Սեմինարիա
Դաս 51. Վարդապետություն և Ուխտեր 45․1-15


Դաս 51

Վարդապետություն և Ուխտեր 45․1-15

Նախաբան

1831թ. մարտին եկեղեցին շարունակում էր աճել Կիրթլենդում: Եկեղեցու ընդդիմությունը նույնպես աճում էր: Մարգարե Ջոզեֆ Սմիթը գրել է. «Բազմաթիվ կեղծ հոդվածներ, ստախոսություններ և հիմար պատմություններ էին տպագրվել թերթերում և տարածվել բոլոր ուղղություններով, հետ պահելով մարդկանց այս աշխատանքն ուսումնասիրելուց կամ հավատքն ընդունելուց»: Այս աճի և ընդդիմության ժամանակաշրջանում Ջոզեֆ Սմիթը մի հայտնություն ստացավ, որի մասին նա ավելի ուշ ասել է, թե այն «սրբերի ուրախության համար էր, ովքեր պետք է պայքարեին ամեն ինչի դեմ, ինչ նախապաշարմունքն ու չարությունը կարող էին հորինել» (Եկեղեցու Պատմություն, 1.158): Այս հայտնությունն այժմ գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնում, որը սկսվում է Փրկչի հայտարարություններով` մեր փրկության գործում Իր դերի մասին: Այսօրվա դասը Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնի վրա կենտրոնացող երեք դասերից առաջինն է:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 45․1-5

Հիսուս Քրիստոսն ընգծում է Իր դերերը որպես Արարիչ և Բարեխոս

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե նրանք ուղղություն են փնտրում մի կարևոր բանում, և որ մի քանի տարբեր մարդիկ ցանկանում են խորհուրդ տալ նրանց:

  • Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա մարդը, որպեսզի դուք ցանկանաք լսել նրա խորհուրդը: (Ուսանողները կարող են մի քանի տարբեր պատասխաններ տալ այս հարցին: Անհրաժեշտության դեպքում կարող եք ասել, որ ավելի հավանական է, որ նրանք կլսեն մեկին, ով անձամբ հոգ է տանում նրանց մասին և, ով հաջողության է հասել այն հարցում, որի շուրջ խորհուրդ են հարցնում):

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնի հայտնությունը ստացվել է այն ժամանակ, երբ վերջին օրերի սրբերը և մյուսները լսում և կարդում էին վիճահարույց ուղերձներ եկեղեցու մասին: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45 բաժնի նախաբանը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ հանգամանքների էին հանդիպում սրբերը:

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տիրոջ առաջին խոսքը հայտնության մեջ:

Հիշեցրեք ուսանողներին, որ ականջ դնել նշանակում է ուշադիր լսել և հնազանդվել: Երբ մենք իսկապես ականջ դնենք Տիրոջը, մենք կհետևենք Նրա խորհրդին և պատվիրաններին: Բացատրեք, որ այս հայտնության սկզբում Տերը հայտարարություններ արեց մեզ օգնելուն ուղղված Իր դերի և Իր ջանքերի մասին: Կարդալով այս հայտարարությունները մենք կարող ենք հասկանալ Նրա խոսքերին ականջ դնելու պատճառները: Քաջալերեք ուսանողներին այսօր ուսուցանվող հատվածներում գտնել ականջ դրեք և լսեք բառերը:

Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.1 հատվածը մտքում, ուշադրություն դարձնելով, թե Հիսուս Քրիստոսն ինչ է ասել Իր մասին: Հրավիրեք ուսանողներին ասել, թե ինչ գտան: Երբ ուսանողները պատասխանեն, հետևյալ վարդապետությունը գրեք գրատախտակին. Հիսուս Քրիստոսը արարել է երկինքները և երկիրը:

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.2 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչու մենք պետք է ականջ դնենք Փրկչին:

  • Այս հատվածի համաձայն` ինչո՞ւ մենք պետք է ականջ դնենք Փրկչին: (Կարող եք բացատրել, «որ մի ժամի, երբ դուք չեք կարծում` ամառը կանցնի» արտահայտությունը ներկայացնում է այն միտքը, որ ամառը կարող է լինել աշխատելու և սեզոնի վերջում բերքահավաքին պատրաստվելու ժամանակը: Այս հատվածն ուսուցանում է, որ մենք պետք է ականջ դնենք Փրկչին այժմ և ապաշխարենք մեր մեղքերից, քանի դեռ ժամանակ ունենք աշխատելու` մեր հոգիների փրկության համար):

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 45.3 հատվածում հանդիպում է բարեխոս բառը: Բարեխոսը նա է, ով պաշտպանում է մեկ ուրիշի դատը: Երբեմն սա տեղի է ունենում դատարանում, որտեղ բարեխոսն ապացույցներ է ներկայացնում դատավորին հօգուտ մեկի, ով դատապարտված է:

Նախքան դասը պատրաստեք երեք հետևյալ նշանները.

Նկար
դատավոր, բարեխոս, մեղադրյալ

Նշանների հակառակ կողմի վրա գրեք հետևյալը.

Նկար
Երկնային Հայր, Հիսուս Քրիստոս, մենք

Հրավիրեք երեք ուսանողների դուրս գալ դասարանի առաջ: Մեկական նշան տվեք ամեն մի ուսանողին: Խնդրեք նրանց պահել նշանները, ցուցադրելով դատավոր, բարեխոս և մեղադրյալ բառերը: Խնդրեք բարեխոս նշանը պահող ուսանողին կանգնել մյուս երկու ուսանողների մեջտեղում:

Խնդրեք դասարանի անդամներին պատկերացնել, թե նրանք գտնվում են դատարանում, որտեղ կա դատավոր, բարեխոս և հանցագործության համար դատապարտված մի մեղադրյալ:

  • Ո՞րն է դատավորի դերը:

  • Ինչպե՞ս կարող է բարեխոսն օգնել դատապարտվածին:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.3 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե այս հատվածն ինչ է ուսուցանում Փրկչի մասին:

  • Ո՞վ է այս հատվածում դատավորը: (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, խնդրեք ուսանողին, ով բռնել է դատավոր նշանը, շրջել այն): Ո՞վ է մեղադրյալը: (Խնդրեք ուսանողին, ով բռնել է մեղադրյալ նշանը, շրջել այն): Ո՞վ է բարեխոսը: (Խնդրեք ուսանողին, ով բռնել է բարեխոս նշանը, շրջել այն): Ապա գրատախտակին գրեք հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսը մեր Բարեխոսն է Երկնային Հոր առաջ):

  • Ինչո՞ւ է մեզ բարեխոս հարկավոր Երկնային Հոր առաջ: (Մենք մեղավոր ենք մեր մեղքերով: Համաձայն Աստծո արդարադատության` ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել Նրա ներկայության մեջ: Հետևաբար, մենք բարեխոսի կարիք ունենք, որ Հոր առաջ պաշտպանի մեր դատը և օգնի մեզ հաշտվել Նրա հետ):

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.4–5 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը պաշտպանում մեր դատը Հոր առաջ:

  • Համաձայն 4 հատվածի, Հիսուս Քրիստոսն ի՞նչ է խնդրում Երկնային Հորը հաշվի առնել: (Փրկիչը խոսում է Իր անմեղ կյանքի և Իր տառապանքների ու մահվան մասին):

  • Համաձայն 5 հատվածի, Հիսուս Քրիստոսն է՞լ ինչ է խնդրում Երկնային Հորը հաշվի առնել: (Մեր հավատքն առ Հիսուս Քրիստոսը):

Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ պարագայում կցանկանային, որ Հիսուս Քրիստոսն իրենց բարեխոսը լիներ առօրյա կյանքում: Նրանց ժամանակ տվեք` իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրելու իրենց զգացումները Փրկչի մասին` որպես իրենց Բարեխոս: Նաև խնդրեք նրանց գրել, թե իրենց զգալով` ինչ կցանկանար Նա, որ անեին, ցույց տալու համար, որ հավատում են Նրա անվանը:

Վարդապետություն և Ուխտեր 45․6-10

Փրկիչը հայտարարում է, որ Նա աշխարհի լույսը և կյանքն է, և որ նա աշխարհ է ուղարկել Իր հավիտենական ուխտը:

Ուսանողներին զույգերի բաժանեք և խնդրեք զույգերով կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.6-10 հատվածները: Երբ ուսանողները բավական ժամանակ կունենան կարդալու, տվեք հետևյալ հարցերը.

  • Համաձայն 6-7 հատվածների, ի՞նչ նպատակներով է Փրկիչն ասում մեզ` ականջ դնել Իրեն: Ի՞նչ է նշանակում. Նա է «սկիզբը և վերջը»: Ինչպե՞ս է Նա լույս և կյանք բերում աշխարհին:

Գրատախտակին գրեք Փրկչի հետևյալ բնութագրերը.

Հիսուս Քրիստոսը սկիզբն ու վերջն է:

Հիսուս Քրիստոսը աշխարհի լույսն ու կյանքն է:

  • Համաձայն 8 հատվածի, ի՞նչ է խոստանում Փրկիչը նրանց, ովքեր ընդունում են Իրեն:

Նշեք, որ 9 հատվածում մենք կարդում ենք, որ Հիսուս Քրիստոսն ուղարկել է Իր «հավիտենական ուխտը, որ լույս լինի աշխարհին, և չափանիշ լինի [Իր] ժողովրդի համար»: Մեկ այլ հայտնությամբ Նա ասել է, որ Իր հավիտենական ուխտը` «[Իր] ավետարանի լրիվությունն է» (ՎևՈւ 66.2):

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «փնտրեն ավետարանը»:

  • Ե՞րբ եք ականատես եղել, որ ավետարանը լույս է եղել աշխարհին: Ինչպե՞ս է ավետարանը չափանիշ հանդիսանում նրանց համար, ովքեր ուխտեր են կապել Տիրոջ հետ:

Վարդապետություն և Ուխտեր 45․11-15

Փրկիչը հայտնում է, որ Նա Ենովքի Աստվածն է

Ցուցադրեք Սիոն քաղաքը երկինք բարձրացվեց նկարը (Gospel Art Book [2009], no. 6; տես նաև LDS.org): Բացատրեք, որ այսպես է նկարիչը պատկերել Ենովքին և նրա ժողովրդին: Ապա ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 45.11 հատվածը: Նշեք, որ այս հատվածներում Տերն ասում է, թե որոշ մարդիկ կոչում են Իրեն «Ենովքի Աստված»:

Նկար
Սիոն քաղաքը երկինք բարձրացվեց

Խնդրեք ուսանողներին դասարանին պատմել, թե ինչ գիտեն Ենովք մարգարեի մասին: Հարկ եղած դեպքում, տվեք հետևյալ տեղեկությունը. Ենովքն ապրել է Նոյից առաջ: Երկիրը Ենովքի ժամանակ ողողված էր ամբարշտությամբ, բայց նա ղեկավարում էր արդար մարդկանց մի հասարակություն, ովքեր ապրում էին Սիոն կոչվող քաղաքում: Սիոնի բնակիչները հետագայում «առանձնացվեցին երկրից» (ՎևՈւ 45.12), բարձրացվեցին երկինք իրենց առաքինության համար (տես Մովսես 7.69):

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 45․12-14 հատվածները, բացատրելով, որ Տերը վերցրել է Սիոն քաղաքի ժողովրդին Իր մոտ և Նա կպահպանի նրանց «մինչև արդարության օրը գա»: Այդ ժամանակ Ենովքն ու նրա ժողովուրդը կվերադառնան երկիր` հանդիպելու հավատարիմ վերջին օրերի սրբերին Նոր Երուսաղեմ քաղաքում, որը նույնպես կկոչվի Սիոն Մովսես 7.62-64): Բոլոր մարգարեները սպասում էին այդ օրվան: Երկրի ժողովրդի անբարշտությունների պատճառով այդ օրը դեռ չի եկել, սակայն նրանք, ովքեր անհամբեր սպասում են այդ օրվան, մի օր կտեսնեն այն:

Հրավիրեք ուսանողներին կրկնել գրատախտակին գրված նախադասությունները, որոնք ներկայացնում են Հիսուս Քրիստոսի դերերից ու հատկանիշներից մի քանիսը: Խնդրեք ուսանողներին խորհել այս նախադասությունների շուրջ և ընտրել հատկանիշներից մեկը, որը հատկապես նշանակալից է նրանց համար: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց ընտրած դերով կամ հատկանիշով և բացատրել, թե ինչու է այն նշանակալից իրենց համար: Երբ ուսանողները բացատրեն իրենց մտքերը գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Երբ սովորում ենք Հիսուս Քրիստոսի դերերի և հատկանիշների մասին, Նրան հետևելու մեր ցանկությունն աճում է:

  • Ի՞նչ սովորեցիք այսօր Փրկչի մասին, որն օգնում է ձեզ ականջ դնել Նրան:

Կարող եք կիսվել ձեր մտքերով Փրկչի որևէ դերի կամ հատկանիշի մասին, և թե ինչպես է այդ դերի կամ հատկանիշի մասին իմանալը օգնում ձեզ Նրան հետևելու ձեր ձգտումներում: Ամփոփեք վկայելով Հիսուս Քրիստոսին լսելու և Նրա խորհրդին ու պատվիրաններին հնազանդվելու օրհնությունների մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 45․3-5: Հիսուս Քրիստոսը մեր Բարեխոսն է

Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերը բացատրել է Փրկչի դերը որպես միջնորդ.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Մեզանից յուրաքանչյուրն ապրում է հոգևոր վարկով: Մի օր հաշիվը կփակվի և կներկայացվի վերջնահաշվարկ: Որքան էլ դա սովորական համարենք այսօր, երբ օրը գա և մոտենա սեփականության իրավունքից զրկվելու սպառնալիքը, մենք վշտացած կփնտրենք ինչ-որ մեկի, ով կկարողանա մեզ օգնել:

Եվ հավերժական օրենքով, ողորմածությունը չի կարող հասանելի լինել, եթե չլինի մեկը, ով կամենում է և կարող է մարել մեր պարտքը, վճարել գինը և սահմանել մեր փրկագնման պայմանները:

Եթե չկա միջնորդ, եթե չկա մի ընկեր, ապա խիստ ու անկարեկից արդարադատության ողջ բեռն, անշուշտ, պետք է ընկնի մեր վրա։ Յուրաքանչյուր զանցանքի` փոքր թե մեծ, լիարժեք վարձատրությունը կպահանջի մեզանից մինչև վերջին գրոշը։

Սակայն իմացեք սա․ Ճշմարտությունը` փառահեղ ճշմարտությունը հռչակում է, որ կա այդպիսի Միջնորդ:

«Որովհետև մեկ Աստված կա, և մեկ միջնորդ Աստուծոյ և մարդկանց մեջ Քրիստոս Հիսուս մարդը»: (Ա Տիմ. Բ.5)»: (“The Mediator,” Ensign, May 1977, 55–56):

Նախագահ Փաքերը նշել է, որ Տերը հանդես է գալիս որպես մեր Բարեխոսը Հոր առաջ մեր առօրյա կյանքում.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Չգիտես ինչու, մենք կարծում ենք, որ Քրիստոսի Քավությունը գործելու է միայն մահկանացու կյանքի վերջում` անկումից, հոգևոր մահից փրկագնվելու համար: Այն շատ ավելին է, քան դա: Դա մի մշտատև զորություն է, որին պետք է դիմել ամենօրյա կյանքում: Երբ մենք մոլեգնած ենք, տակնուվրա ենք եղած, կամ տանջվում ենք մեղքի պատճառով, կամ բեռնավորված ենք վշտով, Նա կարող է բժշկել մեզ: Թեև մենք լիովին չենք հասկանում, թե ինչպես է կատարվել Քրիստոսի քավությունը, մենք կարող ենք զգալ «Աստուծոյ խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է»: [Փիլիպպեցիս Դ.7]»: (“The Touch of the Master’s Hand,” Ensign, May 2001, 23).

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը նկարագրել է իր զգացողությունները, թե ինչպես է Փրկիչը պաշտպանում մեր դատը և, այդպիսով, մուտք ապահովում Երկնային Հոր մոտ.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Ինձ համար մեծ կարևորություն ունի այն, որ ես, ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում, կարող եմ աղոթքի միջոցով մոտենալ շնորհի գահին, որ իմ Երկնային Հայրը կլսի իմ խնդրանքը, որ իմ Բարեխոսը, նա, ով չի մեղանչել, ում արյունն է հեղվել, կպաշտպանի իմ դատը: (Տես ՎևՈւ 45.3-5): Ես շատ եմ ապավինում դեպի Աստվածը մոտենալուն, որը նա տալիս է իր բոլոր երեխաներին, քանի որ նա, իրոք, անաչառ է մարդկանց հանդեպ, և նա, որ խնդրում է, պիտի ստանա» (“I Know in Whom I Have Trusted,” Ensign, May 1993, 83):

Վարդապետություն և Ուխտեր 45․11-12: «Ենովքին …առանձնացրեցի երկրից»

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Այժմ այս Ենովքին Աստված պահպանեց Իր մոտ, որ նա չմահանար այդ ժամանակ և նշանակեց նրան սպասավորում` երկրային մարմինների վրա, ինչի մասին սակայն շատ քիչ է բացահայտված» (in History of the Church, 4:209):

Մեկ այլ առիթով մարգարեն ավելացրել է.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

Նա [Տերը] ընտրեց Ենովքին, ում Նա ուղղորդել էր և տվել Իր օրենքը, ինչպես նաև նրա հետ եղած մարդկանց; և երբ աշխարհն ընդհանրապես չհնազանդվեց Աստծո հրահանգներին` Աստծո հետ քայլելուց հետո, նա փոխակերպեց Ենովքին ու նրա եկեղեցին, իսկ քահանայությունը կամ երկնքի կառավարությունը վերցվեց երկրից» (in History of the Church, 5:64):