Սեմինարիա
Դաս 40․ Վարդապետություն և Ուխտեր 35


Դաս 40

Վարդապետություն և Ուխտեր 35

Նախաբան

Եկեղեցու կազմավորումից վեց ամիս անց Օլիվեր Քաուդերին և Պիտեր Ուիթմեր կրտ. կանչվեցին քարոզելու ավետարանը ամերիկյան հնդկացիներին (տես ՎևՈւ 28.8, 30.5): Զիբա Պիտերսոնը և Փարլի Պ. Պրատը շուտով կանչվեցին ուղեկցելու նրանց (տես ՎևՈւ 32): Դեպի Միսսուրիի արևմտյան սահմաններ իրենց ճանապարհին նրանք կանգ առան Մենթորում, Օհայո, և Կիրթլենդում, Օհայո, որտեղ կիսվեցին վերականգնված ավետարանի ուղերձով Երեց Պրատի ընկեր և նախկին հոգևորական Սիդնի Ռիգդոնի հետ: Կարճ ժամանակում մկրտվեցին ավելի քան 100 մարդ, այդ թվում Սիդնի Ռիգդոնը և նրա համայնքի շատ անդամներ: Արդյունքում Եկեղեցու ընդհանուր անդամների թիվն անցավ կրկնապատիկից:

Երբ երեցները հեռացան Կիրթլենդի տարածքից, շարունակելով իրենց ճամփորդությունը, Սիդնի Ռիգդոնը և Էդվարդ Պատրիջը ուղևորվեցին Ֆայեթ, Նյու Յորք, Մարգարե Ջոզեֆ Սմիթին հանդիպելու: Նրանց ժամանումից կարճ ժամանակ անց Ջոզեֆը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 35-ում։ Դրանում Տերը Սիդնիին հատուկ պարտականություններ է տալիս նոր վերականգնված Եկեղեցում:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 35․1-12

Տերն ասում է, որ նախապատրաստել է Սիդնի Ռիգդոնին ավելի մեծ գործի համար:

Դասից առաջ գրատախտակին գրեք հետևյալ հարցը. Ի՞նչ փորձառություն եք ունեցել, որն օգնել է ձեզ իմանալ, որ Տերը գիտի ձեզ և ծրագիր ունի ձեր կյանքի համար:

Դասի սկզբում հրավիրեք ուսանողներին` կիսվել այդ հարցի շուրջ իրենց պատասխաններով, եթե հարմար են գտնում:

Բացատրեք, որ հայտնության մեջ, որն այժմ տրված է Վարդապետություն և Ուխտեր 35-ում, Տերը դիմում է Սիդնի Ռիգդոն անունով մի տղամարդու, ով նոր էր մկրտվել և հաստատվել: Տերը խոսեց Սիդնիի հետ` Մարգարե Ջոզեֆ Սմիթին աջակցելու նրա դերի մասին: Խրախուսեք ուսանողներին շարունակել մտածել գրատախտակին գրված հարցի մասին, մինչ կուսումնասիրեն Տիրոջ հրահանգները, որոնք տրվել են Սիդնիին:

Օգնելու համար ուսանողներին հասկանալ Սիդնի Ռիգդոնի անցյալը, մի ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ այս դասի նախաբանը։ Ապա ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 35.1-3: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով ապացույց, որ Տերը տեղյակ էր Սիդնի Ռիգդոնի և նրա գործերի մասին։

  • Ի՞նչ ապացույց գտաք, որ Տերը տեղյակ էր Սիդնի Ռիգդոնի մասին։

  • Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում մեզ հետ Տիրոջ հարաբերությունների մասին: (Մինչ ուսանողները պատասխանում են, հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին. Տերը ճանաչում է մեզ և աշխատանք ունի յուրաքանչյուրիս համար:)

  • Ինչո՞ւ է այդ ճշմարտությունը կարևոր ձեզ համար:

Հաստատելու համար, որ Տերը ճանաչում է մեզ անհատապես, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Նիլ Ա. Մաքսվել

«Ես վկայում եմ ձեզ, որ Աստված ճանաչում է ձեզ անհատապես … երկար, երկար ժամանակ (տես ՎևՈւ 93.23): Նա սիրել է ձեզ երկար, երկար ժամանակի ընթացքում: …Նա գիտի ձեր անունները և բոլոր ձեր տառապանքներն ու ուրախությունները: (“Remember How Merciful the Lord Hath Been,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 46):

Նկար
Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին

Ցուցադրեք Հովհաննես Մկրտիչը քարոզում է կամ Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին նկարը (տես Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին, Ավետարանի արվեստի գիրք [2009], հ. 35, տես նաև LDS.org): Խնդրեք ուսանողներին գտնել, թե ով էր Հովհաննես Մկրտիչը, և ինչպես նա պատրաստեց մյուսներին Հիսուս Քրիստոսի գալուն:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 35.4-6 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչով էր Սիդնի Ռիգդոնը նման Հովհաննես Մկրտչին:

  • Համաձայն հատված 4-ի, ինչո՞վ էր Սիդնին նման Հովհաննես Մկրտչին: (Նա պատրաստեց մյուսներին ստանալ ավետարանի լրիվությունը:)

  • Տերն ասաց, որ Սիդնին կանի «ավելի մեծ գործ», քան այն գործը, որը նա արդեն արել էր (ՎևՈւ 35.3): Ըստ Վարդապետություն և Ուխտեր 35․6-ի, ո՞րն էր այդ «ավելի մեծ գործի» մի մասը: (Նա պետք է օգներ մյուսներին ստանալ մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևը պատշաճ իշխանությամբ:)

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կարող են այժմ իրենց կյանքի փորձառությունները և իրավիճակները պատրաստել նրանց ապագայում «ավելի մեծ գործի» համար: Կարող եք մի քանի րոպե տալ նրանց, որպեսզի գրեն այդ մասին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում։

Շեշտեք «դու չգիտեիր դա» արտահայտությունը Վարդապետություն և Ուխտեր 35.4-ում: Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու մասին իմանալուց դեռ առաջ, Սիդնի Ռիգդոնը պատրաստում էր իրեն և մյուսներին դա ընդունելուն: Նա դա անում էր Աստվածաշնչի օգնությամբ, ուսուցանելով մարդկանց իր եկեղեցում Օհայոյում: Վկայեք, որ թեև մենք հնարավոր է չիմանանք այն կոնկրետ աշխատանքները, որոնք Տերը պահել է մեզ համար, մենք կարող ենք վստահ լինել, որ Նա տեղյակ է մեր մասին: Եթե մենք աշխատենք հետևել Նրան, Նա կօգնի մեզ կատարել այն աշխատանքը, որն ունի մեզ համար:

Ուսանողներին հրավիրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 35.7-11 հատվածները: Խնդրեք նրանց գտնել այն, ինչ տեղի կունենա նրանց կյանքում, ովքեր հավատում են և հավատք են գործադրում առ Աստված վերջին օրերին:

  • Համաձայն այդ հատվածների, ի՞նչ է խոստացել Տերը նրանց, ովքեր հետևում են Նրան հավատքով: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը․ Տերը հրաշքներ կգործի և նշաններ ու զարմանալիքներ ցույց կտա համաձայն նրանց հավատքի, ովքեր հավատում են Իր անվանը։

  • Ինչո՞ւ եք կարծում, որ հրաշքները, նշաններն ու զարմանալիքները սերտորեն կապված են հավատքի հետ:

Վարդապետություն և Ուխտեր 35․13-19

Տերը խոստանում է օգնել նրանց, ում կանչում է Իր գործը կատարելու:

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, թե սպորտային թիմ են կազմում: Խնդրեք նրանց նկարագրել այն ուժեղ կողմերը և հմտությունները, որոնք կցանկանային տեսնել իրենց խաղացողների մեջ:

Բացատրեք, որ այդ հայտնության մեջ Տերը նկարագրել է նրանց, ում կանչում է օգնելու վեջին օրերին Իր արքայությունը կառուցելու գործում: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 35․13 և խնդրեք դասարանին գտնել նրանց հատկանիշները, ում Տերն ընտրում է Իր աշխատանքում օգնելու համար:

  • Ո՞ր արտահայտություններն են այս հատվածում նկարագրում նրանց, ու Տերը կանչում է Իր գործին օգնելու համար։

  • Ինչպե՞ս կարող են նրանք, ում Տերը կանչում է օգնելու Իր աշխատանքում, համարվել «աշխարհի թույլերը»:

  • Ինչո՞ւ կարող են նրանք, ում աշխարհը համարում է աշխարհի թույլերը, լավ թեկնածուներ լինել Տիրոջն Իր աշխատանքում օգնելու համար:

Բացատրեք, որ այս հատվածում կալսել բառը վերաբերում է հացահատիկ կալսելուն: Կալսելը գործընթաց է, որի միջոցով հացահատիկը, օրինակ ցորենը, մաքրվում է իր թեփից: Ցորենը պահվում է, իսկ թեփը դուրս գցվում:

  • Ձեր կարծիքով, ո՞րն է «կալսեն ազգերն իմ Հոգու զորությամբ» արտահայտության իմաստը։ (Կարող եք օգնել ուսանողներին հասկանալ, որ սա վերաբերում է Տիրոջ աշխատանքին՝ առանձնացնելու և հավաքելու այն մարդկանց, ովքեր պատրաստ են ընդունելու ավետարանը:)

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել հատված 13-ից: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Աստված կանչում է նրանց, ովքեր թույլ են, կատարելու Իր աշխատանքը Իր Հոգու զորությամբ։ Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին։)

  • Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունn օգնել նրան, ով հուզվում է միսիայում ծառայելու առիթով: Ինչպե՞ս կարող է այն օգնել մեկին, ում խնդրում են ուսուցանել եկեղեցում, սակայն ով իրենց անհամապատասխան է զգում: Ինչպե՞ս կարող է այն օգնել մեկին, ով զգում է, որ պետք է կիսվի ավետարանով, սակայն վստահ չէ, թե ինչ պետք է ասի կամ անի:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 35․14-15 հատվածները, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ ճանապարհներով է Տերը խոստացել զորացնել նրանց, ովքեր աջակցում են Իր աշխատանքին:

  • Ո՞ր արտահայտություններն են այս հատվածում նկարագրում, թե ինչպես Տերը կօրհնի մեզ, եթե մենք օգնենք Իր աշխատանքը կատարելիս:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 35.17-19, 22 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե ինչ է Տերը խորհուրդ տալիս Սիդնի Ռիգդոնին Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ:

  • Ի՞նչ խորհուրդ տվեց Տերը Սիդնի Ռիգդոնին Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ: («Հսկիր նրան, որ նրա հավատքը չպակասի», «մնա նրա հետ» և «մի թողնիր նրան»:)

  • Ինչպե՞ս կարող ենք մենք կիրառել այս խորհուրդն այսօր մեր Եկեղեցու ղեկավարների հարցում:

Վարդապետություն և Ուխտեր 35․20-27

Տերը պատվիրում է Սիդնի Ռիգդոնին գրել Ջոզեֆ Սմիթի համար, քարոզել ավետարանը և պահել իր կապած ուխտերը:

Խնդրեք ուսանողներին նկարագրել Եկեղեցու իրենց կոչումները կամ պարտականությունները: Ապա ուսանողներին հանձնարարեք աչքի անցկացնել Վարդապետություն և Ուխտեր 35․20-23, գտնելով այն որոշակի պարտականությունները, որոնք Տերը կանչեց Սիդնի Ռիգդոնին կատարել:

  • Որո՞նք են այն պարտականությունները, որոնք Տերը կանչեց Սիդնի Ռիգդոնին կատարել:

Շեշտեք, որ Սիդնիի պարտականություններից մեկը Ջոզեֆ Սմիթի համար դպիր լինելն էր: Ջոզեֆի նախորդ դպիրները՝ Օլիվեր Քաուդերին և Ջոն Ուիթմերը կանչվել էին միսիայի: Այս ժամանակ Մորմոնի Գիրքն արդեն թարգմանված էր, սակայն Տերը պատվիրեց Ջոզեֆին վերականգնել կամ վերանայել Աստվածաշնչի Հակոբ թագավորի Տարբերակի հատվածներ, որոնք կորսվել կամ փոփոխվել էին: Ջոզեֆին դպիր էր հարկավոր` այդ աշխատանքում իրեն աջակցելու համար: (Տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն»:)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 35.24-25 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով օրհնություններին, որոնք Տերը խոստացավ Սիդնիին, եթե նա պահեր Տիրոջ հետ կապած իր ուխտերը: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այն, ինչ գտնում են։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այն, որ Տերը կցնցի երկինքները ձեր բարիքի համար: (Հնարավոր նշանակություններից մեկն այն է, որ Տերը կուղարկի երկնքի օրհնությունները և զորությունները` օգնելու մեզ կատարել Իր աշխատանքը և հաղթել չարին: Sես նաև ՎևՈւ 21.6:)

Հրավիրեք ուսանողներին ամփոփել այդ հատվածները, առանձնացնելով այն սկզբունքը, որը թույլ է տալիս մեզ հաջողությամբ կատարել այն աշխատանքը, որն Աստված ունի մեզ համար: Թեև ուսանողները տարբեր կերպ կարող են այն արտահայտել, նրանց պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք պահում ենք պատվիրանները և պատվում մեր ուխտերը, Տերն օգնում է մեզ իրականացնել Իր աշխատանքը: Գրեք այս սկզբունքը գրատախտակին:

Ուսանողների ուշադրությունը դարձրեք գրատախտակին գրված երեք ճշմարտությունների վրա.

Տերը գիտի մեզ և և աշխատանք ունի յուրաքանչյուրիս համար, որը մենք պետք է անենք:

Աստված կանչում է նրանց, ովքեր թույլ են, կատարելու Իր աշխատանքը Իր Հոգու զորությամբ։

Երբ մենք պահում ենք պատվիրանները և պատվում մեր ուխտերը, Տերն օգնում է մեզ իրականացնել Իր աշխատանքը:

  • Ինչպե՞ս են գրատախտակին գրված երեք ճշմարտությունները կապված իրար հետ:

  • Ե՞րբ եք դուք (կամ ձեր ծանոթներից մեկը) ստացել Տիրոջ օգնությունը՝ Նրա աշխատանքը կատարելիս:

Ավարտելով, ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 35.26-27 հատվածները:

  • Հիմնվելով Վարդապետություն և Ուխտեր 35-ից ձեր սովորածի վրա, ձեր կարծիքով, ի՞նչ պատճառներ կային, որպեսզի Սիդնի Ռիգդոնը և Ջոզեֆ Սմիթը բարձրացնեին իրենց սրտերը և ուրախ լինեին:

Խնդրեք ուսանողներին կիսվել պատճառներով, որոնցով կարող են բարձրացնել իրենց սրտերը և ուրախ լինել: Կարող եք ավելացնել ձեր վկայությունը Տիրոջ պատրաստակամության մասին՝ օգնելու մեզ Իր աշխատանքը կատարելիս:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 35.3-4: «Ես … նախապատրաստել եմ քեզ ավելի մեծ գործի համար»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը խոսել է մեր կյանքի վերաբերյալ Տիրոջ ծրագրերն ընդունելու կարևորության մասին․

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Հավատքը և վստահությունը Տիրոջ հանդեպ մեզ ուժ են տալիս ընդունել ամենը, ինչ պատահում է մեր կյանքում, և համբերել մեինչև վերջ:…

… Ձեր հույսը մի դրեք կյանքի ամեն մի իրադարձությունը ծրագրելու վրա, անգամ ամենակարևորը: Պատրաստ եղեք ընդունելու Տիրոջ ծրագիրը և մյուսների ազատ կամքն այն հարցերում, որոնք անխուսափելիորեն ազդում են ձեզ վրա: Ծրագրեք, իհարկե, սակայն հիմնեք ձեր ծրագիրը անձնական պարտավորությունների վրա, որոնք կտանեն ձեզ ամեն ինչի միջով, ինչ էլ որ պատահի: Խարսխեք ձեր կյանքը հավերժական սկզբունքների վրա և գործեք ըստ այդ սկզբունքների, ինչպիսին էլ որ լինեն հանգամանքները և մյուսների գործողությունները: Այնուհետև դուք կարող եք սպասել Տիրոջ ժամանակին և վստահ լինել հավերժության իրականացմանը» (“Timing,” Ensign, Oct. 2003, 17):

Վարդապետություն և Ուխտեր 35.13–14: «Աշխարհի թույլերը»

Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Եկեղեցին մասնագիտացված հոգևոր աշխատողներ չունի: Աշխարհով մեկ ղեկավար պաշտոններում ծառայում են համայնքի անդամները:…

Ամեն ինչ, որ արվում է Եկեղեցում՝ ղեկավարումը, ուսուցումը, կոչում տալը, կարգումը, աղոթելը, երգելը, հաղորդության պատրաստումը, խորհրդակցումը և մնացած ամեն ինչ, կատարվում է սովորական անդամների` «աշխարհի թույլերի» կողմից» («Եկեղեցու թույլերն ու պարզամիտները» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2007, 6–7):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը հետևյալ խրախուսանքն է առաջարկում նրանց, ովքեր իրենց անհամապատասխան կամ հոգնած են զգում Տիրոջ գործին օգնելու համար.

Նկար
Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը

«Եկեղեցու անդամներին, ովքեր հետ են կանգնում անհամապատասխանության զգացում ունենալու պատճառով, ես խնդրում եմ առաջ գնալ, հենել ուսերը անիվին և հրել: Անգամ երբ դուք զգում եք, որ ձեր ուժը միայն մի փոքր օգնություն է, Եկեղեցին ունի ձեր կարիքը: Տերն ունի ձեր կարիքը: Հիշեք, որ Տերը հաճախ ընտրում է «աշխարհի թույլերին»` Իր նպատակներն իրականացնելու համար: [ՎևՈւ 1.19:]

Բոլոր նրանց, ովքեր հոգնած են, թող օգնեն Փրկչի մխիթարող խոսքերը. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»: [Մատթեոս ԺԱ.28:] Եկեք ապավինենք այդ խոստմանը: Աստծո զորությունը կարող է զինել մեր հոգիները և մարմինները եռանդով և էներգիայով: Ես կոչ եմ անում ձեզ փնտրել այդ օրհնությունը Տիրոջից:

Մոտեցեք Նրան, և Նա կմոտենա ձեզ, քանզի Նա խոստացել է, որ «Տիրոջն ապավինողները կնորոգվին ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակիլ, կգնան և չեն հոգնիլ»: [Եսայիա Խ.31:]…

Հիշեք` երբեմն նրանք, ովքեր դանդաղ են սկսում, վերջում շատ ավելի հեռուն են գնում» («Հոգատարություն անհատի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 19):

Վարդապետություն և Ուխտեր 35.13–14: «Ես կգոտեպնդեմ նրանց մեջքը»

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է, որ Տերը կօգնի մեզ իրականացնել Իր աշխատանքը.

Նկար
President Thomas S. Monson

«Ձեզանից ոմանք, հնարավոր է, ամաչկոտ են իրենց էությամբ կամ անհամապատասխան են իրենց զգում, և այդ պատճառով դրական չեն արձագանքում կոչում ստանալիս: Հիշեք, որ սա միայն ձեր աշխատանքը չէ, ոչ էլ իմը: Դա Տիրոջ աշխատանքն է, երբ մենք Տիրոջ այգում ենք, մենք Տիրոջ օգնության իրավունքն ունենք: Հիշեք, որը Տերը կամրացնի մեջքը կրելու համար այն բեռը, որը դրվում է դրա վրա» («Սովորել, կատարել, լինել», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 62):

Վարդապետություն և Ուխտեր 35.19, 22: «Հսկիր նրան … , մնա նրա հետ …, մի թողնիր նրան»

Տերը պատվիրեց Սիդնի Ռիգդոնին «հսկել նրան» [Ջոզեֆ Սմիթին], «մնալ նրա հետ» և «չթողնել նրան» (ՎևՈւ 35.19, 22): Թեև Սիդնին հեռացավ Եկեղեցուց Ջոզեֆ Սմիթի սպանությունից հետո, նա միշտ հավատարիմ է եղել, երբ Մարգարեն կենդանի էր: Նա ջանասեր էր և հավատարիմ Եկեղեցու ղեկավար, Առաջին Նախագահության միակ խորհրդականը, ով ծառայել է Ջոզեֆ Սմիթի որպես Եկեղեցու Նախագահ ծառայության ամբողջ ընթացքում: Մարգարեի կողքին Սիդնին մեծ դժվարություններ է կրել և վայելել հոգևոր մեծ հայտնություններ նրա հետ:

Վարդապետություն և Ուխտեր 35.20: Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը

«Սուրբ գրքերը պիտի տրվեն, ճիշտ ինչպես դրանք իմ ծոցում են» (ՎևՈւ 35.20): Այս հատվածն այն մասին է, որ Աստվածաշնչի ներշնչված թարգմանության Ջոզեֆ Սմիթի աշխատանքը ավելին է, քան Աստվածաշնչի նախնական տեքստը պարզապես վերականգնելը: Աստվածաշնչյան տեքստը պետք է փոխանցեր այն ուղերձը, որը Տերն Ինքն էր ցանկանում տեղ հասցնել: Արդյունքում, Ջոզեֆը ոչ միայն ուղղեց կամ վերանայեց աստվածաշնչյան տեքստը, այլ ոգեշնչվեց ավելացնելու այն, ինչ ի սկզբանե ներառված էր, տալով մեզ ավելի ամբողջական հասկացողություն Տիրոջ այն ճշմարտությունների մասին, որոնք Նա ցանկանում է, որ մենք հասկանանք:

Վարդապետություն և Ուխտեր 35.23: «Վկայակոչես սուրբ մարգարեներին՝ հաստատելու համար նրա խոսքերը»

Սիդնի Ռիգդոնը փորձառու քարոզիչ էր՝ Աստվածաշնչի լավ իմացությամբ Տերը հանձնարարեց նրան օգտագործել այդ պարգևները՝ քարոզելու համար վերականգնված ավետարանը և օգտագործելու աստվածաշնչյան մարգարեների ուսմունքները` Ջոզեֆի խոսքերը հաստատելու համար: