Սեմինարիա
Դաս 151․ Յուտայի պատերազմը և Մաունթ Մեդոուսի ի ջարդը


Դաս 151

Յուտայի պատերազմը և Մաունթ Մեդոուսի ջարդը

Նախաբան

1850-ականներին Վերջին օրերի Սրբերի և Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնյաների միջև լարվածությունն ու թյուրիմացությունը հանգեցրին 1857-58թվականների Յուտայի պատերազմին։ 1857թվականի սեպտեմբերին հակամարտություն առաջացավ նաև որոշ Վերջին Օրերի Սրբերի և գաղթականների կառախմբի անդամների միջև, որն անցնում էր Յուտայով։ Զայրութից և վախից դրդված հարավային Յուտայի որոշ Վերջին Օրերի Սրբեր ծրագրեցին և իրագործեցին Կալիֆորնիա ճամփորդող շուրջ 120 գաղթականների ջարդը։ Այդ չարագործությունն այժմ հայտնի է որպես Մաունթ Մեդոուսի ջարդ։

Ուսուցման առաջարկներ

Լարվածություն է ստեղծվում Վերջին Օրերի Սրբերի և Միացյալ Նահանգների կառավարության միջև

Բացատրեք, որ 1857թվականի հուլիսի 24-ին Նախագահ Բրիգամ Յանգը մի խումբ Սրբերի հետ տոնում էր Սոլթ Լեյք Հովիտ ժամանելու 10-րդ տարեդարձը, երբ ստացավ ավելի վաղ ստացված լուրերի հաստատումն այն մասին, որ մի բանակ էր մոտենում Սոլթ Լեյք Սիթիին։ Նախորդ տարիների ընթացքում տարաձայնությունների ու թյուրիմացության արդյունքում լարվածություն էր առաջացել Վերջին Օրերի Սրբերի և Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնյաների միջև։ Սրբերը ցանկանում էին ղեկավարվել իրենց ընտրած ղեկավարների կողմից և մերժել էին պետական նշանակված անձանց, ովքեր չէին կիսում իրենց արժեքները։ Դա հանգեցրել էր նրան, որ պետական պաշտոնյանները նրանց դասել էին Միացյալ Նահանգների կառավարության ապստամբների շարքերում։ Առանց Կոնգրեսի հավանության Միացյալ Նահանգների Նախագահ Ջեյմս Բյուկենենը շուրջ 1500 զորայիններ ուղարկեց Սոլթ Լեյք Սիթի, որպեսզի ստիպի Յուտայի քաղաքացիներին ընդունել նորընտիր պաշտոնյաներին։

  • Եթե դուք լինեիք 1857թվականի Վերջին Օրերի Սուրբ և լսեիք, որ մեծ բանակ էր մոտենում ձեր քաղաքին, ի՞նչ մտահոգություններ կունենայիք ։ (Ուսանողները կարող են նշել, որ Սրբերը բռնությամբ տեղահանվեցին Օհայոյից, Միսսուրիից և Իլինոյսից․ շատերը կորցրին իրենց արժեքավոր գույքը և հողերը, իսկ ոմանք սպանվեցին կամ մահացան այդ հալածանքների պատճառով։ Բանակի մոտենալու լուրը մտահոգություններ առաջացրին , որ այդ նույն իրադարձությունները կարող են պատահել նաև Յուտայում։)

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը․

Սրբերին ուղղված իրենց քարոզների ժամանակ Նախագահ Յանգը և Եկեղեցու այլ ղեկավարները մոտեցող զորքերին անվանում են թշնամիներ։ Նախագահ Յանգը, ով տարիներ շարունակ խնդրել էր Սրբերին խնայել հացահատիկը, նորացրեց իր ցուցումները, որպեսզի նրանք սնունդ ունենային զորքերից փախչելու ժամանակ։ Որպես Յուտա տարածքի նահանգապետ, նա հրահանգեց նաև տարածքի ոստիկաններին նախապատրաստվել տարածքի պաշտպանությանը։

Հակամարտություն առաջացավ որոշ Վերջին Օրերի Սրբերի և գաղթականների կառախմբի անդամների միջև։

Ցուցադրեք մի քարտեզ, որը նման է այստեղ նկարվածին կամ նկարեք դրա նմանը գրատախտակին։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ երկու պարբերությունները․

Նկար
քարտեզ, արևմտյան ԱՄՆ

Արկանզասից դեպի Կալիֆորնիա ճամփորդող գաղթականների կառախումբը մտավ Յուտա հենց այն ժամանակ, երբ Վերջին Օրերի Սրբերը պատրաստվում էին պաշտպանել տարածքը Միացյալ Նահանգների զորքերից։ Կառախմբի որոշ անդամներ զայրացան, քանի որ նրանք դժվարությամբ էին գնում այդքան անհրաժեշտ հացահատիկը Սրբերից, որոնց հրահանգված էր խնայել իրենց հացահատիկը։ Գաղթականները հակամարտության մեջ մտան նաև այն Սրբերի հետ, ովքեր չէին ցանկանում, որ կառախմբի ձիերը և անասունները օգտագործեն այն սնունդն ու ջրային ռեսուրսները, որոնք Սրբերին անհրաժեշտ էր իրենց անասունների համար։

Լարվածությունը սրվեց Սեդար Սիթիում, որը Կալիֆորնիա տանող ճանապարհին Յուտայի վերջին բնակավայրն էր։ Առերեսումներ տեղի ունեցան կառախմբի և Վերջին Օրերի Սրբերի որոշ անդամների միջև։ Կառախմբի որոշ անդամներ սպառնում էին դուրս գալ Սրբերի դեմ և միանալ կառավարության զորքերին։ Թեև կառախմբի ավագը կշտամբեց իր ուղեկիցներին այդ սպառնալիքների համար, Սեդար Սիթիի որոշ ղեկավարներ և բնակիչներ այդ գաղթականներին դիտեցին որպես թշնամիների։ Կառախումբը քաղաքից հեռացավ ժամանելուց ընդամենը մեկ ժամ հետո, բայց Սեդար Սիթիի որոշ բնակիչներ և ղեկավարներ ցանկացան հետապնդել և պատժել այն մարդկանց, ովքեր վիրավորել էին իրենց։

Խնդրեք ուսանողներին հիշել այն ժամանակները, երբ նրանք հակասություններ են ունեցել այլ մարդու կամ մի խումբ մարդկանց հետ։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 12․25 հատվածը։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան և փնտրել Հիսուս Քրիստոսի ուսուցանած այն սկզբունքը, որը կարող է առաջնորդել մեզ, երբ մենք լարված հարաբերություններ ենք ունենում այլ մարդկանց հետ։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «հաշտվիր քո հակառակորդի հետ արագ»:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ արտահայտությունը, կարող եք խնդրել ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը․

Յոթանասունից Երեց Դեյվիդ Ի․ Սորենսոնն ասել է․ «հաշտվիր քո հակառակորդի հետ արագ» նշանակում է «հարթել մեր տարաձայնությունները, քանի դեռ ուշ չէ, որպեսզի վայրկյանական կրքերը չվերածվեն ֆիզիկական կամ էմոցիոնալ դաժանության և մենք չհայտնվենք մեր զայրույթի գերության տակ» (“Forgiveness Will Change Bitterness to Love,” Ensign or Liahona, May 2003, 11)։

  • Ինչպե՞ս կամփոփեիք 3 Նեփի 12․25 հատվածի Փրկիչի ուսմունքը ձեր բառերով։ (Մինչ ուսանողները պատասխանեն, գրատախտակին գրեք նմանատիպ մի սկզբունք. Եթե մենք ուրիշների հետ ունեցած տարաձայնություններին լուծում տանք Տիրոջ եղանակով, ապա մենք կարող ենք խուսափել հակառակության կործանարար ազդեցություններից։)

  • Ինչպե՞ս կարող էր 3 Նեփի 12․25 հատվածի սկզբունքն օգնել Վերջին Օրերի այն Սրբերին, ովքեր վիրավորվեցին կառախմբի անդամների պահվածքից։

Բացատրեք, որ քանի որ այդ Սրբերն իրենց հակամարտությունը գաղթականների հետ չկարգավորեցին Տիրոջ ձևով, իրավիճակն էլ ավելի լրջացավ։ Իսահակ Հայթը, ով Սեդար Սիթիի քաղաքապետը, ոստիկանության մայոր և ցցի նախագահ էր, թույլտվություն խնդրեց ոստիկանապետից, ով ապրում էր մոտակա բնակավայր Պարովանում, որ ոստիկանություն կանչի կառախմբի հանցագործներին դիմակայելու համար։ Ոստիկանապետ Վիլիամ Դեյմը խորհուրդ տվեց Իսահակ Հայթին անտեսել գաղթականների սպառնալիքները։ Այդ խորհրդին լսելու փոխարեն Իսահակ Հայթը և Սեդար Սիթիի մի շարք ղեկավարներ որոշեցին գաղթականներին պատժելու համար համոզել տեղի որոշ հնդկացիների` հարձակվել կառախմբի վրա և գողանալ նրանց անասունները։ Իսահակ Հայթը խնդրեց Ջոն Դ․ Լիին, ով Եկեղեցու անդամ և ոստիկանության մայոր էր, առաջնորդել այդ հարձակումը, և այդ երկուսը ծրագրեցին մեղադրել հնդկացիներին այդ արարքի համար։

  • Ի՞նչ պետք է Սեդար Սիթիի ղեկավարներն անեին, երբ Վիլիամ Դեյմը նրանց խորհուրդ տվեց չօգտագործել ոստիկանությունը։ Այնուհետև ինչի՞ հանգեցրեց մերժումը։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Եթե մենք անտեսում ենք ճիշտ վարվելու խորհուրդը, ապա մենք ավելի ընկալունակ ենք դառնում սխալ որոշումներ կայացնելու հարցում։)

Նշեք, որ այդ տղամարդկանց արարքը հակասում էր նրանց քահանայության պարտականություններին։ Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 121․36–37 հատվածները։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան և փնտրել Տիրոջ նախազգուշացումն այն քահանայություն կրողներին, ովքեր անարդարություն են գործում։

  • Ի՞նչ նախազգուշացում է Տերը տվել քահանայության այն կրողներին, ովքեր ձգտում են թաքցնել իրենց մեղքերը կամ անարդարություն գործել։

Կարդացեք կամ ամփոփեք հետևյալ պարբերությունները և խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչպես Սեդար Սիթիի ղեկավարները շարունակեցին սխալ որոշումներ կայացնել այն բանից հետո, երբ նրանք անտեսեցին իրենց ուղղված խորհուրդը։

Իսահակ Հայթը՝ Եկեղեցու, համայնքի և ոստիկանության տեղի ղեկավարների խորհրդի դատին ներկայացրեց կառախումբը հարձակման ենթարկելու մի ծրագիր։ Խորհրդի որոշ անդամներ կտրականապես մերժեցին ծրագիրը և հարցրին Հայթին, թե արդյոք նա այդ հարցի կապակցությամբ խորհրդակցել է Նախագահ Բրիգամ Յանգի հետ։ Ասելով, որ ինքը չի խորհրդակցել, Հայթը համաձայնեց Ջեյմս Հասլամին որպես սուրհանդակ ուղարկել Սոլթ Լեյք Սիթի և մի բացատրական նամակ ուղարկել նրա հետ, բացատրելով իրավիճակը և հարցնելով, թե ինչ պետք է արվի։ Սակայն, այն պատճառով, որ Սոլթ Լեյք Սիթին գտնվում է շուրջ 250 մղոն հեռու Սեդար Սիթիից, կպահանջվեր մոտ մեկ շաբաթ, որպեսզի սուրհանդակը ձիով հասներ Սոլթ Լեյք Սիթի և Նախագահ Յանգի ցուցումներով վերադառնար Սեդար Սիթի։

Սուրհանդակի հետ իր նամակն ուղարկելուց քիչ առաջ, Ջոն Դ․ Լին և մի խումբ հնդկացիներ Մաունթ Մեդոուս վայրում հարձակվեցին գաղթականների ճամբարի վրա։ Լին առաջնորդում էր հարձակումը, սակայն թաքցնում էր իր ինքնությունը, որպեսզի թվար, թե հնդկացիներն են մեղավոր։ Գաղթականներից ոմանք սպանվեցին կամ վիրավորվեցին, իսկ մնացածը ետ մղեցին իրենց վրա հարձակվողներին` ստիպելով Լիին և հնդկացիներին նահանջել։ Գաղթականները պաշտպանվելու համար իրենց կառքերով արագ կազմեցին նեղ շրջան կամ փարախ ։ Եվս երկու հարձակում տեղի ունեցավ կառախմբի հնգօրյա պաշարման ընթացքում։

Մի անգամ Սեդար Սիթիի ոստիկանները տեսան երկու գաղթականի, որոնք գտնվում էին կառքերով շրջապատված ճամբարից դուրս։ Ոստիկանը կրակեց նրանց վրա և մեկին սպանեց ։ Մյուսը փախավ և լուր տարածեց կառախմբի ճամբարում, որ իրենց դեմ հարձակումների մեջ սպիտակամորթ է ներգրավված եղել։ Այն մարդիկ, ովքեր ծրագրել էին այդ հարձակումները, բռնվեցին իրենց ստի մեջ։ Եթե գաղթականներին թույլատրվեր հասնել Կալիֆորնիա, լուրեր կտարածվեին, որ Վերջին Օրերի Սրբերը պատասխանատու էին կառախմբի վրա գործած հարձակումների համար։ Դավադիրները վախենում էին, որ այդ լուրերը բացասական հետևանքներ կթողնեին իրենց և իրենց ժողովրդի վրա։

  • Ինչի՞ հանգեցրեց ոստիկանապետի խորհրդին չհնազանդվելու որոշումը։

  • Այդ առումով, ի՞նչ ընտրություն ունեին հարձակումներ կազմակերպողները։ (Նրանք կարող էին խոստովանել այն, ինչ արել էին և ընդունել հետևանքները, կամ նրանք կարող էին թաքցնել իրենց հանցագործությունները և մեղքերը։ Տես ՎևՈւ 121․37։)

  • Նրանք ի՞նչ պետք է անեին։

Հրավիրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ.

  • Ի՞նչ եք անում, երբ սխալ եք գործում։ Արդյո՞ք դուք խոստովանում եք ձեր սխալ արարքը և ընդունում հետևանքները, թե՞ խաբեության միջոցով փորձում եք թաքցնել մեղքը։

Վերջին Օրերի Սրբերից ոմանք ծրագրում և իրագործում են Մաունթ Մեդոուսի ջարդը։

Բացատրեք, որ գաղթականների դեմ հարձակումների մեջ ներգրավված Եկեղեցու անդամները որոշում են թաքցնել իրենց մեղքերը։ Հրավիրեք ուսանողներին հետևյալ պարբերությունները կարդալուց կամ ամփոփելուց հետո ուշադրություն դարձնել, թե ինչ տեղի ունեցավ այդ որոշման արդյունքում․

Փորձելով կանխել այն լուրերի տարածումը, թե Վերջին Օրերի Սրբերը ներգրավված են եղել կառախմբի վրա իրականացված հարձակումների մեջ, Իսահակ Հայթը, Ջոն Դ․ Լին և Եկեղեցու ու ոստիկանության տեղի այլ ղեկավարները ծրագրեցին բացի փոքր երեխաներից սպանել ողջ մնացած բոլոր գաղթականներին ։ Գործի դնելով այդ ծրագիրը, Ջոն Դ․ Լին մոտենում է գաղթականներին և ասում, որ ոստիկանությունը կպաշտպանի նրանց հետագա հարձակումներից և ետ կուղեկցի նրանց դեպի Սեդար Սիթի։ Երբ գաղթականները քայլում էին դեպի Սեդար Սիթի, ոստիկանները շրջվեցին և կրակ բացեցին նրանց վրա։ Որոշ հնդկացիներ դուրս եկան թաքստոցներից և միացան հարձակմանը։ Կառախմբի շուրջ 140 գաղթականներից միայն 17 փոքր երեխաներ փրկվեցին։

Ջարդից երկու օր անց Ջեյմս Հասլամը հասավ Սիդար Սիթի՝ իր հետ բերելով Նախագահ Յանգի պատասխան ուղերձը, որում տեղական ղեկավարներին հրահանգվում էր թույլ տալ սայլերին խաղաղությամբ հեռանալ։ «Երբ Հեյթը կարդաց Յանգի խոսքերը, նա մանկան նման հեկեկաց և կարողացավ ասել ընդամենը երկու բառ․ «Շատ ուշ է, շատ ուշ» (Richard E. Turley Jr., “The Mountain Meadows Massacre,” Ensign, Sept. 2007, 20)։

Բացատրեք, որ Վերջին Օրերի Սրբերի որոշ ղեկավարների և հարավային Յուտայի տարածքի որոշ բնակիչների որոշումները հանգեցրին ողբերգական Մաունթ Մեդոուսի ջարդին։ Հակառակ դրան, Եկեղեցու և տարածաշրջանի ղեկավարները Սոլթ Լեյք Սիթիում 1858 թվականին կարգավորեցին Միացյալ Նահանգների կառավարության հետ ունեցած հակամարտությունը՝ խաղաղ բանակցությունների և պայմանների քննարկման միջոցով։ Այդ հակամարտության ժամանակ, որը հետագայում կոչվեց Յուտայի պատերազմ, Միացյալ Նահանգների զորքերը և Յուտայի ոստիկանները ներգրավվեցին ագրեսիայի գործողությունների մեջ, այլ ոչ պատերազմի։

  • Ինչպե՞ս կամփոփեք այն որոշումները, որոնք հանգեցրեցին Մաունթ Մեդոուսիջարդին։

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այդ ողբերգությունից։ (Ուսանողները կարող են բացահայտել տարբեր սկզբունքներ, սակայն նրանց պատասխանները պետք է ընդգրկեն հետևյալը․ Մեր մեղքերը թաքցնելու որոշումը կարող է հանգեցնել հետագա մեղքերի։ Մեր մեղքերը թաքցնելու որոշումը կարող է առաջ բերել տրտմություն և տառապանք։)

Բացատրեք, որ Մաունթ Մեդոուսիջարդը հանգեցրեց ոչ միայն 120 զոհերի , այլև մեծ տառապանք պատճառեց փրկված երեխաներին և զոհերի այլ բարեկամներին։ Պայուտ հնդկացիները նույնպես տուժեցին հանցագործության համար անարդարացիորեն մեղադրվելուց; Բացի դրանից, նրանք «ովքեր իրագործեցին ջարդը, մնացած իրենց կյանքը անցկացրեցին մեղքի սարսափելի զգացումի և կրկնվող մղձավանջների մեջ նրա համար ինչ արել ու տեսել էին։ » (Richard E. Turley Jr., “The Mountain Meadows Massacre,” 20)։

Վստահեցրեք ուսանողներին, որ եթե նրանք բռնել են սխալների և մեղքի ուղին, նրանք կարող են կանխել հետագա կսկիծն ու տրտմությունը, եթե շրջվեն դեպի Տերը և ապաշխարեն իրենց մեղքերը։

Բացատրեք, որ քանի որ բազմաթիվ Վերջին Օրերի Սրբեր էին պատասխանատու Մաունթ Մեդոուսի ջարդի կազմակերպման և իրագործման համար, որոշ մարդիկ թույլ տվեցին, որ այդ իրադարձությունը բացասական կերպով անդրադառնա ողջ Եկեղեցու մասին իրենց կարծիքի վրա։

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Եկեղեցու որոշ անդամների սխալ արարքները չեն որոշում ավետարանի ճշմարտացիության փաստը։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ խոսքերը․

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Հիսուս Քրիստոսի ավետարանը, որը մենք ընդունում ենք, չի ներում տղամարդկանց, կանանց և երեխաների սառնասիրտ սպանությունը։ Իսկապես, այն քարոզում է խաղաղություն և ներում։ Այն ինչ արվել է [Մաունթեյն Միդոյում] տարիներ առաջ մեր Եկեղեցու անդամների կողմից, իրենից ներկայացնում է սարսափելի և դատապարտելի շեղում քրիստոնեական ուսմունքներից ու վարքից» (“150th Anniversary of Mountain Meadows Massacre,” Sept. 11, 2007, mormonnewsroom.org/article/150th-anniversary-of-mountain-meadows-massacre

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելամանի 5․12 հատվածը։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե մենք ինչ կարող ենք անել, որպեսզի զարգացնենք և պահենք մեր վկայությունները, որ դժվարին ժամանակներում, ինչպես օրինակ, երբ իմանում ենք, որ Եկեղեցու անդամները չեն կարողացել ապրել Հիսուս Քրիստոսի ուսմունքներին համաձայն, մեր հավատքը չսասանվի։

  • Համաձայն Հելամանի 5․12 հատվածի, մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի զարգացնենք և պահենք մեր վկայությունները։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ սկզբունքը կարող եք գրել գրատախտակին․ Մենք կարող ենք զարգացնել մեր վկայությունները, եթե մեր հավատը կառուցենք Հիսուս Քրիստոսի հիմքի վրա։)

Այդ սկբունքը ցուցադրելու համար ուսանողներից մեկին հանձնարարեք կարդալ հետևյալ պարբերությունը․

«Ջեյմս Սանդերսը այն երեխաներից մեկի ծոռն է, ով փրկվել է ջարդի ժամանակ [և նույնպես Եկեղեցու անդամ է]։ Եղբայր Սանդերսն … ասել է, որ իմացությունը, որ իր նախնին սպանվել է ջարդի ժամանակ «չի ազդել իր հավատքի վրա, քանի որ այն հիմնված է Հիսուս Քրիստոսի վրա, ոչ թե Եկեղեցու մարդկանց» (Richard E. Turley Jr., “The Mountain Meadows Massacre,” 21)։

  • Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը զորացնել մեզ, երբ մենք հանդիպում ենք այնպիսի դեպքերի, երբ Եկեղեցու անդամները չեն ապրում Փրկիչի ուսմունքներին համաձայն։

  • Ի՞նչ եք անում, որպեսզի կառուցեք ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա։

Վկայեք Փրկիչի ուսմունքներով ապրելու և մեր հավատքը Նրա և Նրա ավետարանի վրա հիմնելու կարևորության մասին։ Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են նրանք ավելի լավ կառուցել իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա և նպատակ դնեն այն իրագործելու համար։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մաունթ Մեդոուսի ջարդի պատասխանատվությունը

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգը հետևյալ հայտարարությունն է արել Մաունթ Մեդոուսի ջարդի վերաբերյալ․

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Ջարդի պատասխանատվությունն ընկնում է Մաունթ Մեդոուսի մերձակա տարածքների Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տեղի ղեկավարների վրա, ովքեր կրում էին նաև քաղաքացիական և զինվորական պաշտոններ և Եկեղեցու անդամների վրա, ովքեր գործում էին նրանց ղեկավարության ներքո։

… Կասկած չկա, որ Աստվածային արդարադատությունը համապատասխան պատիժ կսահմանի նրանց համար, ովքեր պատասխանատու են ջարդի համար» (“150th Anniversary of Mountain Meadows Massacre,” Sept. 11, 2007, mormonnewsroom.org/article/150th-anniversary-of-mountain-meadows-massacre

Ռիչարդ Ի․ Թըրլի Կրտսերը, ով Եկեղեցու պատմաբանի ու գրանցողի օգնականն էր, բացատրեց, թե ինչպես Եկեղեցու բարձրագույն ղեկավարներն իմացան ջարդի մասին։ Նա ամփոփեց նաև այն հետևանքները, որոնք ազդեցին ոճրագործներից ոմանց վրա։

Նկար
Ռիչարդ Ի․ Թըրլի Ավագ

«Չնայած նրան, որ Բրիգամ Յանգը և Եկեղեցու մյուս ղեկավարները ջարդի մասին Սոլթ Լեյք Սիթիում իմացան դրանից շատ չանցած, բնակիչների ներգրավվածության աստիճանի և հանցագործության սարսափելի մանրամասները նրանք իմացան ժամանակի ընթացքում։ 1859 թվականին նրանք Սեդար Սիթիի իրենց կոչումներից ազատեցին ցցի նախագահ Իսահակ Հայթին և Եկեղեցու մյուս մեծարգո ղեկավարներին, ովքեր դեր էին խաղացել ջարդի ժամանակ։ 1870 թվականին նրանք Եկեղեցուց հեռացրին Իսահակ Հայթին և Ջոն Դ․ Լիին։

1874 թվականին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ինը տղամարդկանց մեղավոր ճանաչեց ջարդի ժամանակ նրանց մասնակցության համար։ Նրանց մեծամասնությունն ի վերջո ձերբակալվեց, թեև միայն Լին դատվեց, դատապարտվեց և մահապատժի ենթարկվեց հանցագործության համար։ Մեկ այլ մեղադրյալ փաստեր հաղորդեց ստեղծված իրավիճակի մասին [ինքնակամ խոստովանելով և մյուս ամբաստանյալների դեմ ցուցմունք տալով], իսկ մյուսները տարիներ շարունակ փախչում էին օրենքից։ Մյուս ոստիկանները, ովքեր իրագործեցին ջարդերը, իրենց կյանքի մնացած մասն անցկացրին սարսափելի մեղքի զգացումով և իրենց արածի ու տեսածի շուրջ կրկնվող մղձավանջի մեջ» (Richard E. Turley Jr., “The Mountain Meadows Massacre,” Ensign, Sept. 2007, 20)։

Մաունթ Մեդոուսի ջարդի հետ կապված իրադարձությունների ժամանակացույցը

1857թվականի սեպտեմբերի 3, հինգշաբթի․ Մոտավորապես 140 հոգանոց կառախումբը` մեծամասնությունը Արկանզասից, անցնում են Սեդար Սիթիով` Յուտա։ Կառախմբի որոշ անդամներ ներգրավվում են հակամարտության մեջ տեղի որոշ Վերջին Օրերի Սրբերի հետ։ Երբ կառախմբի անդամներից ոմանք հրաժարվում են ձերբակալվելուց, Սեդար Սիթիի Եկեղեցու և քաղաքացիական տեղական ղեկավարները թույլտվություն են խնդրում Վիլիամ Դեյմից, ով մոտակա Պարովանում ռազմական շրջանի հրամանատարն էր, որպեսզի ոստիկանություն կանչի գաղթականներին դիմակայելու համար։

1857թվականի սեպտեմբերի 4, ուրբաթ․ Վիլիամ Դեյմը պատասխան նամակ է ուղարկում և հրահանգում Սեդար Սիթիի ղեկավարներին, որ ոչինչ չձեռնարկեն գաղթականների նկատմամբ։ Իսահակ Ս․ Հայթը և Սեդար Սիթիի մյուս ղեկավարները մշակում են մի ծրագիր, որով համոզում են տեղի հնդկացիներին հարձակվել կառախմբի գաղթականների վրա։ Հայթը մոտակա Ֆորթ Հարմոնիից հավաքագրում է Ջոն Դ․ Լիին` հարձակումը առաջնորդելու համար։

1857թվականի սեպտեմբերի 6, կիրակի․ Իսահակ Ս․ Հայթը նախագահում է Սեդար Սիթիում տեղի ունեցող խորհրդի ժողովը և գաղթականների վրա հարձակվելու ծրագրի մասին տեղեկացնում է տեղական մյուս ղեկավարներին։ Ղեկավարներից ոմանք առարկում են այդ ծրագրին և համոզում Հայթին, որ նա որպես սուրհանդակ ուղարկի Ջեյմս Հասլամին, որպեսզի Նախագահ Բրիգամ Յանգի ցուցումը ստանա այդ հարցի կապակցությամբ։

1857թվականի սեպտեմբերի 7, երկուշաբթի․ Ջոն Դ․ Լին և հնդկացիները Մաունթ Մեդոուսում հարձակվում են գաղթականների կառախմբի վրա։ Ջեյմս Հասլամը Նախագահ Բրիգամ Յանգի առաջնորդությունը հայցող նամակի հետ հեռանում է Սեդար Սիթիից դեպի Սոլթ Լեյք Սիթի։ Սեդար Սիթիի ոստիկաններից երկու հոգի հարձակվում են երկու գաղթականի վրա, որոնք գտնվում էին կառքերով շրջապատված ճամբարից դուրս։ Գաղթականներից մեկը կենդանի է մնում ու վերադառնում կառքերով շրջապատված ճամբար և լուր հայտնում, որ տեղի բնակիչները հարձակվում են գաղթականների վրա։

1857թվականի սեպտեմբերի 8, երեքշաբթի․ Մի քանի Վերջին Օրերի Սրբեր և հնդկացիները ևս երկու հարձակում են իրականացնում կառախմբի վրա։ Գաղթականները հաջողությամբ պաշտպանում են իրենց դիրքերը, սակայն Սեդար Սիթիի տղամարդիկ սպանում են ևս երկու հոգու, ովքեր փորձում էին փախչել և օգնություն փնտրել։

1857թվականի սեպտեմբերի 9, չորեքշաբթի․ Իսահակ Ս․ Հայթը Սեդար Սիթիից գնում է Պարովան, որպեսզի հանդիպի Վիլյամ Դեյմի հետ։ Պարովանի խորհուրդը որոշում է, որ գաղթականների խմբին պետք է թույլ տրվի խաղաղությամբ շարունակելու իրենց ճանապարհը, սակայն Հայթը փոխում է Դեյմի կարծիքը և ստանում նրա թույլտվությունը` ոստիկաններին պաշարված գաղթականների դեմ ուղարկելու համար։

1857թվականի սեպտեմբերի 10, հինգշաբթի․ Իսահակ Ս․ Հայթը վերադառնում է Սեդար Սիթի և խորհրդակցում տեղական ղեկավարների հետ։ Նրանք հրաման են արձակում սպանել բոլոր գաղթականներին, բացի փոքր երեխաներից։ Ջեյմս Հասլամը հասնում է Սոլթ Լեյք Սիթի, հանձնում Հայթի ուղերձը և Նախագահ Յանգի պատասխան նամակով վերադառնում է Սեդար Սիթի։

1857թվականի սեպտեմբերի 11, ուրբաթ․ Տեղի ոստիկանները խաբեությամբ դուրս են բերում գաղթականներին իրենց ճամբարից։ Ոստիկանները և հնդկացիները հարձակվում և սպանում են գաղթականներին, բացի 17 փոքր երեխաներից։

1857թվականի սեպտեմբերի 13, կիրակի․ Ջեյմս Հասլամը Բրիգամ Յանգի գրավոր ցուցումով վերադառնում է Սոլթ Լեյք Սիթիից, որում ասվում է, որ գաղթականներին պետք է թողնել խաղաղությամբ հեռանան։

1859 թվական․ Պետական պաշտոնյաները հետ են վերցնում ողջ մնացած երեխաներին և վերադարձնում նրանց Արկանզաս` իրենց բարեկամներին։

1870 թվական․ Նախագահ Բրիգամ Յանգը իմանում է ջարդի այլ մանրամասների մասին և Եկեղեցուց հեռացնում Իսահակ Ս․ Հայթին և Ջոն Դ․ Լիին։

1874 թվական․ Ինը մարդ ջարդի ժամանակ իրենց մասնակցության համար մեղավոր է ճանաչվում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից։

1875 թվական․ Ջոն Դ․ Լին ոճրագործներից միակն էր, ով դատվեց, սակայն գործը հասավ վճռաբեկ դատարան։

1876 թվական․ Ջոն Դ․ Լիին կրկին անգամ դատեցին և ջարդի ժամանակ իր մասնակցության համար մեղավոր ճանաչվեց սպանության մեջ։

1877թվական, մարտի 23, ուրբաթ․ Ջոն Դ․ Լին Մաունթ Մեդոուսում ջոկատի կողմից գնդակահարության է ենթարկվում։

Յուտայի պատերազմը

1857թվականի կեսերին Վերջին Օրերի Սրբերի ղեկավարները խոսակցություններ լսեցին այն մասին, որ կառավարությունը ցանկանում է Բրիգամ Յանգին փոխարինել Յուտա տարածքի մեկ այլ նահանգապետով, ով ապահովված կլինի մեծ քանակությամբ պետական զորքերով։ Այդ լուրերը հաստատվեցին հուլիսի 24-ին եկեղեցու անդամների կողմից, ովքեր եկել էին արևելքից (տես Ronald W. Walker, Richard E. Turley Jr., and Glen M. Leonard, Massacre at Mountain Meadows: An American Tragedy [2008], 30)։ Աբրահամ Սմութը, Ջադսոն Ստոդարդը և Օրին Պորտեր Ռոկվելը Սոլթ Լեյք Սիթի ժամանեցին հուլիսի 23-ին և բերեցին մոտեցող բանակի լուրը։ Հաջորդ օրը նրանք այդ լուրը տարան Բիգ Քաթոնվուդ Քենյոն, որտեղ Բրիգամ Յանգը և բազմաթիվ Սրբեր տոնում էին Սոլթ Լեյքի Հովիտ ռահվիրաների մտնելու 10-րդ տարեդարձը (տես Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 369–70)։

Նախագահ Բրիգամ Յանգը և Եկեղեցու մյուս ղեկավարները հավատացած էին, որ մոտեցող պետական զորքերը թշնամանքով էին տրամադրված Վերջին Օրերի Սրբերի հանդեպ։ 1857թվականի օգոստոսի սկզբին Եկեղեցու ղեկավարները ծրագրեր մշակեցին զորքերի մուտքը Յուտայի տարածք խոչընդոտելու կամ նրանցից խույս տալու համար։ 1857թվականի սեպտեմբերի 15-ին Բրիգամ Յանգը տարածքում հայտարարեց ռազմական դրություն։ Նա նաև «կարգադրեց, որ Նավուի լեգեոնը պատրաստվեր հարձակման։ Յուտայի գրեթե բոլոր համայնքներում պաշտպանության նախապատրաստությունները արագացվեցին։ Նա նաև հրահանգեց գյուղերի եպիսկոպոսներին այրել այն ամենն, ինչ ըստ էության, ռազմական գործողությունների ընթացքում կոչնչացվեին» (Church History in the Fulness of Times Student Manual, 371)։

Նավուի լեգեոնի անդամները [անունը վերցված է Յուտայի տարածքային ոստիկաններից] ուղարկվեցին անհանգստացնելու պետական զորքերին, մինչ նրանք քայլում էին տարածքի ուղղությամբ։ «[Լեգեոնի անդամներն] ընդհանուր առմամբ այրեցին յոթանասուն չորս կառք, որում բավականաչափ պաշար կար մեծ բանակին երեք ամիս մատակարարելու համար։ Նրանք գողացան նաև արշավախմբին ուղեկցող երկու հազար գլուխ անասուններից հազար չորս հարյուրը» (Church History in the Fulness of Times Student Manual, 374)։ Նրանք դանդաղեցրին զորքերի երթը և մինչև 1858 թվականի գարունը կանխեցին զորքերի մուտքը Սոլթ Լեյքի Հովիտ։

1858 թվականի մարտին Նախագահ Յանգը հանձնարարեց Սրբերին դատարկել հյուսիսային Յուտայի բոլոր բնակավայրերը։ Սրբերը «թաքցրին բոլոր այն քարերը, որոնք տաշվել էին Սոլթ Լեյքի Տաճարի համար և հավասարեցրեցին ու ծածկեցին այն իր հիմքի տակ, որպեսզի տարածքը նման լինի հերկված դաշտի և մնա անձեռնամխելի» (Church History in the Fulness of Times Student Manual, 376)։ Սոլթ Լեյք Սիթիի տներն ու շինությունները լցրեցին ծղոտով, որպեսզի բանակի կողմից զբաղեցնելու փոխարեն դրանք այրվեն։ Ավելի քան 30000 Սրբեր ճանապարհվեցին դեպի Պրովո և Յուտայի կենտրոնական և հարավային մյուս քաղաքներ, որտեղ Եկեղեցու մնացած անդամները հյուրընկալեցին և հոգ տարան նրանց մասին։

Եկեղեցու և տարածաշրջանի ղեկավարները Սոլթ Լեյք Սիթիում կարգավորեցին Միացյալ Նահանգների կառավարության հետ ունեցած հակամարտությունը՝ խաղաղ բանակցությունների և պայմանների քննարկման միջոցով։ 1858 թվականի ապրիլին Եկեղեցու ղեկավարները Սոլթ Լեյք Սիթի ընդունեցին տարածքային նոր նահանգապետ Ալֆրեդ Քամինգին։ Բրիգամ Յանգը տարածքային գրառումները և կնիքը հանձնեց նոր նահանգապետին և ջերմ հարաբերություններ հաստատեց նրա հետ։ Հունիսի սկզբին Նախագահ Ջեյմս Բյուկենենի կողմից ուղարկված սուրհանդակները ժամանեցին Սոլթ Լեյք Սիթի և ներման առաջարկ բերեցին Վերջին Օրերի Սրբերի համար։ Եկեղեցու ղեկավարներն ընդունեցին այդ առաջարկը, որն ազատում էր Նավուի լեգեոնին իր արշավի գործունեության ընթացքում բանակի մատակարարման կառքերի դեմ խախտումներից։ Հունիսի 26-ին բանակը խաղաղ մտավ հանգիստ և հիմնականում դատարկված մայրաքաղաքը։ Քանի որ զորքերը չդիպան Սրբերի ունեցվածքին, այն Սրբերը ովքեր մնացել էին քաղաքում չիրականացրին իրենց սպառնալիքը և չայրեցին շինությունները։ Մի քանի օր քաղաքում մնալուց հետո բանակը հեռացավ և իր նոր առաջակալ ուղեկալը հաստատեց Սոլթ Լեյք Սիթիից մոտավորապես 48 մղոն (77 կմ) հարավ-արևմուտք, որը նրանք անվանեցին Քեմփ Ֆլոյդ։ 1858 թվականի հուլիսին, Բրիգամ Յանգը պատվիրեց Սրբերին վերադառնալ հյուսիսային Յուտայի իրենց տները (տես Church History in the Fulness of Times Student Manual, 375–77)։

