Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Յուտայի պատերազմը և Մաունթ Մեդոուսի ջարդերը, Թանկագին Մարգարիտի ստեղծումը, Պաշտոնական Հայտարարություն 1-ը և Վարդապետություն և Ուխտեր 138 բաժինը (Մաս 31)


Տնային ուսումնասիրության դաս

Յուտայի պատերազմը և Մաունթ Մեդոուսի ջարդերը, Թանկագին Մարգարիտի ստեղծումը Պաշտոնական Հայտարարություն 1-ը և Վարդապետություն և Ուխտեր 138 բաժինը (Մաս 31)

Նախապատրաստական նյութ տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասի ամփոփում

Հետևյալ ամփոփումը ներառում է այն վարդապետություններն ու սկզբունքները, որոնք ուսանողները սովորեցին մաս 31-ը ուսումնասիրելիս: Այս ամփոփումը նախատեսված չէ ուսուցանել որպես դասի մաս: Դասը, որը դուք ուսուցանում եք մաս 31-ում, կենտրոնանում է այս վարդապետություններից ու սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (Յուտայի պատերազմը և Մաունթ Մեդոուսի ջարդերը)

Երբ ուսանողները սովորեցին Եկեղեցու պատմության մի ողբերգական իրադարձության մասին, նրանք խորհեցին այն սկզբունքի շուրջը, որ եթե մենք լուծենք խնդիրները ուրիշների հետ Տիրոջ ճանապարհով, ապա մենք կարող ենք խուսափել հակառակության վնասակար ազդեցությունից: Ուսանողները սովորեցին նաև, որ եթե մենք անտեսենք խորհուրդը` անել այն, ինչը ճիշտ է, ապա ավելի ընկալունակ կդառնանք սխալ ընտրություններ կատարելու նկատմամբ: Ուսանողները բացահայտեցին, որ եթե մենք ընտրում ենք թաքցնել մեր մեղքերը, ապա դա կտանի մեզ հետագա մեղքեր գործելուն` բերելով ափսոսանք ու տառապանք: Ի վերջո, ուսանողներն իմացան, որ մենք կարող ենք զարգացնել ամուր վկայություններ` կառուցելով մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա:

Օր 2 («Թանկագին Մարգարիտի» ստեղծումը)

Ուսանողները պարզեցին, որ «Թանկագին Մարգարիտը» վկայություն է, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե էր, տեսանող և հայտնող: Նրանք սովորեցին Մովսեսի գրքի և Աբրահամի գրքի ստեղծման մասին: Նրանք սովորեցին նաև մի շարք վարդապետություններ և սկզբունքներ Հավատո Հանգանակներից։

Օր 3 (Պաշտոնական Հայտարարություն 1)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին բազմամուսնության կիրառման դադարեցման Մանիֆեստը, նրանք սովորեցին, որ Տերն Իր Եկեղեցին ուղղորդում է Եկեղեցու Նախագահին տրված հայտնությունների միջոցով, և որ Տերը երբեք թույլ չի տա, որ Եկեղեցու Նախագահը մոլորեցնի Եկեղեցին: Երբ ուսանողները սովորում էին տաճարային աշխատանքի առաջընթացի մասին 1890-ականներին, նրանք հայտնաբերեցին նաև, որ մենք կարող ենք կնքվել մեր ընտանիքի անդամների հետ` ներառյալ նրանց հետ, ովքեր եղել են մեզանից առաջ և նրանց հետ, ովքեր կգան մեզանից հետո` կնքման արարողությունների շնորհիվ:

Օր 4 (Վարդապետություն և Ուխտեր 138)

Ուսումնասիրելով Նախագահ Ջոզեֆ Ֆ Սմիթի հայտնություն ստանալու փորձառությունը, ուսանողները հայտնաբերեցին, որ երբ մենք կարդում ենք սուրբ գրությունները և խորհում դրանց շուրջը, մենք պատրաստում ենք մեզ հայտնություն ստանալուն: Բացի այդ, նրանք սովորեցին, որ Հիսուս Քրիստոսի Քավության և ավետարանի սկզբունքներին հնազանդվելու միջոցով ողջ մարդկությունը կարող է փրկվել: Ուսանողները սովորեցին նաև, որ Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի ողորմածության շնորհիվ մենք կազատվենք մահվան կապանքներից և կարող ենք ստանալ ուրախության լիությունը հարության միջոցով:

Նախաբան

Այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես են հոգիների աշխարհում հոգիներին ուսուցանում ավետարանը: Սա կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես նրանք կարող են դառնալ մահացածների փրկության հրաշալի աշխատանքի մասը:

Ուսուցման առաջարկներ

Նախքան Վարդապետություն և Ուխտերի 138 բաժնին վերաբերող դասն ուսուցանելը, կարող եք ուսանողներին հարցնել, արդյոք նրանք հարցեր ունեն շաբաթվա ընթացքում սովորած նյութի վերաբերյալ: Օրինակ` նրանք կարող են հարցեր ունենալ Մաունթ Մեդոուսի ջարդի կամ Պաշտոնական Հայտարարություն 1-ի վերաբերյալ:

Վարդապետություն և Ուխտեր 138

Նախագահ Ջոզեֆ Ֆ Սմիթը սովորում է, թե ինչպես էր ավետարանն ուսուցանվում հոգիների աշխարհում

Ասացեք ուսանողներին, որ ամբողջ աշխարհում մարդիկ ունեն տարբեր համոզմունքներ այն մասին, թե ինչ կպատահի նրանց հետ մահից հետո: Հարցրեք, արդյոք ուսանողները երբևէ հանդիպել են ինչ-որ մեկին, ով ունի ուրիշ համոզմունքներ այն մասին, թե ինչ է պատահում մեզ հետ մահից հետո: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով: (Զգույշ եղեք, որպեսզի բացասաբար չարտահայտվեք այլ կրոնների համոզմուքների մասին:)

  • Մենք ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե մահից հետո կյանքի մասին որ համոզմունքներն են ճշգրիտ: (Կարող եք բացատրել, որ նույնիսկ որոշ Վերջին Օրերի Սրբեր կարող են ունենալ սխալ համոզմունքներ մահից հետո եկող կյանքի մասին:)

Ի հավելումն ուսանողների պատասխանների, խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ միտքը.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Սուրբ գրությունները հանդիսանում են արժանահավատության և ճշմարտության չափորոշիչը [չափանիշը]» («Սուրբ գրությունների օրհնությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 34):

Հաստատեք, որ մահից հետո կյանքի վերաբերյալ տարբեր համոզմունքների ճշտության մասին կարող ենք իմանալ` համեմատելով այդ համոզմունքները այն ճշմարտությունների հետ, որոնք Տերը բացահայտել է Իր սուրբ գրություններում` ինչպես օրինակ Վարդապետություն և Ուխտերի 138 բաժնում:

Գրատախտակին նկարեք ուղեկցող գծապատկերը: Կարող եք համառոտ բացատրել, որ որոշ առումներով ողջ հոգևոր աշխարհը կարելի է համարել հոգևոր բանտ, որովհետև նույնիսկ արդարները գերություն էին համարում իրենց հոգիների անջատումն իրենց մարմիններից (տես ՎևՈւ 138.49-50):

Նկար
հոգևոր դրախտի և հոգևոր բանտի գծապատկերը

Որպեսզի օգնեք ուսանողներին համառոտ վերանայել այն ճշմարտությունները, որոնք նրանք ուսումնասիրեցին բաժին 138-ում, դասարանի կեսին հանձնարարեք Վարդապետություն և Ուխտերի 138.12-15, 22 հատվածներում փնտրել մանրամասնություններ նրանց վերաբերյալ, ովքեր կգնան հոգևոր դրախտ մահանալուց հետո և այն պայմանները, որոնցում նրանք կապրեն այնտեղ: Դասարանի մյուս կեսին հանձնարարեք Վարդապետություն և Ուխտերի 138.20-22 հատվածներում փնտրել մանրամասնություններ նրանց վերաբերյալ, ովքեր կգնան հոգևոր բանտ իրենց մահվան ժամանակ և պայմանները, որոնցում նրանք կապրեն: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով:

Նշեք, որ ոչ միայն ամբարիշտներն ու խռովարարներն են գնում դեպի հոգևոր բանտ իրենց մահվան ժամանակ, այլ նաև նրանք, ովքեր մահանում են իրենց մեղքերի մեջ` առանց ավետարանի մասին գիտելիքի (տես ՎևՈւ 138.32): Հիշեցրեք ուսանողներին, որ մինչ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը խորհում էր Ա Պետրոսի հատվածների շուրջ, Տերը բացահայտեց նրան, թե հոգևոր բանտում գտնվող մարդիկ ինչպես հնարավորություն կունենան ստանալու ավետարանի օրհնությունները:

Որևէ ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138․29–32 հատվածը և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ավետարանն ինչպես է ուսուցանվում հոգևոր աշխարհում: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով: Նրանք պիտի ուսուցանեն հետևյալ ճշմարտությանը նման մի բան. Հիսուս Քրիստոսի ղեկավարության ներքո արդար սուրհանդակները ուսուցանում են ավետարանը հոգևոր բանտում:

Գրատախտակի գծապատկերի վրա նկարեք մի սլաք, որը հոգևոր դրախտից կտանի դեպի հոգևոր բանտ, որպեսզի ներկայացնեք, թե ինչպես են Տիրոջ արդար սուրհանդակները քարոզում ավետարանը հոգևոր բանտում:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 138.33-37 հատվածները` բացատրելով, որ Երկնային Հոր բոլոր զավակները հնարավորություն կունենան ընդունել Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներն ու արարողությունները թե երկրի վրա, թե հոգևոր աշխարհում:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես բոլորը կիմանան ավետարանի մասին, բացատրեք, որ չնայած Փրկիչն Իր մահից հետո այցելեց հոգևոր աշխարհ մի կարճ ժամանակով, Նա կազմակերպեց արդար հոգիներին` քարոզելու ավետարանը հոգևոր բանտում գտնվողներին: Այս ջանքերը շարունակվում են նաև այսօր: Երբ մարդիկ, ովքեր չեն լսել կամ ընդունել ավետարանը մեր օրերում, մահանան, նույնպես հնարավորություն կունենան լսելու և ընդունելու ավետարանը հոգևոր աշխարհում:

Հիշեցրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտերի 138.38-49 հատվածներում Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը թվարկեց շատ «մեծերի և հզորների» հոգիների անունները, որոնց նա տեսավ հոգևոր աշխարհում, ովքեր սպասում էին, որ Փրկիչը կհայտնվի նրանց` խաչի վրա Իր մահից հետո: Հոգիներից մի քանիսը, ում Փրկիչը այցելեց, Հին Կտակարանի և Մորմոնի Գրքի մարգարեներն էին: Սկսած հատված 53-ից, մենք կարդում ենք, որ Նախագահ Սմիթը տեսավ նաև ընտրյալ հոգիներ, ովքեր առաջ էին գալու վերջին տնտեսության մեջ` ներառյալ Մարգարե Ջոզեֆ Սմիթը (նրա հորեղբայրը) և Հայրում Սմիթը (նրա հայրը):

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138.53-56 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչպես են այդ մարդիկ նպաստել հոգևոր բանտում գտնվողների փրկության գործին, մինչ նրանք երկրի վրա էին:

  • Ինչպե՞ս են Վերջին Օրերի Եկեղեցու ղեկավարները օգնել բանտում գտնվող հոգիներին:

Երբ ուսանողները բացահայտեն, որ վերջին օրերի մարգարեները օգնել են մահացածների փրկագնմանը, կառուցելով տաճարներ և սպասավորելով տաճարային արարողություններ մահացածների համար, տաճարի մի նկար տեղադրեք կամ նկարեք գրատախտակին գտնվող գծապատկերի կողքին:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138.58-59 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե մահացածներն ի՞նչ պիտի անեն փրկագնվելու համար: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։

  • Ի՞նչ կպատահի նրանց հետ, ովքեր ապաշխարում են հոգևոր աշխարհում: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը․ Այն հոգիները, ովքեր ապաշխարում են, կփրկագնվեն տաճարային արարողութուններին հնազանդվելու միջոցով, կմաքրագործվեն Քավության միջոցով և կստանան իրենց պարգևը ։)

  • Մենք ինչպե՞ս կարող ենք օգնել մահացածների փրկության ծրագրին, երբ մենք երկրի վրա ենք: (Ավարտելով ընտանեկան պատմության աշխատանքը և մասնակցելով մահացածների համար կատարվող տաճարային արարողություններին:)

Ցույց տվեք տաճարի նկարը գրատախտակին: Վկայեք, որ երբ մենք գնում ենք տաճար արարողություններ կատարելու նրանց համար, ովքեր մահացած են, մենք օգնում ենք նրանց, եթե նրանք ընտրում են ընդունել արարողությունները, փրկագնվել հոգևոր բանտից և միանալ արդար հոգիներին դրախտում:

Գրատախտակի գծապատկերի վրա նկարեք մի սլաք, որն ուղղված է հոգևոր բանտից դեպի հոգևոր դրախտ` ներկայացնելու ապաշխարող հոգիների փրկագնումը հոգևոր բանտից:

  • Այս գիտելիքն ինչպե՞ս կարող է անդրադառնալ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք կատարելու ձեր փորձառության վրա:

  • Դուք ինչպե՞ս եք օրհնվել` մասնակցելով ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին: (Կարող եք կիսվել նաև ձեր անձնական փորձառությամբ։)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138.60 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով Նախագահ Ջոզեֆ Ֆ Սմիթի վկայությունը այն ճշմարտությունների մասին, որոնք նա գրանցել է:

Խնդրեք ուսանողներին պլանավորել կատարելու մի քանի ընտանեկան կամ տաճարային աշխատանք հաջորդ շաբաթների ընթացքում։

Եզրափակեք` կիսվելով Տեր Հիսուս Քրիստոսի և Քավության այն օրհնությունների մասին ձեր վկայությամբ, որոնք մատչելի են ողջերին և մահացածներին:

Հաջորդ մասը (Եկեղեցու Կազմակերպություններն ու Ծրագրերը, Պաշտոնական Հայտարարություն 2, Արագացնել Փրկության Աշխատանքը, Ընտանիքի Հայտարարությունը և Ապրող Մարգարեն)

Հարցրեք ուսանողներին, թե որտեղից գիտեն, որ Տերը ուղղորդում է Իր Եկեղեցին: Ինչո՞ւ է կարևոր ունենալ ապրող մարգարե: Ընտանիքներն ինչքանո՞վ են կարևոր: Հրավիրեք ուսանողներին փնտրել պատասխաններ այս հարցերին, երբ նրանք ուսումնասիրեն դասերը հաջորդ շաբաթ: