Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Հաջորդականությունը Նախագահությունում, մեկնումը Նավուից և գաղթը դեպի արևմուտք (Մաս 30)


Տնային ուսումնասիրության դաս

Հաջորդականությունը Նախագահությունում, մեկնումը Նավուից և գաղթը դեպի արևմուտք (Մաս 30)

Նախապատրաստական նյութ տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Տնային ուսումնասիրության ամենօրյա դասերի ամփոփում

Հետևյալ ամփոփումը ներառում է այն վարդապետություններն ու սկզբունքները, որոնք ուսանողները սովորեցին մաս 30-ը ուսումնասիրելիս: Այս ամփոփումը նախատեսված չէ ուսուցանել որպես դասի մաս: Դասը, որը դուք ուսուցանում եք մաս 30-ում, կենտրոնանում է այս վարդապետություններից ու սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ խորհեք ձեր ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (Հաջորդականությունը Նախագահությունում)

Ուսանողները սովորեցին հետևյալ սկզբունքները Նախագահության հաջորդականության մասին. Առաքյալները կրում են քահանայության բանալիները, որոնք անհրաժեշտ են Եկեղեցում նախագահելու համար: Երբ Եկեղեցու Նախագահը մահանում է, Առաջին Նախագահությունը լուծարվում է և Տասներկու Առաքյալների Քվորումը դառնում է նախագահող քվորում` ավագ Առաքյալի ղեկավարության ներքո: Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք ստանալ վկայություն, որ նրանք, ովքեր առաջնորդում են Եկեղեցին, կանչված են Աստծո կողմից:

Օր 2 (Մեկնումը Նավուից, գաղթը Այովայի նահանգով, Վարդապետություն և Ուխտեր 136.1–18)

Երբ ուսանողներն ուսումնասիրում էին, թե Սրբերը ինչ ջանքեր էին գործադրում Նավուի Տաճարն ավարտելու համար` նախքան նրանք ստիպված կլինեին հեռանալ Իլինոյսից, նրանք իմացան, որ տաճարային արարողություններն արժեն մեր բոլոր արդար ջանքերն ու զոհաբերությունը: Նրանք սովորեցին նաև, որ Տերը պահանջում է, որ մենք ապրենք մեր կապած ուխտերի համաձայն:

Օր 3 (Վարդապետություն և Ուխտեր 136.19–42)

Երբ ուսանողները ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտեր 136 բաժնում գրանցված հայտնությունը, նրանք իմացան, որ եթե մենք երջանիկ ենք, մենք պիտի գովաբանենք Երկնային Հորը և շնորհակալ լինենք նրան և, եթե մենք վշտացած ենք, մենք պիտի աղոթենք, որ մեր հոգիներն ուրախ լինեն: Նրանք պարզեցին, որ մեր փորձությունները կարող են պատրաստել մեզ` ստանալ Աստծո փառքը և, եթե մենք խոնարհեցնենք մեզ և դիմենք Աստծուն, ապա Հոգին կլուսավորի մեզ: Նրանք նաև սովորեցին, որ եթե մենք բարեխղճորեն պահում ենք պատվիրանները, ապա Աստծո դատաստանները չեն գա մեզ վրա, մեր հավատքն ամուր կլինի, իսկ մեր թշնամիները չեն հաղթի մեզ:

Օր 4 (Ձեռնասայլակներ տանող պիոներները 1856–60 թվականներ)

Ուսանողները սովորեցին ձեռնասայլակներով պիոներների կրած փորձությունների մասին և պարզեցին, որ եթե մենք համբերությամբ դիմանանք հանուն ավետարանի, մենք կարող ենք սրբագործվել ի բարին: Նրանք նաև սովորեցին, որ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ մենք պետք է օգնենք կարիքի մեջ գտնվողներին: Նրանք նաև սովորեցին, որ երբ հավատարմությամբ դիմանանք դժվարություններին, մենք կճանաչենք Աստծուն:

Նախաբան

Այս դասի շնորհիվ ուսանողները կհասկանան, որ նրանք հավատք են գործադրում, երբ նրանք հետևում են մեր Եկեղեցու ղեկավարների խորհրդին ու ցուցումներին: Նրանք նաև կիմանան, որ Տերը կօրհնի նրանց, երբ նրանք օգնեն կարիքի մեջ գտնվողներին և պատրաստում է ճանապարհը նրանց համար:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 136․1-18

Տերը խորհուրդ է տալիս Սրբերին կազմակերպվել և պատրաստվել շարունակելու իրենց ուղևորությունը դեպի արևմուտք

Կապեք ուսանողներից մեկի աչքերը և կանգնեցրեք նրան սենյակի մի կողմում։ Ապա վերադասավորեք որոշ առարկաներ սենյակում և աղմկեք այնպես, որպեսզի ուսանողը կարողանա տարբերել, որ առարկաները տեղաշարժվել են: Խնդրեք աչքերը կապած ուսանողին` ընտրել որևէ դասընկերոջ` օգնելու իրեն` հասնել սենյակի մյուս կողմը: Երբ ուսանողը ընտրի ինչ-որ մեկին, հարցրեք.

  • Ինչո՞ւ ընտրեցիր այդ ընկերոջդ։

  • Մեր վստահությունը մեկ ուրիշի նկատմամբ ինչպե՞ս է ազդում այն բանի վրա, թե ինչպես ենք հետևում նրա ցուցումներին:

Խնդրեք ուղղորդողին ցուցումներ տալ աչքերը կապած ուսանողին այնպես, որ նա կարողանա ապահով քայլել դեպի սենյակի մյուս կողմը: Ապա հրահանգեք երկու ուսանողներին վերադառնալ իրենց տեղերը:

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն պարբերությունը, որտեղ նկարագրվում է Սրբերի մեկնումը Նավուից: Դասարանին խնդրեք լսել և պարզել, թե ի՞նչ ձևերով են Սրբերի փորձությունները նման այն ուսանողի փորձառությանը, ում առաջնորդեցին հատել սենյակը:

Տեղական ամբոխների կողմից սպասվելիք բռնության սպառնալիքի տակ, 1846 թվականին Սրբերը սկսեցին հեռանալ Նավուից և ուղևորվել դեպի արևմուտք` հատելով Այովա նահանգը: «Նավուից հեռանալը Սրբերի համար հավատքի գործադրում էր: Նրանք մեկնեցին առանց ճշգրիտ իմացության, թե ուր էին գնում կամ երբ էին հասնելու իրենց բնակության վայրը: Միակ բանը, որ գիտեին այն էր, որ նրանց թշնամիները համարյա դուրս էին քշում նրանց Իլինոյսից և, որ նրանց ղեկավարները հայտնություն էին ստացել տեղակայել իրենց փախստականներին ինչ-որ տեղ` Ռոքի լեռներում» (Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 309):

  • Նավուից հեռանալու Սրբերի փորձությունը ինչո՞վ է նման այն ուսանողի փորձառությանը, ում ուղղորդում էին դասարանում:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Սրբերի` Նավուից հեռանալու փորձությունից: (Ուսանողները կարող են պատասխանել տարբեր բառերով, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Մենք ցույց ենք տալիս մեր հավատքը, երբ հետևում ենք Եկեղեցու ղեկավարների խորհրդին և ղեկավարությանը։ Կարող եք այդ սկզբունքը գրել գրատախտակին։)

