Սեմինարիա
Դաս 103. Վարդապետություն և Ուխտեր 99-100


Դաս 103

Վարդապետություն և Ուխտեր 99-100

Նախաբան

1832թ․ օգոստոսի 29-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 99 բաժնում։ Այդ հայտնության մեջ Տերը Ջոն Մարդոկին կոչ է անում շարունակել իր միսիոներական ծառայությունը։ Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ 1833թ․ հոկտեմբերի 12-ին, երբ նա և Սիդնի Ռիգդոնը Նյու Յորքում քարոզում էին ավետարանը, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 100 բաժնում։ Այդ հայտնության մեջ Տերը հավաստիացնում է, որ նրանց ընտանիքները Օհայոում բարվոք վիճակում են։ Տերը նաև մխիթարում է նրանց Միսսուրիի Սրբերի վերաբերյալ, ովքեր կրում էին հալածանքներ։

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 99

Տերը Ջոն Մարդոկին կանչում է հռչակելու ավետարանը

Հորդորեք ուսանողներին պատկերացնել, որ իրենց ընկերներից մեկը, ով Եկեղեցու անդամ չէ, հարցնում է նրանց, թե ինչու որևէ մեկը պետք է ցանկանա իր կյանքի 2 տարին կամ 18 ամիսը ծախսի միսիայում ծառայելու վրա։

  • Ինչպե՞ս կպատասխանեիք այդ հարցին:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ տեղեկությունները Ջոն Մարդոկ անվամբ մի մարդու մասին։ Հորդորեք ուսանողներին լսել այն զոհաբերությունների մասին, որն արեց Եղբայր Մարդոկը՝ Տիրոջը ծառայելու համար։

Ջոն Մարդոկը ուսումնասիրել էր բազմաթիվ եկեղեցիներ և այն եզրակացությանն էր եկել, որ բոլոր կրոնները շեղվել են ուղուց։ Սակայն, 1830թ-ի վերջում, նա կարդաց Մորմոնի Գիրքը և զգաց, որ Սուրբ Հոգին բերում է վկայություն դրա ճշմարտացիության վերաբերյալ։ Նա մկրտվեց 1830թ. նոյեմբերի 5-ին: Դրանից կարճ ժամանակ անց նա ծառայեց միսիայում, չորս ամսվա ընթացքում մկրտելով շուրջ 70 հոգու Օրինջում, Օհայո, և Վարենսվիլում, Օհայո։

1831թ․ ապրիլի 30-ին, շատ չանցած այն բանից, երբ Եղբայր Մարդոկը վերադարձավ իր միսիայից, նրա կինը, Ջուլիան, մահացավ ծնունդ տալով երկվորյակների։ 1831թ․ հունիսին, Տերը կանչեց նրան գնալ Միսսուրի և ճանապարհին քարոզել ավետարանը (տես ՎևՈւ 52․8–9)։ Նախքան ճանապարհ ընկնելը, նա ցանկանում էր հավաստիանալ, որ իր հինգ երեխաները, որոնք բոլորն էլ յոթ տարեկանից ցածր էին, ապահոված կլինեն։ Նա հանձնարարեց մի քանի մարդկանց հոգ տանել իր մեծ երեխաների մասին, իսկ Ջոզեֆ և Էմմա Սմիթները որդեգրեցին նորածին երկվորյակներին։ 1831թ․ մնացած ամիսներին և 1832թ․ առաջին կեսին, Ջոն Մարդոկը քարոզեց Միչիգան Տարածքում, Ինդիանայում, Միսսուրիում և Օհայոում։ Երբ, 1832թ․ հունիսին, նա վերադարձավ Հայրամ, Օհայո, նա տառապում էր երկարատև հիվանդության ազդեցությունից։ Նա իմացավ, որ իր երկվորյակներից մեկը հիվանդ էր եղել և մահացել էր Ջոզեֆ Սմիթի հարբուխի նոպայի վարակից։

  • Ի՞նչը կառանձնացնեիք Ջոն Մարդոկի այդ պատմությունից։

Բացատրեք, որ 1832թ․ օգոստոսի 29-ին, մոտ երկու ամիս անց այն բանից հետո, երբ Եղբայր Մարդոկը տուն վերադարձավ իր երկրորդ միսիայից, Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 99 բաժնում։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 99․1 հատվածը, և ուշադրություն դարձնել, թե ինչ պատվիրեց Տերը Ջոն Մարդոկին, որ նա աներ։

  • Ի՞նչ պատվիրեց Տերը Ջոն Մարդոկին, որ նա աներ։

  • Ինչպե՞ս կարող էր միսիայի այդ կանչը փորձել Եղբայր Մարդոկի հավատքն ու հնազանդությունը։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարցրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 99.2-3 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ խոստացավ Տերը Ջոն Մարդոկին։

  • Ի՞նչ վարդապետություններ և սկզբունքներ մենք կարող ենք սովորել 2–3 հատվածներից։ (Ուսանողների պատասխանները կարող են պարունակել հետևյալը․ Մենք ներկայացնում են Տիրոջը, երբ ծառայում ենք միսիա։ Երբ մենք ընդունում և հետևում ենք Տիրոջ ծառաներին, մենք ընդունում և հետևում ենք Նրան։)

  • Ինչպե՞ս եք օրհնվել, երբ հետևել եք Տիրոջ ծառաներին։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 99.4-5 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե համաձայն Տիրոջ խոսքերի, ինչ կպատահի նրանց հետ, ովքեր կմերժեն այն ուղերձը, որը նրանց կուսուցանի Ջոն Մարդոկը։

  • Ըստ 4-րդ հատվածի, ո՞րն է Տիրոջ ծառաների կողմից ավետարանի ուղերձը մերժելու հետևանքները։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 99.6-8 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով ապացույցն այն բանի, որ Տերը տեղյակ էր Ջոն Մարդոկի կարիքներին և այն զոհաբերություններին, որը նա անում է։

  • Ի՞նչ են Ջոն Մարդոկին ուղղված Տիրոջ խոսքերը ցույց տալիս մեզ։

Բացատրեք, որ Եղբայր Մարդոկը հետևեց Տիրոջ խորհրդին։ Նա պայմանավորվածություն ձեռք բերեց, որ իր երեք մեծահասակ երեխաներն ապրեն Միսսուրիում, տարբեր ընտանիքների հետ, և մեկնեց 1832թ․ սեպտեմբերին՝ քարոզելու ավետարանը։ Նա ծառայեց ևս մի քանի միսիաներում, իսկ այնուհետև Միսսուրիում նա միացավ իր մեծահասակ զավակներին։ Իր մնացած կյանքի ընթացքում նա հավատարմորեն ծառայեց Տիրոջը։

Վարդապետություն և Ուխտեր 100․1-12

Տերը Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին մխիթարության խոսքեր և հրահանգներ է տալիս

Հետևյալ հարցը գրեք գրատախտակին․ Որո՞նք են այն մի քանի մտահոգությունները, որոնք միսիոներները կարող են ունենալ իրենց միսիան սկսելիս։ Ուսանողներից որևէ մեկին խնդրեք գրել ուսանողների պատասխանները գրատախտակի վրա։ (Ուսանողների պատասխանները կարող են նման լինել հետևյալ հարցերին․ Ինչպե՞ս եմ մարդիկ գտնելու ուսուցանման համար։ Ինչպե՞ս կիմանամ, թե ինչ ասել։ Արդյո՞ք ես կհարմարվեմ իմ զուգընկերոջ հետ։ Արդյո՞ք իմ ընտանիքը լավ կլինի իմ բացակայության ժամանակ։)

Բացատրեք, որ 1833թ․ ապրիլին, Ֆրիման Նիկերսոն անունով մի մարդ Նյու Յորքում միացավ Եկեղեցուն և ժամանեց Կիրթլանդ, Օհայո։ Երբ Ֆրիմանը հանդիպեց Ջոզեֆ Սմիթի հետ, նա խնդրեց մարգարեին այցելել Նիկերսոնների ընտանիքին, որը գտնվում էր Նյու Յորքում և Կանադայում։ Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնն ընդունեցին նրա առաջարկը և 1833թ․ հոկտեմբերի 5-ին, նրա հետ մեկնեցին Կիրթլանդից։ Ճանապարհին նրանք քարոզեցին ավետարանը։ Երբ նրանք ժամանեցին Նիկերսոնների տուն, որը գտնվում էր Փերիսբուրգում, Նյու Յորք, Ջոզեֆը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 100-ում:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 100 բաժնի նախաբանը, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչի մասին էին Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը մտահոգված, երբ նրանք ժամանեցին Նյու Յորք։ Այն բանից հետո, երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը իր մտահոգությունների մասին գրել է իր օրագրում․ «Ես իմ մտքում ինձ շատ լավ եմ զգում, Տերը մեզ հետ է, բայց շատ եմ անհանգստանում իմ ընտանիքի համար» (Journals, Volume 1: 1832–1839, vol. 1 of the Journals series of The Joseph Smith Papers [2008], 14)։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 100.1-2 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի մտահոգություններին տված Փրկչի պատասխանին։

  • Այս հատվածներում, ո՞ր արտահայտությունները կարող էին մեղմացնել Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի մտահոգությունները։ Ինչպե՞ս կարող են այդ հատվածներն օգնել այսօրվա միսիոներներին։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 100.3-4 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ խոստացավ Տերը Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «արդյունավետ դուռ» բացվի ավետարանով կիսվելու համար։

  • Որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնցով Տերը մեզ համար «դռներ է բացում» միսիոներական աշխատանքը կատարելու համար։

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 100․5-8 հատվածները, փնտրելով Տիրոջ լրացուցիչ խոստումները։ Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք Եթե , ապա .

  • Ի՞նչ կարող ենք սովորել 5-6 հատվածներից։ Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, բայց նրանք պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք մեր ձայնը բարձրացնենք ավետարանով կիսվելու համար, ապա Տերը կօգնի մեզ իմանալ, թե ինչ ասենք։)

  • Ըստ 7 հատվածի, ինչպե՞ս է Տերը ցանկանում, որ միսիոներները քարոզեն ավետարանը։

  • Ըստ 8 հատվածի, ի՞նչ է Տերը խոստացել, եթե մենք ավետարանը քարոզենք «սրտի հանդիսավորությամբ» և «հեզության ոգով»։ (Ուսանողների պատասխանները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք սրտի հանդիսավորությամբ և հեզության ոգով կիսվենք ավետարանով, ապա Սուրբ Հոգին կվկայի մեր ուղերձի մասին։)

Հորդորեք ուսանողներին մտածել այն մասին, թե երբ է Տերն օգնել նրանց իմանալ, թե ինչ ասել ավետարանը կիսվելու ժամանակ։ Նաև հորդորեք նրանց մտածել այն մասին, թե երբ են նրանք զգացել, որ Սուրբ Հոգին վկայություն է բերում այն բաների մասին, որ նրանք ասում են։ Մի քանի ուսանողների հորդորեք կիսվել իրենց մտքերով:

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 100.9-12 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն հրահանգներին, որ Տերը տվեց Ջոզեֆ Սմիթին և Ջոն Մարդոկին։

  • Ըստ 12 հատվածի, ինչպե՞ս կարող էին Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը «[թույլ տալ, որ իրենց] սրտերը ցնծան»։

  • Ի՞նչ կարող էր 12 հատվածի խոստումը նշանակել ձեզ համար, եթե դուք ծառայեիք միսիայում։

Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի միսիոներական ջանքերը տևական ազդեցություն ունեցան Եկեղեցու վրա։ Օրինակ, Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը Նիկերսոնների տանը քարոզեցին մի մեծ խմբի և Կանադայում գտնվող այլ խմբերի։ Միսիոներները մկրտեցին շուրջ 20 հոգու, այդ թվում՝ Մովսես Նիկերսոնին, և կազմավորեցին Եկեղեցու մի ճյուղ։ 1836թ-ին, Պարլի Պրատը այցելեց այդ ճյուղը, երբ նա ծառայում էր միսիայում՝ Կանադայում։ Մովսես Նիկերսոնը Երեց Պրատին ծանոթացրեց Ջոն Թեյլորի հետ։ Երեց Պրատը մկրտեց Ջոն Թեյլորին, ով դարձավ հաջողակ միսիոներ, իսկ ավելի ուշ դարձավ Եկեղեցու Նախագահը։

Վարդապետություն և Ուխտեր 100․13-17

Տերը Միսսուրիի Սրբերի փորձությունների վերաբերյալ, մխիթարության խոսքեր է ասում Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին

Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի միսիա մեկնելուց ընդամենը երկու ամիս առաջ, Օլիվեր Քաուդերին լուր էր բերել Միսսուրիից, որ Եկեղեցու թշնամիները բռնությամբ են լցվել Վերջին Օրերի Սրբերի նկատմամբ։ Ջոզեֆ Սմիթն ուղարկում է Օրսոն Հայդին և Ջոն Գոլդին, որպեսզի իր խորհուրդը փոխանցեն Միսսուրիի Սրբերին։ Այդ ճամփորդությունը վտանգավոր էր, քանի որ նրանք պետք է անցնեին հակա-մորմոնական ամբոխին մոտ գտնվող տարածքներով։ Մարգարեն անհանգստանում էր Եղբայր Հայդի և Եղբայր Գոլդի համար և այն բոլոր Սրբերի համար, ովքեր հալածվում էին Միսսուրիում։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 100.13-17 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց Տերը Ջոզեֆ Սմիթին։ Հորդորեք ուսանողներին ամփոփել իրենց մտքերը։

  • Ի՞նչ խոստում եք դուք տեսնում 15–17 հատվածներում։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, բայց նրանք պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Բոլոր բաները միաժամանակ կգործեն մեր բարիքի համար, եթե մենք ուղիղ ենք քայլում Տիրոջ առաջ։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ուղիղ քայլել» Տիրոջ առաջ։

  • Ինչպե՞ս կարող է 15–17 հատվածների խոստումը օգնել ձեզ դժվարին ժամանակներում։

Հորդորեք ուսանողներին կիսվել օրինակներով, թե ինչպես են ականատես եղել այդ խոստումների իրականացմանը։ Դուք նաև կարող եք կիսվել այդ ճշմարտության վերաբերյալ ձեր վկայությամբ։ Հորդորեք ուսանողներին մտածել որոշակի բաների շուրջ, որոնք կօգնեն նրանց «ուղիղ քայլել» Տիրոջ առաջ։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 100․1։ «ես կվարվեմ նրանց հետ, ինչպես ինձ բարի է երևում»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալին Հ. Օուքսը ուսուցանել է.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«[Տերը] կանի ավելին, քան լավագույնն է մեզ համար։ Նա կանի այն, ինչը լավագույնն է մեզ համար և Երկնային Հոր բոլոր զավակների համար։… Տերը գիտի ավելին, քան մենք գիտենք և … նա կպատասխանի մեր աղոթքներին այն կերպ, որը լավագույնն է մեզ համար և նրա բոլոր զավակների համար» (“Faith in the Lord Jesus Christ,” Ensign, May 1994, 99)։

Վարդապետություն և Ուխտեր 100․3։ «Արդյունավետ դուռ պիտի բացվի մերձակա շրջաններում»

1833թ-ին, միսիոներական ջանքերի շնորհիվ Էրի լճի արևելյան և Օնտարիո լճի հարավարևմտյան շրջակա տարածքները նախապատրաստվել էին Եկեղեցու աճի համար։ Այդ տարվա ամռանը Երեկոյան և առավոտյան աստղ ամսագիրը հրատարակեց տարբեր միսիոներների նամակներ, որոնք նկարագրում էին դարձի գալու հաջողակ ջանքեր այն տարածքում, որտեղ Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը քարոզչական աշխատանք էին տարել։ Սիլվեստեր Սմիթը գրել է, որ 15 եկեղեցիներ են հաստատվել Կիրթլանդի, Օհայոի և Չենանգո, Նյու Յորքի միջև, որոնցից մի քանիսը կազմված էին շուրջ 100 անդամներից։ Միսիոներները նաև հաջող քարոզչություն էին անում հարավարևմտյան Նյու Յորքում։ 1833թ-ին Ամասա Լիմանը մեկնեց մոտակա Կատարագուս գավառը, Նյու Յորք։ Այնտեղ նա անցկացրեց 152 ժողով և տեսավ 100 հոգու, ովքեր միացան Եկեղեցուն։

Վարդապետություն և Ուխտեր 100․5–8։ Տերը կտա մեզ այն, ինչ պիտի ասենք

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է ավետարանը քարոզելու գործում Սուրբ Հոգու դերի մասին․

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Դա Սուրբ Հոգին է, որ վկայում է ձեր խոսքերը, երբ դուք ուսուցանում եք և վկայում։ Դա Սուրբ Հոգին է, որ թշնամանքով տրամադրված մարդկանց հետ խոսելիս, ձեր սրտերում դնում է այն, ինչ պետք է ասեք, և իրականանում է Տիրոջ խոստումը, որ «դուք ամոթով չեք մնա մարդկանց առաջ» (ՎևՈւ 100․5)» (“The Power of Covenants,” Ensign or Liahona, May 2009, 22)։