Սեմինարիա
Դաս 147․ Մեկնումը Նավուից


Դաս 147

Մեկնումը Նավուից

Նախաբան

Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը նահատակվեց, Տասներկու Առաքյալների Քվորումը՝ իրենց քվորումի նախագահ Բրիգամ Յանգի ղեկավարությամբ , առաջնորդեցին Եկեղեցին և առաջ տարան Տիրոջ աշխատանքը։ Նրանք խրախուսեցին Սրբերին` ավարտել Նավուի Տաճարը։ Շարունակական հալածանքների պատճառով նրանք նաև խորհուրդ տվեցին Սրբերին պատրաստվել արևմուտք տեղափոխվելու համար։

Ուսուցման առաջարկներ

Սրբերը ջանասիրաբար աշխատում էին տաճարային օրհնությունները ստանալու համար։

Հրավիրեք ուսանողներին մտածել այն ժամանակի մասին, երբ նրանք ինչ-որ դժվար գործ են կատարել` իմանալով, որ արդյունքը կարդարացնի ծախսված ջանքերը։ Կարող եք նաև դասարանի հետ կիսվել անձնական վկայությամբ։ Ապա հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով։

Բացատրեք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մահից հետո Սրբերի առջև դրված էր Նավուի Տաճարի կառուցման դժվարին առաջադրանքը։

  • Ձեր կարծիքով, Սրբերի համար ինչո՞ւ էր դժվար կատարել Ջոզեֆ Սմիթի միջոցով տրված պատվիրանը։

Ցուցադրեք ժամանակակից Նավու Իլինոյս Տաճարի նկարը (տես Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 118, տես նաև LDS.org)։ Բացատրեք, որ մեծ զոհաբերություններ պահանջվեց Սրբերից Նավուի Տաճարը կառուցելու համար։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը։ Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն զոհաբերություններին, որոնք Սրբերը կատարեցին Նավուում առաջին տաճարը կառուցելիս։

Նկար
Նավու Իլինոյս տաճարը

1844 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի ժամանակ Նախագահ Բրիգամ Յանգը խնդրեց Սրբերին նվիրաբերել իրենց տասանորդն ու նվիրատվությունները տաճարի կառուցման համար։ Ի պատասխան դրան` ամեն շաբաթ Սփոփող Միության յուրաքանչյուր քույր նվիրաբերում էր մեկ պեննի` շինանյութեր գնելու համար։ Տղամարդկանցից շատերը որպես տասանորդ նվիրաբերեցին իրենց ժամանակը՝ տասը օրից մեկն աշխատելով տաճարում։ Մյուսները տվեցին իրենց միջոցների մեկ տասներորդից ավելին։ Ջոզեֆ Տորոնտոն Բրիգամ Յանգին տվեց 2500 $ ոսկով և ասաց, որ Աստծո արքայությունը կառուցելու համար նա ցանկանում էր տալ իր ողջ ունեցվածքը։ (Տես Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 302; Our Heritage [1996], 59–60.)

  • Ձեր կարծիքով, տաճարը կառուցելու համար Սրբերն ինչո՞ւ էին հոժարակամ զոհաբերում այդքան շատ։

Երբ ուսանողները քննարկեն այդ հարցը, բացատրեք, որ հալածանքները դժվարացնում էին Նավուի տաճարի կառուցումը։ Եկեղեցու բազմաթիվ թշնամիներ կարծում էին`եթե Ջոզեֆ Սմիթը սպանվել է, Եկեղեցին կփլուզվի։ Այնուամենայնիվ, երբ Եկեղեցին շարունակեց աճել և բարգավաճել, Եկեղեցու թշնամիներն ակտիվացրին Իլինոյսից Սրբերին դուրս բերելու իրենց ջանքերը։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը։ Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ինչ արեցին Եկեղեցու թշնամիները, որպեսզի կործանեն Եկեղեցին։

1844 թվականի սեպտեմբերին Գնդապետ Լեվի Վիլյամսը, այն մարդկանցից մեկը, ում հետագայում մեղադրանք ներկայացվեց Ջոզեֆ և Հայրում Սմիթների սպանության մեջ, ռազմական մի մեծ արշավ կազմակերպեց, որպեսզի ստիպողաբար Իլինոյսից դուրս բերի Վերջին Օրերի Սրբերին։ Այն գովազդվում էր որպես՝ «Հանկոկ գավառի գայլի մեծ որսը» (David E. Miller and Della S. Miller, Nauvoo: The City of Joseph [1974], 186)։ Դա լսելուն պես, Իլինոյսի Նահանգապետ Թոմաս Ֆորդը նահանգի ոստիկաններից ուղարկեց Գեներալ Ջոն Հարդինին՝ խաղաղությունը պահպանելու համար։ Մեկ տարի անց, 1845 թվականի սեպտեմբերին, Գնդապետ Վիլյամսը 300 հոգանոց ամբոխի գլխավորությամբ ներխուժեց Վերջին Օրերի Սրբերի հեռավոր վայրերի բնակավայրերը և կրակի մատնեց բազմաթիվ անպաշտպան տներ, գյուղատնտեսական շենքեր, ջրաղացներ և հացահատիկի դեզեր։ Սեպտեմբերի կեսերին Նախագահ Բրիգամ Յանգը կամավորներին խնդրեց փրկել այդ Սրբերին։ Նավուի սրբերը 134 սայլ պատրաստեցին, որպեսզի ընտանիքներին ապահովությամբ հեռավոր վայրերից բերեին Նավու։ (տես History of the Church, 7:45–46; Church History in the Fulness of Times Student Manual, 301; David E. Miller and Della S. Miller, Nauvoo: The City of Joseph, 185–86.)

  • Ինչպե՞ս էին այդ հարձակումները դժվարացնում տաճարի կառուցման շինարարությունը։

Բացատրեք, որ Իլինոյսի բազմաթիվ քաղաքացիներ վախենում էին, որ Վերջին Օրերի Սրբերի ներկայությունը կարող էր հանգեցնել քաղաքացիական պատերազմի։ Նրանք խնդրեցին Սրբերին` հեռանալ նահանգից։ 1845 թվականի սեպտեմբերի 24-ին Տասներկու Առաքյալների Քվորումը մի նամակ հրատարակեց, որում խոստանում էր, որ Եկեղեցին կհեռանար առաջիկա գարնանը։

  • Նրանց համար ինչո՞ւ էր դժվար որոշում կայացնելը։

  • Ձեր կարծիքով, Նավուից հեռանալու որոշումը ինչպես ազդեց Տաճարը կառուցելու Սրբերի ջանքերի վրա։

Երբ ուսանողները քննարկեն այդ հարցը, բացատրեք, որ չնայած Սրբերը գիտեին, որ ստիպված պիտի հեռանան Իլինոյսից, նրանք շարունակեցին տաճարի կառուցումը։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Սրբերը շարունակեցին տաճարի կառուցումը, եթե գիտեին, որ պետք է հեռանան այդտեղից։

Հիշեցրեք ուսանողներին, որ այդ ժամանակ վեհացման համար անհրաժեշտ տաճարային արարողությունները դեռևս հասանելի չէին Եկեղեցու անդամների մեծամասնությանը։ 1841թվականի հայտնության ժամանակ Տերը խոստացավ Սրբերին, որ եթե կառուցեն Նավուի տաճարը, նրանք հնարավորություն կունենան ստանալու այդ արարողությունները (տես ՎևՈւ 124․27–44

  • Տաճարի կառուցման համար Սրբերի զոհաբերությունների և դժվարությունների մասին պատմություններն ի՞նչ կարող են ուսուցանել մեզ։ (Ուսանողները կարող են տարբեր սկզբունքներ նշել, ինչպես հետևյալը․ Տաճարային արարողությունների ստացումը կարդարացնի մեր բոլոր արդար ջանքերն ու զոհաբերությունները։ Այդ սկզբունքը և ուսանողների նշած մյուս սկզբունքները գրեք գրատախտակին:)

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի հետևյալ հայտարարությունը։ Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչ զոհաբերություններ են անում մեր օրերի Սրբերը, որպեսզի ստանան տաճարային արարողությունները։

Նկար
President Thomas S. Monson

«Շատ տարիներ առաջ ես կարդացի ավելի քան հարյուր անդամներից բաղկացած մի խմբի մասին, ովքեր Մանաուսից, որը գտնվում էր Ամազոնի արևադարձային անտառների սրտում, ճանապարհ ընկան դեպի այդ ժամանակվա ամենամոտ տաճարը, որը գտնվում էր Սան Պաուլոյում՝ Մանաուսից շուրջ 4000 կմ հեռավորության վրա։ Այդ հավատարիմ Սրբերը չորս օր շարունակ ճամփորդեցին Ամազոն գետի և նրա վտակների վրայով։ Այդ նավարկությունից հետո նրանք ևս երեք օր ճամփորդեցին խորդուբորդ ճանապարհներով, ուտելիքի քիչ պաշարով և առանց հարմարավետ քնելու տեղի։ Յոթ օր ու գիշեր ճամփորդելուց հետո նրանք ժամանեցին Սան Պաուլոյի տաճարը, որտեղ հավերժական բնույթի արարողություններ կատարվեցին։ Իհարկե, նրանց վերադարձի ճանապարհը նույնքան դժվար էր։ Սակայն նրանք ստացան տաճարային արարողություններն ու օրհնությունները, և թեպետ նրանց դրամապանակները դատարկ էին, իրենք անձնապես լցված էին տաճարի ոգով և իրենց ստացած օրհնությունների հանդեպ երախտագիտությամբ» (“The Holy Temple—a Beacon to the World,” Ensign or Liahona, May 2011, 91)։

  • Ի՞նչ զոհաբերություններ արեցին Մանաուսի Սրբերը, որպեսզի ստանան տաճարային արարողությունները։

Ուսանողներից երեք հոգու հանձնարարեք դասարանի առաջ բարձրաձայն կարդալ հետևյալ պատմությունները։ Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել տաճարային արարողությունները ստանալու համար Նավուի Սրբերի արդար ջանքերին։

  1. Երբ սենյակները պատրաստ էին, Եկեղեցու ղեկավարները Նավուի տաճարի ներսում դրանք նվիրագործեցին, որպեսզի արարողության աշխատանքը որքան հնարավոր է, շուտ սկսվեր։ Տաճարի վերնահարկը արարողության աշխատանքի համար նվիրագործվեց 1845 թվականի նոյեմբերի 30-ին։ Սրբերը դեկտեմբերի 10-ի երեկոյան սկսեցին ստանալ իրենց օժտումները և օժտման նիստերը շարունակվեցին մինչև դեկտեմբերի 11-ի առավոտյան ժամը 3:00-ը։ (Տես Church History in the Fulness of Times Student Manual, 303.)

  2. Մինչև 1845 թվականի վերջը ավելի քան 1000 անդամներ ստացել էին տաճարային արարողությունները։ 1846 թվականի հունվարին Նախագահ Բրիգամ Յանգը գրել է. «Այնքան մեծ էր սրբերի դրսևորած հուզմունքը տաճարային օրհնություններ ստանալու վերաբերյալ, և այնքան մեծ էր հուզմունքը մեր կողմից նրանց ծառայելու համար, որ ես իմ անձը ամբողջովին տվել էի գիշեր ու ցերեկ Տաճարում Տիրոջ գործին, քնելով օրական չորս ժամ և շաբաթը մեկ անգամ տուն գնալով» (in History of the Church, 7:567)։ Շատ կանայք ու տղամարդիկ լվանում էին տաճարային հագուստները, աշխատելով ողջ գիշերը, որպեսզի հաջորդ օրվա համար ամեն ինչ պատրաստ լիներ։ (Տես Church History in the Fulness of Times Student Manual, 303.)

  3. 1846 թվականի փետրվարի 3-ին Նախագահ Յանգը դուրս եկավ տաճարից, որպեսզի հասցներ պատրաստվել հաջորդ օրը Նավուից մեկնելու համար։ Սակայն, երբ նա դուրս եկավ տաճարից, տեսավ մարդկանց մի մեծ բազմություն, ովքեր դեռևս սպասում էին իրենց օժտումը ստանալու համար։ Ողորմածությամբ լցվելով իր ընկերակից Սրբերի հանդեպ, նա հետ վերադարձավ տաճար, որպեսզի ծառայեր նրանց։ Դրանից միայն երկու շաբաթ անց նա կարողացավ մեկնել Նավուից։ Տաճարային գրանցումները ցույց են տալիս, որ 5615 Սրբեր ստացան իրենց օժտումը` նախքան արևմուտք մեկնելը։ (Տես Church History in the Fulness of Times Student Manual, 303–4.)

  • Տաճարային օրհնությունները ստանալու Սրբերի ջանքերի մեջ ի՞նչը տպավորություն թողեց ձեր վրա։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այն սկզբունքների ճշմարտությունն ու կարևորությունը, որոնք դուք գրել եք գրատախտակին և որպեսզի օգնեք նրանց կիրառել այդ սկզբունքներն իրենց կյանքում, հրավիրեք նրանց իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին։ (Գրեք հարցերը գրատախտակին։)

Մենք ի՞նչ ջանքեր և զոհաբերություններ պետք է կատարենք, որպեսզի ստանանք տաճարային արարողությունները։

Ձեր կարծիքով, ինչո՞ւ արժե տաճարային արարողությունները ստանալու համար աշխատել տքնաջան և կատարել զոհաբերություններ։

Ի՞նչ պետք է անեք, որպեսզի կարողանաք ստանալ տաճարային արարողությունները։ (Ի՞նչ պետք է դադարեք անել կամ սկսեք անել։)

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, խնդրեք մի քանի կամավորների` կիսվել երկրորդ հարցի վերաբերյալ իրենց պատասխանով։

Սրբերը մեկնում են Նավուից

Բացատրեք, որ տաճարային արարողությունները ստանալուց հետո Սրբերը 1846 թվականի փետրվարին սկսեցին հեռանալ Նավուից։ Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում նրանք շարունակեցին մեկնել Նավուից և տարբեր խմբեր ժամանակավորապես ապաստան գտան Այովա նահանգում։ Մինչև ապրիլի վերջը Սրբերի մեծ մասը մեկնել էին Նավուից։ Սակայն Եկեղեցու ոչ բոլոր անդամները կարողացան հեռանալ։ Քիչ թվով մարդիկ մնացին Նավուում 1846 թվականի ամռան ընթացքում, քանի որ նրանք շատ հիվանդ էին, չափազանց աղքատ կամ շատ թույլ էին զգում այդ ճամփորդության համար։ Եվս մի քանիսը նախընտրեցին մնալ։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը, որը պատմում է թիկունքում մնացածների մասին։

1846 թվականի սեպտեմբեր ամսին, շուրջ 800 հոգի վեց թնդանոթներով զինված` պատրաստվեցին հարձակվել Նավուի վրա։ Մնացած Սրբերը և մի քանի նոր քաղաքացիներ, որոնց կռվի պատրաստ տղամարդկանց թիվը հազիվ հասնում էր 150-ի, պատրաստվեցին պաշտպանել քաղաքը։ Մի քանի օր պայքարելուց հետո, Սրբերը ստիպված էին հանձնվել և նրանց հրամայվեց անմիջապես հեռանալ քաղաքից։ Ապա ամբոխը մտավ քաղաք, թալանեց տները և ավերեց տաճարը։ Սրբերից ոմանք, ովքեր չկարողացան արագ փախչել, ծեծվեցին կամ նետվեցին Միսիսիպի գետը։ Երբ մնացած Սրբերին դուրս քշեցին Նավուից, նրանք փախստականների ճամբարներ դրեցին գետի երկայնքով, որը Այովայի տարածքն էր։ Նրանք բավականաչափ սնունդ, պաշար կամ ֆիզիկական ուժ չունեին իրենց ապահովելու համար։ (Տես Church History in the Fulness of Times Student Manual, 318.)

Բացատրեք, որ Եկեղեցու ղեկավարները փրկարար խմբեր էին ուղարկում հետ` Այովայի տարածք, որպեսզի օգնեին տառապող Սրբերին։

  • Ի՞նչ եք կարծում, ինչ կզգայիք, եթե ձեզ կանչեին`հետ վերադառնալ Նավու։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Բրիգամ Յանգի ուղերձը այն մարդկանց, ովքեր պատասխանատու էին փրկարար խմբերի հավաքագրման համար․

Նկար
Նախագահ Բրիգամ Յանգ

«Թող որ Տիրոջ տանը ձեր կապած ուխտի կրակն անհագ հրդեհի պես այրվի ձեր սրտերում, մինչև որ դուք … գտնեք բոլորին … ովքեր [կենդանի մնացին], և տարածեք այդ հրդեհը նրա հոգում, մինչև որ նա ոտքի կանգնի … և ուղիղ քայլի և աղքատի բեռը բերի Նավուից։

… Սա է գործելու օրը» (Journal History of The Church of Jesus Christ of Latter-day Saints, Sept. 28, 1846, 5–6, Church History Library, Salt Lake City)։

  • Ի՞նչ է Բրիգամ Յանգի արած հայտարարությունն ուսուցանում մեր կապած ուխտերի մասին։ (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ ուխտեր կապելը բավարար չէ՝ մենք պետք է պահենք դրանք։ Հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Տերը պահանջում է, որ մենք կիրառենք մեր կապած ուխտերը։)

Գրեք հետևյալ հարցերը գրատախտակին․

Ի՞նչ զոհաբերություններ եք կատարել ուխտերը պահելու համար։

Ի՞նչ օրհնություններ եք ստացել, երբ ապրել եք համաձայն ձեր կապած ուխտերի։

Ուսանողներին բաժանեք զույգերի,խնդրեք նրանց ընտրել հարցերից մեկը և իրենց զուգընկերոջ հետ քննարկել իրենց պատասխանները։ Կարող եք նաև խնդրել մի քանի ուսանողների` դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով։

Ավարտեք` հրավիրելով ուսանողներին մտածել, թե նրանք ինչ պետք է անեն, որպեսզի ապրեն ըստ իրենց կապած ուխտերի։ Վկայեք մեր ուխտերը պահելու օրհնությունների մասին։