Սեմինարիա
Դաս 39․ Վարդապետություն և Ուխտեր 33-34


Դաս 39

Վարդապետություն և Ուխտեր 33-34

Նախաբան

1830թ. հոկտեմբերին Տերը կանչեց Էզրա Թայրին և Նորթրոփ Սվիթին քարոզել ավետարանը: Այս հայտնությունը, որը տրված է Վարդապետություն և Ուխտեր 33-ում, ներառում է հրահանգներ, թե ինչպես այդ տղամարդիկ պետք է ուսուցանեին ավետարանը: Դրանից փոքր ինչ անց Վարդապետություն և Ուխտեր 34 բաժնում տրված հայտնության մեջ, Տերը գովեց Օրսոն Պրատին իր հավատքի համար և պատվիրեց նրան նույնպես քարոզել ավետարանը:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 33․1-6

Տերը կանչում է Էզրա Թայրին և Նորթրոփ Սվիթին քարոզել ավետարանը:

Մինչև դասը սկսելը գրեք հետևյալը գրատախտակին. փող, բերան, ականջ, բերքահավաքի պատրաստ դաշտ: (Եթե հնարավոր է, ցույց տվեք այդ առարկաների նկարները:) Դասի սկզբում տվեք հետևյալ հարցը.

  • Ինչպե՞ս են այդ առարկաները կապված միսիոներական աշխատանքի հետ:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 33-ի բովանդակությունը, բացատրեք, որ Էզրա Թայրը ապրում էր Ջոզեֆ Սմիթ ավագի ընտանիքի մոտ: Նա ճանաչում էր Սմիթի ընտանիքի անդամներին` վերջիններիս կողմից նրա համար տարբեր ժամանակներում կատարած աշխատանքների շնորհիվ: 1830թ. հոկտեմբերին Էզրա Թայրը և Պալմիրայի մեկ այլ բնակիչ՝ Նորթրոփ Սվիթը, մկրտվեցին Եկեղեցում: Դրանից քիչ ժամանակ անց Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ այդ երկու տղամարդկանց վերաբերյալ, որն այժմ գրառված է Վարդապետություն և Ուխտեր 33-ում։

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 33․1-2 հատվածները, ուշադրություն դարձնելով այն բառերին և արտահայտություններին, որոնք առնչվում են գրատախտակի նկարների (կամ բառերի) հետ: (Բերանի նկարի մասին կխոսվի ավելի ուշ դասի ընթացքում:) Երբ ուսանողները կիսվեն իրենց բացահայտածով, տվեք հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «բացեք ձեր ականջները և ականջ դրեք Տիրոջ … ձայնին»: Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Տիրոջը, որ մեր ականջները բաց են Նրա ձայնը լսելու համար:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հայտարարել ավետարանը «փողի հնչումով»:

Բացատրեք, որ Տերը հաճախ է օգտագործում ծանոթ առարկաները, օրինակ փողը, որպես խորհրդանիշներ՝ Իր ավետարանն ուսուցանելու համար և օգնելու մեզ հասկանալ հավերժական ճշմարտությունները: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 33.3 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ լրացուցիչ խորհրդանիշներ է Տերն օգտագործում այդ հայտնության մեջ:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է խորհրդանշում Տիրոջ այգին: (Աշխարհը:)

  • Ո՞ւմ կարող էին խորհրդանշել Տիրոջ այգու մշակները: (Տիրոջ Եկեղեցու անդամներին:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ժամը տասնմեկն է» արտահայտությունը: (Սա ավետարանի վերջին տնտեսությունն է և վերջին ժամանակը, երբ Տերը կհաստատի Իր արքայությունը երկրի վրա Իր Երկրորդ Գալուստից առաջ:)

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 33․4 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Տերը նկարագրում աշխարհում իրավիճակը 1830թ.:

  • Այդ հատվածում ո՞ր արտահայտություններն են նշանակալից ձեզ համար: Ինչո՞ւ: Ի՞նչ կարող ենք անել մենք՝ աշխարհի քայքայիչ ազդեցությունների դեմ մեզ ամրացնելու համար:

Գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունները. Տերը և է:

Ուսանողներին տվեք մի քանի րոպե, որ մտածեն, թե ինչ է Տերն արել կամ անում՝ օգնելու համար նրանց ամրանալ աշխարհի քայքայիչ ազդեցությունների դեմ: Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 33.5–6-ում Տերը հայտարարել է, թե ինչ է արել և մեկ բան, որն անում է՝ օգնելու համար մեզ ամրանալ աշխարհի քայքայիչ ազդեցությունների դեմ: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այդ հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել, փնտրելով այն, թե ինչ էր Տերն արել և անում մեզ ամրացնելու համար:

  • Համաձայն այս հատվածների, ի՞նչ է Տերն արել և անում այժմ՝ օգնելու համար մեզ ամրանալ աշխարհի քայքայիչ ազդեցությունների դեմ: (Պատասխանների ընթացքում ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք լրացնել գրատախտակին գրված նախադասության բացթողնված մասերը։) Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Տերը հիմնեց Իր Եկեղեցին և հավաքում է Իր ընտրյալներին վերջին օրերում:

Օգնելու համար ուսանողներին ավելի լավ հասկանալ այդ ճշմարտությունը և զգալ դրա կարևորությունը, հանձնարարեք նրանց աշխատել զույգերով և քննարկել իրենց պատասխանները հետևյալ հարցերին։ Կարող եք կարդալ այդ հարցերը բարձրաձայն, գրել դրանք գրատախտակին կամ բաժանել տպագիր թերթիկների վրա: (Մի ներառեք փակագծերի մեջ եղած պատասխանը:)

  1. Համաձայն հատված 6-ի, ովքե՞ր են ընտրյալները: (Նրանք, ովքեր կհավատան Աստծուն և ականջ կդնեն Նրա ձայնին:)

  2. Հաշվի առնելով աշխարհի քայքայված վիճակը, ինչո՞ւ է կարևոր, որ Տիրոջ ընտրյալները միասին հավաքվեն:

  3. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամը լինելը ինչպե՞ս է ամրացնում ձեզ աշխարհի քայքայիչ ազդեցությունների դեմ:

Վարդապետություն և Ուխտեր 33․7-18

Տերը Էզրա Թայրին և Նորթրոփ Սվիթին տալիս է հրահանգներ ավետարանը ուսուցանելու վերաբերյալ:

Անդրադարձեք գրատախտակին նկարած բերանին (կամ բերան բառին): Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 33․7-10 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ Տերն ուսուցանեց Էզրա Թայրին և Նորթրոփ Սվիթին, որ անեն: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ սովորեցին:

Գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին. Եթե մենք բացենք մեր բերանը՝ ավետարանը հայտարարելու, …

Խնդրեք ուսանողներին օգտվել Վարդապետություն և Ուխտեր 33.7–10-ից իրենց սովորածից այդ նախադասությունը լրացնելու համար: Կարող եք հրավիրել ուսանողներից մեկին գալ գրատախտակի մոտ և ավարտել սկբունքը։ Այն կարելի է գրել հետևյալ ձևով. Եթե մենք բացենք մեր բերանը՝ ավետարանը հայտարարելու համար, Տերը կոգեշնչի մեզ և մենք կիմանանք, թե ինչ ասել:

  • Որո՞նք են այն իրավիճակները, որոնց ժամանակ մենք կվարանենք բացել մեր բերանները ավետարանի մասին խոսելու համար:

  • Ե՞րբ եք դուք որոշել բացել ձեր բերանը ավետարանի մասին խոսելու համար և զգացել եք ոգեշնչված, իմանալով, թե ինչ ասել: Ե՞րբ եք դուք տեսել, որ ինչ-որ մեկը կիսվել է ավետարանով և ոգեշնչվել, իմանալով, թե ինչ պետք է ասի:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 33.11-15, բացատրելով, որ այդ հատվածներում Տերը հրահանգել է Էզրա Թայրին և Նորփրոփ Սվիթին քարոզել ավետարանի առաջին սկզբունքները և արարողությունները՝ հավատք առ Հիսուս Քրիստոս, ապաշխարություն, մկրտություն և Սուրբ Հոգու պարգև:

Անդրադարձեք կրկին գրատախտակին գրված սկզբունքին: Ուսանողներին խնդրեք մտածել, թե ինչ մենք պետք է անենք, բացի մեր բերանները բացելը, որպեսզի Տերը կարողանա ոգեշնչել մեզ և մենք իմանանք, թե ինչ ասենք, երբ կիսվուն ենք ավետարանով ուրիշների հետ: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 33.16–18 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն խորհրդին, որը Տերը տվեց Էզրային և Նորթրոփին, որը կօգներ նրանց իմանալ, թե ինչ ասել միսիոներ լինելիս։

  • Ի՞նչ խորհուրդ Տերը տվեց Էզրային և Նորթրոփին, որը կօգներ նրանց իմանալ, թե ինչ ասել միսիոներ լինելիս։ (Կարող եք ուսանողների պատասխանները գրել գրատախտակին։)

  • Ձեր կարծիքով, ո՞րն է «ունենալով ձեր լապտերները պատրաստ ու վառ, և ձեթ՝ ձեզ հետ» Տիրոջ խորհրդի նշանակությունը: (ՎևՈւ 33.17): ( Ամեն պահի լինել հոգևոր առումով պատրաստված և պատրաստ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Այդ հատվածը տաս կույսերի առակի մասին է, որը գտնվում է Մատթեոս ԻԵ.1–13-ում և հիշատակվում է Վարդապետություն և Ուխտեր 45.56–57-ում:)

  • Ինչպե՞ս կարող է այս հատվածներում տրված Տիրոջ խորհուրդն օգնել մեզ պատրաստ լինել բացել մեր բերանները կիսվելու համար ավետարանով ամեն պահի և ամեն իրավիճակում:

Վարդապետություն և Ուխտեր 34

Տերը գովում է Օրսոն Պրատին իր հավատքի համար և պատվիրում նրան նույնպես քարոզել ավետարանը:

Հրավիրեք ուսանողներին Վարդապետություն և Ուխտեր 34-ի նախաբանում գտնել մի օրինակ, երբ որևէ մեկն օրհնվում է, երբ մեկ այլ անձ բացում է իր բերանը` ավետարանով կիսվելու համար:

  • Ո՞վ է օրհնվել այդ օրինակում: Քանի՞ տարեկան էր Օրսոն Պրատը, երբ մկրտվեց: Ինչպե՞ս նա իմացավ ավետարանի մասին:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 34.1 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչպես է Տերը դիմում Օրսոնին: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով: Այնուհետև խնդրեք դասարանին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 34․2-3 հատվածները և բացահայտել, թե ինչու էր Տերը կոչում նրան «Իմ որդի»:

  • Ինչո՞ւ է Տերը կոչում Օրսոնին Իր որդին: (Տիրոջ հանդեպ Օրսոնի հավատքի շնորհիվ:)

  • Ըստ Վարդապետություն և Ուխտեր 34․3-ի, ի՞նչ է Տերն արել «բոլոր նրանց համար», ովքեր հավատում են Նրան: (Օգնելու համար ուսանողներին հասկանալ, որ այս հատվածում ճշմարտությունը վերաբերում է հավասարապես նաև կանանց, կարող եք առաջարկել, որ նրանք կարդան Վարդապետություն և Ուխտեր 25.1:)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 34.4-6 հատվածները: Խնդրեք ուսանողներին հետևել, փնտրելով, թե ինչ Տերն ասաց Օրսոնին այն մասին, թե ինչ ավելի շատ օրհնություններ կբերեր նրա կյանքում:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ մենք «ավելի օրհնված» կլինենք, եթե ուսուցանենք ավետարանն ուրիշներին:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 34.10-11 հատվածները: Խնդրեք ուսանողներին հետևել նրան, ուշադրություն դարձնելով օրհնություններին, որոնք տրվում են նրանց, ովքեր ջանասիրաբար կիսվում են ավետարանով ուրիշների հետ:

  • Ի՞նչ օրհնություններ են տրվում նրանց, ովքեր ջանասիրաբար ուսուցանում են ավետարանը: (Մինչ ուսանողները պատասխանում են, կարող եք գրել հետևյալ սկզբունքը գրատախտակին. Նրանք, ովքեր ջանասիրաբար ուսուցանում են ավետարանը, անում են դա Սուրբ Հոգու զորությամբ:)

  • Ի՞նչ օրհնություն է խոստացված նրանց, ովքեր հավատարիմ են: (Կարող եք նաև գրատախտակին գրել այս սկզբունքը. Եթե մենք հավատարիմ լինենք, Տերը մեզ հետ կլինի:)

  • Ինչպե՞ս կարող է Վարդապետություն և Ուխտեր 34.11-ի ճշմարտությունն օգնել ձեզ հուսահատության պահին:

Կարող եք եզրափակել, պատմելով այն ժամանակի մասին, երբ զգացել եք, որ Տերը ձեզ հետ է, երբ հավատարիմ եք եղել Նրան: Կարող եք նաև վկայել այս դասի ընթացքում քննարկված ճշմարտությունների մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 33 Նորթրոփ Սվիթ

Նորթրոփ Սվիթը մկրտվեց որպես Եկեղեցու անդամ Փարլի Պ. Պրատի կողմից 1830թ. հոկտեմբերին, Պալմիրայում, Նյու Յորք: Նա նշանակվեց ծառայելու միսիայում 1830թ. հոկտեմբերին (տես ՎևՈւ 33): Նա տեղափոխվեց Կիրթլենդ, Օհայո, 1831թ. հունիսին, որտեղ նա կարգվեց որպես երեց, սակայն քիչ ժամանակ անց հեռացավ Եկեղեցուց և փորձեց հիմնել այլ եկեղեցի, հայտարարելով, որ Ջոզեֆ Սմիթը կեղծ մարգարե էր:

Վարդապետություն և Ուխտեր 33.1: Աստծո խոսքը կենդանի է և զորավոր

Տերն օգտագործում է տպավորիչ պատկերներ` Իր խոսքի զորությունը նկարագրելու համար: Այն միտքը, որ Աստծո խոսքը զորավոր է, հեշտ է հասկանալ, որովհետև Նրա խոսքով է շարժվում ամեն-ինչ՝ երկնքից մինչև մարդու սիրտը: Կենդանի բառըՎարդապետություն և Ուխտեր 33.1-ում նշանակում է ապրող (տես Աստվածաշնչի բառարան, «Կենդանի»): «Երկսայր սրից հատու՝ հոդերը և ծուծը, հոգին և ոգին բաժանող» արտահայտությունը պատկերավոր նկարագրում է, թե ինչպես կարող է Աստծո խոսքը կտրել-անցնել մինչև մարդու սրտի խորքը (տես նաև 1 Նեփի 16.1–2):

Էզրա Թայրի դարձը օրինակ է, թե ինչպես է Աստծո խոսքը կենդանի և զորավոր: Էզրա Թայրը հիշում է.

«Երբ Հայրումը սկսեց խոսել, ամեն մի բառ դիպչեց հոգուս խորքին: Ինձ թվում էր, թե ամեն խոսք ինձ էր ուղղված: Աստված պատժեց ինձ և գամեց ինձ իմ տեղում: Ես չէի կարող այլևս զսպել ինձ: Արցունքները հոսում էին իմ այտերով, ես շատ գոռոզ և համառ էի: Այնտեղ շատերն էին ճանաչում ինձ, ես չէի համարձակվում գլուխս բարձրացնել: Ես մնացի նստած, մինչև որ ուշքի եկա, միայն հետո գլուխս բարձրացրեցի: Նրանք օրհներգեր երգեցին և դա լցրեց ինձ Հոգով: Երբ Հայրումն ասաց իր ասելիքը, նա վերցրեց մի գիրք և ասաց. «Ահա Մորմոնի Գիրքը Ես ասացի, որ տար տեսնեի այն: Ես բացեցի գիրքը և ցնցվեցի այնպիսի մեծ ուրախությամբ, որ գրիչը չի կարող գրել և լեզուն չի կարող արտահայտել: Ես փակեցի գիրքը և հարցրեցի դրա գինը: «Տասչորս շիլինգ», - հնչեց պատասխանը: Ես ասացի, որ կվերցնեմ գիրքը: Ես կրկին բացեցի այն և զգացի Հոգու կրկնակի ազդեցություն այնքան ուժեղ, որ չէի հասկանում՝ աշխարհում եմ գտնվում, թե ոչ: Ես, կարծես, իսկապես երկնքում լինելի:

Մարտին Հարրիսը շտապեց ինձ մոտ և ասաց, որ գիրքը ճշմարիտ է: Ես ասացի նրան, որ չկար դա ասելու կարիքը, քանզի ես գիտեի, ինչպես և նա, որ այն ճշմարիտ է» (Lyndon W. Cook, The Revelations of the Prophet Joseph Smith: A Historical and Biographical Commentary of the Doctrine and Covenants [1985], 47–48):

