Սեմինարիա
Դաս 99. Վարդապետություն և Ուխտեր 94-96


Դաս 99

Վարդապետություն և Ուխտեր 94-96

Նախաբան

1833 թվականի օգոստոսի 2-ին Տերը տվեց Վարդապետություն և Ուխտեր 94 բաժնում գրանցված հայտնությունը և ուղղորդեց Սրբերին հիմնել Կիրթլենդ քաղաքն այնպես, ինչպես Նա հրահանգեց նրանց հիմնել Սիոն քաղաքը Միսսուրիում: Տերը Սրբերին պատվիրեց նաև տուն կառուցել նախագահության համար (Եկեղեցու նախագահության շենք) և մի տուն` տպարանի համար` ի լրումն տաճարի, որը Նա նախկինում պատվիրել էր Սրբերին կառուցել: Երկու ամիս առաջ 1833 թվականի հունիսի 1-ին, Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 95 բաժնում, որտեղ Տերը խրատում էր Սրբերին` տաճարի շինարարությունը ձգձգելու համար: Վարդապետություն և Ուխտեր 96 բաժինն ընդգրկում է Տիրոջ հրահանգը` նշանակել Նյուել Ք. Ուիթնիին «այդ վայրի պատասխանատու» (ՎևՈւ 96.2), որի վրա Կիրթլենդի տաճարը պիտի կառուցվեր:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 94

Տերը պատվիրում է Սրբերին կառուցել երկու տուն և վերահաստատում է տաճար կառուցելու անհրաժեշտությունը

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք հնարավորություն ունեն ճամփորդել որևէ երկրով` անցնելով շատ քաղաքներ: Երբ նրանք ճամփորդում են` նկատում են, որ յուրաքանչյուր քաղաքի կենտրոնում կա սպորտային հրապարակ:

  • Ի՞նչ կարող է հուշել այն այդ երկրի մարդկանց մասին:

  • Եթե դուք պատրաստվեիք նախագծել մի մեծ քաղաք, ի՞նչ կնախատեսեիք կառուցել այդ քաղաքի կենտրոնում: Ինչո՞ւ:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 94.1, 3,10 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան և գտնել այն երեք կառույցները, որոնք Տերը պատվիրեց Սրբերին կառուցել Օհայոյի նահանգի Կիրթլենդ քաղաքում: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ գտան նրանք:

Նկար
Կիրթլենդի քարտեզը

Կիրթլենդի քարտեզից մի հատված, 1833 թվականի օգոստոս: Աջակողմյան երեք կառույցները ներկայացնում են Կիրթլենդի Տաճարը` մի տուն, որտեղ Նախագահությունը կկարողանար կատարել իր աշխատանքը և մի տպարան:

  • Այս երեք կառույցները ցույց են տալիս, թե ի՞նչն է կարևոր Տիրոջ համար: (Տաճարային արարողությունները, Առաջին Նախագահության աշխատանքը` հայտնություններ ստանալու և Եկեղեցուն ծառայելու գործում, սուրբ գրությունների տպագրությունը և այլ աշխատանքներ, որոնք Տերը պատվիրում է:)

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 93.13-17 հատվածները` բացատրելով, որ Տերը հրահանգեց Հայրում Սմիթին, Ռեյնոլդս Քահունին և Ջարեդ Քարտերին` ձևավորել շինարարական կոմիտե այն շենքերի համար, որոնք նշված են Վարդապետություն և Ուխտեր 94:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 94.16 և գտնել, թե Տերը ի՞նչ ասաց Սրբերին նախագահության և տպարանի շենքերի շինարարության վերաբերյալ: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ գտան նրանք:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր կարևոր, որ տաճարը կառուցվեր նախքան մյուս երկու շենքերի կառուցումը: Ի՞նչ կարող է սա սովորեցնել մեզ տաճարների կարևորության մասին: (Գուցե դուք ցանկանաք տեղեկացնել ուսանողներին, որ մյուս երկու շինությունները այլևս չկառուցվեցին:)

Վարդապետություն և Ուխտեր 95

Տերը խրատում է Սրբերին` տաճարի կառուցումը հետաձգելու համար

Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը նախ տվեց Կիրթլենդի Տաճարը կառուցելու պատվիրանը` տրված Վարդապետություն և Ուխտեր 88.119 հատվածում, որը գրանցվեց 1832 թվականի դեկտեմբերի 27-ին և 28-ին: (Գրեք այս տարեթիվը գրատախտակին:) Խնդրեք ուսանողներին ուշադիր կարդալ Վարդապետություն և Ուխտեր 95 բաժնի նախաբանը, փնտրելով ամսաթիվը, երբ այս հայտնությունը տրվեց: Խնդրեք նրանց հաշվել, թե մոտավորապես ինչքան ժամանակ անցավ այս երկու ամսաթվերի միջև: Բացատրեք, որ այս ընթացքում Եկեղեցու ղեկավարները ձեռք բերեցին հողակտոր Կիրթլենդում, որի վրա պետք է կառուցվեր տաճարը: Սակայն, մինչև 1833 թվականի հունիսի 1-ը Սրբերը դեռ չէին սկսել տաճարի կառուցումը և նույնիսկ չէին պատրաստել հիմքը:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 95.1-3 հատվածները: Դասարանին խնդրեք փնտրել, թե ի՞նչ ասաց Տերը Սրբերին տաճարի կառուցման հետաձգման վերաբերյալ։ Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ գտան նրանք:

  • Ի՞նչ է Տերը անում նրանց համար, ում Նա սիրում է: (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ ճշմարտությունը. Աստված խրատում է նրանց, ում Նա սիրում է:) Կարող եք առաջարկել, որ ուսանողներն իրենց սուրբ գրություններում նշեն բառերը, որոնք ուսուցանում են այս ճշմարտությունը։)

  • Ի՞նչ է նշանակում խրատել: (Կարգի հրավիրել կամ ուղղել:) Ըստ այդ հատվածների` ինչո՞ւ է Աստված խրատում նրանց, ում Նա սիրում է։

Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչպես են նրանք հակված պատասխանել, երբ ինչ-որ մեկը նրանց խրատում կամ ուղղում է: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պատմությունը: Դասարանին խնդրեք գտնել այն ուղիները, որով Սրբերից մի քանիսը պատասխանեցին Տիրոջ խրատին:

Երբ Ջոզեֆ Սմիթը ստացավ այս հայտնությունը, որը տրված է Վարդապետություն և Ուխտեր 95 բաժնում, Եկեղեցու ղեկավարները կազմակերպեցին համաժողով` քննարկելու տաճարի շինարարությունը: «Ոմանք կողմ էին փայտե շրջանակով տուն կառուցելուն, իսկ մյուսները ցանկանում էին կառուցել այն գերաններով: Ջոզեֆը հիշեցրեց նրանց, որ նրանք տունը կառուցում էին ոչ թե մարդու, այլ Աստծո համար, և նա հարցրեց. «Եղբայրներ, իսկ մենք պետք է գերանի՞ց տուն կառուցենք Աստծո համար: Ոչ, ես ավելի լավ միտք ունեմ, քան դա: Ես ունեմ Տիրոջ տան նախագիծը, որը տրվել է Նրա կողմից»: Երբ Ջոզեֆը բացատրեց տաճարի ամբողջական մոդելը, բոլոր եղբայրները հուզված էին: Նրանք ուղևորվեցին շինարարության վայրը, հեռացրին ցանկապատը և հավասարեցրին ցորենի դաշտը, որը նախկինում տնկվել էր Սմիթների ընտանիքի կողմից: Երբ հացահատիկը մաքրվեց, Հայրում Սմիթը «սկսեց փոս փորել պատի համար»: (Տես Lucy Mack Smith, History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 230, 231:)

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել այս Սրբերից այն մասին, թե ինչպե՞ս պատասխանել խրատին:

Նշեք, որ հատված 3-ում Տերը նկարագրեց Սրբերի կողմից տաճարի կառուցման հետաձգումը «որպես ցավագին մեղք»: Հանձնարարեք ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 95.5-6 հատվածները, որպեսզի հասկանան, թե Տերը ինչի հետ համեմատեց շատ ցավագին մեղքը։ Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ սովորեցին նրանք:

  • Ինչպե՞ս կարող է տաճար կառուցելու Տիրոջ պատվիրանի անտեսումը նման լինել «կեսօրին խավարի մեջ քայլելուն»: Ինչպե՞ս կարող ենք մենք «կեսօրին քայլել խավարի մեջ», եթե մենք ընտրում ենք անտեսել այլ պատվիրանները:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 95.4, 8-9 հատվածները զուգընկերոջ հետ: Խնդրեք նրանց գտնել պատճառները, թե ինչու Տերը պատվիրեց, որ Սրբերը կառուցեն Կիրթլենդի Տաճարը: (Դուք կարող եք բացատրել, որ հետևյալ արտահայտությունը «որ կարողանամ իրագործել իմ տարօրինակ գործը» [հատված 4-ում] կարող է վերաբերել, թե ինչպես այն մարդիկ, ովքեր չեն հավատում հայտնությանը, երկնային այցելություններին և այլ հոգևոր նշաններին, կարող են վերաբերվել ավետարանի Վերականգնմանը որպես մի տարօրինակ երևույթի:)

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչո՞ւ Տերը պատվիրեց մեզ կառուցել տաճարներ։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին. Տաճարներում Տերը պատրաստում է Իր ծառաներին` անելու Իր աշխատանքը և օժտում է նրանց ուժով:)

Բացատրեք, որ օժտել նշանակում է շնորհ տալ ինչ-որ մեկին: Տաճարում օժտում ստանալը նշանակում է ստանալ հոգևոր ուժ և գիտելիք: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Եթե չեք մտել Տիրոջ տուն և չեք ստացել բոլոր օրհնությունները, որ սպասում են ձեզ այնտեղ, դուք ձեռք չեք բերել այն ամենը, ինչ Եկեղեցին առաջարկում է: Եկեղեցու անդամության ամենակարևոր և գլխավոր օրհնությունները Աստծո տաճարներում ստացվող օրհնություններն են» («Սուրբ տաճար` աշխարհի փարոսը» Ensign կամ Լիահոնա մայիս 2011, 93):

  • Որո՞նք են այն երկու փրկարար արարողությունները, որոնք մենք կարող ենք ստանալ միայն Աստծո տաճարներում: (Տաճարային օժտում և ամուսնության կնքում:)

  • Որո՞նք են այն մի քանի քայլերը, որ մենք կարող ենք կատարել, որպեսզի ստանանք այս արարողություններն ու օրհնությունները տաճարում: (Պատասխանները կարող են ներառել. հավատարիմ լինել այն արարողություններին և ուխտերին, որոնք նրանք արդեն ստացել են և միշտ ապրել տաճարային երաշխավորագրին արժանի կյանքով:)

Բացատրեք, որ Կիրթլենդի Տաճարի կառուցումը շատ մեծ խնդիր էր Սրբերի համար: 1833 թվականի սկզբում Օհայոյի Եկեղեցին ուներ 200-ից պակաս անդամներ, և նրանց մեծ մասը աղքատ էր: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 95.11-12 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան` փնտրելով, թե ի՞նչ էր խոստանում Տերը, եթե Սրբերը պահեին Իր պատվիրանները։

  • Ի՞նչ էր խոստանում Տերը, եթե Սրբերը պահեին Իր պատվիրանները:

Տեղեկացրեք դասարանին, որ Օհայոյի Սրբերը հավատքով առաջ շարժվեցին Տիրոջ խոստմանը համաձայն և կառուցեցին տաճարը:

  • Մենք ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել հատված 11-ից: (Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք պահենք պատվիրանները, մենք ուժ կունենանք կատարել այն ամենը, ինչ Տերն է խնդրում մեզնից:)

  • Որո՞նք են այն մի քանի իրավիճակները, որոնց հետ դուք կարող եք բախվել, որտեղ կարելի է կիրառել այս սկզբունքը: Ե՞րբ եք զգացել, որ ստացել եք Տիրոջ օգնությունը ինչ-որ բան անելիս, քանի որ պահել եք պատվիրանները:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 95․13-17` բացատրելով, որ Տերը հրահանգներ տվեց Կիրթլենդի Տաճարի հատուկ սենյակների մեծության և նշանակության վերաբերյալ: Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ հատված 14-ը: Դասարանին խնդրեք հետևել նրան` փնտրելով մի ուղի, որով Տերը ցույց տվեց, որ կկատարի Իր խոստումը` ուժ տալ նրանց տաճարը կառուցելու համար։ Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ գտան նրանք: (Դուք կարող եք նշել, որ Տերը խոստացավ ցույց տալ երեք մարդկանց` ինչպես պետք է կառուցվի տաճարը: Այդ երեքը Առաջին Նախագահության անդամներն էին:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես իրականացավ այս խոստումը, հրավիրեք մի ուսանողի` կարդալ հետևյալ պարբերությունը բարձրաձայն:

Ջոզեֆ Սմիթը, Սիդնի Ռիգդոնը և Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը աղոթեցին միասին և տեսան տաճարը տեսիլքում: Արտաքինը մանրամասնորեն զննելուց հետո «կառույցը կարծես թե հայտնվեց նրանց գլխավերևում», և նրանք տեսան շենքի ներքնամասը. կարծես թե նրանք գտնվում էին շենքի ներսում (տես Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 271): Ավելի ուշ, երբ տաճարի շինարարությունը մոտ էր ավարտին, Ֆրեդերիկ Գ. Վիլյամսն ասաց, որ այն նման էր այն մոդելին, որ ինքը տեսել էր տեսիլքում` մանրուքներով հանդերձ, , և նա չէր կարողանում ասել տարբերությունը տեսիլքի և կառուցված տաճարի միջև:

  • Այս օրինակում ինչպե՞ս Տերը ուժ տվեց Սրբերին անել այն, ինչ Նա խնդրել էր նրանց կատարել:

Վարդապետություն և Ուխտեր 96

Նյուել Ք. Ուիթնին նշանակվեց որպես պատասխանատու Եկեղեցու ամբողջ սեփականության համար:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 96 բաժնում Տերը հրահանգեց, որ Նյուել Ք. Ուիթնին պետք է պատասխանատու լինի Եկեղեցուն պատկանող սեփականության համար։ Տաճարը պետք է կառուցվեր Տիրոջ նշած տեղում, իսկ Եպիսկոպոս Ուիթնին պետք է բաժաներ սեփականության մնացորդը կտորների` նրանց համար, ովքեր կձգտեին ժառանգության: Այս հողակտորներից մի քանիսը նախորոշված էին Եկեղեցու ղեկավարների համար, ովքեր պատասխանատու էին հայտնությունների հրատարակման համար: Այս ժառանգության ստանալը կօգներ նրանց` իրենց ժամանակը նվիրել Տիրոջ գործի կատարմանը, որը ներառում էր Աստծո խոսքի հրատարակումը: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 96.4-5 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե ինչպե՞ս Աստծո խոսքի հրատարակումը կօգներ Սրբերին։ Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ սովորեցին նրանք:

Բացատրեք, որ այս հայտնության մեջ Տերը նաև պատվիրեց, որ Ջոն Ջոնսոնը պետք է ընդունվի որպես Միացյալ Միաբանության անդամ, որը հսկում էր Եկեղեցու ֆինանսական, հրատարակչական և առևտրական գործողությունները:

Հանձնարարեք ուսանողներին ամփոփել այն, ինչ նրանք սովորեցին այս դասից։ Խրախուսեք նրանց` գործել ըստ իրենց սովորած ճշմարտությունների։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 95․1-2 «Ում որ սիրում եմ, ես նաև խրատում եմ»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը բացատրել է, թե ինչպես է Աստծո խրատը հանդիսանում Նրա սիրո վկայությունը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Աստծո սերն այնքան կատարյալ է, որ Նա սիրով պահանջում է մեզ` հնազանդվել Իր պատվիրաններին, քանի որ Նա գիտի, որ միայն Նրա օրենքներին հնազանդվելու միջոցով մենք կարող ենք դառնալ կատարյալ` ինչպիսին Նա է»: («Սեր և օրենք» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 27):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնը ուսուցանել է.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Թեև դրան դժվար է դիմանալ, մենք իսկապես պետք է ուրախանանք, եթե Աստված մեզ այնքան արժանի է համարում, որ ժամանակ է գտնում և անհանգստանում մեզ ուղղելու համար:

Աստվածային խրատն ունի առնվազն երեք նպատակ. (1) համոզել մեզ ապաշխարել, (2) կատարելագործել և սրբագործել մեզ, և (3) երբեմն փոխել մեր կյանքի ուղին, դարձնելով այն ավելի լավ ուղի՝ ըստ Աստծո իմաստության:…

Եկեք աղոթենք Նրա` սիրով ներշնչված ուղղման համար» («Ում ես սիրում եմ, հանդիմանում եմ և խրատում եմ»,Ensign կամԼիահոնա, մայիս 2011, 98, 100):

Վարդապետություն և Ուխտեր 95.4: «Իմ տարօրինակ գործը»

Այս արտահայտությունը «իմ տարօրինակ գործը» ծագում է Եսայիայի ԻԸ.21-ից, որտեղ Տերն ասաց, որ Նա կուղղի մի ժողովրդի, որը չէր հավատում, որ ապաշխարության կարիք ունի: Ավետարանի Վերականգնումը և ճշմարիտ Եկեղեցու հաստատումը երկրի վրա տարօրինակ պատահար է այն մարդկանց համար, ովքեր հիմարություն են համարում հայտնություններով, երկնային այցելություններով և այլ հոգևոր գործերով հավատքը: Ավետարանի Վերականգնման ուղերձը քարոզվում է շատերին, ովքեր հավատում են, որ նրանք արդեն ունեն այդ ճշմարտությունը: Այս մարդկանցից ոմանք կարող են տարօրինակ համարել մեր ջանքերը:

Վարդապետություն և Ուխտեր 95․8-9։ Ի՞նչ է նշանակում օժտում «բարձրից զորությամբ»:

Նկար
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկի

«Օժտումը պարգև է կամ ժառանգություն: Եկեղեցում այն սովորաբար վերաբերում է տաճարային որևէ արարողության, որում անդամները որոշակի խոստումներ են տալիս և փոխարենը ստանում գիտության շնորհ և հոգևոր ուժ: Սակայն օժտումը, որի մասին խոսվեց այստեղ, նույնը չէ, ինչ այն արարողությունը, որը կատարվում էր ավելի ուշ կառուցված տաճարներում: Կիրթլենդի քահանայության անդամները իրոք մասնակցեցին «մասնակի օժտմանը, ամբողջական արարողությունը պահվում էր ապագայում կատարելու համար, երբ արարողությունների համար նախատեսված տաճար կկառուցվեր» (Bruce R. McConkie, ‘A New Commandment: Save Thyself and Thy Kindred!’ Ensign, Aug. 1976, p. 10): Առաջին ամբողջական արարողությունը այս տնտեսությունում կատարվեց Ջոզեֆ Սմիթի կողմից Նավու քաղաքում 1842 թվականի մայիսի 4-ին:

Կիրթլենդում ստացած արարողությունը ներառում էր լվացում և օծում, ինչպես նաև ոտքերի լվացում քահանայության պաշտոնյա եղբայրների համար: Տերը նաև հեղեց Իր Հոգին կամ այլ բառերով արտահայտած օժտեց նրանց հոգևոր ուժով և շատերը ստացան հայտնություններ կամ այլ պարգևներ (տես History of the Church, 2:308–10)» (Վարդապետություն և Ուխտեր Ուսանողի Ձեռնարկ, 2nd ed. [Church Educational System manual, 2001, 226):