Սեմինարիա
Դաս 126․ Վարդապետություն և Ուխտեր 121․1-10, 122


Դաս 126

Վարդապետություն և Ուխտեր 121․1–10, 122

Նախաբան

Վարդապետություն և Ուխտերի 121–123 բաժինները պարունակում են ընտրյալ հատվածներ առաքելական ուղերձից կամ նամակից, որը Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացել էր Եկեղեցու համար` գրանցված 1839 թվականի մարտի 20-ի ամսաթվով։ Ջոզեֆ Սմիթը թելադրեց նամակը, երբ նա և մի քանի ընկերներ բանտարկված էին Լիբերթիի բանտում։ Այդ նամակի մեջ Մարգարեն ներառեց իր աղոթքներից մի քանիսը` խնդրելով Տիրոջն օգնել իրեն, իր ընկերներին և բոլոր այն Սրբերին, ովքեր տառապում էին իրենց թշնամիների արարքների պատճառով։ Նա ներառեց նաև այդ աղոթքների պատասխանները։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 121․1-6

Ջոզեֆ Սմիթն աղոթում է տառապող Սրբերի համար

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենց ընկերը կամ սիրած էակը անցնում է դժվար փորձությունների միջով։ Նա վստահեցնում է ձեզ, որ ինքը չի հասկանում, թե ինչու են նման չարչարանքներ պատահում իր հետ և կարծես թե, զգում է, որ Աստված լքել է իրեն։

  • Ի՞նչ կասեիք ձեր ընկերոջը։ Ի՞նչ կանեիք, եթե դուք կրեիք այդ տառապանքները։

Բացատրեք, որ Տերը Ջոզեֆ Սմիթին ցուցում է տվել և մխիթարել չափազանց դժվար փորձառության ժամանակ։ Խրախուսեք ուսանողներին փնտրել տարբերակներ, թե ինչպես կարող են Վարդապետություն և Ուխտերի 121–123 բաժինների Տիրոջ ցուցումի և մխիթարության խոսքերն օգնել նրանց` հաղթահարել իրենց անձնական փորձությունները։

Բացատրեք, որ 1838 թվականի հոկտեմբերի 31-ին Եկեղեցու անդամ Ջորջ Հինքլը, ով նահանգային ոստիկանության գնդապետ էր, դավաճանեց Ջոզեֆ Սմիթին։ Հինկլն ասաց Ջոզեֆ Սմիթին, որ Միսսուրիի ոստիկանության մարդիկ, ովքեր Միսսուրիի Ֆար Վեստ քաղաքում հարձակվել էին Սրբերի վրա, ցանկանում էին տեսակցություն նշանակել՝ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու նպատակով։ Երբ Ջոզեֆը և Եկեղեցու մյուս ղեկավարները ժամանեցին հարցազրույցի, ոստիկանները բռնի ուժով նրանց գերի վերցրին` որպես ռազմագերիներ։ Երբ թշնամիները բանտարկել էին նրանց Ինդեփենդենսում (Միսսուրի) և Ռիչմոնդում (Միսսուրի), բանտարկության հաջորդ ամսվա ընթացքում Ջոզեֆ Սմիթը և նրա ընկերները ենթարկվեցին բռնության և վիրավորանքի։ Մինչ սպասում էին դատավարությանը, որը հիմնված էր կեղծ մեղադրանքների վրա, և որն իրականացվեց առանց պատշաճ ընթացակարգի, Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու մյուս ղեկավարները դեկտեմբերի 1-ին տեղափոխվեցին Միսսուրիի Լիբերթի բանտը։

Հաջորդ չորս ամիսների ընթացքում Մարգարեն, նրա եղբայր Հայրումը, Ալեքսանդ Մաքռեյը, Լայման Ուայթը և Քալեբ Բոլդվինը չափազանց ցրտաշունչ ձմեռվա ընթացքում պահվում էին Լիբերթի բանտի ստորին զնդանում։ Սիդնի Ռիգդոնը նույնպես նրանց հետ էր որոշ ժամանակ, բայց 1839 թվականի հունվարի վերջերին, դատավորը հաստատեց նրա ազատումը։ Վախենալով թշնամիների սպառնալիքներից` եղբայր Ռիգդոնը բանտից դուրս եկավ միայն փետրվարի սկզբներին։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այն դաժան պայմանները, որոնցում ապրում էին Մարգարեն և նրա ընկերները Լիբերթիի բանտում, կարող եք ժապավենի կամ այլ բանի օգնությամբ գետնին 14 ոտնաչափը 14-ի վրա (4.3 մետրը 4.3-ի վրա) մի քառակուսի գծանշել։ Բացատրեք, որ դա բանտի հատակի մոտավոր չափերն էին։ Առաստաղը 6-6․5 ոտնաչափ (1.8-ից 2 մետր) էր։

Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողներն իրենց սուրբ գրություններում նայեն Լիբերթիի բանտի նկարը (տես Եկեղեցու պատմության լուսանկարներ, Լուսանկար 12, «Լիբերթի բանտ»)։ Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, թե ինչպես կարելի է 4-5 տղամարդու ձմեռվա 4 ամիսների ընթացքում բանտարկված պահել այդպիսի փոքր տարածքում։ Երկու փոքր պատուհանների վանդակաճաղերից շատ քիչ լույս էր ներթափանցում, իսկ դրսից մարդիկ ծաղրում ու վիրավորում էին բանտարկյալներին։ Բանտարկյալները քնում էին հատակի կեղտոտ ծղոտներին։ Նրանց աղքատիկ կահավորանքը բաղկացած էր մարդկային կարիքների համար նախատեսված մեկ դույլից։ Որոշ ժամանակ Ջոզեֆը վերմակ չուներ, որը բանտարկյալների միակ պաշտպանությունն էր ցրտից ։ Ուտելիքը երբեմն թունավորվում էր, իսկ երբեմն այն այնքան զզվելի էր, որ նրանք ուտում էին միայն հուսահատ սովից դրդված։ Նրանց հազվադեպ էին թույլատրում տեսակցություն ունենալ և նրանք խորապես ցավում էին` լսելով այն Սրբերի տառապանքները, ովքեր ձմեռվա կեսին դուրս էին բերվել Միսսուրիից։

  • Եթե դուք լինեիք Ջոզեֆի տեղում, ի՞նչ զգացմունքներ և մտքեր կունենայիք։

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտերի 121–123 բաժինները պարունակում են ընտրյալ հատվածներ Սրբերին ուղղված Մարգարեի նամակից, որը գրվել էր Լիբերթիի բանտում եղած իր բանտարկության վերջում։ Նամակն իր մեջ պարունակում է Տիրոջն ուղղված Ջոզեֆի աղոթքով լի աղաչանքը։

Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 121․1–6 հատվածները: Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել Տիրոջն ուղղված Մարգարեի հարցերին ու աղաչանքին։ (Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ 1 և 4 հատվածները, կարող եք բացատրել, որ տաղավարը մի շինություն կամ այլ կառույց է, որը նախատեսված է ծածկվելու համար։)

  • Դուք ի՞նչ հարցեր ու աղաչանքներ գտաք։ Այս հատվածներումուրիշ ի՞նչը տպավորություն գործեց ձեզ վրա։

Վարդապետություն և Ուխտեր 121․7–10, 122

Տերը մխիթարում է Ջոզեֆ Սմիթին

Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի աղոթքներին տրված Տիրոջ որոշ պատասխաններ գրված են Վարդապետություն և Ուխտերի 121․7–25 և 122․1–9 հատվածներում։ Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 121.7-10 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան` ուշադրություն դարձնելով այն սկզբունքներին, որոնք կօգնեին Ջոզեֆ Սմիթին և իր ընկերներին Լիբերթիի բանտում գտնվելիս։ Կարող եք առաջարկել, որ ուսանողներն իրենց սովորած վարդապետություններն ու սկզբունքները գրի առնեն դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հանձնարարեք ուսանողներին կիսվել այն վարդապետություններով և սկզբունքներով, որոնք նրանք բացահայտել են։ Նրանց պատասխանները գրեք գրատախտակին։ Հետևյալ երեք սկզբունքները նրանք պետք է բացահայտեն․

Երբ մենք Տիրոջ անունն ենք տալիս ձախորդությունների ու չարչարանքների ժամանակ, մենք կարող ենք ստանալ Նրա խաղաղությունը։

Եթե մենք լավ ենք դիմանում փորձություններին մահկանացու կյանքում, Աստված մեզ կօրհնի այժմ և հավերժության համար։

Փորձությունների ժամանակ մենք կարող ենք մխիթարություն գտնել իսկական ընկերների աջակցության մեջ։

Ուսանողներին բաժանեք զույգերի և հանձնարարեք նրանց քննարկել հետևյալ հարցերը։ Հարցերն ուղղեք մեկական , որպեսզի քննարկման համար բավականաչափ ժամանակ մնա։

  • Ո՞րն է տարբերությունը՝ փորձությանը ւ դիմանալու և փորձությանը լավ դիմանալու միջև:

  • Ո՞ւմ եք ճանաչում, ով փորձությանը լավ դիմանալու օրինակ է հանդիսանում։

Խրախուսեք մի քանի ուսանողների կիսվել դասարանի հետ , թե ինչ են քննարկել իրենց զուգընկերների հետ։

  • Տերն ասաց, որ Ջոզեֆ Սմիթի ձախորդություններն ու չարչարանքները կտևեն «միայն մի փոքր պահ» (ՎևՈւ 121․7)։ Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում դա: Ինչպե՞ս կարող է այդ հեռանկարն օգնել մեզ լավ դիմանալ մեր փորձություններին։

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվելու իրենց այն փորձառություններով, երբ նրանք զգացել են Փրկչի խաղաղությունն իրենց դժվարության պահերին։

Հետևյալ հարցը գրեք գրատախտակին․ Ո՞վ պետք է խորհուրդ և օրհնություն փնտրի Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով։

Հանձնարարեք ուսանողներին փնտրել այդ հարցի պատասխանը, մինչ նրանք մտքում կարդում են Վարդապետություն և Ուխտերի 122․1–4 հատվածները։ Բավարար ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք նրանց մտածել, թե արդյո՞ք 2–3 հատվածները նկարագրում են դրանք։

  • Ինչպե՞ս ենք մենք շարունակում խորհուրդ ստանալ Ջոզեֆ Սմիթից։ Ինչպե՞ս ենք մենք իշխանություն և օրհնություններ ստանում նրա շնորհիվ։

  • Ի՞նչ խոստումներ է Տերը տվել Ջոզեֆ Սմիթին։

Երեք ուսանողների հանձնարարեք հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 122․5–7 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն սկզբունքին, որը Ջոզեֆ Սմիթին ուսուցանեց Տերն այն դժվարությունների վերաբերյալ, որը նա և մյուսներն ունեին։

  • Ըստ 7-րդ հատվածի, ի՞նչ դրական արդյունք կարող է ստացվել ձախորդություններից ու չարչարանքներից։ (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Չարչարանքները մեզ փորձառություն կտան և կլինեն մեր օգտի համար։)

Հանձնարարեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ․ Վիրթլինի հետևյալ հայտարարությունը. Դասարանին հրավիրեք ուշադրություն դարձնել, թե ինչպես կարող են չարչարանքները լինել մեր օգտի համար։

Նկար
Elder Joseph B. Wirthlin

«Դուք կարող եք մենություն զգալ, երբ ձախորդությունը սողոսկի ձեր կյանք: Դուք տարուբերելով ձեր գլուխը մտածում եք. «Ինչո՞ւ հենց ես» :

Սակայն վշտի անիվը պտտվելիս ի վերջո ցույց է տալիս մեզանից յուրաքանչյուրին: Մեկ թե ավելի անգամներ, ամեն ոք պիտի տառապի: Ոչ ոք բացառություն չէ»։

Հուսահատության, տառապանքի և վշտի պահերին համբերել սովորելը մեր վարժվելու մի մասն է: Այդ փորձառությունները, որոնք հաճախ դժվար է կրել, իրականում այնպիսի փորձություններ են, որոնք ընդլայնում են մեր հասկացողությունը, զարգացնում մեր բնավորությունը և ավելացնում մյուսների հանդեպ մեր կարեկցանքը» («Ինչ էլ որ լինում է, սիրիր այն» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 27)։

  • Համաձայն Երեց Վիրթլինի, ի՞նչ կարող են մեր դժվար փորձառություններն անել մեզ համար։

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել , թե ինչպես է փորձությունը նրանց փորձառություն տվել և ինչպես է այն եղել իրենց օգտի համար։ Բավարար ժամանակից հետո, կարող եք խնդրել մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով։

Որևէ ուսանողի հրավիրեք մոտենալ գրատախտակին և հանդես գալ որպես դպիր։ Խնդրեք նրան գրատախտակի ներքևից մեկ-երրորդ հեռավորության վրա մի հորիզոնական գիծ քաշել։ Ապա, հորդորեք ուսանողների թվարկել դժվար իրավիճակներ, որոնցում մարդիկ հայտնվում են։ Դպիր հանդիսացող ուսանողին խնդրեք նրանց պատասխանները գրել գծից վերև։

Երբ ուսանողները բավարար ժամանակ կունենան ցուցակ կազմելու համար, հարցրեք նրանց, թե արդյոք լսել են, որ ինչ-որ մեկն ասի «Ոչ ոք չի հասկանում, թե ինչի միջով եմ ես անցնում» արտահայտությունը։ Հանձնարարեք նրանց մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 122․8 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե ինչ է Տերն ասում ի պատասխան այդ դիտողության։ Երբ նրանք կիսվեն իրենց պատասխաններով, խնդրեք դպիրին գրել Հիսուս Քրիստոս գրատախտակին գծված գծից ներքև։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Փրկիչը «իջել է այդ ամենից ցած»։ (Նախքան ուսանողները կպատասխանեն, կարող եք նրանց հրավիրել կարդալ 2 Նեփիի 9․20–21, Ալմայի 7․11, և Վարդապետություն և Ուխտերի 88․5–6 հատվածները։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ վարդապետությունը․ Տերը տառապեց բոլոր մարդկանց ցավերի և չարչարանքների համար։)

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող էր այդ ճշմարտությունն օգտակար լինել Լիբերթիի բանտում գտնվող Ջոզեֆ Սմիթի և իր ընկերների համար։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ վարդապետությունը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Վիրթլինի հետևյալ խոսքերը․

Նկար
Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը

«Քանի որ Հիսուս Քրիստոսը մեծապես տառապեց, Նա հասկանում է մեր տառապանքը։ Նա հասկանում է մեր վիշտը։ Մենք կրում ենք դժվարություններ, որպեսզի մենք ևս ունենանք ավելի շատ կարեկցանք և հասկացողություն մյուսների հանդեպ։

Հիշեք Մարգարե Ջոզեֆ Սմիթին ուղղված Փրկիչի վեհ խոսքերը, երբ Ջոզեֆը տառապում էր իր ընկերների հետ Լիբերթի բանտի թանձր խավարում։…

… այդ խոսքերից Ջոզեֆը սփոփվեց, դուք ևս կարող եք սփոփվել» («Ինչ էլ որ լինում է, սիրիր այն» 27)։

  • Ինչպե՞ս է «դժվարությունների» հանդեպ ձեր փորձառությունն ավելացրել ուրիշների հանդեպ ձեր կարեկցանքն ու հասկացողությունը։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 122․9 հատվածը և մտածել, թե ինչպես է այդ հատվածն առնչվում Մարգարե Ջոզեֆ Սմիթի կյանքին և ծառայությանը։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս է Վարդապետություն և Ուխտերի 122․9 հատվածն առնչվում ձեզ։ Ինչպե՞ս կարող է այդ հատվածն ամրապնդել ձեզ դժվարին փորձառությունների ժամանակ։

Բացատրեք, որ այդ նամակը գրելուց շատ չանցած, Տերը Ջոզեֆի և նրա ընկերների համար ճանապարհ բացեց, որ նրանք միանան Իլինոյսում գտնվող Սրբերին։ Վկայեք, որ Աստված Իր ծառա Ջոզեֆ Սմիթի հետ է եղել Ջոզեֆի ողջ կյանքի ընթացքում։ Օգնեք ուսանողներին հասկանալ, որ եթե փորձությունների ժամանակ մենք հավատարիմ մնանք, Աստված նույնպես կլինի մեզ հետ։ Ավարտելով՝ կիսվեք հետևյալ վկայությամբ, որը Ջոզեֆ Սմիթը բերեց իր կյանքի ավարտին․ «Աստված իմ վահանն է, և ի՞նչ կարող է մարդն անել, եթե Աստված իմ ընկերն է»։ (in History of the Church, 5:259)։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 121–123։ Պատմական ակնարկ

«Մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա ընկերները (Հայրում Սմիթը, Լայման Ուայթը, Քալեբ Բոլդվինը, Ալեքսանդր Մաքռեյը և որոշ ժամանակ՝ Սիդնի Ռիգդոնը) մեծապես տառապեցին, երբ նրանք գտնվում էին բանտում՝ սպասելով կեղծ մեղադրանքներով առաջադրվող դատին․ «Այնտեղ գտնվելու ժամանակ շատ անմարդկային բաներ պատահեցին նրանց։ Անբավարար և անվայել ուտելիքը կազմում էր նրանց ամենօրյա սնունդը։ Ժամանակ առ ժամանակ միայն Տիրոջ ոգեշնչումն էր փրկում նրանց թունավորված ուտելիքին անձնատուր լինելուց, որից ոչ ոք չէր խուսափի։ [Ալեքսանդ Մաքռեյն ասել է․ «Մենք չէինք կարողանում ուտել այն, մինչև որ քաղցը ստիպում էր մոտենալ դրան» (B. H. Roberts, A Comprehensive History of the Church, 1:521)։]

«Բանտում չկային քնելու բաժիններ, ուստի նրանք ստիպված էին լինում հանգստանալ և վերականգնվել ծղոտե անկողինների վրա, որոնք փռված էին կարծրացրած տախտակյա և քարե հատակի վրա։ Նրանց [թույլատրում էին] շատ քիչ շփում ունենալ արտաքին աշխարհի հետ` հատկապես իրենց ազատազրկման առաջին ամսվա ընթացքում։ Եվ դա այնպիսի մի վճռական պահին, երբ Միսսուրիում Վերջին Օրերի Սրբերի հալածանքները հասել էին իրենց գագաթնակետին և հուսահատված իրենց մարգարե-ղեկավարի կարիքն ունեին» [Alvin R. Dyer, The Refiner’s Fire, 2nd ed. [1968], 276]։

«Երբեմն բանտում նրանց թույլատրում էր ընկերների այցելությունը և նամակագրություն նրանց հետ։ 1839 թվականի մարտի 20-25-ին Մարգարե Ջոզեֆը թելադրեց մի երկար նամակագրություն, որը ստորագրվեց բոլոր բանտարկյալների կողմից (իրականում, կար երկու նամակ, չնայած Մարգարեն երկրորդ նամակը նշեց որպես առաջինի շարունակություն)։ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը այդ նամակագրության մասին գրել է հետևյալը․ «Դա երբևէ մարդու ձեռքով գրված մեծագույն նամակներից մեկն է։ Իրականում, դա խոնարհ ոգեշնչման արդյունք էր։ Դա աղոթք, մարգարեություն և պատասխան է` Տիրոջից տրված հայտնությամբ։ Ոչ այլ ոք, քան Քրիստոսի սիրո հոգով լցված ազնիվ հոգին կարող էր գրել այդպիսի նամակ։ Հաշվի առնելով [նրանց տառապանքները], զարմանալի չէ, որ Մարգարեն իր հոգու ցավով աղաղակեց օգնության համար։ Նույնիսկ իր ջերմեռանդ աղերսի մեջ առկա էր իր ընկերների հանդեպ հանդուրժողականության և սիրո շունչը»։ (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 2:176.)

«121–23 բաժինները քաղվել են այդ նամակագրությունից և ընդգրկվել Վարդապետություն և Ուխտերի 1876 թվականի հրատարակության մեջ։ Վարդապետություն և Ուխտերի այդ հրատարակությունը, որն ընդգրկում է այս երեք բաժինները, որպես սուրբ գրություն հաստատվել է 1880 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած Եկեղեցու համաժողովի ժամանակ (Doctrine and Covenants Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 295–96)։

Վարդապետություն և Ուխտեր 121․1–3։ «Որքա՞ն պիտի նրանք կրեն այս անարդարություններն ու անօրինական ճնշումները»

Նախքան Ջոզեֆ Սմիթին կբանտարկեին Լիբերթիի բանտում, նա և Եկեղեցու մի քանի ղեկավարներ, այդ թվում՝ Փարլի Պ․ Պրատը, անարդարացիորեն կալանավորվեցին Ռիչմոնդում (Միսսուրի)։ Ռիչմոնդի բանտում եղած ժամանակ նրանք լսեցին, թե ինչպես են բանտի պահակները նողկալի լեզվով պատմում Վերջին Օրերի Սրբերի մեջ գործած իրենց գողությունների, բռնաբարությունների և սպանությունների մասին։ Փարլի Պ․ Պրատը պատմեց, որ որոշ ժամանակ լսելուց հետո, Ջոզեֆը պատասխանեց․

Նկար
Parley P. Pratt

«Հանկարծ [Ջոզեֆը] ոտքի կանգնեց և որոտի կամ մռնչացող առյուծի ձայնով, որքանով կարող եմ հիշել, արտաբերեց հետևյալ խոսքերը․

«ԼՌԵ՛Ք, դո՛ւք դժոխքի ծնունդներ։ Հիսուս Քրիստոսի անունով ես ձեզ հանդիմանում եմ, և պատվիրում եմ, որ լռեք։ Ես մեկ րոպե անգամ չեմ հանդուրժի, որ նման խոսքեր լսեմ։ Դադարեցրեք այդ խոսակցությունները, այլապես ես կամ դուք կմեռնեք ՀԵՆՑ ՀԻՄԱ»։

Բանտապահները «ներողություն խնդրեցին և լուռ մնացին մինչև հերթափոխի վերջը»։ Ավելի ուշ Փարլին վերհիշեց այդ փորձառությունը․ «Ես տեսել եմ արդարադատության ծառայողների … Անգլիայի դատարաններում, ես ներկա եմ եղել Կոնգրեսի հանդիսավոր նիստերին՝ ազգերին օրենքներ տալիս … բայց արժանապատվություն և վեհություն ես տեսել եմ միայն մեկ անգամ, երբ կեսգիշերին շղթայակապ կանգնած էի Միսսուրիի մի անորոշ գյուղի զնդանում» (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. [1938], 211; տես նաև page 210)։

Վարդապետություն և Ուխտեր 122․5-7։ Տառապանքների նպատակը

Անդրադառնալով Վարդապետություն և Ուխտերի 121–122 բաժիններին, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Օրսոն Ֆ․ Ուիթնին ուսուցանել է մեկ պատճառ, որի համար մենք ընկնում ենք ձախորդության մեջ․

Նկար
Elder Orson F. Whitney

«Դա մեր զարգացման, մեր մաքրման, մեր աճի, մեր կրթության և առաջընթացի համար է, որ մենք մաքառում ենք վշտի և դժբախտության մոլեգին ալիքների դեմ։ Եվ մենք պետք է լինենք էլ ավելի ուժեղ և ավելի լավը, երբ լողալով անցնենք հեղեղը և կանգնենք հեռավոր ափի վրա» (“A Lesson from the Book of Job,” Improvement Era, Nov. 1918, 6)։