Վարդապետություն և Ուխտեր 33.9: Ձեր մեջքը բեռնված պիտի լինի որաներով

Ի՞նչ է նշանակում այն արտահայտությունը, որ մեր «մեջքը բեռնված պիտի լինի որաներով»: Այս արտահայտությունը վերաբերում է հացահատիկին, որը հավաքում են դաշտից: «Բեռնված լինել որաներով» նշանակում է ունենալ մեծ, առատ բերք: Սա խորհրդանշական արտահայտություն է, որը ներկայացնում է մեծ միսիոներական հաջողություն:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է այդ այլաբանության իմաստը.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Այս այլաբանության մեջ որաները ներկայացնում են Եկեղեցու նոր մկրտված անդամներին: Շտեմարանները սուրբ տաճարներն են: Երեց Նիլ Ա. Մաքսվելը բացատրել է. «Անշուշտ, երբ մենք մկրտվում ենք, մեր աչքերը պետք է նայեն մկրտության ավազանից այն կողմ՝ դեպի սուրբ տաճարը: Մեծ շտեմարանը, որտեղ որաները պետք է հավաքվեն, սուրբ տաճարն է» (in John L. Hart, ‘Make Calling Focus of Your Mission,’ Church News, Sept. 17, 1994, 4): Այս ցուցումը պարզաբանում և շեշտում է տաճարային սուրբ արարողությունների և ուխտերի կարևորությունը, որպեսզի որաները չկորչեն» («Պատվավոր անուն ու դիրք կունենա», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 97):

Վարդապետություն և Ուխտեր 34.1: Օրսոն Պրատ

Օրսոն Պրատը նկարագրել է, թե ինչպես է գործադրել առ Հիսուս Քրիստոս իր հավատքը պատանի հասակում.

Նկար
Elder Orson Pratt

«Տասից տասնիննը տարեկան հասակում ես տեսա աշխարհի մեծ մասը և ես այս ու այն կողմ էի շպրտվում առանց որևէ մշտական բնակավայրի, բայց Աստծո ողորմածությամբ ես պահվեցի շատ չարիքներից, որոնց ենթարկվում են երիտասարդ մարդիկ. բարոյականության և կրոնի վաղ տպավորությունները, որոնք պատվաստվել էին մտքումս ծնողներիս կողմից, միշտ մնացել են ինձ հետ. և ես հաճախ մեծ անհանգստություն էի զգում՝ նախապատրաստվելու ապագա վիճակի համար, բայց երբեք չէի սկսում իսկական լրջությամբ որոնել Տիրոջը, մինչև 1829 թվականի աշնանը: Այդ ժամանակ ես սկսեցի շատ ջերմեռանդորեն աղոթել, ապաշխարելով ամեն մեղքից: Գիշերվա լուռ ստվերներում, մինչ ուրիշները ննջում էին իրենց բարձերի վրա, ես հաճախ էի հեռանում որևէ գաղտնի վայր՝ միայնակ դաշտերում կամ հեռավոր ամայի վայրերում, և խոնարհվում էի Տիրոջ առջև և աղոթում էի ժամերով՝ կոտրված սրտով և փշրված հոգով, սա էր իմ մխիթարությունը և հրճվանքը: Սրտիս մեծագույն ցանկությունն էր իմանալ Տիրոջ կամքն իմ վերաբերյալ» (The Orson Pratt Journals, comp. Elden J. Watson [1975], 8–9):

Վարդապետություն և Ուխտեր 34.10: «Բարձրացրու ձայնդ»

Հնազանդվելով Տիրոջ պատվիրանին, որը տրված է Վարդապետություն և Ուխտեր 34.10-ում, Օրսոն Պրատը բարձրացրեց իր ձայնը՝ ավետարանով կիսվելու համար: Այս հայտնությունը ստանալուց փոքր ինչ անց Օրսոն Պրատն ընդգրկվեց Քոլսվիլ, Նյու Յորք միսիայում: Մի քանի տարի անց մեկ այլ միսիայի ժամանակ Օրսոնն «անցավ ոտքով մոտ 4000 մղոն, մասնակցեց 207 ժողովների, … մկրտեց 104 հոգու և հիմնեց Եկեղեցու մի քանի նոր ճյուղեր» (Orson Pratt, “History of Orson Pratt,” Millennial Star, Feb. 4, 1865, 72): Ողջ կյանքում իր ծառայության ընթացքում «նա հատեց օվկիանոսը տասնվեց անգամ՝ փրկության միսիայի շրջանակներում» (“Orson Pratt,” Contributor, Nov. 1881, 61):