Սեմինարիա
Դաս 76. Վարդապետություն և Ուխտեր 72-74


Դաս 76

Վարդապետություն և Ուխտեր 72-74

Նախաբան

Եկեղեցու տարածումը Միսսուրիում և Եպիսկոպոս Էդվարդ Պատրիջի տեղափոխությունը անհրաժեշտություն ստեղծեցին Օհայոյում մեկ այլ եպիսկոպոս կանչելու: 1831թ. դեկտեմբերի 4-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ երեք հայտնություն, որոնք միավորվեցին Վարդապետություն և Ուխտեր 72-ում: Այս հայտնությունները հայտնի դարձրեցին Նյուել Ք. Ուիթնիի անունը որպես Օհայոյի նոր եպիսկոպոս, նրա պարտականությունները և հրահանգներ տվեցին Սիոնը հավաքելու վերաբերյալ: Վարդապետություն և Ուխտեր 73-ում գրված հայտնությունը, որը տրվել է 1832թ. հունվարին, պարունակում է Տիրոջ հրահանգները Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին Աստվածաշնչի թարգմանությունը վերսկսելու վերաբերյալ: Վարդապետություն և Ուխտեր 74-ի հայտնությունը ստացվել է 1830թ.՝ Եկեղեցու վերականգնումից առաջ: Այն պարունակում է Ա Կորնթացիս Է.14-ի Տիրոջ բացատրությունը: Այդ հատվածն օգտագործվում է ոմանց կողմից մանուկների մկրտությունը արդարացնելու համար:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 72․1-8

Տերը կանչում է Նյուել Ք․ Ուիթնիին որպես եպիսկոպոս Օհայոյում:

Հարցրեք ուսանողներին, թե Եկեղեցու ո՞ր կոչումներն են նրանք դժվար համարում:

  • Դուք երբևիցե ստացե՞լ եք կամ ձեզ երբևիցե խնդրե՞լ են անել մի բան Եկեղեցում, որը դժվար էր ձեզ համար, և դուք զգացել եք, որ ի վիճակի չեք կամ ունակ չեք դա անել: Եթե այո, ինչո՞ւ։

Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 72.1–2 հատվածները և գտնել կոչումը, որը պետք է տրվեր Եկեղեցում: (Կարող եք բացատրել, որ «Տիրոջ այգու այս մասում» արտահայտությունը վերաբերում է Օհայոյին:)

  • Ի՞նչ կոչում էր հարկավոր Օհայոյում:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչու էր Օհայոյում նոր եպիսկոպոս անհրաժեշտ, խնդրեք նրանց հիշել, թե ով էր կանչվել որպես Եկեղեցու առաջին եպիսկոպոս (Էդվարդ Պատրիջը․ տես ՎևՈւ 41.9): Բացատրեք, որ Միսսուրիում Եկեղեցու տարածման և Ինդիփենդենս, Միսսուրի (Կիրթլենդից մոտ 1000 մղոն հեռու) Եպիսկոպոս Էդվարդ Պատրիջի տեղափոխության պատճառով Տերը հայտարարեց, որ անհրաժեշտություն կա Օհայոյում մեկ այլ եպիսկոպոս կանչելու: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 72․3-6: Դասարանին խնդրեք հետևել և գտնել այն արտահայտությունները, որոնք բացատրում էին, որ Օհայոյի Սրբերը եպիսկոպոսի կարիք ունեին:

  • Համաձայն հատվածներ 3 և 5-ի, ինչո՞ւ Օհայոյի Սրբերը եպիսկոպոսի կարիք ունեին: (Որպեսզի հաշվետու լինեին եպիսկոպոսին իրենց ծառայության համար:)

  • Ինչպիսի՞ նմանություն ունի դա այսօր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի առաջ մեր կողմից հաշվետու լինելու հետ:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 72․7-8 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե ով կանչվեց որպես նոր եպիսկոպոս Օհայոյում և թե ով ընտրեց նրան՝ այս կոչումը կրելու:

  • Ո՞վ կանչվեց որպես նոր եպիսկոպոս Օհայոյում:

  • Ո՞վ ընտրեց Նյուել Ք․ Ուիթնիին որպես նոր եպիսկոպոս:

  • Ի՞նչ վարդապետություն մենք կարող ենք սովորել հատված 8-ից Տիրոջ Եկեղեցում կոչումներում ծառայելու մասին: (Ուսանողների պատասխանները կարող են արտահայտել հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսի Եկեղեցում ծառայելու կոչումները տրվում են Փրկչի կողմից:)

Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կզգային, եթե դժվար կոչում ստանային Եկեղեցում: Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ պատմությունը, որը փոխանցվել է Նյուել Ք. Ուիթնիի թոռ՝ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Օրսոն Ֆ․ Ուիթնիի կողմից: Խնդրեք դասարանին լսել, թե ինչպես էր իրեն զգում Եղբայր Ուիթնին, երբ կանչվեց որպես եպիսկոպոս, և ինչ նա իմացավ այն մասին, թե որտեղից էր եկել իր կոչումը:

Նկար
Elder Orson F. Whitney

«Այս կարևոր պարտականությունը (եպիսկոպոսի պաշտոնը) ստանձնելու միտքը անչափ ծանր էր [Նյուել Ք․ Ուիթնիի համար]:… Նա … չէր վստահում իր ուժերին, և ունակ չէր զգում իրեն ստանձնելու այդ բարձր և սուրբ վստահությունը: Իր մաքառումների մեջ նա հայտնվեց Մարգարեի առաջ.

«Ես չեմ կարող իմ մեջ եպիսկոպոս տեսնել, Եղբայր Ջոզեֆ, սակայն, եթե դուք ասում եք, որ դա Տիրոջ կամքն է, ես կփորձեմ»:

«Դու չպետք է միայն իմ խոսքերով շարժվես», - պատասխանեց բարությամբ Մարգարեն: «Գնա և ինքդ հարցրու Հորը»:

Նյուելը … որոշեց անել այն, ինչ [Մարգարեն] խորհուրդ տվեց:… Նրա խոնարհ, սրտանց աղոթքը պատասխանվեց: Գիշերվա լռության և իր սենյակի մենակության մեջ նա լսեց երկնքից այս խոսքերը. «Քո ուժը իմ մեջ է»: Խոսքերը սակավ էին և հասարակ, սակայն նրանք ահռելի իմաստ էին կրում: Նրա կասկածները փարատվեցին ինչպես ցողը լուսաբացին: Նա անմիջապես գտավ Մարգարեին, ասաց, որ բավարարված է և պատրաստակամ ընդունելու պաշտոնը, որին կանչվել է» (“The Aaronic Priesthood,” Contributor, Jan. 1885, 126):

  • Ի՞նչն օգնեց Նյուել Ք․ Ուիթնիին պատրաստակամորեն ընդունել որպես եպիսկոպոս ծառայելու կանչը:

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել նրա փորձից և ինչպես դա կարող է մեզ օգնել, երբ մենք ծանրաբեռնված ենք զգում Եկեղեցում կոչմամբ կամ հանձնարարությամբ:

  • Ինչպե՞ս կարող է հասկանալը, որ Եկեղեցու կոչումներում ծառայելու կանչը գալիս է Փրկչից, օգնել ձեզ ընդունել և ջանասիրաբար կատարել ձեր կոչումները:

Կարող եք կիսվել ձեր փորձով, որն ամրացրել է ձեր վկայությունն այն մասին, որ Տիրոջ Եկեղեցում ծառայելու կանչերը գալիս են Իրենից:

Վարդապետություն և Ուխտեր 72․9-26

Տերը բացատրում է եպիսկոպոսի պարտականությունները

Գրատախտակի վրա գրեք հետևյալ ճշմարտությունը․ Եպիսկոպոսները և ճյուղերի նախագահները ղեկավարում են Եկեղեցու նյութական և հոգևոր գործերը իրենց ծխերում և ճյուղերում։ (Կարող եք բացատրել, որ նյութական գործերը վերաբերում են ֆիզիկական կյանքին։ Օրինակ` եպիսկոպոսները և ճյուղերի նախագահները կառավարում են Եկեղեցու գույքը, ֆոնդերը և եպիսկոպոսի պահեստի ապրանքները։)

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 72․9–26, բացատրելով, որ այդ հատվածները նկարագրում են Եպիսկոպոս Ուիթնիի պարտականությունները։ Բացատրեք, որ այս հայտնության մեջ Տիրոջ կողմից նկարագրած եպիսկոպոսի պարտականությունները առաջնային պատկանում են եպիսկոպոսի դերին նվիրաբերման օրենքի ներքո։ Այդ ընթացքում Եկեղեցին բաժանված չէր ծխերի, որոնց յուրաքանչյուր ծխում նախագահում էր եպիսկոպոսը, ինչպես այսօր։ Այդ ժամանակ կային միայն երկու եպիսկոպոս․ Եպիսկոպոս Ուիթնին Սրբերի եպիսկոպոսն էր Օհոյոյում, իսկ Եպիսկոպոս Պատրիջը՝ Միսսուրիում։

Վարդապետություն և Ուխտեր 73

Տերն առաջնորդում է Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին՝ Աստվածաշնչի թարգմանությունը շարունակելու գործում։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 73․1–2, բացատրելով, որ Տերը հրահանգեց, որ երեցները, որոնք քարոզում էին, շարունակեին դա անել մինչև հաջորդ համաժողով, որը պետք է տեղի ունենար երկու շաբաթ անց։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը քարոզում էին, որպեսզի օգնեին պայքարել Եկեղեցու մասին սխալ տեղեկատվության դեմ՝ Էզրա Բութի նամակների հրապարակումից հետո։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 73․3-4 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել և գտնել, թե ինչի վրա պատվիրեց Տերը Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին կենտրոնանալ համաժողովից հետո:

  • Ինչի՞ վրա Տերը խնդրեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին կենտրոնացնել իրենց ջանքերը։ Ի՞նչ «թարգմանության աշխատանքի» մասին էր խոսում Տերը։ (Աստվածաշնչի փոփոխությունների մասին;)

Վարդապետություն և Ուխտեր 74

Տերը բացատրում է Ա Կորնթացիս Է․14 հատվածի իմաստը

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե իրենք ծառայում են որպես Եկեղեցու լիաժամկետ միսիոներներ: Թող պատկերացնեն, թե խոսում են մի ամուսնական զույգի հետ, որը հետաքրքրվում է Եկեղեցով, և իմանում են, որ նրանց նորածին որդին մի քանի ամսեկան հասակում մահացել է։ Իրենց կրոնական ղեկավարն ասել է այդ զույգին, որ երեխան չի կարող երկինք ընկնել, քանի որ չի մկրտվել մահանալուց առաջ։ Ծնողները մեծ վիշտ են ապրում իրենց երեխայի կորստի պատճառով և լսելով, որ իրենց զավակը կորցրել է իր փրկությունը։

Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ կպատասխանեին այս իրավիճակում, և ասացեք նրանց, որ նրանք պատասխանելու հնավարություն կունենան այդ հարցին դասի վերջում։

Բացատրեք որ Վարդապետություն և Ուխտեր 74-ը պարունակում է Ա Կորնթացիս Է․14-ի բացատրությունը։ Մի ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 74․1 հատվածը, որը պարունակում է Պողոս Առաքյալի խոսքերը Ա Կորնթացիս Է․14-ից։ Ուսանողներին ասացեք, որ Ա Կորնթացիս գրքի այս հատվածը օգտագործվել է մանուկների մկրտության սովորույթի օգտին։ (Կարող եք նաև բացատրել, որ անհավատ բառը հատված 1-ում վերաբերում է հրեաներին, ովքեր չեն ընդունել Հիսուս Քրիստոսի ավետարանը: Պողոսը չէր ասում, որ անձը կարող է փրկվել իր ամուսնու կամ կնոջ արդարակեցությամբ, բայց ամուսիններից մեկի դարձը կարող էր սրբագործող ազդեցություն բերել ընտանիք։)

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 74․2-6: Դասարանին խնդրեք հետևել և գտնել այն խնդիրները, որոնք զարգանում էին Պողոս Առաքյալի օրերում, երբ ամուսիններից մեկը դարձի էր գալիս դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը, իսկ մյուսը դեռ կիրառում էր Մովսեսի օրենքը։

  • Ի՞նչ դժվարությունների էին հանդիպում այդ տեսակի ընտանիքները։ (Ամուսինները վիճում են այն հարցի շուրջ, թե արդյոք իրենց երեխաները պետք է ուսուցանվեն և հավատան Հիսուս Քրիստոսի ավետարանին, թե Մովսեսի օրենքին [տես հատված 3], երեխաները, որոնք դաստիարակվել են Մովսեսի օրենքին հնազանդվելով, չեն հավատում Հիսուս Քրիստոսի ավետարանին [տես հատված 4]։)

  • Ինչպե՞ս կարող են ամուսնության մեջ տարբեր կրոնական համոզմունքները ազդել այդ ընտանիքի ամրության վրա։

Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը կատարեց Մովսեսի օրենքը և թլպատումն այլևս հարկավոր չէր։ Սակայն հրեաները, որոնք հետևում էին Մովսեսի օրենքին, համոզված էին, որ տղա երեխան մաքուր չէր մինչև չթլպատվեր։ Այս համոզմունքը ընտանիքներում խնդիրներ էր առաջացնում, քանի որ ծնողներից մեկը հավատում էր Հիսուս Քրիստոսի ավետարանին, իսկ մյուսը՝ Մովսեսի օրենքին։ Նմանատիպ հակասություններ կրոնական համոզմունքների և սովորույթների մեջ կարող են տեղի ունենալ այսօր ևս այն ընտանիքներում, որտեղ ամուսիններից մեկը Եկեղեցու անդամ է, իսկ մյուսը՝ ոչ։

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 74․7 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ էր Տերն ուսուցանում փոքր երեխաների մասին:

  • Ի՞նչ է Տերն ուսուցանում փոքր երեխաների մասին: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանց պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ ճշմարտությունը. Փոքր երեխաները սուրբ են, մաքրագործված Հիսուս Քրիստոսի Քավությամբ: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այս վարդապետությունը իրենց սուրբ գրություններում։)

Հիշեցրեք ուսանողներին միսիոներական սցենարի մասին, որը ներկայացվեց դասի սկզբում: Խնդրեք ուսանողներին գրել Մորոնի 8․8–12 և Վարդապետություն և Ուխտեր 29․46–50 որպես հղում Վարդապետություն և Ուխտեր 74․7-ի կողքին։ Հանձնարարեք ուսանողներին իրենց զուգընկերների հետ կարդալ Մորոնի 8․8–12 և Վարդապետություն և Ուխտեր 29․46–50 և ապա քննարկել միասին հետևյալ հարցը․

  • Հիմնվելով փոքր երեխաների փրկության մասին ձեր սովորածի վրա Վարդապետություն և Ուխտեր 74․7 և Մորոնի 8․8–12-ում, ի՞նչ դուք կուսուցանեիք ամուսնական զույգին, ովքեր հավատում էին, որ իրենց երեխան չէր կարող լինել երկնքում։

Խնդրեք մեկ կամ երկու զույգերի բացատրել այն, ինչ իրենք կուսուցանեին։ Ամփոփեք, վկայելով փոքր երեխաներին փրկագնելու Փրկչի Քավության զորության մասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 72․13։ Եպիսկոպոս Ուիթնին ծառայում էր Եպիսկոպոս Պատրիջի ղեկավարության ներքո

Եպիսկոպոս Պատրիջը կանչվեց որպես Եկեղեցու առաջին եպիսկոպոս: Եպիսկոպոս Նյուել Ք․ Ուիթնին ծառայում էր Եպիսկոպոս Պատրիջի ղեկավարության ներքո։ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը գրել է.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Եպիսկոպոսը Կիրթլենդում [Նյուել Ք․ Ուիթնին] պետք է հանձներ Սիոնի եպիսկոպոսին [Էդվարդ Պատրիջին], ծառայության հաշվառումը, որտեղ արված են մշատկան գրառումները։ Այս պարտականությունը կատարելու համար Նյուել Ք․ Ուիթնին կանչվեց ծառայելու որպես եպիսկոպոս: Նա պետք է պահեր Տիրոջ պահեստը Կիրթլենդում, ընդուներ գումարները այգու այդ մասում, հաշիվ վերցնել երեցներից, ինչպես պատվիրվել էր նախկինում. բավարարել նրանց պահանջները, ովքեր կվճարեն այն ամենի համար, ինչ կստանան, որքան որ նրանք կունենան, թե ինչով վճարել։ Ստացված ֆոնդերը պետք է նվիրաբերվեին եկեղեցու բարիքի համար, աղքատների և կարիքավորների համար: Եվ նրանից, ով չուներ, որ վճարեր, հաշիվ պետք է վերցվեր ու ներկայացվեր Սիոնի եպիսկոպոսին, որը կվճարի պարտքն այն բանից, ինչ Տերը կդնի նրա ձեռքում» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:270): (Sես նաև Վարդապետություն և Ուխտերի ուսանողի ձեռնարկ, 2nd ed. [Church Educational System manual, 2001], 152-53:)

Վարդապետություն և Ուխտեր 72․9-26։ Նվիրաբերման օրենքը Օհայոյում և Եպիսկոպոս Ուիթնիիի պարտականությունները

Նվիրաբերման օրենքը երբեք ամբողջովին չի կիրառվել Օհայոյում համայնքային մակարդակով։ Այդպիսի փորձ արվեց Քոլսվիլի Սրբերի հետ Թոմփսոնում, Օհայո, սակայն անհաջող եղավ տարբեր գործոնների պատճառով, այդ թվում այն, որ Լեման Քոփլին սկզբից առաջարկեց, այնուհետև մերժեց թույլ տալ Քոլսվիլի Սրբերին ապրել իր հողի վրա (տես ՎևՈւ 54)։ Ինչևէ, նվիրաբերման օրենքի սկզբունքները և սովորույթները դեռ կենդանի էին։ Որոշ անդամներ ծառայություն կատարեցին, իսկ պահեստը պատրաստ էր հոգ տանելու աղքատների և կարիքավորների, ինչպես նաև Եկեղեցու նյութական կարիքների համար: Եպիսկոպոս Նյուել Ք․ Ուիթնին պետք է ղեկավարեր և վերահսկեր նվիրաբերման օրենքի այդ տարրերը Օհայոյում Եկեղեցու նյութական գործերի հետ մեկտեղ։ Դա ներառում է այդ տարածքում Եկեղեցու գույքը կառավարելու պարտականությունը։

Եպիսկոպոս Ուիթնիի հիմնական պարտականություններից մեկը աղքատների և կարիքավորների համար հոգ տանելն էր: Նա դա անում էր, բաժանելով մթերքները, որոնք տալիս էին անդամները, ովքեր ծոմի ժողովներ էին անցկացնում կարիքավորներին մթերքներ տալու նպատակով։ Իր կոչման մեջ Եպիսկոպոս Ուիթնին կիրառում էր գործարար մարդու իր ունակությունները և իր նյութական միջոցներից մեծ զոհաբերություններ էր կատարում Եկեղեցուն և ուրիշների համար հոգալու նպատակով։ Նա հավատարմությամբ ծառայեց եպիսկոպոսի պաշտոնում մինչև իր կյանքի վերջը՝ մոտ 19 տարի, այդ ընթացքում ծառայելով նաև որպես Եկեղեցու Նախագահող Եպիսկոպոս, զբաղեցնելով նախկինում Էդվարդ Պատրիջի պաշտոնը։

Վարդապետություն և Ուխտեր 72․20-22։ Գրական Ընկերություն

Հայրամում՝ Օհայո, 1831թ․ նոյեմբերի համաժողովից հետո վեց տղամարդ կանչվեցին նվիրագործելու իրենց ժամանակը և ջանքերը՝ կառավարելու Եկեղեցու հրատարակումների, այդ թվում՝ սուրբ գրությունների, հրատարակումը, տպագրումը և բաշխումը (տես ՎևՈւ 70․3–4)։ Տղամարդկանց այդ խումբը՝ Ջոզեֆ Սմիթը, Մարտին Հարրիսը, Օլիվեր Քաուդերին, Ջոն Ուիթմերը, Սիդնի Ռիգդոնը և Ուիլյամ Վ․ Ֆելփսը, դարձան հայտնի որպես Գրական Ընկերություն։ Տերը լիազորեց այդ տղամարդկանց օժանդակություն ստանալ եպիսկոպոսից (տես ՎևՈւ 72․20), այն մտադրությամբ, որ հրատարակման այդ գործը բավական եկամուտ կբերի ինքնապահով դառնալու համար։ Գրական Ընկերության անդամները պետք է օգտագործեին գործից ստացվող եկամուտները իրենց կարիքները հոգալու համար, իսկ ավելցուկը պետք է նվիրաբերվեր հետ՝ Տիրոջ պահեստ (տես ՎևՈւ 70․5–8)։ Թեև Գրական Ընկերությունը գոյատևեց միայն մի քանի տարի, այն մեծ ներդրում ունեցավ աշխարհի հրատարակչական գործում, տպագրելով Պատվիրանների Գիրքը և դրան հաջորդող Վարդապետություն և Ուխտերը, ինչպես նաև Եկեղեցու լրաթերթերը, ինչպիսին էր Evening and the Morning Star թերթը։ (Sես Documents, Volume 2: July 1831–January 1833, vol. 2 of the Documents series of The Joseph Smith Papers [2013], xxv–xxvi)։

Վարդապետություն և Ուխտեր 74․4-6։ Կեղծ սովորույթներ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է գործ ունենալ կեղծ ավանդույթների և սովորույթների հետ, որոնք հակասում են Հիսուս Քրիստոսի ավետարանին.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Էթնիկական, մշակութային կամ ազգային ժառանգությունը գնահատելը կարող է շատ առողջ և օգտակար լինել, սակայն այն կարող է նաև ձևավորել կյանքի այնպիսի վարվելաձև, որը պետք է մի կողմ դրվի նվիրված Վերջին Օրերի Սրբի կողմից։…

[Նախագահ Հովարդ Վ․ Հանթերն ասել է]․ «Ես խորհուրդ եմ տալիս գլխավոր առաջնահերթությունը դարձնել Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ձեր անդամությունը։ Կշռադատեք այն, ինչ որևէ մեկը ձեզ ասում է անել, լինի դա ձեր ընտանիքը, հարազատները, ձեր մշակութային ժառանգությունը կամ ավանդույթները, այդ ամենը չափեք Փրկչի ուսմունքներով։ Եթե շեղում գտնեք այդ ուսմունքներից, մի կողմ դրեք դրանք և մի հետևեք դրանց։ Դա երջանկություն չի բերի» (“Counsel to Students and Faculty,” Church College of New Zealand, 12 Nov. 1990)» (“Removing Barriers to Happiness,” Ensign, May 1998, 85)։