեֆ Սմիթն ու նրա կինը` Էմման, ինչպես նաև Սիդնի Ռիգդոնն ու Էդվարդ Պատրիջը լքեցին Նյու Յորքը, տեղափոխվելով Օհայո: Հաջորդ հինգ ամիսների ընթացքում Նյու Յորքի սրբերի մեծամասնությունը հետևեց նրանց: Հետևյալ չորս մինի-դասերը պարունակում են եկեղեցու պատմությունից Օհայոյի նշանակալից իրադարձությունների մասին ակնարկը: Դասարանը բաժանեք չորս խմբի և յուրաքանչյուր խմբին հանձնարարեք չորս մինի-դասերից մեկը: (Եթե ձեր դասարանի ուսանողների թիվը չի բավարարում սա անելու համար, կարող եք բաժանել դասարանը չորսից պակաս խմբերի և հանձնարարել ամեն խմբին մեկից ավել մինի-դաս): Հրավիրեք ուսանողներին սովորել իրենց նյութերը և պատրաստվել ուսուցանելու սովորածը դասարանին: Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ կունենան պատրաստվելու համար, յուրաքանչյուր խմբից թող ընտրվի մեկը, ով կուսուցանի դասարանին: Յուրաքանչյուր դասը պետք է տևի երեքից չորս րոպե:

Մինի-դաս 1. Եկեղեցու Օրենքը

Սկսեք, ուսանողներին տալով հետևյալ հարցերը.

  • Ինչո՞ւ են կարևոր օրենքները:

  • Ինչո՞ւ են օրենքները կարևոր եկեղեցում:

Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը խոստում էր տվել սրբերին. «կտամ ձեզ իմ օրենքը», երբ գնան Օհայո (ՎևՈւ 38.32): Բացատրեք, որ երբ սրբերը ժամանեցին Օհայո, Տերն իրականացրեց Իր խոստումը և տվեց հայտնություն, որը կոչվեց Եկեղեցու Օրենք: Այս օրենքը, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 42 բաժնում, պարունակում է պատվիրաններ և հրահանգներ, որոնք կանոնակարգում են եկեղեցու գործունեությունը: Խնդրեք դասարանի անդամներին աչքի անցկացնել Վարդապետություն և Ուխտեր 42 բաժնի ամփոփ նկարագիրը (գտնվում է առաջին հատվածից առաջ), գտնելով որոշ օրենքներ, որ Տերը տվել է սրբերին:

Խնդրեք ուսանողներին բաժնի ամփոփ նկարագրի մեջ նշել «Շարադրվում են ունեցվածքի նվիրաբերումը կառավարող օրենքներ» արտահայտությունը:

Բացատրեք, որ այս հայտնությամբ Տերը տվել է նվիրաբերման օրենքը, որը «սուրբ սկզբունք է, որով տղամարդիկ և կանայք կամովի նվիրաբերում են իրենց ժամանակը, տաղանդներն ու նյութական միջոցները` Աստծո թագավորությունը հիմնադրելու և կառուցելու համար» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Նվիրաբերել, Նվիրաբերման օրենք», scriptures.lds.org): Նվիրաբերման օրենքի նպատակներից մի քանիսը ներառում են կարիքավորների համար հոգ տանելը, ագահությանը վերջ տալը և սրբերի մեջ միասնություն ստեղծելը:

Երբ Տիրոջ բացահայտած նվիրաբերման օրենքից անցել էր մեկ տարուց մի փոքր ավել, Նա հրահանգեց եկեղեցու ղեկավարներին հիմնադրել Միացյալ Տնտեսությունը: Միացյալ Տնտեսության նպատակներից մեկը, որը հիմնված էր նվիրաբերման օրենքի սկզբունքների վրա, շտեմարանի կազմավորումն էր, եկեղեցու անդամների, հատկապես աղքատների ժամանակավոր կարիքները հոգալու համար: Սա օրհնություն էր սրբերի համար այդ ժամանակ, քանի որ եկեղեցու շատ անդամներ, ովքեր տեղափոխվել էին Նյու Յորքից Օհայո, թողել էին իրենց տներն ու սեփականությունը: Միացյալ Տնտեսությունը նաև միջոցներ էր տրամադրում ֆինանսավորելու համար Եկեղեցու այնպիսի նախաձեռնություններն, ինչպիսիք էին միսիոներական աշխատանքը և տպագրական ջանքերը: Ապագա դասերում մենք ավելի մանրակրկիտ կսովորենք նվիրաբերման օրենքի և սրբերի վրա դրա ազդեցության մասին:

Մինի-դաս 2. Կիրթլենդի Տաճարը

Հիշեցրեք ուսանողներին Տիրոջ խոստումը` օժտելու սրբերին «զորությամբ ի վերուստ», երբ նրանք ժամանեին Օհայո (տես ՎևՈւ 38.32): Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.119 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ պատվիրաններ է տվել Տերը սրբերին: Երբ նրանք ընթերցեն, որ Տերը պատվիրել էր նրանց հաստատել մի տուն, բացատրեք, որ «տուն» ասելով Տերը նկատի ուներ տաճարը: Կիրթլենդի տաճարը ժամանակի այս տնտեսությունում կառուցված առաջին տաճարն էր:

Հրավիրեք ուսանողներին դիտել Կիրթլենդի տաճարի նկարն իրենց սուրբ գրություններում (Եկեղեցու պատմության նկարներ, Նկար 9, «Կիրթլենդի Տաճարը»):

Բացատրեք, որ Կիրթլենդի տաճարի կառուցման համար պահանջվեց երեք տարի: 1836թ. մարտի 27-ին տաճարի նվիրագործումից հետո Տերը սկսեց իրականացնել Իր խոստումը` օժտելով սրբերին զորությամբ և նրանք ունեցան հրաշալի հոգևոր օրհնություններ: Օրինակ, Տերն անձամբ հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Կիրթլենդի տաճարում և հայտարարեց, որ «ընդունել է այս տունը» (ՎևՈւ 110.7): Նա նաև ուղարկեց երկնային երեք սուրհանդակների` Մովսեսին, Եղիասին և Եղիային երկրի վրա վերականգնելու քահանայության կենսական բանալիները: Այս բանալիները սրբերին իշխանություն կտային կատարելու տաճարային արարողությունները և ընտանիքները կնքելու հավերժության համար: Բացի այդ, այդ պահին վերականգնվեցին «Իսրայելը հավաքելու բանալինելը» (ՎևՈւ 110.11): Արդյունքում, միսիոներները կանչվեցին և իշխանություն ստացան քարոզելու ավետարանն ամբողջ աշխարհում:

Մինի-դաս 3. Միսիոներական աշխատանք

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.6-7 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ պատվիրաններ է տվել Տերը սրբերին Օհայո տեղափոխվելուց հետո: Երբ ուսանողները կարդան հատվածները, տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ պատվիրան տվեց Տերը սրբերին:

  • Համաձայն 6 հատվածի, ինչպե՞ս պետք է միսիոներները քարոզեին ավետարանը:

  • Ինչո՞վ են նման այս և ներկայիս լիաժամկետ միսիոներների կողմից ավետարանը քարոզելու եղանակները:

Բացատրեք, որ երբ նվիրագործվեց Կիրթլենդի տաճարը և վերականգնվեցին Իսրայելը հավաքելու բանալիները, եկեղեցու անդամները սկսեցին քարոզել Հիսուս Քրիստոսի ավետարանը ավելի շատ տեղերում: Հրավիրեք ուսանողներին բացել իրենց սուրբ գրություններում առկա Եկեղեցու պատմության քարտեզների` Քարտեզ 3-ը («ԱՄՆ-ի Նյու Յորք, Պենսիլվանիա և Օհայո տարածքները»):

Երբ ուսանողները ծանոթանում են քարտեզին, հիշեցրեք, որ Տերը խոստացել էր սրբերին` ուղարկել ավետարանը քարոզելու «բոլոր ազգերի մեջ» (ՎևՈւ 38.33): Բացատրեք, որ Կիրթլենդն իդեալական վայր էր սկսելու համար միսիոներներին ուղարկել ամբողջ աշխարհով մեկ: Կիրթլենդը մոտ էր գտնվում Միացյալ Նահանգների հիմնական տրանսպորտային մի քանի երթուղիներին: Կիրթլենդից միսիոներները կարճ տարածություններ անցնելով հասնում էին Ամերիկայի խոշոր գետերի և Էրի լճի շոգենավերի մոտ: Նրանց նաև հասանելի էր դեպի հարավ ձգվող ազգային ճանապարհային ցանցը և ջրանցքի համակարգը` դեպի հյուսիս: Այս պատճառով Կիրթլենդը միսիաների ելակետ էր դեպի Կանադա, Միացյալ Նահանգների տարբեր ծայրերը և Մեծ Բրիտանիա:

Բացատրեք, որ այդ ժամանակ տարված միսիոներական աշխատանքի շնորհիվ եկեղեցու անդամությունն ամբողջ աշխարհում ավելացավ հազարներով: 1837թ. երեցներ Հեբեր Կ. Քիմբալն ու Օրսոն Հայդը հինգ ուրիշների հետ կանչվել էին Մեծ Բրիտանիայի միսիա, որտեղ նրանք մկրտել էին 2000 մարդ: Մինչ 1838թ., երբ սրբերը հեռացան Կիրթլենդից հալածանքների պատճառով, այնտեղ կային մոտ 2000 եկեղեցու անդամներ և մոտ 18000` ամբողջ աշխարհում:

Մինի-դաս 4. Այլ նշանակալից հայտնություններ և իրադարձություններ

Խնդրեք դասարանի անդամներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.61 հատվածը: Երբ նրանք ավարտեն ընթերցանությունը, ասացեք, որ Ջոզեֆ Սմիթի Օհայո գալուց հետո Տերն ասաց նրան, որ պետք է ստանա «հայտնություն հայտնության վրա», եթե խնդրի Աստծուն: Ապա խնդրեք ուսանողներին բացել Վարդապետություն և Ուխտերի բովանդակության ժամանակագրական ցանկը (գտնվում է նախաբանից հետո): Խնդրեք նրանց որոշել Վարդապետություն և Ուխտերում գրանցված ամենաշատ հայտնությունների ստացման վայրը: Երբ նրանք հայտնաբերեն, որ ամենաշատ հայտնությունները ստացվել են Օհայոյում, բացատրեք, որ Օհայոյում ստացված հայտնությունների առատությունը` Տիրոջ խոսքի իրականացումն էր:

Օհայոյում ստացված մի քանի նշանակալից հայտնություններին դասարանը ծանոթացնելու համար, յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք Վարդապետություն և Ուխտերի հետևյալ բաժիններից մեկ կամ երկուսը. Վարդապետություն և Ուխտեր 76; 89; 107; 137:

Հանձնարարություն ստացած ուսանողներին խնդրեք յուրաքանչյուր բաժնի համար կարդալ նախաբանը և բաժնի ամփոփ նկարագիրը, որը գտնվում է առաջին հատվածից առաջ: Ապա խնդրեք յուրաքանչյուր ուսանողի պատասխանել, թե ինչով էին նշանակալից նրանց հանձնարարված բաժինները: Երբ պատասխանեն, հավաստիացեք, որ նշում են հետևյալը.

Վարդապետություն և Ուխտեր 76; 137 (Հայտնություններ փառքի երեք աստիճանների մասին և սելեստիալ թագավորության տեսիլքը)

Վարդապետություն և Ուխտեր 89 (Իմաստության Խոսքը)

Վարդապետություն և Ուխտեր 107 (Հայտնություն քահանայության մասին)

Երբ յուրաքանչյուր ուսանող հնարավորություն ունենա խոսելու, տվեք հետևյալ հարցը.

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ փորձառություն էր Օհայոյի սրբերի համար` լսել այս սկզբունքներն առաջին անգամ:

Բացատրեք, որ բացահայտված այս ճշմարտություններից զատ Տերը նաև պատվիրել էր Ջոզեֆ Սմիթին կազմակերպել եկեղեցու ղեկավարությունն այդ ժամանակ: Առաջին Նախագահությունը, Տասներկու Առաքյալների քվորումը և Յոթանասունի քվորումը պաշտոնապես կազմավորվեցին, երբ սրբերն ապրում էին Օհայոյում: Բացի այդ, Ջոզեֆ Սմիթը շարունակեց Աստվածաշնչի թարգմանության իր աշխատանքը:

Թշնամությունն ու ուրացությունը անհանգստացնում էին Օհայոյի հավատացյալներին:

Երբ ուսանողներն ավարտեն վերոնշյալ զրույցը, բացատրեք, որ այն ժամանակ, երբ սրբերն առատորեն օրհնվում էին Տիրոջ կողմից Օհայոյում, Սատանան մեծացրեց իր ընդդիմությունը եկեղեցու հանդեպ: Հենց որ սրբերը ժամանեցին Կիրթլենդ, հակա-մորմոնական քննադատները հարձակում սկսեցին եկեղեցու վրա:

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Ջոզեֆ Սմիթի խոսքերն այս պայմանների վերաբերյալ.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Բազմաթիվ կեղծ հոդվածներ, ստախոսություններ և հիմար պատմություններ էին տպագրվել թերթերում և տարածվել բոլոր ուղղություններով, հետ պահելով մարդկանց այս աշխատանքն ուսումնասիրելուց կամ հավատքն ընդունելուց» (Եկեղեցու Պատմություն, 1.158):

Բացատրեք, որ որոշ բացասական հոդվածներ սկսել էին տարածել մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով լքել էին եկեղեցին: Օրինակ, 1831թ. սեպտեմբերին Էզրա Բութ անունով եկեղեցու մի նախկին անդամ փորձում էր տարհամոզել մարդկանց եկեղեցուն միանալուց և ինը հատ նամակ էր տպագրել, մանրամասնելով իր քննադատությունը եկեղեցու նկատմամբ (տես Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013], 203–4; տես նաև Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 113–15): Այդ նամակներն ավելացրեցին թշնամանքը եկեղեցու հանդեպ: Նման ազդեցություններից բխող հալածանքը երբեմն վերածվում էր բռնության, հատկապես մարգարեի և եկեղեցու մյուս ղեկավարների հանդեպ:

Ծանր մի միջադեպի ժամանակ, 1832թ. մարտի 24-ի գիշերը, 25-ից 30 տղամարդկանցից բաղկացած ամբոխը հարձակվեց Ջոն Ջոնսոնի տան վրա Հայրամում, Օհայո, որտեղ ապաստանել էին Ջոզեֆ և Էմմա Սմիթները: Տղամարդիկ, ուժի գերակշռությամբ, քաշելով դուրս հանեցին Ջոզեֆ Սմիթին գիշերով: Նրանք խեղդեցին նրան, մերկացրեցին և բռնի ուժով թթու պարունակող սրվակ էին փորձում խցկել նրա բերանը, որը կոտրեց նրա ատամներից մեկը, ինչի պատճառով հետագայում նա մի փոքր սուլոցով էր խոսում: Այնուհետև նրանք թողեցին նրան` կուպրով ու փետուրներով պատված: Ջոզեֆն ուժերը հավաքելով, մի կերպ տուն վերադարձավ: Երբ նա դռան մոտ հասավ, Էմման տեսավ նրան կուպրով պատված, նրան թվաց, թե արյունաշաղախ է և ուշաթափվեց: Ընկերներն ամբողջ գիշեր մաքրում էին նրան այդ կուպրից: Հաջորդ օրը կիրակի էր, Ջոզեֆը քարոզ էր կարդում, որին ներկա էին այդ ամբոխի անդամներից մի քանիսը: Քարոզից հետո Ջոզեֆը երեք հոգու մկրտեց: (Տես Եկեղեցու Պատմություն, 1.261–65):

Այս հարձակման ժամանակ տեղի ունեցած կռվի ու իրարանցման պատճառով տան դուռը բաց էր մնացել: Արդյունքում, Ջոզեֆի որդին` Ջոզեֆ Մըրդոք Սմիթը, որ կարմրուկով հիվանդ էր, ուժեղ մրսածության պատճառով հինգ օր անց մահացավ: Այդ նույն գիշերը Սիդնի Ռիգդոնին կրունկներից բռնած քարշ էին տվել տնից դուրս: Նրա գլուխը դաժան պատռվածքներ էր ստացել կոպիտ, սառցեպատ գետնից, և նա զառանցանքների մեջ էր մի քանի օր շարունակ: (Տես Եկեղեցու Պատմություն, 1.265):

Բացատրեք, որ չնայած այս և ուրիշ դժվարությունների, սրբերը շարունակում էին հավաքվել Կիրթլենդում, մասնավորապես 1836թ.-ից մինչև 1838թ.: Սակայն, 1837թ. ձմռանն ու 1838թ. գարնանը հալածանքն այնքան ուժգին դարձավ, որ սրբերից շատերը ստիպված էին հեռանալ Օհայոյից: Եկեղեցու որոշ ղեկավարներն, այդ թվում Ջոզեֆ Սմիթը, Սիդնի Ռիգդոնը և Բրիգամ Յանգը պետք է փախչեին Կիրթլենդից` իրենց կյանքը փրկելու համար:

Դասն ամփոփեք վկայելով, որ թեև եկեղեցին ծանր փորձությունների և հալածանքների էր ենթարկվում Կիրթլենդում, Տերն առատորեն օրհնում էր նրանց, ովքեր հավատարիմ էին մնում:

Բացատրական և պատմական տեղեկություն

Կիրթլենդի ուրացությունը

1833թ. եկեղեցու մեկ այլ նախկին անդամ մեծ խնդիրներ ստեղծեց եկեղեցու համար: Բժիշկ Ֆիլաստուս Հարլբութը եկեղեցու երեց էր, սակայն հեռացվել էր եկեղեցուց, միսիայում ծառայելու ժամանակ շնություն կատարելու համար: Թեև եկեղեցու ղեկավարները ողորմած գտնվեցին նրա հանդեպ և թույլ տվեցին վերականգնել նրա անդամությունը, նա կրկին հանցանք գործեց և երկրորդ անգամ հեռացվեց: Այնուհետև Հարլբութը փորձեց վարկաբեկել եկեղեցին և Ջոզեֆ Սմիթին, հավաքելով հակա-մորմոնական ցուցմունքներ և կեղծ հայց ներկայացնելով, որ Մորմոնի Գիրքը գրվել է Սոլոմոն Սփոլդինգի ձեռագրի հիման վրա, այլ ոչ թե թարգմանված է Աստծո զորությամբ:

Հարլբութը հայտարարեց, որ Սիդնի Ռիգդոնը գաղտնի ձեռք է բերել Սփոլդինգի ձեռագիրը և Ջոզեֆ Սմիթի հետ միասին գրագողության միջոցով ստեղծել են Մորմոնի Գիրքը: Սակայն Մորմոնի Գիրքը վարկաբեկելու այս փորձը լիովին անհիմն էր: Երբ գտնվեց Սփոլդինգի ձեռագիրը, փորձաքննությունը չէր կարողացել գտնել Մորմոնի Գրքի հետ ենթադրյալ զուգահեռներ, նույնիսկ նմանություն` այդ երկուսի միջև: Բացի այդ, Սիդնի Ռիգդոնը դեռ չէր հանդիպել Ջոզեֆ Սմիթին, դա տեղի էր ունեցել միայն Մորմոնի Գրքի հրապարակումից հետո: Օլիվեր Քաուդերին վկայել է Հարլբութի կեղծ մեղադրանքների մասին. «Ես … իմ ձեռքերում եմ բռնել ոսկե թիթեղները, որոնցից [Մորմոնի Գիրքը] թարգմանվել է: Ես նաև տեսել եմ մեկնիչները: Այդ գիրքը ճշմարիտ է: Սիդնի Ռիգդոնը չի գրել այն: Պրն. Սփոլդինգը չի գրել այն: Ես ինքս եմ գրել այն մարգարեի շուրթերից խոսվելու ժամանակ»: [Reuben Miller, journal, 1848–1849, Family and Church History Department Archives, 21 Oct. 1848; punctuation and spelling modernized.]” (as quoted in James E. Faust, “Some Great Thing,” Ensign, Nov. 2001, 47):

Օհայոյի որոշ բնակիչներ անհանգստացած են, որ եկեղեցու անդամները շուտով այնքան շատ կլինեն, որ ընտրական մեծամասնություն կկազմեն ու քաղաքական իշխանություն կունենան, ասել է Ֆիլաստուս Հարլբութը` վարկաբեկելու համար Ջոզեֆ Սմիթին և Մորմոնի Գիրքը: Ջոզեֆ Սմիթն ափսոսանք էր հայտնում մի նամակում, որ Եկեղեցու անդամները «տառապում են սաստիկ հալածանքից մի մարդու պատճառով, ում անունն է դոկտոր Հարլբութ, ով արդեն հեռացված է եկեղեցուց անպարկեշտ և շնացող վարքի համար և մեզ վշտացնելու նպատակով նա ճարպիկ կերպով ստում է և ժողովուրդը վազում է նրա հետևից, գումար տալիս նրան, որ ոչնչացնեն մորմոնիզմը, ինչը շատ է վտանգում մեր կյանքը ներկայումս»: (“Letter to William W. Phelps and Others, 18 August 1833,” 3; տես josephsmithpapers.org; spelling standardized).

Կիրթլենդի ուրիշ զարգացումներ

Կիրթլենդում էր, որ Տերը բացահայտեց եկեղեցու հիմնական կառուցվածքը: Քահանայության հետևյալ ծառայությունները բացահայտվել են Կիրթլենդի ժամանակաշրջանում. եպիսկոպոս, քահանայապետ, Առաջին Նախագահություն, հայրապետ, բարձրագույն խորհուրդ, Առաքյալ և Յոթանասունական: