Սեմինարիա
Դաս 89. Վարդապետություն և Ուխտեր 85-86


Դաս 89

Վարդապետություն և Ուխտեր 85-86

Նախաբան

1832 թվականի նոյեմբերի վերջին, որոշ Սրբեր տեղափոխվել էին Սիոն, բայց չէին նվիրաբերել իրենց սեփականությունը` ինչպես Տերը պատվիրել էր: Քանի որ նրանք չէին նվիրաբերել իրենց սեփականությունը, չէին ստացել իրենց ժառանգությունը՝ համաձայն Եկեղեցում հաստատված կարգի: Մարգարե Ջոզեֆ Սմիթը այս հարցով դիմեց Վիլյամ Վ. Ֆելփսին` մի ոգեշնչված նամակում, որը գրվել է 1832 թվականի նոյեմբերի 27-ին: Այս նամակի մի մասը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 85 բաժնում: Ավելի ուշ, 1832 թվականի դեկտեմբերի 6-ին, Աստվածաշնչի ոգեշնչված թարգմանության վրա աշխատելիս, Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 86 բաժնում: Այս հայտնությունը հավելյալ բացատրություն տվեց ցորենի ու որոմների առակին: Հայտնությունը լրացուցիչ բացատրություն ապահովեց նաև այն մասին, թե քահանայությունն ինչ դեր ունի արդարներին վերջին օրերում հավաքելու Տիրոջն օգնելու գործում:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 85

Տիրոջ գործավարը պետք է վարի Աստծո ժողովրդի գրանցումը

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենց նշանակել են որևէ սպորտային թիմի ղեկավար: (Դուք կարող եք անվանել ձեր երկրում գերակշիռ դիրք ունեցող սպորտային թիմը կամ մեկ այլ հայտնի թիմ այդ սպորտաձևում:) Մի քանի օր այս թիմի հետ խաղալուց հետո նրանք նկատում են, որ թիմի անդամներից մեկը եսասեր խաղացող է, որոշ խաղացողներ պատշաճ ձևով չեն խաղում, իսկ մյուսները անտեսում են մարզիչին:

  • Ինչո՞ւ է հնարավոր, որ այս թիմը չհաղթի: Ի՞նչը կարելի է փոխել, որ այս թիմը ավելի լավ խաղա:

Բացատրեք, որ նմանատիպ իրավիճակ ստեղծվեց 1832 թվականին, երբ աճող քանակությամբ Սրբեր էին ժամանում Միսսուրի: Ավելի վաղ ստացած հայտնությունները պայման էին դնում, որ Սիոնը կառուցվի Ջեկսոն գավառում, Միսսուրի, համաձայն Տիրոջ օրենքների և քահանայության ղեկավարության ներքո: Համաձայն այս օրենքների, Եկեղեցու անդամները չպիտի ուղևորվեին Սիոն, եթե ժառանգություն չէին ստացել Եկեղեցու ղեկավարներից: Ժամանելուն պես նրանք պետք է Եկեղեցուն նվիրաբերեին իրենց ողջ գումարն ու սեփականությունը և ժառանգություն ստանային եպիսկոպոսից: Բացի այդ, նրանք պետք է պահեին Աստծո բոլոր պատվիրանները: (Տես ՎևՈւ 64.34-35, 72.15-19, 24-26:)

Որպեսզի օգնեք ուսանողներին` հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 85-ում գրանցված հայտնության բովանդակությունը, բացատրեք, որ շատ սրբեր Միսսուրիում ներդաշնակ էին ապրում այն օրենքների հետ, որոնք Տերը ներկայացրել էր Սիոնի կառուցման համար: Սակայն, Եկեղեցու մի շարք անդամներ չհնազանդվեցին Տիրոջ հրահանգին` նվիրաբերելու իրենց սեփականությունը և ուղևորվեցին Սիոն` առանց իրենց ղեկավարներից վկայագիր ձեռք բերելու: Այս պատճառով նրանք չստացան իրենց ժառանգությունները:

  • Ինչո՞ւ կարող էր Սիոն քաղաքի հիմնադրումը դժվար լինել նման իրավիճակում:

Բացատրեք, որ Միսսուրիում այս դժվարությունների կապակցությամբ Ջոզեֆ Սմիթը նամակ ուղարկեց Վիլյամ Վ. Ֆելփսին` Եկեղեցու մի ղեկավարի, ով այդ ժամանակ ապրում էր Ինդիփենդենսում (տես Վարդապետություն և Ուխտեր 85 բաժնի նախաբանը):

Բացատրեք որ Մարգարեի նամակը հրահանգներ էր պարունակում Տիրոջ գործավարի` Ջոն Ուիթմերի համար, ով ապրում էր Միսսուրիում: Ուսանողներից մեկին հրավիրեք` բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 85.1-2 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և փնտրել, թե ինչ հրահանգեց Տերը, որ կատարի Միսսուրիի գործավարը։

  • Ի՞նչ հրահանգվեց գործավարին` գրանցելու:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 85.3-5 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել և փնտրել, թե Տերը ո՞ւմ մասին ասաց, որ իրենց անունները չպիտի գրված լինեն Եկեղեցու գրանցումներում:

  • Ո՞ր մարդկանց անունները չպիտի գրված լինեին Եկեղեցու գրանցումներում:

Բացատրեք, որ ինչպես Ջոզեֆ Սմիթի ժամանակ, մեր օրերում նույպես Եկեղեցում գրանցումներ են արվում: Այս գրանցումների նպատակներից մեկն այն է, որ պահպանվի հավատարիմ անդամների անունները, ինչպես նաև նրանց գործերի նկարագրությունը:

  • Ո՞րոնք են այն մի քանի քայլերը, որ մենք պետք է կատարենք, որպեսզի մեր անունները գրանցված ունենանք` որպես Եկեղեցու հավատարիմ անդամներ:

Ուսանողների պատասխաններից հետո գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Եթե մենք ապրենք Աստծո օրենքներով, մեր անունները կգրվեն Եկեղեցու գրանցումներում` որպես հավատարիմ անդամներ։ Բացատրեք, որ հավատարիմների գործերը, որոնք գրանցված են երկրի վրա, գրանցվում են նաև երկնքում` այսպես կոչված կյանքի գրքում (տես ՎևՈւ 128.6–7): Ուսանողներին հանձնարարեք հաջորդաբար ընթերցել Վարդապետություն և Ուխտեր 85․5, 9, 11 հատվածները և գտնել այլ անուններ, որոնք տրվում են գրանցմանը, որը պահվում է երկրի վրա նրանց մասին, ովքեր հավատարիմ են: Խնդրեք ուսանողներին` կիսվել իրենց գտած նյութով:

Որպեսզի օգնեք ուսանողներին` զգալ գրատախտակին գրված ճշմարտության կարևորությունը, խնդրեք նրանց պատկերացնել, որ նրանք ծրագրեր ունեն մասնակցելու որևէ հեղինակավոր իրադարձության: Հարցրեք նրանց, թե ինչպես կզգային, եթե ժամանեին այդ վայրը, բայց նրանց ասվեր, որ ներս մտնել չի կարելի, որովհետև նրանց անունը չկա հրավիրվածների ցուցակում:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 85․9-11-ը և պատկերացնել, թե ինչպես կզգային` չգտնելով իրենց անունը Տիրոջ հիշատակի գրքում:

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում, որ նրանք, ում անունները գրանցված չեն, «չեն գտնի ժառանգություն» Սրբերի հետ: (Նրանք չեն ստանա օրհնությունները, որոնք կտրվեն հավատարիմներին:)

  • Համաձայն հատված 11-ի, ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ, որ Եկեղեցու անդամների անունները հեռացվեն Աստծո օրենքի գրքից:

  • Ինչպե՞ս կամփոփեիք ձեր սովորածը այն բանի կարևորության մասին, որ ձեր անունը գրանցված լինի որպես Եկեղեցու հավատարիմ անդամ:

Վկայեք, որ գրանցումները պահվում են թե այստեղ` երկրի վրա, թե երկնքում: Մենք բոլորս պիտի հաշիվ տանք մեր գործողությունների և Աստծո օրենքներով հավատարմորեն ապրելու մասին: Հրավիրեք ուսանողներին` խորհել Աստծո օրենքների հանդեպ իրենց վերաբերմունքի և հնազանդության մասին։

Վարդապետություն և Ուխտեր 86

Տերը բացատրում է ցորենի և որոմների առակը:

Նախքան դասը սկսելը` մի ուսանողի խնդրեք կարդալ Մատթեոս ԺԳ.24-30-ը և պատրաստվել ամփոփել ցորենի և որոմների առակը դասարանի համար: Հետևյալ բառերը գրեք գրատախտակին․ ցորեն, որոմներ, դաշտ, սերմնացան և թշնամի:

Երբ ընտրված ուսանողներն ամփոփեն առակը, դասարանին տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ են խորհրդանշում ցորենը և որոմները: (Ցորենը խորհրդանշում է արդարներներին, իսկ որոմները` ամբարիշտներին [տես Մատթեոս ԺԳ.38]:)

  • Ինչո՞ւ է առակի մարդը ցանկանում սպասել որոմները հանելու համար:

Նկար
ցորեն և որոմներ

Ցուցադրեք ցորենի և որոմների ուղեկցող նկարը, կամ նկարեք այն գրատախտակին: Բացատրեք, որ որոմը թունավոր մոլախոտի տեսակ է: Ցորենն ու որոմը համարյա նույնն են, երբ ծլում են, բայց դրանք կարելի է տարբերել, երբ արդեն հասունացած են: Եթե հնձվորը փորձեր քաղել-հանել որոմները` նախքան ցորենի ու որոմների հասունանալը, նա հավանաբար կփչացներ նաև ցորենի մեծ մասը:

Հրավիրեք մի քանի ուսանողների` հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 86.1-6 հատվածները: Խնդրեք դասարանին` հետևել և փնտրել դաշտի, սերմնացանների և թշնամու իմաստները: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ նրանք սովորեցին:

  • Հիմնվելով խորհրդանիշերին տված Տիրոջ բացատրության վրա, ինչպե՞ս կամփոփեիք առակի իմաստը:

Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը վերանայում և խմբագրում էր Աստվածաշնչի ոգեշնչված թարգմանությունը (Ջոզեֆ Սմիթ. Թարգմանություն), երբ նա ստացավ այս հայտնությունը: Վարդապետություն և Ուխտեր 86-ում գրանցված հայտնությունը տարածվում է Մատթեոս 13.24–30-ում բերված առակի վրա: Օրինակ, Վարդապետություն և Ուխտեր 86-ից մենք սովորում ենք, որ առակի սերմնացանները խորհրդանշում են Փրկչի Առաքյալներին (տես հատված 2), և, որ որոմները «խեղդում են ցորենը և անապատ քշում Եկեղեցին» (հատված 3): Մենք նաև սովորում ենք, որ «վերջին օրերին», ցորենի նոր ցողունները կսկսեն «ծլել» (հատված 4): Որոմները ցանելը կարող է ներկայացնել Ուրացությունը, իսկ նոր ցորենի ծլումը կարող է ներկայացնել Վերականգնումը:

Նշեք, որ առակում տանտերը հրահանգեց ծառաներին` նախ հավաքել որոմները և այրել, իսկ հետո հավաքել ցորենը ամբարի մեջ (տես Մատթեոս ԺԳ.27-30): Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 86․7 հատվածը, բացահայտելու այն ենթադրությունը, որը հստակեցնում է հավաքման կարգը։

  • Ի՞նչ ենք մենք սովորում հատված 7-ից հավաքման կարգի մասին։

  • Ի՞նչ է սա ուսուցանում այն մասին, թե ինչ կպատահի արդարներին և ամբարիշտներին վերջին օրերում: (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ վարդապետությունը․ Տերը կհավաքի արդարներին վերջին օրերին, իսկ հետո կոչնչացնի ամբարիշտներին Իր Երկրորդ գալուստի ժամանակ։)

Ցուցադրեք նկարներ Միսիոներներ. Երեցներ և Միսիոներներ. Քույրեր (Gospel Art Book [2009], nos.109, 110; տես նաև LDS.org

Նկար
երեց միսիոներներ
Նկար
քույր միսիոներներ
  • Ինչպե՞ս են այս նկարները կապված ցորենի և որոմների առակի հետ: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ մենք կարող ենք օգնել` հավաքել արդարներին` ավետարանով կիսվելով ուրիշների հետ:)

Բացատրեք, որ հիշելը այն բազմաթիվ ուղիների մասին, որոնցով մենք օրհնված ենք որպես Տիրոջ Եկեղեցու անդամներ, կարող է մեծացնել մեր ցանկությունը` կիսվել այդ օրհնություններով ուրիշների հետ: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 86.8-10 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան և փնտրել, թե ինչպես ենք մենք օրհնվել` որպես Տիրոջ Եկեղեցու անդամներ։

  • Համաձայն 8-10 հատվածների, որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնցով մենք օրհնվել ենք` որպես Տիրոջ Եկեղեցու անդամներ:

Նշեք հետևյալ արտահայտությունը` «քանզի դուք օրինական ժառանգներ եք» հատված 9-ում: Բացատրեք, որ սա նշանակում է, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամները այն ուխտի մասն են, որն Աստված կապեց Աբրահամի հետ, որի միջոցով Աբրահամին խոստացվեց, որ նրա ժառանգները կվայելեն քահանայության օրհնությունները և կկիսեն այդ օրհնությունները ուրիշների հետ (տես Աբրահամ 2.9–11):

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել քահանայության միջոցով:

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 86.11 հատվածը և խնդրեք դասարանին` գտնել այն ուղիները, որոնցով մենք պետք է օգնենք ուրիշներին: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ նրանք գտան: Գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Մենք կարող ենք փրկություն բերել ուրիշներին` օգնելով նրանց ստանալ քահանայության օրհնությունները։

Հրավիրեք ուսանողներին կիսվել փորձառություններով, որ նրանք ունեցել են, երբ նրանք կարողացել են արդար օրինակ ծառայել ուրիշի համար, երբ նրանք օգնել են մեկ այլ մարդու` ստանալ քահանայության օրհնությունները:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 85.7–8: Ո՞վ է «հզոր և զորավոր մեկը»:

Հղումը «հզոր և զորավոր մեկին» (ՎևՈւ 85.7), ով պետք է կարգի դնի Աստծո տունը և հղումն այն մեկին, ով «ձեռք է մեկնում Աստծո տապանակը պահելու» (ՎևՈւ 85:8), օգտագործվել է շատ ուրացողների կողմից` Եկեղեցուց իրենց հեռացումն արդարացնելու համար: Նրանք պնդում են, որ Եկեղեցու տարբեր Նախագահներ կորցրել են Աստծո բարեհաճությունը և մերժված են, և, որ նրանք` ուրացողները «հզոր ու զորավոր մեկն են», կանչված Աստծո կողմից` կարգի դնելու բաները: Այսպիսի պնդումները հակասում են սուրբ գրությունների իմաստին: 1905 թվականին թողարկված պաշտոնական հայտարարության մեջ Առաջին Նախագահությունը (Ջոզեֆ Ֆ. Սմիթը, Ջոն Ռ. Վինդերը և Անտոն Հ. Լունդը) քննարկեցին այն հանգամանքները, որոնք ծնունդ տվեցին այս հայտնությանը Վարդապետություն և Ուխտեր 85.7-8-ում և նրանց, ում վերաբերում էին այս երկու արտահայտությունները:

«Նախ և առաջ պետք է նկատել, որ այս ամբողջ նամակի թեման [Մարգարեի նամակը Վիլյամ Վ. Ֆելփսին], որի մի մասը հետագայում ընդունվեց որպես հայտնություն, կապված է Միսսուրիում Եկեղեցու գործերի, այդ հողում Սրբերի հավաքվելու ու նրանց ժառանգության ձեռք բերման հետ` նվիրաբերման և ղեկավարման օրենքի ներքո, և Մարգարեն առնչվում է հատկապես այն խնդրի հետ, որ ոմանց չի հաջողվում ստանալ իրենց ժառանգությունները եպիսկոպոսից` ըստ կարգի կամ գործերի:

«Եպիսկոպոս Պատրիջը այն եղբայրներից մեկն էր, ով, չնայած շատ արժանավոր մարդ էր, մի մարդ, ում Տերը սիրում էր, ում Մարգարեն նկարագրում էր որպես «բարեպաշտության օրինակ» և Աստծո «հրաշալի մարդկանցից մեկը», երբեմն իրեն ցուցադրում էր` ընդդիմանալով Մարգարեին այն վաղ օրերին, և ձգտում էր ուղղել նրան` Եկեղեցու գործերի իր կառավարման ընթացքում. այլ կերպ ասած «իր ձեռքը մեկնում էր Աստծո տապանակը պահելու»:

«Դա այդպես էր, մինչ ապստամբության, նախանձի, հպարտության, անհավատության և սրտերի կարծրացման այդ վիճակը գերակշռում էր Սիոնի եղբայրների մեջ Ջեկսոն գավառում, Միսսուրի, այն բոլոր տեղերում, ուր եպիսկոպոս Պատրիջը մասնակցություն էր ունեցել. ահա հայտնության բառերը` վերցված 1832 թվականի նոյեմբերի 27-ին Վիլյամ Վ. Ֆելփսին գրված նամակից: «Մարդը, ով կանչված ու նշանակված էր Աստծո կողմից», «որպեսզի Սրբերին բաժաներ նրանց ժառանգությունը»` Էդվարդ Պատրիջը, այդ ժամանակ չէր կատարում իր պարտականությունները` անտեսելով դրանք, «ձեռքը մեկնելով Տիրոջ տապանակին», ուստի, նրան նախազգուշացվեց Աստծո վերահաս դատաստանի մասին, և կանխագուշակվեց, որ մեկ այլ «հզոր և զորավոր մեկը» կուղարկվի Աստծու կողմից` գրավելու նրա տեղը` լինելով եպիսկոպոս, ում վրա կհանգչի այդ բարձր կոչման հոգին և ուժը, որով նա իշխանություն կունենա` «կարգի դնել Աստծո տունը, և բաժին առ բաժին կարգավորել սրբերի ժառանգությունները», այլ կերպ ասած` մեկը, ով կաներ այն գործը, որին Եպիսկոպոս Էդվարդ Պատրիջը նշանակվել էր անելու, բայց ձախողվել էր:

« … Եվ քանի որ իր խոստովանության և տառապանքների միջոցով, Եպիսկոպոս Էդվարդ Պատրիջն անկասկած թեթևացում ձեռք բերեց իրեն սպառնացող դատաստանից, որ «պիտի ընկներ մահվան նետից, ինչպես մի ծառ, որը զարկվում է վառ կայծակի նետից», այսպիսով մեկ ուրիշին ուղարկելու պատճառը` նրա տեղը լրացնելու համար` «հզոր և զորավոր մի մարդու … որ կարգի դնի Աստծո տունը, և բաժին առ բաժին կարգավորի այս սրբերի ժառանգությունները», կարող է նաև համարվել անցած և ավարտված մարգարեության մի ամբողջ բաժին»: Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. [1965–75], 4:112, 113, 115, 117; տես նաև Վարդապետություն և Ուխտեր Ուսանողի Ձեռնարկ 2nd ed. [Church Educational System manual, 2001], 186–87):

Վարդապետություն և Ուխտեր 85.8: Ի՞նչ է նշանակում «Տիրոջ տապանակը պահել»:

«Տիրոջ տապանակը պահել» արտահայտությունը վերաբերում է Դավիթ Թագավորի տիրապետության ժամանակ տեղի ունեցած պատահարին: Փղշտացիները կռվում գերեվարեցին ուխտի տապանակը, բայց վերադարձրին այն, երբ նրանք զարկվեցին ժանտախտից (տես Ա Սամուել Դ–Զ): Դավիթը և ժողովուրդը ավելի ուշ տապանակը Իսրայել բերեցին երինջների սայլի վրա դրված, որը քշվում էր Ոզայի և Աքիովի կողմից: «Եվ երբոր եկան Նաքոնի կալը, Ոզան ձեռքը մեկնեց տապանակին և բռնեց նորան. որովհետև եզները ծռել էին նորան: Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ոզայի դեմ, և Աստված զարկեց նորան այնտեղ այս հանցանքի համար. և նա մեռավ նույն տեղը Աստուծոյ տապանակի մոտ» (Բ Սամուել Զ.6–7, տես 1-11 հատվածներ): Տապանակը Տիրոջ ներկայության, Նրա փառքի և մեծության խորհրդանիշն էր: Երբ այն առաջին անգամ տրվեց Իսրայելին, տապանակը դրվեց աղոթատան Սրբություն Սրբոցում, և անգամ քահանային թույլատրված չէր մոտենալ դրան: Միայն քահանայապետը, ինչպես օրինակ Քրիստոսը, կարող էր մոտենալ դրան և միայն անձնական մաքրման մանրամասն ծեսի ու իր մեղքերի համար քավման միջով անցնելուց հետո:

«Սակայն բարի մտադրություններով Ոզան անփույթ մոտեցավ տապանակին, որին կարելի էր մոտենալ միայն խստագույն պայմանների դեպքում: Նա չէր հավատում Աստծո ուժին: Նա ենթադրում էր, որ տապանակը վտանգի մեջ էր, մոռանալով, որ այն Աստծո ֆիզիկական խորհրդանիշն էր, ով ուներ ողջ զորությունը: Մենք չենք կարող համարձակվել փրկել Աստծուն և Նրա արքայությունը մեր սեփական ջանքերով:

Ոզայի վիրավորանքը կայանում էր նրանում, որ նա տապանակին ձեռք էր տվել աշխարհիկ զգացմունքներով, չնայած լավ մտադրություններով` որպեսզի կանխի դրա թեքվելը և ընկնելը սայլի վրայից: Տապանակին դիպչելը, որը հանդիսանում էր աստվածային փառքի գահը և Տիրոջ անտեսանելի ներկայության տեսանելի երաշխավորը, Սուրբ Աստծո մեծության խախտում էր: Հետևաբար, Ոզան այն մարդկանցից մեկն էր, ովքեր բարի մտադրություններով, մարդկայնորեն, սակայն չսրբագործված մտքերով, միջամտում են Աստծո արքայության գործերին` ելնելով այն տեսակետից, թե նրանք վտանգի մեջ են և այն հույսով, որ փրկում են դրանք»: (Keil and Delitzsch, Commentary, bk. 2: Joshua, Judges, Ruth, 1 and 2 Samuel, ‘Second Book of Samuel,’ p. 333.)” ( Վարդապետություն և Ուխտեր Ուսանողի ձեռնարկ, 2րդ հրատ․ [Church Educational System manual, 2001], 188)։

Ժամանակակից հայտնության մեջ գրանցված այս պատահարին Տերը դիմում է, որպեսզի սովորեցնի այն սկզբունքը, որ մենք չպիտի մեզ վրա պարտականություն վերցնենք ուղղություն ցույց տալու (տապանակը պահելու) նրանց, ում Տերը կանչել կամ նշանակել է (տես ՎևՈւ 85.8): Սակայն կան մարդիկ, ովքեր վախենում են, թե տապանակը երերում է և համարում են, որ պետք է պահել այն: Եկեղեցու որոշ անդամներ կարող են խնդիրներ տեսնել և հիասթափվել այն եղանակից, որով, ըստ նրանց, եկեղեցու առաջնորդները և ուրիշները արձագանքում են այդ խնդիրներին: Նրանք զգում են, որ չնայած իրենք իշխանություն չունեն այդպես վարվելու համար, նրանք պետք է ուղղեն իրենց ծխի կամ նույնիսկ Եկեղեցու ընթացքը: Սակայն, լավագույն մտադրությունները չեն արդարացնում այսպիսի միջամտությունը Տիրոջ Եկեղեցում:

Նախագահ Դեյվիդ Օ. ՄակՔեյն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյ

«Մեզ համար մի փոքր վտանգավոր է դուրս գալ մեր սեփական ոլորտից և փորձել ղեկավարել որևէ եղբոր ջանքերը` առանց լիազորության: Դուք հիշում եք Ոզայի դեպքը, ով ձեռքը մեկնեց տապանակը պահելու: [Տես Ա Մնացորդաց ԺԳ.7–10:] Նրա արարքը կարծես թե արդարացվեց, երբ երինջները ծռեցին տապանակը, և նա մեկնեց իր ձեռքը` պահելու ուխտի այդ խորհրդանիշը: Մենք այսօր կարծում ենք, թե նրա պատիժը շատ դաժան էր: Եթե նույնիսկ դա ճիշտ է, այս պատահարը կյանքի դաս է տալիս: Եկեք նայենք մեր շուրջը և տեսնենք, թե որքան արագ են հոգեպես մեռնում լիազորություններ չունեցող այն մարդիկ, ովքեր փորձում են պահել տապանակը: Նրանք չարանում են, նրանց միտքն աղավաղվում է, դատողությունը դառնում է սխալ, իսկ հոգին` ճնշված: Նման ողորմելի վիճակում են հայտնվում այն մարդիկ, ովքեր, անտեսելով իրենց պարտականությունները, իրենց ժամանակն անցկացնում են ուրիշների մեջ թերություններ փնտրելով» (in Conference Report, April 1936, 60):