Հրավիրեք ուսանողներին գտնել քարտեզ 6-ը («Եկեղեցու տեղաշարժը դեպի արևմուտք») իրենց սուրբ գրությունների Եկեղեցու պատմության քարտեզների բաժնից և որոշել Նավուի և Ուինթեր Քուոթերսի տեղը: Բացատրեք, որ հորդառատ անձրևների և ոչ բավավարար պաշարների պատճառով Սրբերից, ովքեր 1846 թվականին հեռացել էին Նավուից, 4 ամիս պահանջվեց` կատարելու 300 մղոն ճամփորդությունը Այովայի նահանգով: Այս խմբի ուղևորության տեմպերը դանդաղեցին այդ պայմանների և Վերջին Օրերի Սրբերի ավելի քան 500 աշխատունակ տղամարդկանց բացակայության պատճառով: Այդ տղամարդիկ, ովքեր հայտնի դարձան որպես Մորմոնական գումարտակ, ականջալուր լինելով Նախագահ Բրիգամ Յանգի կոչին, ցուցակագրվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակին, որպեսզի գումար վաստակեին` օգնելու դեպի արևմուտք ուղևորվող Եկեղեցու աղքատ անդամներին: Այս զոհաբերությունը մեծ օգնություն եղավ, բայց նաև շատ ընտանիքների թողեց առանց ամուսնու և հոր` ուղևորության կեսին: Հաշվի առնելով այս դանդաղ տեմպը, Եկեղեցու ղեկավարները որոշեցին չշարունակել ուղևորությունը արևմուտք` դեպի Ռոքի լեռները մինչև 1847 թվականի գարունը: Նրանք Սրբերին խորհուրդ տվեցին կանգ անել և հիմնավորվել ձմեռվա ընթացքում: Ամենամեծ բնակավայրերից մեկը` Ուինթեր Քուոթերսը, տեղակայված էր Միսսուրի գետի արևմտյան ափին` ներկայիս Նեբրասկա նահանգի տարածքում:

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ուինթեր Քուոթերսի և այլ ժամանակավոր բնակավայրերի մասին հետևյալ նկարագրությունը.

Սրբերից շատերն ապրում էին փայտաշեն տնակներում և գետնափոր տներում, որոնք պատրաստված էին ուռենու փայտից և ցեխից: Շատ մարդիկ անհամապատասխան էին պատսպարված ցուրտ եղանակից: Այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք էին մալարիան, թոքաբորբը, թոքախտը, խոլերան և լնդախտը հանգեցրին մասսայական տառապանքների և մարդկային կորուստների: Առաջին ձմեռվա վերջում 700 մարդ մահացավ ճամբարներում: (Տես Մեր ժառանգությունը. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հակիրճ պատմությունը [1996], 71–72, Church History in the Fulness of Times Student Manual, 319–20).

  • Եթե դուք Սրբերի հետ լինեիք Ուինթեր Քուորթերսում, ի՞նչ հնարավոր զգացումներ դուք կունենայիք, գիտակցելով, որ դուք դեռ ստիպված եք ճամփորդել հարյուրավոր մղոններ:

Հնարավոր է, որ դուք ցանկանաք նշել, որ նույնիսկ տառապանքի ու մահվան այս ժամանակ արդար Սրբերը օրհնված էին իրենց կապած ուխտերի շնորհիվ: Կարող եք նաև բացատրել, որ Տերը խոստացել է մեծ օրհնություններ նրանց, ովքեր մահացել են Իր ծառայության մեջ (տես Ալմա 40.11–12, 60.13, ՎևՈւ 42.46):

Խնդրեք ուսանողներին աչքի անցկացնել Վարդապետություն և Ուխտեր 136 բաժնի նախաբանը, փնտրելով, թե որտեղ է տրվել այս հայտնությունը և ով է ստացել այն: Խնդրեք նրանց շարադրել իրենց սովորածը:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 136.1 հատվածը:

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս է Սրբերին օգնել այն բանի գիտակցումը, որ Տերը շարունակում էր Իր կամքը հայտնել նրանց:

Հրավիրեք մի քանի ուսանողների` հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 136.2-5 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով, թե Տերը ի՞նչ հրահանգեց Սրբերին անել, որպեսզի պատրաստվեին շարունակել իրենց ուղևորությունը դեպի արևմուտք։

  • Ինչպե՞ս պիտի կազմավորվեին խմբերը:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ օգտակար կլիներ կազմավորել Սրբերին խմբերով, որոնք կառաջնորդվեին նշանակված ղեկավարների կողմից: Ինչո՞վ է այն նման Եկեղեցու այսօր կառուցվածքին: (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցերին, կարող եք գրել հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Տերը կազմավորում է իր Սրբերին խմբերով, որպեսզի յուրաքանչյուր անհատ կարողանա առաջնորդվել և նրա մասին հոգ տարվի:)

Բացատրեք, որ հիվանդության և մահվան պատճառով Ուինթեր Քուորթերսում և շրջակա ճամբարներում շատ ընտանիքներ կարիք ունեին ֆինանսական օգնության, որպեսզի կարողանային շարունակել ուղևորությունը դեպի արևմուտք:

Ուսանողներին բաժանեք զույգերի: Խնդրեք ուսանողներին միասին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 136.6-11 հատվածները, փնտրելով ուղիներ, որոնց միջոցով Սրբերը պիտի հոգ տանեին կարիքավորների մասին: (Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այդ բառերը։) Նախքան ուսանողները կկարդան այս հատվածը, բացատրեք, որ Սրբերը միաժամանակ չհեռացան Ուինթեր Քուորթերսից: «Ովքեր մնալու են» արտահայտությունը հատված 6-ում վերաբերում է այն Սրբերին, ովքեր որոշ ժամանակ պետք է մնային Ուինթեր Քուորթերսում և շրջապատող ճամբարներում:

  • 6-11 հատվածներում ո՞ր բառերն ու արտահայտություններն են ցույց տալիս, թե ինչպես պետք է Սրբերը հոգ տանեին կարիքի մեջ գտնվողներին:

  • Ո՞ր բառն է հատված 7-ում վերաբերում այն մարդկանց, ովքեր ուղի են պատրաստում մյուսների համար: (Ռահվիրաներ:)

Գրատախտակին գրեք հետևյալ սահմանումը: (Մեջբերումը Օքսֆորդի Անգլերեն Բառարանից, 2-րդ հրատ. [1989] «ռահվիրա»:)

Ռահվիրան այն մարդն է, ով գնում է առջևից, որպեսզի ճանապարհ բացի մյուսների համար:

  • Համաձայն հատված 11-ի, ի՞նչ խոստացավ Տերը նրանց, ովքեր կօգնեն կարիքի մեջ գտնվողներին և ճանապարհ կպատրաստեն նրանց համար: Ի՞նչ դասեր կարող ենք սովորել այս հատվածից: (Մինչ ուսանողները պատասխանում են, կարող եք գրել հետևյալ սկզբունքը գրատախտակին. Տերը կօրհնի մեզ, երբ մենք օգնենք կարիքի մեջ գտնվողներին և ճանապարհ պատրաստենք նրանց համար:)

  • Ո՞վ է ճանապարհ պատրաստել ձեզ համար, որպեսզի դուք վայելեք ավետարանի օրհնությունները:

Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի մասին: Հետո հրավիրեք մի քանի ուսանողների` դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով:

  • Դուք ի՞նչ կանեք ռահվիրա դառնալու համար, որպեսզի օգնեք կարիքի մեջ գտնվողներին և ճանապարհ պատրաստենք նրանց համար` վայելելու ավետարանի օրհնությունները:

Կարող եք եզրափակել այս դասը, վկայելով քննարկված ճշմարտությունների մասին և խրախուսեք ուանողներին` գործել ըստ այդ ճշմարտությունների։

Հաջորդ Մասը (Յուտայի պատերազմը և Մաունթ Մեդոուսի ջարդերը, Թանկագին Մարգարիտի ստեղծումը Պաշտոնական Հայտարարություն 1-ը և Վարդապետություն և Ուխտեր 138 բաժինը)

Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվելու հաջորդ շաբաթվա ուսումնասիրությանը, խնդրեք նրանց խորհել հետևյալ հարցի շուրջ. Որո՞նք են մեղքը թաքցնելու մի քանի հետևանքները: Հաջորդ մասում ուսանողները կսովորեն Մաունթ Մեդոուսի ջարդերի մասին, որոնք պատահեցին, երբ Եկեղեցու որոշ անդամներ փորձեցին թաքցնել իրենց մեղքերը: Նրանք նաև կսովորեն Եկեղեցու զարգացման մասին, երբ Սրբերը բնակություն հաստատեցին Սոլթ Լեյքի հովիտում: