Սեմինարիա
Դաս 77․ Վարդապետություն և Ուխտեր 75


Դաս 77

Վարդապետություն և Ուխտեր 75

Նախաբան

1832թ. հունվարի 25-ին տեղի ունեցած Եկեղեցու համաժողովին Մարգարե Ջոզեֆ Սմիթը երկու հայտնություն ստացավ, որոնք գտնվում են Վարդապետություն և Ուխտեր 75-ում: Առաջին հայտնությունը, որը գրանցվել է հատվածներ 1-22-ում, տրվել է երեցների մի խմբի, ովքեր իրենց անունները ներկայացրել էին միսիոներական ծառայության համար: Տերը հրահանգեց այդ երեցներին իրենց միսիոներական պարտականությունների վերաբերյալ և նշանակեց նրանց զուգընկերներ: Երկրորդ հայտնությունը, որը գրանցված է հատվածներ 23–36-ում, տրվեց երեցների երկրորդ խմբին, ովքեր ցանկանում էին իմանալ Տիրոջ կամքը իրենց վերաբերյալ: Տերը հրահանգեց այդ երեցներին հավաստիանալ, որ իրենց ընտանիքները ապահոված են, և ընդունեն ավետարանը քարոզելու կանչը:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 75․1-5

Տերը դիմում է նրանց, ովքեր ցանկանում են քարոզել ավետարանը

Այս դասը ուսուցանելուց մի քանի օր առաջ հրավիրեք որևէ ուսանողի, որը միսիոներական կանչ է ստացել, մի ուսանողի, որը շուտով դիմում կներկայացնի միսիայում ծառայելու համար, կամ վերջերս վերադարձած միսիոների օգնել ուսուցանել ավետարանը քարոզելու մասին: Տվեք նրան ուսուցման հետևյալ ծրագրի օրինակ, և խնդրեք նրան ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 75.1–4 և պատրաստվել ուսուցանել դասի այդ մասը:

Դասի հոգևոր մասից հետո ժամանակը տրամադրեք այդ ուսանողին կամ վերադարձած միսիոներին՝ ուսուցանելու համար այն, ինչ պատրաստել է:

Առաջարկվող ուսուցման ծրագիր Վարդապետություն և Ուխտեր 75.1–4-ի համար

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 75.1-2 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ում էր Տերը դիմում այդ հատվածներում:

Հարցրեք. Ո՞ւմ հետ է Տերը խոսում այդ տողերում։ (Երեցների, ովքեր ներկայացրել էին իրենց անունները միսիոներական աշխատանքի համար:)

Դասարանին ասացեք, որ իրականում կան երկու հայտնություն, որոնք միավորված են Վարդապետություն և Ուխտեր 75-ում և որոնք տրվել են Եկեղեցու համաժողովին: Առաջին հայտնությունը տրվեց միսիոներների խմբի և բացատրվեց, թե ինչպես նրանք կարող են լինել ավելի արդյունավետ, օգնելով մարդկանց հասկանալ իրենց ուղերձը:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 75.3-4 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե ինչ է Տերը խորհուրդ տալիս երեցներին ավետարանը քարոզելու նրանց կոչման հետ կապված: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այն, ինչ գտնում են, իրենց սուրբ գրություններում։

Հարցրեք. Համաձայն հատվածներ 3–4-ի, ի՞նչ էր Տերը ցանկանում, որ երեցներն անեին, երբ քարոզելու էին ավետարանը:

Մի քանի ուսանողի խնդրեք բացատրել, թե ինչ է նշանակում «առաջ գնաք և չհապաղեք», «ոչ էլ ծուլանաք, այլ աշխատեք ձեր զորությամբ» արտահայտությունները:

Դասարանի անդամների պատասխաններից հետո բացատրեք, թե ինչու, ձեր կարծիքով, նրանք, ովքեր քարոզում են ավետարանը, պետք է իմանան և ուսուցանեն իրենց տրված Տիրոջ հայտնությունները և պատվիրանները (տես հատված 4):

Հարցրեք. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ Տիրոջ միսիոներները ծառայեն Իրեն այդ ձևով:

Կիսվեք դասարանի հետ, թե ինչ եք դուք անում (կամ ինչ եք արել, երբ ծառայել եք միսիայում)՝ պատրաստվելու համար քարոզել ավետարանը այն ձևով, որը Տերը նկարագրում է Վարդապետություն և Ուխտեր 75.3–4-ում: Եզրափակեք, կիսվելով ձեր մտքերով, թե ինչ կարող են անել ուսանողները իրենց կյանքի այդ ժամանակահատվածում այդ ձևով ավետարանը քարոզելու համար:

Երբ ուսանողը կամ վերադարձած միսիոներն ավարտի ուսուցանումը, գրեք հետևյալ անավարտ նախադասությունը գրատախտակին. Եթե մենք հավատարմորեն քարոզում ենք ավետարանը, Տերը …:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 75.5 և գտնել այդ միսիոներներին Տիրոջ տված խոստումները:

  • Ի՞նչ oրհնություններ է խոստանում Տերը նրանց, ովքեր հավատարմորեն կքարոզեն Իր ավետարանը:

Կարող եք բացատրել, որ որաները ցորենի ցողուններն են, որոնք հավաքում են և կապոցներ պատրաստում: «Շատ որաներ» ունենալը նշանակում է առատ բերք հավաքել:

  • Ի՞նչ «որաներ» կստանան միսիոներները, ովքեր հավատարիմ են ավետարանը քարոզելու գործում: (Որաները կարող են լինել մարդիկ, ովքեր ընդունում են նրանց ուղերձը [նորադարձներ], ինչպես նաև հավերժական օրհնությունները, որոնք թվարկված են հատված 5-ում:)

Խնդրեք ուսանողներին ամփոփել Վարդապետություն և Ուխտեր 75.5-ում պարունակվող խոստումները, լրացնելով գրատախտակին գրված սկզբունքը: Ահա այդ սկզբունքը ձևակերպելու մեկ տարբերակ. Եթե մենք հավատարմորեն քարոզում ենք ավետարանը, Տերը կօրհնի մեզ պատվով, փառքով և հավերժական կյանքով:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ նրանք, ովքեր հավատարմորեն քարոզում են ավետարանը, կստանան այդպիսի մեծ հավերժական օրհնություններ:

Վարդապետություն և Ուխտեր 75․6-22

Տերը կանչում և հրահանգում է միսիոներական զույգերին

Բացատրեք, որ այն բանից հետո, երբ Տերը հրահանգներ և խոստումներ տվեց երեցներին, ովքեր պատրաստվում էին ծառայել միսիաներում, Նա խմբավորեց նրանց զույգերի և յուրաքանչյուր զույգի տվեց որոշակի հրահանգներ:

Բաժանեք ուսանողներին զույգերի: Խնդրեք յուրաքանչյուր զույգից մեկ ուսանողի մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 75.6–12, իսկ մյուս ուսանողին՝ կարդալ 13–14 հատվածները: Խնդրեք նրանց կարդալու ընթացքում գտնել հետևյալ հարցերի պատասխանները.

  1. Ո՞ւմ հետ էր Տերը խոսում։

  2. Ի՞նչ օրհնություններ Տերը խոստացավ նրանց, եթե հավատարմորեն քարոզեին ավետարանը։

Հրավիրեք ուսանողներին կարդալ իրենց հանձնարարված հատվածները և կիսվել իրենց զուգընկերոջ հետ վերևում նշված հարցերի պատասխաններով:

  • Ի՞նչ լրացուցիչ խորհուրդ տվեց Տերը Վիլյամ Ի․ Մակլելլինին և Լյուկ Ջոնսոնին հատվածներ 8–11-ում, որոնք կարող են օգնել մեզ արդյունավետորեն քարոզել ավետարանը: (Աղոթել ստանալու համար Մխիթարիչին՝ Սուրբ Հոգուն՝ մեզ ուսուցանելու և հավատարիմ մնալու ուժ տալու համար:)

  • Ի՞նչ խոստում կրկնեց Տերը այդ զույգերից յուրաքանչյուրին հատվածներ 11, 13 և 14-ում: (Նա կլինի նրանց հետ: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ կրկնվող խոստումը:)

Խնդրեք ուսանողներն արտահայտել սկզբունքը, որը սովորեցին այդ հատվածներից: Թեև ուսանողները այլ բառեր կարող են օգտագործել, նրանք պետք է կարողանան առանձնացնել հետևյալ սկզբունքը. Եթե մենք հավատարիմ ենք ավետարանը քարոզելու գործում, Տերը կլինի մեզ հետ:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել դուք կամ ձեզ ծանոթ մարդիկ, որոնց արդյունքում համոզվել եք, որ Տերը կլինի նրանց հետ, ովքեր հավատարմորեն կիսվում են ավետարանով ուրիշների հետ:

Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ իրենք կասեին իրենց ընկերոջը կամ ընտանիքի անդամին, ովքեր դժվարություններ ունեն լիաժամկետ միսիայում: Խնդրեք նրանց օգտագործել այսօրվա դասին սովորած սկզբունքները և մի կարճ խրախուսական նամակ գրել այդ միսիոներին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Խնդրեք ուսանողներին կիսվել նամակով, թե ինչ կարող են անել միսիոներները ավելի հավատարմորեն ավետարանը քարոզելու համար, և ինչ օրհնություններ կստանան արդյունքում:

Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան գրելու իրենց նամակները, նրանցից մի քանիսին հրավիրեք դասարանի հետ կիսվել իրենց գրածով:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 75.15–22, բացատրելով, որ Տերը հրահանգեց միսիոներներին օրհնել նրանց ընտանիքները, ովքեր կընդունեն իրենց: Նա նաև ուսուցանեց նրանց, թե ինչ անել, երբ մերժում են ստանում նրանց կողմից, ում հետ կիսվում են ավետարանով: (Կարող եք բացատրել, որ ոտքերի փոշին թոթափելը որպես վկայություն նրանց դեմ, ովքեր մերժում են միսիոներներին և նրանց ուղերձը, կատարվում է հազվադեպ առիթներով, երբ Տերը հստակ պատվիրում է դա անել:)

Վարդապետություն և Ուխտեր 75․23-29

Տերը բացատրում է, թե ինչպես կաջակցվեն նրանց ընտանիքները, ովքեր կանչվում են ծառայելու միսիայում

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 75-ում տրված երկրորդ հայտնությունը տրվեց երեցների մեկ այլ խմբի: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 75.23 և խնդրեք դասարանին գտնել, թե ինչ էին ցանկանում այդ երեցներն իմանալ:

Բացատրեք, որ Եկեղեցու վաղ օրերին միսիոներական ծառայության կանչված շատ տղամարդիկ ունեին կին և երեխաներ, որոնց պետք է պահեին: Ծառայելու կանչն ընդունելը մեծ զոհաբերություն էր ամբողջ ընտանիքի համար: Շատ երեցներ բնականաբար մտահոգվում էին, թե ինչ կպատահեր իրենց ընտանիքների հետ, եթե իրենք ընդունեին ավետարանը քարոզելու կանչը:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 75.24-28 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով երեցներին տրված Տիրոջ հրահանգներին, ովքեր պետք է քարոզեին ավետարանը, սակայն ընտանիքներ ունեին, որոնց համար պետք է հոգ տանեին:

  • Համաձայն հատված 24-ի, երբ ամուսինը և հայրը ծառայում էին լիաժամկետ միսիայում, ո՞վ պետք է օգներ ընտանիքին:

  • Հատված 26-ում ի՞նչ է Տերը հրահանգում երեցներին անել, եթե նրանք գտնեին մի վայր, որտեղ իրենց ընտանիքներին կօգնեին:

  • Հատված 28-ում ի՞նչ է Տերն ասում նրանց, ում պայմանները թույլ չէին տալիս թողնել իրենց ընտանիքներին ավետարանը քարոզելու համար:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 75.29 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով Տիրոջ խորհուրդը, որը նա տվեց բոլոր այդ տղամարդկանց: Կարող եք բացատրել, որ ծույլը այն անձն է, որը չի ցանկանում աշխատել:

  • Ի՞նչ արտահայտություն հատված 29-ից դուք կարող եք օգտագործել ամփոփելու համար Տիրոջ խորհուրդը երեցներին, ովքեր կարողացել էին ծառայել միսիայում, և նրանց, ովքեր ստիպված էին մնալ տանը իրենց ընտանիքների համար հոգ տանելու: «Թող ամեն մարդ ջանասեր լինի բոլոր բաներում»: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ այդ արտահայտությունը վերաբերում է բոլորիս, և որ Տերը պատվիրում է մեզ լինել ջանասեր բոլոր բաներում:)

  • Ի՞նչ է նշանակում «ջանասեր լինել բոլոր բաներում»: (Լինել հետևողական, կայուն, հաստատուն և վստահելի:)

Վարդապետություն և Ուխտեր 75․30-36

Տերը նշանակում է երեցներին ծառայել որպես միսիոներական զուգընկերներ

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 75.30–36, բացատրելով, որ այս հայտնության վերջում Տերը նշանակում է միսիոներական զուգընկերներ:

Ավարտեք դասը, հրավիրելով ուսանողներին գրել, թե ինչ կարող են անել այսօր` Տիրոջը ծառայելիս ավելի ջանասեր լինելու համար: Խնդրեք մեկ կամ երկու ուսանողի կիսվել իրենց մտքերով և վկայություններով այսօր դասարանում քննարկված սկզբունքների վերաբերյալ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 75․6-12: Վիլյամ Ի. Մակլելլինի պատասխանը ավետարանը քարոզելու կանչին

1831թ. հոկտեմբերի 29-ին Վիլյամ Ի. Մակլելլինը կանչվեց միսիայի Միացյալ Նահանգների արևելքում, իսկ Սեմյուել Հ․ Սմիթը կանչվեց որպես նրա զուգընկեր (տես ՎևՈւ 66.5–8): Վիլյամ Մակլելլինն ընդունեց կանչը, սակայն նա վաղ ավարտեց իր միսիան և վերադարձավ Կիրթլենդ, Օհայո, 1831թ. դեկտեմբերի վերջին:

Ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 75.6–13-ում, Տերը նախատեց Վիլյամ Ի․ Մակլելլինին տրտնջալու համար, ետ կանչեց նրան արևելյան նահանգներում ծառայելուց, և կանչեց Օրսոն Հայդին փոխարինել նրան որպես Սեմյուել Սմիթի զուգընկեր: Սակայն Տերը մեծահոգաբար մեկ անգամ ևս կանչեց Եղբայր Մակլելլինին քարոզել ավետարանը Միացյալ Նահանգների հարավային մասում Լյուկ Ջոնսոնի հետ: Եղբայր Մակլելլինն ընդունեց ծառայելու կանչը, սակայն հավատարիմ չեղավ մինչև վերջ: Շուտով նա հայտարարեց, որ հիվանդ է և չի կարող շարունակել իր միսիան: Միսիայից մեկնելուց հետո նա գնաց Հայրամ, Օհայո, և ամուսնացավ Էմիլին Միլերի հետ:

Լրացուցիչ միսիաներում և որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ ծառայելուց հետո Վիլյամ Ի․ Մակլելլինը հեռացվեց Եկղեցուց 1838թ. մայիսի 11-ին, երբ խոստովանեց, որ դադարել է աղոթելը և պատվիրանները պահելը:

Վարդապետություն և Ուխտեր 75․20-22։ «Թոթափեք ձեր ոտքերի փոշին»

Ոտքերի փոշին թոթափելու կամ մաքրելու գործողությունը վկայություն է նրանց դեմ, ովքեր հրաժարվում են ընդունել ավետարանը (տես ՎևՈւ 24.15, 60.15, 84.92, 99.4): Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը գրել է.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Երբ մեր Տերն ուղարկեց Իր աշակերտներին քարոզելու ավետարանի ուղերձը, Նա հրահանգեց Նրանց թոթափել ոտքերի փոշին որպես վկայություն նրանց դեմ, ովքեր հակառակվում էին իրենց: Նմանապես … Տերը հրահանգեց երեցներին, տալով նրանց նույն արտոնությունը: Ոտքերը մաքրելը, լինի դա լվանալով, թե փոշին թոթափելով, կգրանցվի երկնքում որպես վկայություն ամբարիշտների դեմ: Ինչևէ, այս գործողությունը չպետք է կատարվի հակառակվողների ներկայությամբ, «չլինի թե բարկության դրդես նրանց, այլ գաղտնաբար. և լվա ոտքերդ, որպես վկայություն նրանց դեմ, դատաստանի օրվա համար» [ՎևՈւ 60.15]: Եկեղեցու միսիոներները, որոնք հավատարմորեն կատարում են իրենց պարտքը, պարտավորություն են կրում թողնելու իրենց վկայությունը նրանց, ում հանդիպում են իրենց աշխատանքի ընթացքում: Այս վկայությունը դատաստանի ժամանակ ապացույց կհանդիսանա նրանց դեմ, ովքեր մերժում են ուղերձը» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:223; տես նաև Բացատրական և պատմական տեղեկություն, ՎևՈւ 24.15, դաս 31):

Ոտքերը փոշուց մաքրելը վկայություն է նրանց դեմ, ովքեր լիովին մերժում են Տիրոջ լիազորված ծառաներին: Այն կատարվում է միայն հազվադեպ իրավիճակում, երբ Տերը պատվիրում է դա անել: Այս գործողությունը ծառայում է նաև նրանց մերժման ապացույց և նշանակում է, որ նրանք, ովքեր քարոզել են նրանց ավետարանը, այլևս պատասխանատու չեն Տիրոջ առաջ: