Սեմինարիա
Դաս 63. Վարդապետություն և Ուխտեր 58.1-33


Դաս 63

Վարդապետություն և Ուխտեր 58․1-33

Նախաբան

1831թ. օգոստոսի 1-ին, երկու շաբաթ չանցած նրանից, երբ Տերը հաստատեց Ինդիփենդենսը, Միսսուրի, որպես Սիոնի կենտրոնական վայր, Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն, որը պարունակվում է Վարդապետություն և Ուխտեր 58-ում: Այս հայտնությունը տրվեց ի պատասխան նրանց, ովքեր շատ էին ցանկանում իմանալ Աստծո կամքը այդ նոր երկրում իրենց ապագայի մասին: Այս հայտնության մեջ Տերը խորհուրդ է տալիս Սրբերին հավատարիմ մնալ իրենց փորձությունների մեջ և բացատրում է, թե ինչու է Նա ուղարկել Սրբերին Սիոն: Տերը նաև խրախուսեց Սրբերին օգտագործել իրենց ընտրության ազատությունը արդարակեցություն բերելու համար:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 58․1-5

Տերը խորհուրդ է տալիս Սրբերին հավատարիմ մնալ իրենց փորձությունների մեջ

Դասից առաջ գրեք գրատախտակին Ներկա և Ապագա բառերը:

Սկսեք դասը, խնդրելով ուսանողներին մտածել այն խոշոր դժվարությունների մասին, որոնք առկա են նրանց կյանքում:

  • Ինչպե՞ս կարող է այս և հաջորդ կյանքում ձեր ապագայի մասին մտածելն օգնել ձեզ հաղթահարել այն դժվարությունները, որոնց հանդիպում եք այսօր:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել այն դժվարություններին, որոնց հանդիպեցին Սրբերը Միսսուրիում 1831թ., որոնք ստիպեցին նրանցից ոմանց հուսահատվել:

1831թ. հունվարին միսիոներները հնդկացիների տարածքում գտան Դելավերի հնդկացիների մի խումբ՝ Միսսուրիի արևմտյան սահմանից դուրս: Դելավերի հնդկացիները հետաքրքրված էին ավետարանի ուսումնասիրությամբ, որը պարունակվում է Մորմոնի Գրքում: Ինչևէ, քանի որ միսիոներները չէին ձեռք բերել հնդկացիների տարածք մտնելու և ավետարանը քարոզելու թույլտվություն, և տեղի հնդկացիների գործակալների և քահանաների ընդդիմության պատճառով, Եկեղեցու միսիոներները ստիպված էին հեռանալ տարածքից: Այնուհետև միսիոներները փորձեցին ուսուցանել Ինդիփենդենսի, Միսսուրի, և շրջապատող տարածքների սպիտակամորթ բնակիչներին, սակայն միայն տաս նորադարձ միացավ Եկեղեցուն մինչև 1831թ. հուլիսը: Երբ 1831թ. հուլիսին Եկեղեցու երեցները Օհայոյից սկսեցին ժամանել Միսսուրի, նրանցից ոմանք հիասթափվեցին: Նրանցից ոմանք ակնկալում էին տեսնել հավատացյալների արագ աճող համայնք և բնակավայր, որը պատրաստ էր ընդունել գաղթող Եկեղեցու անդամներին: Ոմանք մտահոգություն հայտնեցին, քանի որ հողը Ինդիփենդենսում անմշակ էր: Բացի դա, որոշ եղբայրներ խրախուսվեցին մնալ Միսսուրիում և գնել հողեր՝ պատրաստելու համար Սիոնը այն Սրբերի համար, որոնք կգային ավելի ուշ:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր այդ իրավիճակը հուսահատող Եկեղեցու որոշ անդամների համար:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 58.1-2 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ Տերն ասաց երեցներին, որն օգնեց նրանց դիմակայել այդ դժվարություններին:

  • Տերն ի՞նչ ասաց երեցներին:

  • Ինչպե՞ս կամփոփեիք ճշմարտությունները հատված 2-ում: (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ սկզբունքները. Մենք կօրհնվենք, եթե պահենք Տիրոջ պատվիրանները: Մեր հավերժական հատուցումը կլինի ավելի մեծ, եթե մենք հավատարիմ մնանք փորձությունների ժամանակ: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել արտահայտությունները, որոնք ուսուցանում են այդ սկզբունքները հատված 2-ում։)

Անդրադարձեք գրատախտակին գրված Ներկա և Ապագա բառերին: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 58.3-5 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ Տերն ասաց երեցներին Իր ժողովրդի ներկայի և ապագայի մասին: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին:

  • Համաձայն հատված 3-ի, ի՞նչը մենք հաճախ չենք տեսնում կամ հասկանում, երբ անցնում ենք փորձությունների միջով:

Նշեք, որ այս հատվածներում Տերը, կարծես, ուզում էր, որ երեցները նայեին փորձություններից այն կողմ և փոխարենը կենտրոնանային փառահեղ ապագայի վրա, որը կունենային, եթե հավատարիմ լինեին: Տիրոջ ուղերձը Միսսուրիի Սրբերին կարող է օգնել մեզ դիմակայել դժվարություններին, մնալով կենտրոնացած այն օրհնությունների վրա, որոնք խոստացված են նրանց, ովքեր հավատարմորեն կտանեն դժվարությունները:

  • Ինչպե՞ս կարող է հավատալը, որ Տերը կօրհնի ձեզ, օգնել հավատարմորեն տանել դժվարությունները:

  • Ե՞րբ եք զգացել, որ օրհնվել եք դժվարությունների ժամանակ հավատարիմ լինելու շնորհիվ:

Խնդրեք ուսանողներին կրկին մտածել ամենամեծ դժվարության մասին, որի առաջ կանգնած են այսօր: Խրախուսեք նրանց հավատարիմ մնալ ավետարանին` անկախ իրենց դժվարություններից, որպեսզի կարողանան ստանալ իրենց համար պահված Տիրոջ հատուցումները՝ այժմ և հավերժություններում:

Վարդապետություն և Ուխտեր 58․6-13

Փրկիչը բացատրում է, թե ինչու է ուղարկել Սրբերին Սիոն

Ուսանողներին տվեք հետևյալ հարցերը.

  • Ձեզ երբևիցե խնդրե՞լ են անել մի բան, որը դուք չեք հասկացել, թե ինչու պետք է անեք: Ինչպե՞ս եք ձեզ զգացել:

  • Մյուս կողմից, խնդրե՞լ է ձեզ երբևիցե որևէ մեկն անել ինչ-որ բան, միաժամանակ օգնելով ձեզ հասկանալ դա անելու պատճառները: Ի՞նչ տարբերություն է գործել պատճառները հասկանալը:

Բացատրեք, որ Տերը հայտնել է Սիոնի հիմքը դնելու համար մարդկանց ուղարկելու Իր պատճառները: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 58.6-8 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ պատճառներ է Տերը բերում մարդկանց ուղարկելու համար՝ հիմնադրելու Սիոնը: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց սովորածի մասին:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 58.9–13 հատվածները, բացատրելով, որ պատճառներից մեկը, որով Տերն ուղարկում է մարդկանց դնելու Սիոնի հիմքը, դա երկիրը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին պատրաստելն է: Այս հատվածներում Տերը խոսում է Նոր Կտակարանի առակի մասին, որն ուսուցանում է, որ բոլոր ազգերի ժողովուրները կհրավիրվեն ճաշակելու ավետարանի օրհնություններից:

  • Ինչպե՞ս կարող է իմանալը, որ իրենք պատրաստում են Երկիրը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին, օգնել երեցներին հավատարիմ մնալ իրենց դժվարությունների մեջ:

Վարդապետություն և Ուխտեր 58․14-23

Տերը նկարագրում է եպիսկոպոսի պարտականությունները և պատվիրում Սրբերին պահել երկրի օրենքները

Նկար
Էդվարդ Պատրիջ

Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը կանչեց Եպիսկոպոս Էդվարդ Պատրիջին ղեկավարելու Սիոն քաղաքը կառուցելու ջանքերը: Տերը հրահանգեց Եպիսկոպոս Պատրիջին և Սիդնի Գիլբերտին մնալ Միսսուրիում և կառավարել Եկեղեցու սեփականությունը և հող գնել Ինդիփենդենսում, Միսսուրի, և հարող տարածքներում (տես ՎևՈւ 57.7–8): Բացատրեք, որ մինչ Սրբերը պատրաստվում էին հող գնել, Եպիսկոպոս Պատրիջը վիճաբանություն ունեցավ Ջոզեֆ Սմիթի հետ՝ ընտրված հողի որակի շուրջ: Նա համարում էր, որ դրա փոխարեն պետք է այլ հողակտոր գնվեր: Այս անհամաձայնությունը դարձավ Տիորջ կողմից նախատինքի պատճառ:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 58.14-15 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե Տերն ինչ ասաց Եպիսկոպոս Պատրիջին: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին:

  • Խնդրեք ուսանողներին կրկին վերադառնալ Վարդապետություն և Ուխտեր 58.3-ին: Ինչպե՞ս կարող էր այդ հատվածում հայտնված ճշմարտությունը օգնել Եպիսկոպոս Պատրիջին ապաշխարել Մարգարեի հետ վիճաբանելու համար այն բանի շուրջ, թե ինչ հողակտոր պետք է գնվեր:

Բացատրեք դասարանին, որ Եպիսկոպոս Պատրիջը ընդունեց Տիրոջ նախատինքը հնազանդությամբ և նրա մեղքերը ներվեցին:

  • Ինչպե՞ս կարող են Վարդապետություն և Ուխտեր 58.3-ում հայտնված ճշմարտություններն օգնել մեզ արձագանքել Տիրոջ պատվիրաններին հավատքով, ոչ թե անհավատությամբ և սրտի կուրությամբ:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 58.16-20 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե Տերն ինչ ասաց Եպիսկոպոս Պատրիջին որպես եպիսկոպոս նրա դերի և Սիոնը կառուցելու գործում նրա պարտականության մասին:

  • Համաձայն այդ հատվածների, ո՞րն է եպիսկոպոսի պարտականությունը:

  • Որո՞նք են այն ուղիները, որոնցով եպիսկոպոսները պետք է դատեն մարդկանց այսօր:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 58.21-23 հատվածները, բացատրելով, որ Տերն ակնկալում է, որ մենք պահենք երկրի օրենքները, մինչև որ Ինքը գա և կառավարի Հազարամյակի ժամանակ:

Վարդապետություն և Ուխտեր 58․24-33

Տերը խոհուրդ է տալիս Սրբերին օգտագործել իրենց ընտրության ազատությունը բարին գործելու համար

Ներկայացրեք հետևյալ իրավիճակը դասարանին.

Պատկերացրեք, թե փողոցով քայլելով տեսնում եք մի ծեր մարդու, որը վայր է ընկնում: Հետևյալ քայլերից ո՞րը դուք պետք է կատարեք.

  1. Սպասեք, մինչև Հոգին կհուշի ձեզ օգնել:

  2. Սպասեք, մինչև ինչ-որ մեկը կասի ձեզ, ինչ անել:

  3. Սպասեք, մինչև որևէ մեկը կօգնի:

  4. Անմիջապես օգնեք ընկած մարդուն:

Ուսանողների պատասխաններից հետո տվեք հետևյալ հարցը.

  • Ինչո՞ւ է կարևոր օգնել մարդուն առանց սպասելու որևէ մեկից տրվող ուղղությունների:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 58․26–28։ Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն սկզբունքները, որոնք Տերն ուսուցանեց Սրբերին, երբ նրանք դժվարությունների առաջ էին կանգնած Սիոն քաղաքը կառուցելիս: (Կարող եք բացատրել, որ «ով հարկադրվում է բոլոր բաների մեջ» [ՎևՈւ 58.26] արտահայտությունը վերաբերվում է նրան, ով չի գործում, մինչև որ դա չի պահանջվում իրենից:)

  • Ի՞նչ ճշմարտություններ դուք հայտնաբերեցիք 26–28 հատվածներում: (Ուսանողների պատասխանները կարող են պարունակել հետևյալ ճշմարտությունները. Մենք զորություն ունենք ընտրելու մեր գործելու ուղին: Եթե մենք սպասենք, որ Տերն ասի մեզ ամենը, ինչ մենք պետք է անենք, մենք կկորցնենք մեր հատուցումը: Եթե մենք օգտագործենք մեր կամքի ազատությունը՝ անելով բաներ, որոնք արդարակեցություն կբերեն, մենք կվարձատրվենք: Օգտագործելով ուսանողների խոսքերը, գրեք այս ճշմարտությունները գրատախտակին։)

  • Ի՞նչ վարձքի մասին է խոսվում այս հատվածներում: Ինչպե՞ս կարող է մեր ազատ կամքով շատ բարիքներ գործելը ազդել հավերժական կյանք ստանալու մեր հնարավորության վրա:

  • Ի՞նչ եղանակներով դուք կարող եք ջերմեռանդ ներգրավված լինել բարի գործերի մեջ տանը: Դպրոցո՞ւմ: Ձեր ծխում կամ ճյուղո՞ւմ:

Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց փորձառություններով, որոնց արդյունքում օրհնվել են օգտագործելու իրենց ազատ կամքը բարի գործերի համար :

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 58.29-33 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ է պատահում նրանց հետ, ովքեր չեն օգտագործում իրենց ազատ կամքը բարիք գործելու համար կամ ովքեր կասկած ունեն Աստծո պատվիրանների հանդեպ:

  • Ի՞նչ է պատահում նրանց հետ, ովքեր չեն օգտագործում իրենց ազատ կամքը բարիք գործելու համար կամ ովքեր կասկած ունեն Աստծո պատվիրանների հանդեպ:

  • Ինչպե՞ս են որոշ մարդիկ արձագանքում, երբ չեն ստանում օրհնություններ իրենց անփութության կամ անհնազանդության պատճառով: Ի՞նչ նախազգուշացում է տալիս Տերը այդ անձանց 33 հատվածում:

Վկայեք մեր ազատ ընտրությունը` բարիք գործելու համար օգտագործելու կարևորության մասին: Հրավիրեք ուսանողներին օգտագործել իրենց կամքի ազատությունը՝ անելով որևէ բարի գործ մինչև հաջորդ հանդիպումը: Ասացեք ուսանողներին, որ նրանք հնարավորություն կունենան պատմելու իրենց արածների մասին հաջորդ դասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 58․2-4։ «Փառքը, որը պիտի գա շատ նեղությունից հետո»

Նախագահ Բրիգամ Յանգն ուսուցանել է հավերժական մտապատկեր ունենալու և հավատարիմներին տրվող փառքի մասին.

Նկար
Նախագահ Բրիգամ Յանգ

«Մենք խոսում ենք մեր փորձությունների և անհանգստությունների մասին այստեղ՝ այս կյանքի ընթացքում, սական պատկերացրեք, թե դուք կարող եք տեսնել ձեզ հազարավոր և միլիոնավոր տարիներ անց , երբ դուք ապացուցել եք, որ հավատարիմ եք ձեր կրոնին այս կարճ ժամանակահատվածում, և ձեռք եք բերել հավերժական փրկություն և փառքի պսակը Աստծո ներկայության մեջ: Ապա կրկին հայացք գցեք ձեր կյանքին այստեղ և տեսեք կորուստները, խաչերը և հիասթափությունները, … և դուք կցանկանաք բացականչել. «Եվ ի՞նչ: Այդ բաները միայն մի պահ էին, իսկ մենք այժմ այստեղ ենք: Մենք հավատարիմ էինք մեր մահկանացու կյանքի այս մի քանի պահերին, իսկ այժմ վայելում ենք հավերժական կյանքը և փառքը» (“Remarks,” Deseret News, Nov. 9, 1859, 1): (Sես նաև Վարդապետություն և Ուխտերի ուսանողի ձեռնարկ, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 119–20:)

Վարդապետություն և Ուխտեր 58.3: «Դուք ձեր բնական աչքերով չեք կարող տեսնել ձեր Աստծո ծրագիրը»

Երեց Նիլ Ա․ Մաքսվելը կիսվում է Ս․ Ս․ Լյուիսի խոսքերով, որը բացատրում է, որ մենք միշտ չենք հասկանում, թե ինչ է մեզ համար պահել Աստված.

Նկար
Երեց Նիլ Ա. Մաքսվել

«Ս․ Ս․ Լյուիսը Մաքուր Քրիստոնեությունը իր գրքում նկարագրում է Աստծո հետ մեր հարաբերությունները հատուկ ձևով, որն օգնում է մեզ հասկանալ, թե ինչու է նրա կամքին հնազանդվելը միակ ճանապարհը մեր հոգևոր աճի համար.

«Պատկերացրեք, թե դուք ապրող տուն եք: Աստված գալիս է, որպեսզի վերակառուցի այդ տունը: Սկզբում, դուք, մի գուցե, հասկանաք, թե ինչ է նա անում: Նա վերանորոգում է ջրատար խողովակները, փակում կտուրի ճեղքերը, և այլն. դուք գիտեիք, որ այդ գործերը պետք է արվեին, և չեք զարմանում: Սակայն Նա սկսում է հարվածել այնպես, կարծես քանդում է տունը, և դա անհասկանալի է: Ի՞նչ է Նա փորձում անել: Բացատրությունն այն է, որ Նա կառուցում է միանգամայն այլ տուն՝ ավելացնելով մի նոր թև, դնելով լրացուցիչ հատակ, բարձրացնելով աշտարակներ, կառուցելով ներքին բակեր: Դուք կարծում էիք, թե պետք է դառնայիք համեստ փոքրիկ խրճիթ, բայց Նա պալատ է կառուցում»… (New York: The Macmillan Company, 1952, p. 160.) (“The Value of Home Life,” Ensign, Feb. 1972, 5).

Վարդապետություն և Ուխտեր 58․8-11։ «Տիրոջ ընթրիքը»

«Խնջույքի երկու խորհրդանիշերը Հին Կտակարանում վերաբերում են Տիրոջ Ընթրիքին. «խնջույք՝ պարարտ բաներով» և «հին և մաքրված գինով»: Երկուսն էլ հարստության նշաններ են, որոնք ցույց են տալիս, որ նշված խնջույքը մեծ կարևորություն ունի (տես նաև ՎևՈւ 57.5–14, 65.3, Մատթեոս ԻԲ․1–14, Հայտնություն ԺԹ․7–9)» (Doctrine and Covenants Student Manual [Church Education System manual, 2001], 120):

Վարդապետություն և Ուխտեր 58․14-15։ Եպիսկոպոս Պատրիջը ապաշխարում է իր մեղքերը

Եպիսկոպոս Պատրիջը վիճաբանություն ունեցավ Ջոզեֆ Սմիթի հետ՝ Միսսուրիում ընտրված հողի որակի շուրջ: Նա համարում էր, որ դրա փոխարեն պետք է այլ հողակտոր գնվեր: Տերը նախատեց Եպիսկոպոս Պատրիջին իր պահվածքի համար:

Եպիսկոպոս Պատրիջը հնազանդորեն ընդունեց Տիրոջ նախատինքը Վարդապետություն և Ուխտեր 58-ում: Այս հայտնությունը ստանալուց միայն մի քանի օր անց նա գրեց իր կնոջը. «Գիտես, ես մի կարևոր վիճակի մեջ եմ, և ժամանակ առ ժամանակ նախատվելով, ես երբեմն զգում եմ, որ պետք է ընկնեմ, չհրաժարվեմ գործից, բայց վախենում եմ, որ գործս վերևում է, ինչը ես կարող եմ անել և դա ընդունելի կլինի իմ երկնային հոր կողմից» (letter to Lydia Partridge, Aug. 5–7, 1831, Church History Library, Salt Lake City): Սիոնում կայացած ժողովի արձանագրության մեջ, որտեղ դիտարկվում էր Մարգարե Ջոզեֆի և Եպիսկոպոս Պատրիջի վեճը, գրված է, որ Եպիսկոպոս Պատրիջն ասաց, «նա զղջում է և միշտ զղջացել է» այդ անհամաձայնության համար (Minute Book 2, Mar. 10, 1832, 23, Church History Library, Salt Lake City; տես նաև josephsmithpapers.org): 1831թ. սեպտեմբերի 11-ին տրված հայտնության մեջ ասվում է, որ Պատրիջը ներվել է իր վարքի համար (Documents, Volume 2: July 1831–January 1833, vol. 2 of the Documents series of The Joseph Smith Papers [2013], 62):

Վարդապետություն և Ուխտեր 58․27-28։ «Շատ բաներ անեն իրենց իսկ ազատ կամքով»

«Ջերմեռանդ ներգրավված լինեն բարի գործի մեջ» (ՎևՈւ 58.27) խորհրդի դրական օրինակ է հանդիսանում Յոթանասունական Երեց Վոն Ջ. Ֆիթերսթոնի պատմությունը.

Նկար
Elder Vaughn J. Featherstone

«Երբ ես տաս, թե տասնմեկ տարեկան էի, մեր բարեկամներից շատերը եկան մեզ հյուր: Նրանք մոտ 35 կամ 40 հոգի էին: Մայրս հրավիրել էր նրանց բոլորին ճաշի: Ճաշից հետո բոլորը գնացին մյուս սենյակ միասին ժամանակ անցկացնելու: Ամենուրեք կեղտող սպասքի կույտեր էին: Ուտելիքը տեղավորված չէր, պատրաստելուց հետո կաթսաները և թավաները կեղտոտ էին:

Ես հիշում եմ, որ մտածեցի, որ ուշ երեկոյան, երբ բոլորը գնային, մայրս պետք է մաքրեր այդ ամենը: Այդ միտքը ցնցեց ինձ: Ես սկսեցի մաքրություն անել: Դա սպասք լվանալու մեքենաներից առաջ էր: Մայրս միշտ շատ մաքրասեր էր և նա մեզ սովորեցրել էր սպասքը ճիշտ լվանալու և չորացնելու ձևը: Ես սկսեցի այդ ահռելի աշխատանքը: Վերջապես, երեք ժամ անց ես վերջացրեցի վերջին ափսեն չորացնելը: Ես տեղավորեցի ամբողջ ուտելիքը, սրբեցի սեղանները, լվացարանները և հատակը: Խոհանոցը անթերի էր:

Ես երբեք չեմ մոռանա մորս դեմքը, երբ ավելի ուշ երեկոյան հյուրերը գնացին և նա մտավ խոհանոց մաքրելու: Ես թաց էի կրծքավանդակից մինչև ծնկներս: Իմ գործադրած ամեն մի ջանք արժեր միայն տեսնելու համար մորս դեմքի արտահայտությունը: Դա զգացմունքների, հանգստության և հպարտության արտահայտություն էր: Ես որոշում կայացրեցի, որ այդ օրվանից կաշխատեմ կրկին ու կրկին անգամ վերադարձնել այդ հայացքը նրա դեմքին» (“We Love Those We Serve,” New Era, Mar. 1988, 19):