Սեմինարիա
Դաս 129․ Վարդապետություն և Ուխտեր 123


Դաս 129

Վարդապետություն և Ուխտեր 123

Նախաբան

Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը 1838 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 1839 թվականի ապրիլի 6-ը բանտարկված էր Լիբերթիի բանտում, նա նամակներ գրեց Սրբերին, որոնցում մխիթարում և խորհուրդներ էր տալիս նրանց։ Վարդապետություն և Ուխտերի 123 բաժինը մի քաղվածք է 1839 թվականի մարտի 20-ին գրանցված նամակից, որը նա գրել էր Սրբերին։ Այդ քաղվածքում Մարգարեն հորդորում է Սրբերին հավաքել և հրատարակել իրենց հալածանքների և տառապանքների պատմությունը և օգնել նրանց, ովքեր խաբվել են կեղծ վարդապետություններից։

Նշում․ Հաջորդ դասը («Նավուի հաստատումը» դաս 130) հնարավորություն է ընձեռում երկու ուսանողների ուսուցանել դասի հատվածները։ Կարող եք այժմ ընտրել երկու ուսանողների և նրանց տրամադրել դաս 130-ի նշանակված հատվածները, որպեսզի նրանք կարողանան պատրաստվել։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 123․1-6

Ջոզեֆ Սմիթը հորդորում է Սրբերին հավաքել և հրատարակել իրենց հալածանքների և տառապանքների պատմությունը

Դասն սկսեք հետևյալ հայտարարությամբ․

«Սա կարող է վկայել, որ ես՝ Դելիա Ռիդս, 1836 թվականին տեղափոխվեցի Միսսուրի։ Ամուսինս մահացավ այնտեղ հասնելուց շատ չանցած և թողեց ինձ յոթ փոքր երեխաների հետ։… Երբ տեղի բնակիչների և մորմոնների միջև խնդիրներ ստեղծվեցին, ես և մեր խմբի մնացած մարդիկ ստիպված էինք հեռանալ նահանգից։… Ես ստիպված էի զոհաբերել ունեցվածքիս մեծ մասը [և] ընտանիքս [սկսեց] ցրվել, իսկ ես ստիպված է ձեռք բերել իմ ամենօրյա աղքատիկ կոպեկներն անծանոթներից» (Delia Reed, in Mormon Redress Petitions: Documents of the 1833–1838 Missouri Conflict, ed. Clark V. Johnson [1992], 523; punctuation, capitalization, and spelling standardized)։

Բացատրեք, որ դա դատական պաշտոնյային Քույր Ռիդի կողմից արված պաշտոնական հայտարարություն էր։ Այնուհետև հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտե 123․1 հատվածը:

  • Ձեր սովորած հատվածում ի՞նչը կարող էր լինել նպատակներից մեկը, որի համար Քույր Ռիդը տվել էր այդ հայտարարությունը։

Հիշեցրեք ուսանողներին, որ 1838 թվականի դեկտեմբերից մինչև 1839 թվականի ապրիլ ամիսը, Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարներ բանտարկված էին Միսսուրիի Լիբերթի բանտում։ Մոտավորապես նույն ժամանակաշրջանում` ձմռան դաժան ամիսներին, Սրբերը դուրս էին քշվել Միսսուրի նահանգից՝ նահանգապետ Լիլբըրն Բոգսի բնաջնջման հրամանի պատճառով։ Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտերի 123 բաժինը քաղվածք է 1839 թվականի մարտ ամսին Լիբերթի բանտում գրված Մարգարե Ջոզեֆ Սմիթի նամակից, որում նա խորհուրդներ էր տալիս Սրբերին այդ դժվարին իրավիճակներում:

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 123.1-5 հատվածները: Հանձնարարեք դասարանին հետևել և փնտրել, թե հալածվող Սրբերին ինչ խորհուրդ տվեց Ջոզեֆ Սմիթը, որ նրանք անեն։ Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ հատվածները, կարող եք բացատրել, որ 5-րդ հատվածում «դիվային խարդախության հավաքածուն» արտահայտությունը վերաբերում է ամբարիշտ սրտերի հավաքածուին, իսկ «ստոր ու եղեռնական բռնությունները» վերաբերում է չար ու բռնի արարքներին։

  • Այդ հատվածներում ի՞նչ ցուցում տվեց Մարգարեն Սրբերին։

Սրբերից շատերը հնազանդ էին մարգարեի ցուցումին և հավաքեցին իրենց հալածանքների պատմությունը։ Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 123.6 հատվածը: Դասարանին հրավիրեք հետևել նրան՝ փնտրելով այն պատճառները, թե ինչու էր Սրբերին հանձնարարված հավաքել իրենց հալածանքների և տառապանքների պատմությունը։ Կարող եք բացատրել, որ «պահանջել է» բառը նշանակում է «պահանջվում է մեզանից»։ Կարող եք նաև հիշեցնել նրանց, որը Տերը նախկինում խոստացել էր փրկագնել հալածվող սրբերին և «առաջ կգա իր թաքնված տեղից և իր կատաղի զայրույթով կչարչարի այդ ազգին» (ՎևՈւ 101․89

  • Ըստ Վարդապետություն և Ուխտերի 123․6 հատվածի, ինչո՞ւ Երկնային Հայրը պատվիրեց Սրբերին հավաքել իրենց հալածանքների պատմությունը։

  • Ի՞նչ է ուսուցանում մեզ այդ հատվածն այն մասին, թե մենք ինչ պիտի անենք նախքան Տերը կիրականացնի Իր խոստումները։

Հանձնարարեք ուսանողներին գրել մի սկզբունք պարունակող նախադասություն, որն արտահայտում է մեր ջանքերի և Տիրոջ խոստումների միջև կապը։ Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց բացահայտած սկզբունքով։ Հետևյալն իրենից ներկայացնում է այդ սկզբունքն արտահայտելու մի տարբերակ․ Տերը կիրականացնի Իր խոստումներն այն բանից հետո, երբ մենք անենք մեր բաժինը։ Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերն ակնկալում, որ մեր բաժինը կատարելուց հետո միայն Նա կիրականացնի Իր խոստումները։

  • Ե՞րբ եք դուք տեսել այս սկզբունքի ապացույցը ձեր կյանքում կամ մեկ ուրիշի կյանքում, ում դուք ճանաչում եք:

Վարդապետություն և Ուխտեր 123․7-17

Ջոզեֆ Սմիթը հորդորում է Սրբերին օգնել նրանց, ովքեր խաբվել են կեղծ լուրերից

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ դպրոցի դասերից մեկի ժամանակ նրանց հանձնարարություն է տրվել գրելու Եկեղեցու մասին մի զեկույց։ Պահանջներից մեկն այն է, որ նրանք պետք է օգտվեն առնվազն երեք աղբյուրներից։

  • Ի՞նչ աղբյուրներից կարող եք օգտվել ձեր զեկույցը գրելիս։

  • Ինչո՞ւ է կարևոր, թե որ աղբյուրներից եք օգտվելու Եկեղեցու մասին գրելիս։

  • Ինչպե՞ս եք իմանում, թե որ աղբյուրներն են ճիշտ նկարագրում Եկեղեցին։

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 123․7-10 հատվածները՝ բացատրելով, որ երբ Ջոզեֆ Սմիթը գրեց այդ հատվածները, շատ ստեր էին տարածվել Եկեղեցու մասին։ Սրբերին ասվել էր, որ դա իրենց «հրամայական պարտականությունն» էր (ՎևՈւ 123․7) պատասխանել այդ ստերին և հավաքել ու հրատարակել իրենց հալածանքների և տառապանքների պատմությունը։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 123.11-12 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան՝ փնտրելով այն լրացուցիչ պատճառները, թե ինչու էր Սրբերին ցուցում տրվել` հավաքել և հրատարակել իրենց հալածանքների և տառապանքների պատմությունը։ Հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով:

  • Ըստ 12 հատվածի, սրտով մաքուրներից քանի՞սն են կուրացել` ճշմարտությունը տեսնելուց։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս են Եկեղեցու մասին սուտ լուրերն ազդում նրանց վրա, ովքեր մեր հավատքից չեն։

  • Ըստ 12-րդ հատվածի, ինչո՞ւ են երկրի վրա գտնվող մարդկանցից շատերը հեռու մնացել ճշմարտությունից։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, բայց նրանք պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Կան շատ մարդիկ, ովքեր հեռու են մնացել ճշմարտությունից, քանի որ չգիտեն, թե որտեղ փնտրեն այն։)

  • Այդ ժամանակ Սրբերի հալածանքների և տառապանքների մասին ճշմարտության հրատարակումն ինչպես կարող էր օգնել մարդկանց գտնել ճշմարտությունը։

Հիշեցրեք ուսանողներին, որ այսօր դեռ շատերը կան «ովքեր կույր են դարձել ճարպիկ մարդկանց խաբեությամբ» և ովքեր ճշմարտությունից հեռու են մնացել միայն նրա համար, որ չգիտեն` թե որտեղ գտնեն այն (ՎևՈւ 123․12)։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությունը․ Հրավիրեք դասարանի ուշադրությունըայն բանին , թե մեր օրերում ինչն է մարդկանց հետ պահում իմանալու ճշմարտությունը Եկեղեցու վերաբերյալ։

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Չափազանց շատ մարդիկ թույլ պատկերացում ունեն Եկեղեցու մասին, քանի որ տեղեկությունների մեծ մասը, որոնք նրանք լսում են մեր մասին, ԶԼՄ-երի զեկույցներից են, որոնք հաճախ լի են հակասություններով: Հակասական կարծիքների հանդեպ չափազանց մեծ ուշադրությունը բացասական ազդեցություն է ունենում մարդկանց ընկալումների վրա այն առումով, թե իսկապես ինչ է իրենից ներկայացնում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին» (“Sharing the Gospel Using the Internet,” Ensign, July 2008, 62)։

  • Համաձայն Երեց Բալլարդի, մեր օրերում ի՞նչն է մարդկանց հետ պահում իմանալու ճշմարտությունը Եկեղեցու վերաբերյալ։

Բացատրեք, որ 1839 թվականի Սրբերի նման, մեզ ցուցում է տրված` օգնել ուրիշներին ճշգրիտ պատկերացում կազմել Եկեղեցու, դրա անդամների, ղեկավարների, համոզմունքների, պատմության, ուսմունքների և սովորույթների վերաբերյալ։

  • Ի՞նչ կարող եք դուք անել, որպեսզի օգնեք ուրիշներին ճշգրիտ պատկերացում կազմել Եկեղեցու մասին։ (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին։)

Հանձնարարեք ուսանողներից մեկին կարդալ Երեց Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությունը. Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե որն է տարբերակներից մեկը, որի միջոցով մենք կարող ենք օգնել ուրիշներին` ձեռք բերելու ճշգրիտ պատկերացում Եկեղեցու մասին։

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Անընդհատ խոսակցություններ են գնում Եկեղեցու մասին։ Այդ խոսակցությունները կշարունակվեն անկախ այն բանից, թե արդյոք մենք կմասնակցենք դրանց, թե ոչ։ Բայց մենք չենք կարող կանգնել անկյունում, մինչդեռ ուրիշները, այդ թվում՝ մեր քննադատները, փորձում են սահմանել, թե ինչ է Եկեղեցին ուսուցանում։ Մինչ որոշ խոսակցություններ ունեն հազարների կամ նույնիսկ միլիոնների հասնող լսարաններ, շատերն էլ չափազանց փոքր են։ Սակայն բոլոր խոսակցությունները ներգործում են դրանց մասնակիցների վրա։ Եկեղեցու մասին ընկալումները հաստատվում են միաժամանակ մեկ խոսակցության ընթացքում։

Այժմ կարո՞ղ եմ խնդրել ձեզ, որ դուք միանաք այդ խոսակցությանը՝ մասնակցելով համացանցում, որ կիսվեք ավետարանով և պարզ ու հստակ տերմիններով բացատրեք Վերականգնման ուղերձը։ Իհարկե, դրա համար անհրաժեշտ է, որ դուք հասկանաք ավետարանի հիմնական սկզբունքները։ Կարևոր է, որ դուք կարողանաք բերել ավետարանի ճշմարտությունների վերաբերյալ հստակ և ճշգրիտ վկայություն» (“Sharing the Gospel Using the Internet,” 61, 62)։

Երեց Բալլարդի առաջարկությունն ավելացրեք գրատախտակին գրված ցուցակին:

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են օգնել ուրիշներին` սովորել գրատախտակին գրված ճշմարտությունը։ Խնդրեք նրանց ընտրել այն մեկը, որն իրենց կարծիքով կարող են կիրառել։ Հանձնարարեք մի քանի ուսանողների կիսվել, թե որ առաջարկությունն են ընտրում և ինչպես են ցանկանում կիրառել այն՝ օգնելու ուրիշներին` ճշգրիտ ընկալում ունենալ Եկեղեցու մասին։ Խրախուսեք բոլոր ուսանողներին գործել ըստ իրենց ընտրած առաջարկության, որպեսզի օգնեն ուրիշներին գտնելու ճշմարտությունը։

Հրավիրեք ուսանողներին մտածել այն մասին, երբ նրանք օգնել են ուրիշներին ճշգրիտ պատկերացում ունենալ Եկեղեցու մասին։ Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով դասարանի հետ։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 123.13-16 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ է ասվել Սրբերին՝ ուրիշներին ճշմարտության ճշգրիտ պատմությունը ներկայացնելու իրենց ջանքերի մասին։

  • Ըստ 15-րդ հատվածի, ինչո՞ւ Սրբերին ասվեց, որ այդ ջանքերը «աննշան» չհամարեն։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել 15-րդ հատվածի Տիրոջ ցուցումից այն աննշան որոշումների մասին, որ մենք կատարում ենք հիմա։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Փոքր թվացող Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու մեր որոշումները հետագայում կարող են մեծ ազդեցություն ունենալ մեր կյանքի վրա։)

  • Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկի հետ ավետարանի վերաբերյալ ունեցած զրույցի փոքր որոշումն ունենալ մեծ ազդեցություն։

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 123.17 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես է այդ հատվածն առնչվում ավելի վաղ գրատախտակին գրված ճշմարտության հետ․ Տերը կիրականացնի Իր խոստումներն այն բանից հետո, երբ մենք անենք մեր բաժինը։ Հրավիրեք ուսանողներին դասարանի հետ կիսվել իրենց մտքերով։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք ուրախությամբ «անենք ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է»։

  • Ելնելով 17-րդ հատվածից, ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել, եթե մենք անենք ամեն բան Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու համար։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք անենք ամեն բան, որ մեր ուժերի սահմաններում է, որպեսզի հնազանդ լինենք Տիրոջ պատվիրաններին, ապա կարող ենք համոզված լինել, որ Աստված կօգտագործի Իր ուժը, որպեսզի օգնի մեզ՝ Իր իսկ կամքին և ժամանակին համապատասխան։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում համոզվածություն ունենալ, որ Աստված կօգտագործի Իր ուժը մեզ օգնելու համար, եթե մենք «ուրախությամբ անենք ամեն բան, որ մեր ուժերի սահմաններում է»։ Որո՞նք են այն բաները, որ դուք կարող եք անել, որպեսզի այդ համոզվածությունն ունենաք ձեր կյանքում։

Կիսվեք ձեր վկայությամբ, որ մենք կարող ենք վստահ լինել, որ երբ անենք այն ամենը, ինչ կարող ենք Աստծո պատվիրաններին հնազանդորեն հետևելու համար, Նա կիրականացնի Իր խոստումները։

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 123․1։ «Տեղեկություն հավաքեն … տառապանքների ու բռնությունների վերաբերյալ»

Միսսուրիում տառապող սրբերը հնազանդ էին Վարդապետություն և Ուխտերի 123 բաժնում տրված Մարգարե Ջոզեֆ Սմիթին ցուցումին, և նրանք հավաքեցին իրենց հալածանքների բազմաթիվ պատմություններ։ Հետևյալը այն երկու պաշտոնական հայտարարություններն են, որոնք տրվել են դատական պաշտոնյաներին․

«Գեներալ Կլարկը իր զորքի հետ եկավ Քալդվել։ Ես ապրում է Ֆար Վեստից երկու մղոն հեռավորության վրա … պարոն Գադ Յեյլի հարևանությամբ։ Գեներալ Կլարկի զորքից մի մեծ բանակ եկավ պարոն Յեյլի տուն և շուրջ երկու օր կանգ առավ այնտեղ և ոչնչացրեց ունեցվածքի զգալի մասը։ Նրանք ջարդեցին տան հատակը, ոչնչացրին նրանց ընտանի թռչուններին ու խոզերին և հրկիզեցին … խոտի դեզերը։ Ես տեսա, թե ինչպես կրակի մատնեցին դեզերն ու ամբողջովին ոչնչացրին ։ Նրանք պարոն Յեյլից իրենց ձիերի համար վերցնում էին ցանկացած քանակությամբ եգիպտացորեն, և իմ կարծիքով նրա եգիպտացորենից շուրջ տասը ակր ոչնչացվեց։… Նրանց սպանած խոզերից մի քանիսը մնացել էին փտելու գետնին։ Ես նաև տեսել եմ, թե ինչպես են ոստիկաններից ոմանք գնում պարոն Սայրուս Դենիելի տուն, որը նրանք թալանեցին։ Ես տեսա նրանց անկողին և անկողնային պարագաներ դուրս տանելիս» (Mary K. Miles, in Mormon Redress Petitions: Documents of the 1833–1838 Missouri Conflict, ed. Clark V. Johnson [1992], 496–97; punctuation, capitalization, and spelling standardized)։

«Հավաստիացնում եմ, որ իմ հայրը կանգ առավ Հոնի ջրաղացի մոտ և ապրում էր վրանում, երբ ջարդը տեղի ունեցավ։ Ես վրանում էի, երբ խումբը ձիերով մոտեցավ։ Մեր մարդկանցից ոմանք գոռում էին կանանց և երեխաների վրա, որպեսզի նրանք հեռանային վրաններից։ Ես վազեցի դեպի դարբնի արհեստանոցը, որտեղ հայրս էր գտնվում։ Ես սողոսկեցի փուքսի տակ, իմ օրինակին հետևեցին իմ եղբայրն ու նաև մի տղա, որի անունը Չարլզ Մերիկ էր։ Ես ազդրից վիրավորվեցի, իմ եղբոր գլխին կրակեցին, իսկ մյուս տղան երեք տեղից վիրավորվեց և մահացավ։ Մայրս ասաց ինձ, որ իմ ութ տարին լրացել էր անցյալ տարի։ Ես տեսա, թե ինչպես են մեր թշնամիներից մի քանիսը հանում հորս կոշիկները, նախքան նրա մահանալը» (Alma Smith, in Mormon Redress Petitions, 537; punctuation, capitalization, grammar, and spelling standardized)։

Վարդապետություն և Ուխտեր 123․4–5։ «Պտտվող զրպարտիչ հրատարակումներ»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը բացատրել է, թե ինչպես են Եկեղեցու մասին բացասական հրապարակախոսություններն օգնում միսիոներական մեր ջանքերին։

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Փորձը ցույց է տվել, որ Եկեղեցու վերաբերյալ բացասական հրապարակախոսությունները կարող են օգնել իրականացնել Տիրոջ նպատակները։ 1983 թվականին Առաջին Նախագահությունը գրեց Եկեղեցու ղեկավարներին, որ «Ընդդիմությունը կարող է ինքնին հնարավորություն լինել: Մեր միսիոներների դիմաց ծառացած դժվարությունը կայանում է կրոնական հարցերի և մեր ուղերձի հանդեպ հետաքրքրության պակասը։ Այդ քննադատությունները … հետաքրքրություն են առաջացնում Եկեղեցու հանդեպ։… Դա հնարավորություն է ստեղծում [անդամների համար] ճշմարտությունը ներկայացնել նրանց, ում ուշադրությունը այդպիսով ուղղվում է մեր կողմ» [First Presidency letter, Dec. 1, 1983]։

Մենք կարող ենք օգտվել նման հնարավորություններից տարբեր եղանակներով` բարյացակամ նամակ խմբագրին, զրույց ընկերոջ հետ, արձագանք ինտերնետային բլոգում կամ վերահաստատող խոսք նրան, ով արհամարհական մեկնաբանություն է կատարել։ Մենք կարող ենք պատասխանել սիրով նրանց, ովքեր ազդվել են թյուր տեղեկությամբ կամ նախապաշարմունքով, ովքեր «ճշմարտությունից հեռու են մնացել, որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն» (ՎևՈւ 123․12)։ Ես հավաստիացնում եմ ձեզ, որ մեզ մեղադրողներին այդպես պատասխանելը թուլություն չէ։Դա Քրիստոնեական քաջությունն է գործում» («Քրիստոնեական քաջություն՝ աշակերտ լինելու գինը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 73)։

Վարդապետություն և Ուխտեր 123․4–5։ Գնահատել աղբյուրների դիտավորությունն ու հիմնավորությունը

Հեղինակներից ոմանք, ովքեր գրում են Եկեղեցու և նրա պատմության մասին, տեղեկատվությունը ներկայացնում են համատեքստից դուրս կամ ներառում են կիսատ ճշմարտություններ, որոնք կարող են ապակողմնորոշիչ լինել։ Այդ գրվածքներից մի քանիսը դիտավորություն ունեն ոչնչացնել Եկեղեցու հավատքը և դրա ղեկավարներին։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենը խոսել է մեր հավատքի նմանատիպ փորձությունների մասին․

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Միշտ կլինեն մի քանիսը, ովքեր կփորձեն հեղինակազրկել Եկեղեցին և ոչնչացնել հավատքը: Այսօր նրանք օգտագործում են համացանցը:

Եկեղեցու մասին որոշ տեղեկություն, անկախ նրանից, թե որքան համոզիչ է, պարզապես ճշմարիտ չէ։ 1985 թվականին, հիշում եմ, ինչպես իմ աշխատակիցներից մեկը մտավ իմ Ֆլորիդայի գրասենյակը։ Նա բերել էր Time ամսագրի հոդվածը, որը կոչվում էր «Մորմոնիզմի կասկածյալ արմատները»։ Այն պատմում էր վերջերս հայտնաբերված նամակի մասին, որն, իբր, գրվել էր Մարթին Հարիսի կողմից, և որը հակասում էր Մորմոնի Գրքի թիթեղները գտնելու Ջոզեֆ Սմիթի պատմությանը։

Աշխատակիցս հարցրեց, թե արդյոք այս նոր տեղեկությունը չի կործանի Եկեղեցին։ Հոդվածում մեջբերվում էր մի անձնավորություն, որն ասում էր, որ հեռանում էր Եկեղեցուց այդ փաստաթղթի պատճառով։ Հետագայում, ասվեց, որ ուրիշները նույնպես հեռացել էին Եկեղեցուց։ Ես վստահ եմ, դա նրանց հավատքի փորձությունն էր։

Մի քանի ամիս անց մասնագետները բացահայտեցին (իսկ կեղծարարը խոստովանեց), որ նամակը բացարձակ կեղծիք էր։ Ես իսկապես հույս էի տածում, որ այս խաբեության պատճառով Եկեղեցին լքած մարդիկ կգտնեին իրենց ետդարձի ճանապարհը» («Ձեր հավատքի փորձությունը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 41)։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ Օուքսը հորդորել է Վերջին Օրերի Սրբերին զգուշությամբ գնահատել այն, ինչ կարդում են Եկեղեցու և դրա պատմության մասին և անելով այդ` ապավինել Սուրբ Հոգուն և իրենց բանականությանը․

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Գնահատումն… ունի երկու չափումներ՝ մտավոր և հոգևոր։

Մտավոր առումով, կարդացողներն ու դիտորդները պետք է որոշակիորեն ավելի հարուստ կենսակերպ ունենան, որպեսզի գնահատեն այն, ինչն առնչվում է իրենց հետ։…

Վերջին Օրերի Սրբերի համար գնահատումը ունի նաև հոգևոր չափում։ Դրա պատճառն այն է, որ մենք հավատում ենք Մորոնիի այն հայտարարությանը, որ «Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10․5)։ Այդ խոստումը հոգևոր առումով զգայուն ընթերցողներին երաշխավորում է խորաթափանցության ուժը, որը և կօգնի նրանց գնահատել այն ամենի իմաստը, ինչ նրանք սովորում են։

Գնահատման մեր հոգևոր ուժի առումով, մենք պետք է հիշենք, որ Տիրոջ Հոգին չի առաջնորդի մեզ, եթե մեր անձնական վերաբերմունքն այնպիսին է, որ ցանկանում ենք մեղքեր գտնել մարդկանց մեջ։ Այդ սկզբունքը վերաբերում է ընթերցողներին և գրողներին։…

Մեր անհատական, անձնական վկայությունները հիմնված են Հոգու վկայության վրա, այլ ոչ թե պատմական փաստերի համակցման կամ հավաքման վրա։ Եթե մենք այդպես արմատավորված լինենք, պատմական փաստերի ոչ մի փոփոխություն չի կարող սասանել մեր վկայությունները։ Մեր Երկնային Հայրը տվել է մեզ տրամաբանության զորությունը և մեզանից ակնկալվում է կիրառել այն ամբողջովին։ Բայց նա մեզ տվել է նաև Մխիթարիչին, ով, Նրա ասելով, մեզ կտանի դեպի ճշմարտությունը, և որի զորությամբ մենք կարող ենք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների։ Այն Վերջին Օրերի Սրբերի համար, ովքեր արժանի են և ցանկանում են ապավինել դրան, դա է վերջնական ուղեցույցը» (“Reading Church History,” in Symposium Speeches [symposium on the Doctrine and Covenants and Church history, Aug. 14–16, 1985], 4, 5)։

Վարդապետություն և Ուխտեր 123․17։ «Անենք ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է»

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հավատացել և ապրել է այն սկզբունքով, որ մենք պետք է մեր ուժերի ներածին չափով անենք ամեն բան, նախքան կստանանք Աստծո օգնությունը։ Ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտերի 101․86–89 հատվածներում, Տերը պատվիրել է Սրբերին իրենց հալածանքների և տառապանքների պատմությունը ներկայացնել կառավարության ղեկավարների ուշադրությանը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների նախագահի ուշադրությանը։ 1839 թվականի նոյեմբերի 29-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և դատավոր Եղիաս Հիգբին հանդիպեցին Միացյալ Նահանգների նախագահի՝ Մարտին Վան Բուրենի հետ։

«Սկզբում Վան Բուրենը հետաքրքրված չէր Մարգարեի խնդրանքով։ Սակայն, երբ քննարկումը շարունակվեց, նախագահը խոստացավ վերանայել իր դիրքորոշումը և «[Մորմոնների] հանդեպ կարեկցանք զգաց [իրենց] տառապանքների պատճառով» [in History of the Church, 4:40]։

Նախագահ Վան Բուրենի հետ հանդիպումից հետո Մարգարեն և Եղիաս Հիգբին ևս երկու օր մնացին արևելքում, ցանկանալով աջակցություն ստանալ սենատորների և ներկայացուցիչների կողմից, ովքեր պատրաստակամ կլինեին պաշտպանել իրենց փաստարկը [տես History of the Church, 4:40, 43–44]։ 1840 թվականին նրանք կրկին հանդիպեցին Նախագահ Վան Բուրենի հետ։ Այդ ընթացքում Վան Բուրենը կորցրել էր որևէ կարեկցական զգացմունք, որը նա ունեցել էր Եկեղեցու նկատմամբ։ Համաձայն Մարգարեի խոսքերի, նախագահը նրանց հետ կոպիտ էր խոսել և հայտարարել էր․ «Պարոնայք, ձեր փաստարկն արդարացի է, բայց ես ոչինչ չեմ կարող անել ձեզ համար… Եթե ես պաշտպանեմ ձեզ, ես կկորցնեմ Միսսուրիի ձայները» [in History of the Church, 4:80]” (Arnold K. Garr, “Joseph Smith: Campaign for President of the United States,” Ensign, Feb. 2009, 49)։

Չնայած Միացյալ Նահանգների նախագահը չցանկացավ օգնել Սրբերին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը շարունակեց օգնություն փնտրել կառավարության այլ ղեկավարների կողմից։ Քանի որ Ջոզեֆ Սմիթն արեց ամեն բան, որ իր ուժերի սահմաններում էր, նա վստահ էր, որ Աստված կօգտագործի Իր ուժը նրան օգնելու համար։