Ի՞նչ պատահեց այն գաղթական երեխաների հետ, ովքեր ողջ մնացին ջարդի ժամանակ։

Վերջին Օրերի Սրբերից ոմանք վերցրին և հոգ տարան այն գաղթական երեխաների մասին, ովքեր ողջ մնացին ջարդի ժամանակ։ 1859 թվականին պետական պաշտոնյաները խնամակալության տակ առան այդ երեխաներին և վերադարձրին նրանց Արկանզասի իրենց բարեկամներին։

Արդյո՞ք գաղթականների կառախմբի անդամները թունավորել են հնդկացիներին։

Ռիչարդ Ի․ Թըրլի Կրտսերը, ով Եկեղեցու պատմաբանի ու գրանցողի օգնականն էր, բացատրել է․

Նկար
Ռիչարդ Ի․ Թըրլի Ավագ

«Յուտայի որոշ ավանդական պատմություններ Մաունթ Մեդոուսում պատահածի առիթով ընդունում են այն պնդումը, որ թունավորումը նույնպես նպաստել է հակամարտությանը, որ Արկանզասի գաղթականները դիտավորյալ թունավորել են Յուտայի կենտրոնական Ֆիլիմոր քաղաքի մոտ գտնվող ջրի աղբյուրը և մի ցուլի դիակ՝ տեղի հնդկացիների մոտ առաջացնելով հիվանդություն և մահ։ Այդ պատմության համաձայն հնդկացիները կատաղեցին և հետևեցին գաղթականներին մինչև ՄաունթՄեդոուս, որտեղ նրանք իրենց վայրագություններն անձամբ կատարեցին կամ ստիպեցին անվճռական Վերջին Օրերի Սրբերի բնակիչներին միանալ իրենց այդ հարձակման ժամանակ։ Պատմական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ պատմությունները ճշգրիտ չեն։

Թեև ճշմարիտ է, որ գաղթականների անասուններից մի քանիսը սատկում են գաղթի ընթացքում, այդ թվում նաև Ֆիլիմորի մոտ, ըստ երևույթին, մահացությունն արդյունք էր այն հիվանդության, որն ախտահարում էր անասունների հոտերը՝ 1850-ականնների ընդհանուր ցամաքային գաղթերի ժամանակ։ Մարդիկ հիվանդ անասուններից վարակվում էին կտրվածքների կամ վերքերի միջոցով կամ վարակված միսը ուտելուց։ Առանց այս ժամանակակից ըմբռնման, մարդիկ կասկածում էին, որ խնդիրն առաջացել է թունավորումից» (“The Mountain Meadows Massacre,” Ensign, Sept. 2007, 16)։

Եկեղեցու անդամների ցավալի արարքները

Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ հայտարարությունը կարող է օգնել մեզ հասկանալ, թե ինչպես արձագանքել, երբ մենք երբևէ իմանում ենք Եկեղեցու ղեկավարների սխալների մասին։

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Եվ եթե կատարելապես անկեղծ լինենք, եղել են դեպքեր, երբ Եկեղեցու անդամները կամ ղեկավարները պարզապես սխալ են թույլ տվել։ Հնարավոր է` ասված կամ արված լինեն բաներ, որոնք համահունչ չեն եղել մեր արժեքներին, սկզբունքներին կամ վարդապետությանը։

Կարծում եմ, որ Եկեղեցին կատարյալ կլիներ, եթե ղեկավարվեր կատարյալ էակների կողմից։ Աստված կատարյալ է, և Նրա վարդապետությունը մաքուր է։ Բայց Նա աշխատում է մեր՝ Իր անկատար զավակների միջոցով, իսկ անկատար մարդիկ թույլ են տալիս սխալներ:

Այդպիսին է եղել ուղին և միշտ այդպես կլինի, մինչև կատարյալ օրը, երբ Քրիստոսն Ինքն անձամբ կթագավորի երկրի վրա։

Ցավալի է, որ ոմանք սայթաքել են մարդկանց կողմից թույլ տված սխալների պատճառով։ Սակայն, չնայած դրան, վերականգնված ավետարանի հավերժական ճշմարտությունը, որ գտնվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, ոչ խամրել է, ոչ նվազել, ոչ էլ՝ ոչնչացել» («Եկե՛ք, միացեք մեզ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2013, 22–23)։

Մաունթ Մեդոուսի ջարդը

Մաունթ Մեդոուսի ջարդի մասին ավելի շատ տեղեկություն իմանալու համար, LDS.org կայքում բացեք Ավետարանի թեմաներ բաժինը և որոնեք «Մաունթ Մեդոուսի ջարդը»։