Սեմինարիա
Դաս 135․ Վարդապետություն և Ուխտեր 128․12-25


Դաս 135

Վարդապետություն և Ուխտեր 128․12-25

Նախաբան

Այս դասը քննարկում է այն նամակի շարունակությունը, որը Ջոզեֆ Սմիթը 1842 թվականի սեպտեմբերի սկզբներին գրել է Սրբերին։ Նամակի այդ մասում Մարգարեն ուսուցանում է ապրողների և մահացածների փրկության մասին։ Նա հորդորում է Սրբերին հավատարիմ լինել իրենց գործերում և անելիքներում և արտահայտում է իր ուրախությունը ավետարանի վերականգնման համար։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 128․12-18

Ջոզեֆ Սմիթն ուսուցանում է ապրողների և մահացածների փրկության մասին

Նկար
Տաճարի մկրտության ավազանը

Ցուցադրեք տաճարի մկրտության մի ավազան (օրինակ՝ «Տաճարի մկրտության ավազանը» Ավետարանի նկարների գիրք [2009], հմր․ 121; տես նաև LDS.org)։ Թող ուսանողները պատկերացնեն, որ Եկեղեցու ոչ անդամ իրենց ընկերոջ հետ հաճախում են տաճարի բաց դռների օրվան։ Մկրտարանի կողքով անցնելիս, նրանց ընկերը հարցնում է․ «Ինչո՞ւ եք մկրտվելիս ամբողջ մարմնով ընկղմվում ջրի մեջ»։ Նրանց ընկերը նաև հարցնում է․ «Ինչո՞ւ եք դուք մկրտվում մահացած մարդկանց համար»։

Հիշեցրեք ուսանողներին, որ ապօրինի կերպով իրեն ձերբակալողներից թաքնվելու ժամանակ Ջոզեֆ Սմիթը նամակ գրեց Սրբերին։ Այդ նամակի մեջ նա ավելին ուսուցանեց մահացածների համար մկրտությունների մասին։ Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 128.12-13 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել Ջոզեֆ Սմիթի ուսմունքներին՝ մկրտության խորհրդանշանի վերաբերյալ։

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել 12–13-րդ հատվածների ուսմունքները, որպեսզի օգնեք ինչ-որ մեկին հասկանալ, թե ինչու է մկրտությունն արվում ընկղմամբ։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 128․15 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և փնտրել այն պատճառները, թե մենք ինչու ենք կատարում մահացածների համար մկրտությունները։

  • Ըստ այդ հատվածի, ինչո՞ւ մեր նախնիները մահացածների համար մկրտությունները կատարելու մեր կարիքն ունեն։ (Անհրաժեշտության դեպքում ուսանողների ուշադրությունը դարձրեք «առանց մեզ նրանք չեն կարող կատարյալ դառնալ» բառերի վրա։ Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ վարդապետությունը․ Մեր նախնիները, ովքեր մահացել են առանց ավետարանի, չեն կարող առաջադիմել դեպի կատարելություն, մինչև որ ավետարանի փրկարար արարողությունները չկատարվեն նրանց համար։)

Եթե ուսանողներն այդ հարցին պատասխանելու համար օգնության կարիք ունենան, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը․

«Ձեր մահացած նախնիներն ապրում են մի վայրում, որը կոչվում է հոգևոր աշխարհ։ Այնտեղ նրանք հնարավորություն ունեն լսելու և ընդունելու Հիսուս Քրիստոսի ավետարանը: Սակայն նրանք չեն կարող ավետարանի արարողություններն իրենք կատարել և չեն կարող զարգանալ, մինչև ուրիշներն այդ արարողությունները չկատարեն իրենց փոխարեն։

Ձեր արտոնությունն ու պատասխանատվությունն է այդ ընծան մատուցել ձեր նախնիներին՝ գտնելով նրանց և հավաստիանալով, որ այդ արարողությունները տաճարում կատարվել են նրանց համար։ Այնուհետև նրանցից է կախված, թե արդյոք կընդունեն կատարված աշխատանքը» (Member’s Guide to Temple and Family History Work [2009], 2)։

  • Ձեր կարծիքով, ինչպիսի՞ զգացում կունենային ձեր նախնիները ձեր հանդեպ, եթե դուք անեիք այդ աշխատանքը նրանց համար։

  • Ըստ 15-րդ հատվածի, ո՞րն է մահացածների համար մկրտություններ կատարելու մեկ այլ պատճառը։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ վարդապետությունը գրեք գրատախտակին․ Մեր մահացած նախնիների փրկությունն անհրաժեշտ ու էական է մեր փրկության համար։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է «նրանց փրկությունը անհրաժեշտ և էական մեր փրկության համար»։ (Երբ ուսանողները քննարկեն այդ հարցը, ասացեք նրանց, որ այդ վարդապետության մասին նրանք ավելին կիմանան, եթե շարունակեն ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտերի 128 բաժինը։)

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 128.16-17 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և փնտրել Աստվածաշնչի այն մարգարեներին, ովքեր գրել են մահացածների մկրտության մասին։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց մտքերով։

  • Ինչպե՞ս կարող են Աստվածաշնչյան այդ հատվածներն օգնել ձեր ընկերոջը, ով Եկեղեցու անդամ չէ։

Ցուցադրեք մի շղթա մի քանի միացություններով կամ նկարեք այն գրատախտակին։

Նկար
շղթա

Ուսանողներիցմեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 128.18 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես են շղթայի միացություններն առնչվում մահացածների համար մկրտությունների Ջոզեֆ Սմիթի ուսմունքներին։ (Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ տնտեսությունը մի ժամանակաշրջան է, որի ընթացքում Տերը հայտնում է Իր վարդապետությունները, արարողությունները և քահանայությունը: Կարող եք նաև բացատրել, որ այս հատվածում զավակներ բառը վերաբերում է մեզ, իսկ հայրեր բառը վերաբերում է մեր նախնիներին։)

  • Ինչպե՞ս են շղթայի միացություններն առնչվում մահացածների համար մկրտությունների Ջոզեֆ Սմիթի ուսմունքներին։ (Ուսանողները պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը․ Մահացածների համար մկրտությունները հավերժորեն մեզ կապում են մեր նախնիների հետ։ Բացատրեք, որ բացի մկրտությունից մյուս փրկող արարողությունները՝ հաստատումը, Մելքիսեդեկյան Քահանայության կարգումը [տղամարդկանց համար], տաճարային օժտումը և կնքման արարողությունը նույնպես կարևոր են՝ մեր և մեր նախնիների միջև կապակցող օղակն ապահովելու համար։)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ Վարդապետություն և Ուխտերի 128․12–18 հատվածների վարդապետություններն ու սկզբունքները, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Պետք է լինի ընտանեկան կազմակերպություն, ընտանեկան միավոր և յուրաքանչյուր սերունդ պետք է կապված լինի իրեն նախորդողներին, որպեսզի ընտանեկան կազմակերպությունը կատարյալ լինի։ Ի վերջո, դա կլինի մի մեծ ընտանիք՝ Ադամի գլխավորությամբ, որտեղ Միքայել հրեշտակապետը կնախագահի իր սերունդների վրա» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:175)։

Նշեք, որ ըստ 18-րդ հատվածի, երկիրը կզարկվի անեծքով, մինչև որ հայրերի և զավակների սերունդները կմիացվեն իրար։ Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ վարդապետությունը, կարդացեք Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ բացատրությունը.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Եթե չլինի կապակցող օղակ հայրերի և զավակների միջև, որը մահացածների համար կատարվող աշխատանքն է, ապա մենք բոլորս էլ կմերժվենք. Աստծո ողջ աշխատանքը կխափանվի և ամբողջությամբ կոչնչանա» (Doctrines of Salvation, 2:122)։

Վարդապետություն և Ուխտեր 128․19-25

Ջոզեֆ Սմիթը ուրախություն է ապրում ավետարանի վերականգնման համար և հորդորում է Սրբերին լինել հավատարիմ, մինչ նրանք աշխատում են մահացածների փրկության համար

Հրավիրեք ուսանողներին մտածել այն մասին, երբ նրանք ուրախացել են լավ լուր լսելուց։ Մի քանի ուսանողների խնդրեք կիսվել իրենց փորձառություններով։ Դրանից հետո հարցրեք նրանց, թե արդյո՞ք նրանք ցանկացել են կիսվել ուրիշների հետ և ինչո՞ւ։

Բացատրեք, որ լուրերի հոմանիշ բառ է ավետիք բառը: Այնուհետև, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 128․19 հատվածը։ Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել այն ավետիքին, որն ըստ Ջոզեֆ Սմիթի մենք ստացել ենք։

  • Ի՞նչ «ուրախության ավետիք» ենք մենք ստացել։ (Հիսուս Քրիստոսի ավետարանը։)

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի ավետարանն ուրախության ձայն հանդիսանում ողջերի և մահացածների համար։

Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը թվարկեց այն փորձառություններից մի քանիսը, որոնք նա ունեցել էր երկնային սուրհանդակների հետ, երբ ավետարանը վերականգնվեց նրա միջոցով։ Հրավիրեք ուսանողներին արագ աչքի անցկացնել Վարդապետություն և Ուխտերի 128․20-21 հատվածները և բացահայտել փորձառությունները և սուրհանդակներին։ Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն դրանք։ Հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով: Երբ նրանք կիսվեն իրենց մտքերով, ամփոփեք նրանց մեջբերումները՝ գրելով հետևյալ վարդապետությունը գրատախտակին․ Նախորդ տնտեսությունների բանալիները, իշխանությունը և զորությունները վերականգնվել են ժամանակների լրության տնտեսության մեջ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոն Թեյլորի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Նախագահ Ջոն Թեյլոր

«Սկզբունքները, որոնք [Ջոզեֆ Սմիթն] ուներ, կապի մեջ պահեցին նրան Տիրոջ հետ և ոչ միայն Տիրոջ, այլ նաև հնագույն առաքյալների և մարգարեների հետ, այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են օրինակ՝ Աբրահամը, Իսահակը, Հակոբը, Նոյը, Ադամը, Սեթը, Ենովքը, Հիսուսը և հայրը, և այն առաքյալները, ովքեր ապրել են այս մայրցամաքում, նաև նրանք, ովքեր ապրել են ասիական մայրցամաքում։ Թվում էր, նա այնքան ծանոթ էր այդ մարդկանց հետ, որքան մենք ծանոթ ենք իրար հետ։ Ինչո՞ւ: Քանի որ նա պետք էր ներկայացներ այն տնտեսությունը, որը կոչվում էր ժամանակների լրության տնտեսություն և դա հայտնի է դարձվել որպես այդպիսին Աստծո հնագույն ծառաների կողմից» (The Gospel Kingdom [1987], 353.)

  • Ի՞նչն է փոխվում ձեր կյանքում, երբ իմանում եք, որ ավետարանը երկրի վրա վերականգնվել է երկնային սուրհանդակների միջոցով։

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտերի 128․22–23 հատվածները պարունակում են ուրախության արտահայտություններ, որոնք Ջոզեֆ Սմիթը զգաց՝ քահանայության բանալիների վերականգնման և այն պատճառով, որ Սրբերը կարող էին փրկագնել մահացածներին։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հատվածները։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան՝ փնտրելով այնպիսի արտահայտություններ, որոնք հատկապես նշանակալից են նրանց համար։ (Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այդ արտահայտությունները։) Ապա հանձնարարեք ուսանողներին կարդալ այդ արտահայտությունները և բացատրել, թե ինչու են այդ արտահայտությունները նշանակալից իրենց համար։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 128․24 հատվածը և հորդորեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ի՞նչ հրահանգեց Մարգարեն, որ Սրբերն անեին։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց մտքերով։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց մտքերով։

  • Համաձայն այդ հատվածի, մենք ի՞նչ արդար ընծա պիտի մատուցենք Տիրոջը։ (Մի գիրք, որը կպարունակի մեր մահացածների գրանցումները։)

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մեր ներդրումն ունենանք այդ «գրքին»։ Ի՞նչ է 24-րդ հատվածն ուսուցանում ընտանեկան պատմության աշխատանքի և տաճարային աշխատանքի մեջ մեր մասնակցության վերաբերյալ։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք անում ենք ընտանեկան պատմության աշխատանքը և կատարում տաճարային արարողությունները մեր նախնիների համար, մենք արդար ընծա ենք մատուցում Տիրոջը։ Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ արտահայտությունը. Հրավիրեք դասարանին ուշադրությամբ լսել Երեց Բեդնարի նկարագրությունը՝ մահացածների փրկության իրենց դերի մասին․

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Ձեզանից շատերը կարող են մտածել, որ ընտանեկան պատմության աշխատանքը պետք է կատարվի հիմնականում տարիքով մարդկանց կողմից: Բայց ես չգիտեմ սուրբ գրություններում կամ Եկեղեցու ղեկավարների կողմից հայտարարված հրահանգներում նկարագրված ոչ մի տարիքային սահմանափակում, որն արգելում է այս կարևոր ծառայությունը:

Զուգադիպություն չէ, որ … միջոցները առաջ են եկել այն ժամանակ, երբ երիտասարդները քաջածանոթ են տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների լայն տեսականուն: Այսօր շատ երիտասարդների ակնհայտ ունակություններն ու ընդունակությունները լավ նախապատրաստություն են փրկության աշխատանքին նպաստելու համար:

… Ես խրախուսում եմ ձեզ սովորել, փնտրել ձեր նախնիներին և պատրաստել ձեր անձերը` լինելու փոխանորդ և կատարելու մկրտություններ Տիրոջ տանը ձեր մահացածների համար: … Եվ ես հորդորում եմ ձեզ օգնել այլ մարդկանց իմանալ իրենց ընտանիքի պատմությունները» («Զավակների սրտերը կդառնան» Ensign կամ Լիահոնա, նոյ․ 2011, 26)։

  • Ինչպե՞ս կարող եք մասնակցել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին։

  • Ե՞րբ եք դուք ընծաներ մատուցել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի միջոցով։ Ինչպե՞ս եք օրհնվել այդ ընծաները մատուցելիս։

Ուսանողների հետ կիսվեք այն օրհնություններով, որոնք նրանք կստանան ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին մասնակցելու դեպքում։ Հրավիրեք ուսանողներին դնել այնպիսի նպատակներ, որոնք կօգնեն նրանց կատարել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 128․15։ «Առանց մեզ նրանք չեն կարող կատարյալ դառնալ, ոչ էլ մենք կարող ենք կատարյալ դառնալ առանց մեր մահացածների»

Մարգարե Ջոզեֆ Սմիթը նախազգուշացրել է.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Այն Սրբերը, ովքեր մերժում են [մահացածների փրկության վարդապետությունը] իրենց մահացած բարեկամների համար, անում են դա` վտանգելով իրենց անձնական փրկությունը» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 471–72

Վարդապետություն և Ուխտեր 128.15: Օրհնություններ, որոնք առնչվում են տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք կատարելու հետ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ասել է.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Երիտասարդներ, դուք ուզո՞ւմ եք ապահով ուղի՝ ձեր կյանքում թշնամու ազդեցությունը նվազեցնելու համար: Խորասուզվեք ձեր նախնիների հետազոտության մեջ, պատրաստեք նրանց անունները փոխարինողների միջոցով տաճարում մատչելի սրբազան ծեսերի համար, ապա գնացեք տաճար և փոխարինող դարձեք նրանց համար` ստանալով մկրտության ուխտերը և Սուրբ Հոգու պարգևը: Տարիքն առնելով` դուք կարող եք նաև մասնակցել այլ ծեսերի ստացմանը: Ես չգիտեմ ձեր կյանքում թշնամուց պաշտպանվելու ավելի մեծ պաշտպանության մասին» («Մահացածներին փրկագնելու ուրախությունը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 94)։

Վարդապետություն և Ուխտեր 128․24։ «Մեր մահացածների գրանցումները»

«Մեր մահացածների» արտահայտությունը՝ Վարդապետություն և Ուխտերի 128․24 բաժնում, վերաբերում է այն ընտանեկան պատմության հետազոտությանը և տաճարային արարողությունների կատարմանը, որոնք մենք իրականացնում ենք մեր նախնիների համար։ Երեց Ռիչարդ Գ. Սքոթը բացատրել է․

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը մեկ աշխատանք է՝ բաժանված երկու մասի:

Նախագահ Հովարդ Վ. Հանթերն ուսուցանել է․

«Մենք պետք է կատարենք քահանայության տաճարային ծեսերի աշխատանքը, որն անհրաժեշտ է մեր սեփական վեհացման համար: Այնուհետև մենք պետք է կատարենք անհրաժեշտ աշխատանքը նրանց համար, ովքեր հնարավորություն չեն ունեցել ընդունելու ավետարանը կյանքի ընթացքում: Մյուսների համար աշխատանքը կատարվում է երկու քայլով. առաջինը՝ ընտանեկան պատմության հետազոտությամբ գտնել մեր նախնիներին , և երկրորդը՝ կատարել տաճարային ծեսերը տալով նրանց նույն հնարավորությունները, որ ունեն ապրողները:

Ես գիտեմ, որ նրանք, ովքեր կատարում են ընտանիքի պատմության հետազոտություն և ապա կատարում տաճարային աշխատանք նրանց համար, ում անունները գտել են, կունենան լրացուցիչ ուրախություն` ստանալով օրհնության երկու մասերը» [“A Temple-Motivated People,” Ensign, Feb. 1995, 4–5]։

Երկնային Հայրը ցանկանում է, որ յուրաքանչյուրս ստանա այս կենսական փոխարինող աշխատանքի օրհնության երկու մասերը:

Տաճարում կատարված ցանկացած աշխատանք ժամանակի լավ տնօրինում է, սակայն որպես փոխանորդ ձեր իսկ նախնիների համար ծեսեր ստանալը՝ տաճարում անցկացրած այդ ժամանակը էլ ավելի սրբազան է դարձնում և բերում էլ ավելի մեծ օրհնություններ: Առաջին Նախագահությունը հայտարարել է. «Մեր առաջնահերթ պարտականությունն է՝ փնտրել և գտնել մեր հարազատ նախնիներին» [Առաջին Նախագահության նամակ, 29 փետ., 2012, շեշտադրումն ավելացված է]» («Մահացածներին փրկագնելու ուրախությունը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 93–94)։